Armenian Training file by Kostas Savvidis kotika98@yahoo.com Ջորջ Բուշի եւ Վլադիմիր Պուտին` իրենց կանանց ընկերակցությամբ այսօր ճաշել են Մոսկվայում: Այսօր ԱՄՆ-ի նախագահի ինքնաթիռը վառելիքի պաշարը լրացնելու նպատակով վայրէջք է կատարել Մոսկվայի ՚Վնուկովոՙ օդակայանում, որտեղ կայացել է Ջորջ Բուշի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների կանայք, սակայն, հանդիպմանը չեն մասնակցել: Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Ալեքսեյ Գրոմովը հայտնել է, մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում երկու տերությունների ղեկավարները քննարկել են ՚երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագիրը եւ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրությունըՙ: Ջորջ Բուշն այնուհետեւ ուղեւորվել է Վիետնամ, որտեղ մասնակցելու է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին: Նոյեմբերի 19-ին Բուշը եւ Պուտինը կրկին կհանդիպեն Հանոյում, ուր Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու համար կժամանի նաեւ Վլադիմիր Պուտինը: ՚Տեղեկատվության պակասի պատճառով ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը դարձել է ոչ միայն 20-րդ դարի, այլեւ արդեն 21-րդ դարի ժանտախտՙ: Այս կարծիքին է ՚Ուկրաինայի ՄԻԱՎ վարակակիրների ցանցիՙ փորձագետ Ելենա Ստրիժակը, որը Հայաստան է եկել փորձի փոխանակման եւ համագործակցության նպատակով: Ելենա Ստրիժակը արդեն վեցը տարի ՄԻԱՎ վարակակիր է: Ուկրաինայում նա անզուսպ պայքար է մղում վարակակիրների նկատմամբ խտրականության դեմ: Իր` ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին նա չի թաքցնում ու խոսում է բավականին հանգիստ` ասելով, որ դա իր համար ուղղակի աշխատանքի մի ձեւ է դարձել: Նրա կարծիքով` ՄԻԱՎ վարակակիրների նկատմամբ հասարակության վերաբերմունքի մեջ թե Հայաստանում, թե Ուկրաինայում ոչ մի տարբերություն չկա: ՚Բոլոր վարակակիրներն էլ աշխարհի բոլոր ծայրերում միեւնույն ապրումներն ունեն ու գրեթե նույն վերաբերմունքին են արժանանում մարդկանց կողմից: Ես ինքս անցել եմ այդ ճանապարհով ու ունեցել եմ հոգեբանական շատ խնդիրներ, սթրես: Սակայն, այն մարդիկ, ովքեր պետք է ինձ հասկանային ու աջակցեին, իմ կողքին էին: Իսկ կորցնելով այն մարդկանց, ովքեր այդ լուրն իմանալով` ետ քաշվեցին ինձանից, անկեղծ ասաց, ես մեծ ցավ չապրեցի: Հիմա ամեն կերպ փորձում եմ աջակցել այն մարդկանց, ովքեր նման խնդիրներ ունենՙ,- ասում է Ելենա Ստրիժակը: Նրա կարծիքով` հասարակության իրազեկության ցածր մակարդակն է պատճառը, որ ՄԻԱՎ վարկակիրները դառնում են հասարակության համար ոչ ցանկալի, անտեսված մարդիկ: Ուկրաինայում Ելենա Ստրիժակի կազմակերպությունը գրեթե բոլոր մարզերում ու քաղաքներում այդ նպատակով ստեղծել է տեղեկատվական կենտրոններ, որպեսզի, օրինակ` մարդիկ իմանան, որ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը չի տարածվում սովորական շփման միջոցով: Հայաստանում ՄԻԱՎ վարկակիրների նկատմամբ հասարակության կողմից դրսեւորվող խտրականությունն ու խարանը փորձում է նվազեցնել ՚Իրական աշխարհ, իրական մարդիկՙ ՀԿ-ն` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով: ՀԿ-ն իրականացրել մի շարք ակցիաներ` ընդդեմ ՄԻԱՎ վարակակիրների նկատմամբ խտրականության : Պատրաստվել են քարոզչական ցուցապաստառներ հայ էստարդայի աստղերի լուսանկարներով: Ցուցապաստառներից յուրաքանչյուրի վրա կա ուղերձ, կոչ` լինել զգույշ չվարակվելու համար ու հանդուրժող արդեն վարակավածների նկատամամբ: Իդեպ, 2006թ. հոկտեմբեր ամսվա վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում կա մոտ 443 ՄԻԱՎ վարակակիր, որոնց մեծ մասը վարակվել է թմրանյութերի ներերակային օգտագործման ճանապարհով: Այսօր մեկնարկել է ՚Հայաստանՙ համահայկական հիմնադրամի ամենամյա հեռախոսամարաթոնը, որը Հայաստանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ: Մինչեւ նոյեմբերի 17-ը Հիմնադրամի աշխատակիցները կզանգահարեն հայաստանյան շուրջ 1300 մանր, միջին եւ խոշոր ձեռնարկություններ՝ կոչ անելով ներդրում ունենալ Հիմնադրամի կողմից իրագործվող խոշորածավալ՝ ՚Արցախի վերածնունդՙ ծրագրում: Այս տարվա դրամահավաքի արդյունքում կուտակված միջոցները կուղղվեն ծրագրի երկրորդ փուլի իրագործմանը՝ ԼՂՀ Հադրութի շրջանի զարգացմանը: Հիշեցնենք, որ ՚Հեռուստամարաթոն-2005ՙ-ում հավաքված միջոցներն ուղղվեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի վերականգնմանն ու զարգացմանը: Հեռուստամարաթոնի նախաշեմին ՚Հայաստանՙ հիմնադրամն արդեն իսկ նվիրատվություններ է ստանում մեծաթիվ անհատներից, կազմակերպություններից, առողջապահական, կրթական հաստատություններից, բանկերից եւ այլ կառույցներից: Հիմնադրամին նվիրատվություններ են կատարում ո՜չ միայն մայրաքաղաքի, այլեւ՝ մարզերի բնակիչները: Ըստ ՚Հայաստանՙ համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի`ակտիվ դրամահավաք է ընթանում հատկապես կրթօջախներում. թեպետ Հիմնադրամը վերջիններին այս տարի չի դիմել մասնակցության կոչով, սակայն դպրոցներն իրենց նախաձեռնությամբ գումարներ են հավաքում եւ նվիրաբերում ՚Արցախի վերածնունդՙ ծրագրին: Հիմնադրամը երախտագիտություն է հայտնում Ֆիոլետովոյի, Նեղոցի, Լորուտի եւ մյուս բոլոր դպրոցներին, որոնք դեռեւս մինչ մարաթոնի սկիզբը իրենց նվիրատվություններն են ուղղել Հիմնադրամ՝ դրանով իսկ օժանդակություն ցուցաբերելով Հադրութի շրջանում վերանորոգվելիք ու կառուցվելիք դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Վաղը հեռախոսամարաթոնը կմեկնարկի նաեւ Ֆրանսիայում, որտեղից զանգեր կարվեն եվրոպական մի շարք երկրներ: Բուն հեռուստամարաթոնը, որն ուղիղ հեռարձակմամբ կդիտի ողջ աշխարհի հայությունը, տեղի կունենա նոյեմբերի 23-ին, Լոս Անջելեսում: Վաղը կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են կազմակերպելու մայրաքաղաքի օտարված գոտիների բնակիչները, արցախյան ազատամարտի վետերանները` իրենց անհնազանդությունն հայտնելով ՀՀ իշխանություններին: Նրանք արդեն մի քանի օր է` բողոքում էին ԱԺ շենքի մոտ` պահանջելով չընդունել ՚Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասինՙ օրինագիծը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը համարում է, որ քաղաքացիական անհնազանդություն չկա. ՚Մի քանի հոգու ցանկություն է եղել, որը ինչպես տեսաք չեղավ եւ չի էլ լինի: Թեկուզ 100 հոգու դժգոհությունը չի նշանակում, թե բոլորի կարծիքն են հայտնում: Միշտ էլ կան դժգոհողներ: Ո՞վ է ասում, որ հանրապետության նախագահը կամ իշխող կուսակցությունները ընտրվել են 100 տոկոս ձայներով: Եղել են դեմ քվեարկողներ: Միշտ էլ այդպես պետք է լինիՙ: Այսօր Աժ-ում վարչապետը, պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրել թե, ինքը պատրաստ է հրաժարվել իր սեփականությունից պետության կարիքների համար: Անդրանիկ Մարգարյանը նաեւ վստահեցրել է, որ ինքը գտնում է, որ ՚անհրաժեշտ է նպաստել, որ լինեն այնպիսի ընտրություններ, որ ստվեր չթողնեն ընտրական գործընթացի վրա: նոր ստեղծվող Ազգային ժողովը ունենա վստահություն ժողովրդի մոտ, նոր ձեւավորվի կառավարություն եւ կառավարությունն էլ վստահություն ունենաՙ: Ի դեպ, երբ լրագրողները փորձեցին պարզել, թե ինչի՞ մասին էր այդքան երկար վարչապետը զրուցում պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հետ, Անդրանիկ Մարգարյանը անդարադարձեց. ՚Ի, լավ է` չեք հարցնում` կնոջդ հետ գիշերը ինչի մասին ես զրուցումՙ: Մոսկվայում շարունակվում է Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որի 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Արդեն 16-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին եւ պարտիան ավարտվեց ոչ-ոքիով: Իր ակտիվում 5 միավոր ունեցող Արոնյանը վաղը վերջին տուրի շրջանակներում սեւերով կմրցի Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ: 2006 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության քննչական մարմինների վարույթում քննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 132.1-րդ, 261-րդ, 262-րդ հոդվածների (շահագործման նպատակով մարդու հավաքագրում, փոխադրում, պոռնկության կամ սեռական շահագործման ենթարկում, հարկադիր աշխատանքի ներգրավում, շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավում, պոռնկությամբ զբաղվելուն նպաստում) հատկանիշներով հարուցված 34 քրեական գործ, որոնցից 29-ը քննվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում, 3-ը` ոստիկանության Շիրակի, 2-ը` Լոռու մարզի քննչական բաժիններում: Քննված քրեական գործերից 20-ը` 30 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան: Նշված քրեական գործերից 16-ը` 24 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության, 3-ը` 5 անձի վերաբերյալ ոստիկանության Շիրակի, 1-ը` 1 անձի վերաբերյալ` Լոռու մարզի քննչական բաժինների կողմից: 2006թ. 9 ամիսների ընթացքում քննված քրեական գործերով սեռական շահագործման է ենթարկվել 121 անձ, որոնցից 118-ը` կին, 3-ը` տղամարդ: Նույն ժամանակահատվածում մարմնավաճառությամբ զբաղվելու համար ՀՀ վարչական օրենսգրքի 179.1-րդ հոդվածով վարչական պատասխանատվության է ենթարկվել 64 անձ: Դատարանների կողմից, 2006թ. 9 ամիսների ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ եւ 262-րդ հոդվածներով քննված 20 քրեական գործերով դատապարտվել է 26 անձ: Նշված բնույթի հանցագործությունների դեպքերով դատարանների կողմից լրացուցիչ նախաքննության գործեր չեն վերադարձվել, արդարացման դատավճիռներ չեն կայացվել, մեղադրողն առաջադրված մեղադրանքից չի հրաժարվել: 5 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է , 4 քրեական գործ միացվել է, 1 քրեական գործ` ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի կողմից կարճվել է, 4 քրեական գործ` 7 անձի վերաբերյալ, կասեցվել` մեղադրյալների քննությունից թաքնվելու պատճառով, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Թավրիզում ադրբեջանական հյուպատոսության առջեւ այսօր տեղի է ունեցել ուսանողական ցույց: Ցուցարար-ուսանողների բողոքի պատճառն ադրբեջանական ՚Սանաթ Ղազիյեթիՙ թերթում հրապարակված Մուհամեդ մարգարեին վերաբերող վարկաբեկիչ հոդվածն է: Ցուցարարները հանդես են եկել մի հայտարարությամբ, որով դատապարտում են Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությանը` ՚Իրանում անջատողականներին պաշտպանելուՙ համար: Ուսանողները պահանջել են նաեւ, որ երկրի Արտաքին գործոց նախարարությունը բացատրություն պահանջի Իրանում Ադրբեջանի դեսպանից` Բաքվի ղեկավարության վերոհիշյալ քաղաքականության համար: Հաղորդում է ՚Հայաստանՙ լրատուն/ Աթենքՙ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այս տարվա վերջին պաշտոնական խաղում Հելսինկիում 0:1 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի հավաքականին: ՚Եվրո-2008ՙ-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Ֆինլանդիա - Հայաստան մրցավեճի միակ գոլի գրանցվեց 8-րդ րոպեին, երբ Միկա Նուրմելան օգտվելով մեր դարպասապահ Գեւորգ Կասպարովի սխալից բացեց խաղի հաշիվը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում հայ ֆուտբոլիստները մի քանի անգամ կարող էին հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Արա Հակոբյանը, Լեւոն Պաչաջյանը, Ռոբերտ Զեբելյանը: Իսկ ահա Ֆինլանդիան այլեւս ոչնչով աչքի չընկավ: Ընտրական այս փուլում Հայաստանը կրեց իր 3-րդ պարտությունը եւ մեկ միավորով շարունակում է ընթանալ A խմբի նախավերջին 7-րդ տեղում: Բելառուսական հայտնի ՚ԲելԱզՙ-ի եւ Արարատի ոսկու արդյունաբերության ձեռնարկության` AGRC -ի միջեւ օրերս կնքված պայմանագրի համաձայն այս տարվա նոյեմբերի վերջից մինչեւ 2007թ.-ի ավարտը Հայաստան կբերվեն 16 բեռնատար մեքենաներ: Նոյեմբերի ավարտին կտեղափոխվեն առաջին 4 մեքենաները: 130 տոննա տարողությամբ մեքենաները կփոխարինեն մինչ օրս Վարդենիսի Զոդի ոսկու հանքերում արդեն 20 տարի շահագործված 45-55 տոննա տարողությամբ բեռնատար մեքենաներին: ՚ԲելԱզՙ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները Հայաստանն են ներմուծվում առաջին անգամ: ՚ԲելԱզՙ-ի եւ AGRC-ի միջեւ կնքված պայմանագիրն արժե 30 միլիոն դոլար: Ինչպես ՚Ա1+ՙ-ին վստահեցրց AGRC -ի գործադիր տնօրեն Բի Քեյ Շարման, ՚ԲելԱզՙ-ը պարտավորվում է նաեւ Արարատի ոսկու ձեռնարկությանը տրամադրել բեռնատար մեքենաներին անհրաժեշտ պահեստամասեր: Պարոն Շարման նաեւ հայտնեց, որ 30 միլիոն ԱՄՆ դոլարը AGRC-ի կողմից նախատեսած 100 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրի առաջին քայլն է: Սկզբնական շրջանում AGRC-ին պարտավորվել է վճարել 12 միլն ԱՄՆ դոլարը: ՚Այսպիսով մենք սկսում ենք մեր տեխնիկական վերազիննումըՙ,- ասաց պարոն Շարման: Կնքված պայմանագիրը կարեւորեցին նաեւ ՚ԲելԱզՙ-ի ներկայացուցիչները: ՚Մենք երեք երկրներով` Հայաստան, Հնդկաստան եւ Բելառուսիա, շատ լավ աշխատեցինք: Այս համաձայնագիրը մեզ հնարավորություն կտա խորացնել մեր համագործակցությունը եւ այն ընդլայնել: Մենք պատրաստ ենք աշխատել նաեւ ՚Վեդանտա Ռեսուրսներՙ ընկերությանը պատկանող այլ երկրների մասնաճյուղերի հետ: Ես կարծում եմ, որ մեր տեխնիկան մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում: AGRC-ին գիտի, թե որտեղ եւ ինչքան փորել, իսկ մենք` այդ ամենն ինչպես տեղափոխելՙ,- Երեւանում պայմանագիրը կնքելուց հետո հայտարարեց ՚ԲելԱզՙ-ի գործադիր տնօրենի տեղակալ Վլադիմիր Լոյկեն: ՚ԲելԱզՙ-ը համագործակցում է նաեւ Հայաստանի մյուս հանքարդյունաբերական ընկերությունների, մասնավորապես Քաջարանի, Զանգեզուրի եւ Ագարակի պղնձամոլիբդենային ձեռնարկությունների հետ: Ի դեպ, AGRC -ի գործադիր տնօրեն պարոն Շարման վստահեցրեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե հնդիկները պատրաստվում են վաճառել AGRC ընկերությունը: ՚Մենք մեծ եւ հեռանկարային ծրագրեր ունենք Հայաստանումՙ,- ասաց նա: Ինչ վերաբերվում է ՀՀ Բնապահպանության նախարարության եւ AGRC-ի միջեւ բնապահպանական խնդիրների շուրջ առաջացած տարաձայնություններին, ապա պաորն Շարման վստահեցրեց, որ դրանք արդեն հարթված են: Հիշեցնենք, որ AGRC-ին ցանկանում էր Ոսկու գործարան կառուցել Սեւանի ավազանում, ինչին դեմ էր ՀՀ Բնապահպանության նախարարությունը: ՚Մենք աշխատում ենք ՀՀ-ում եւ պարտավոր ենք հետեւել ՀՀ օրենքներին: Նոր գործարանը կկառուցվի ոչ թե Սեւանի ավազանում, այլեւ` Արարատում: Այս պահին մենք աշխատում ենք նախագծի վրա: Այն հաստատվելուց հետո 2007թ-ի փետրվարից կսկսվեն շինարարական աշխատանքները: Այս պահին AGRC-ին ունի 964 աշխատակից: Նոր գործարանը կառուցվելու դեպքում կավելանա եւս 300 աշխատատեղՙ,- ասաց պարոն Շարման: Նա նաեւ վստահեցրեց, որ շուտով AGRC-ում աշխատող եւ նույն աշխատանքն իրականացնող բոլոր աշխատակիցները կստանան հավասար աշխատավարձ: Իսկ ՚Վեդանտա Ռեսուրսներՙ ընկերության նախագահ Անիլ Ագարվալի որոշմամբ ընկերությանը պատկանող աշխարհի բոլոր երկրների մասնաճյուղերի, այդ թվում` Արարատի ոսկու արդյունաբերության ձեռնարկության աշխատակիցներին դեկտեմբեր ամսին կվճարվի 15 օրվա հավելյալ աշխատավարձ: Այսօրվանից Երեւանի Ավան - Կայարան ավտոբուսային երթուղային սպասարկելու են բոլորովին նոր ՚Բոգդանՙ մակնիշի 8 ավտոբուսներ: Դրանք, ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի ՚Ավտոբուսՙ ՓԲԸ-ից, բոլորովին նոր են եւ վերջերս են ներկրվել Կիեւից: Առաջիկայում երթուղի դուրս կգան նաեւ մնացած 63 նոր ավտոբուսները` իրար կապելով մայրաքաղաքի տարբեր թաղամասեր: Ի դեպ, դրանք նախատեսվում են շահագործել երկու հերթափոխով, սակայն առայժմ... դա միայն ցանկություն է, քանի որ ՚Ավտոբուսՙ ՓԲԸ ներկայումս կարիք ունի աշխատուժի: Վարորդները դեռեւս բավարար չեն անգամ ավտոբուսները մեկ հերթափոփոխ շահագործելու համար: Իսկ մինչ ավտոբուսները դեռեւս կանգնած են շարժակայանում, մայրաքաղաքում սլանում են երթուղային տաքսիները,որոնցում ուղեւորները բառի բուն իմաստով` ՚իրար գլխի են նստածՙ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հետեւողականորեն կշարունակեն աշխատել ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղությանը մոտեցնելու ուղղությամբ՝ անկախ Հայաստանում եւ Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակից: Ադրբեջանական ՚Թրենդՙ գործակալության հարցազրույցում ասել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: ՚Մենք արդեն մատնանշել ենք Հայաստանում եւ Ադրբեջանում 2007 եւ 2008 թվականների ընտրությունները որպես պատճառ, թե ինչու 2006 թվականը իդեալական ՚հնարավորությունների պատուհանՙ է ներկայացնում երկու երկրների միջեւ խաղաղ համաձայնությունը ավարտին հասցնելու համարՙ, - ասել է Բրայզան` ավելացնելով. - ՚Կան, իհարկե, շատ այլ պատճառներ եւս հակամարտության խաղաղ լուծումը շուտափույթ ընդունելու համարՙ: Ամերիկացի համանախագահն ընդգծել է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացվելիք ընտրությունները, իրոք, կարող են ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների վրա: ՚Մենք հուսով ենք, որ ազդեցությունը դրական կլինի, եւ երկու երկրների ժողովուրդները կծանուցեն իրենց առաջնորդներին եւ իշխանության թեկնածուներին այն մասին, որ իրենց հասարակայնությունը ողջունում է խաղաղությանը, կայունությանը եւ բարգավաճմանը մոտենալու ջանքերըՙ, - եզրափակել է Մեթյու Բրայզան: Աժ-ն այսօր իր աշխատանքը սկսեց 71 պատգամավորի ներկայությամբ: Նախ քվեարկության դրվեցին երեկ քննարկված երկու օրինագիծ, այնուհետեւ երրորդ ընթերցման ներկայացվեցին բնապահպանական ոլորտին վերաբերող մի քանի օրինագծեր: Երրորդ ընթերցմամբ այսօր ներկայացվեց նաեւ ՚Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասինՙ օրինագիծը, որը կքվեարկվի պատեհ պահի: Առաջին ընթերցմամբ ներկայացվեց գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչների աշխատավարձերի դրույքաչափերը բարձրացնելու մասին օրինագիծը: Այն անմիջականորեն կապ ունի 2007թ բյուջեի նախագծի հետ, քանի որ վերջիններս աշխատավարձ են ստանում պետբյուջեից: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց,որ նմանատիպ օրենք ընդունվել էր 2002թ –ին եւ դրանից հետո անդրադարձ չի եղել հիշյալ խմբերի աշխատավարձին: Այսօրվա դրությամբ, երբ քաղծառայողների աշխատավարձը բարձրացել է 70 տոկոսով, ապա պետերի ու նախարարների աշխատավարձը, եթե առաջարկվող օրինագիծը չընդունվի, կլինի ավելի ցածր իրենց ստորադասերից: Օրինակ` աշխատակազմի քաղծառայող ղեկավարը կստանա 209 հազար դրամ, իսկ վարչության պետը` 180 հազար դրամ: Ուստի համամսնությունը պահպանելու համար կառավարությունը առաջարկում է վերադասի աշխատավարձը բարձրացնել 40 տոկոսով: Այս օրինագիծը բյուջեի վրա կարժենա 710 մլն դրամ: Ի դեպ, պատգմավոր Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ ըստ Սահմանադրության ՀՀ-ն սոցիալական պետություն է եւ ի՞նչ կարիք կա, հերթական անգամ բեւեռացնել սոցիալական խմբերին: ՚Ինչո՞ւ եք ընդունել գծային կապ աշխատավարձերի միջեւՙ,- հարցրեց նա: Ըստ փոխնախարարի` այդ գծային կապը կպահպանվի դեռեւս երեք տարի, եւ այն հնարավոր է փոխվի միայն 2010թ-ին: ՚Գողեր, հեռացե՜քՙ, ՚Վարչապետ, ամո՜թՙ, ՚Հրաժարականՙ, ՚Ամոթ է՝ ձեր ժողովուրդն էՙ,- այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ՝ վարչապետի աշխատասենյակի լուսամուտներին նայելով, գոռում էին արդեն հինգերորդ օրը բողոքի ցույցի դուրս եկած մայրաքաղաքի օտարված գոտիների բնակիչները: Նրանց այսօր միացել էր նաեւ ՚Արցախյան պատերազմի հաշմանդամներիՙ խորհրդի անդամները Ցուցարարներն այս անգամ քաղաքացիական անհնազանդության էին դուրս եկել՝ ընդվզելու երեկ Ազգային ժողովի կողմից ընդունած ՚Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասինՙ օրինագծի, դեմ, որի երրոդ ընթերցմամբ քվեարկությունը ԱԺ-ում նախատեսվում է այսօր: Շուրջ մեկ ժամ տեւած ցույցի ընթացքում կառավարությունից ոչ ոք նրանց ընդառաջ դուրս չեկավ: Ցուցարարներն այդպես էլ մնացին անտեսված, ինչն էլ ավելի էր նյարդայնացրել նրանց: ՚Եթե ապրում ենք ժողովրդավար երկրում, ապա հարգել պետք է թեկուզ մեկ հոգու: Այսքան մարդ է այստեղ հավաքվել, իսկ կառավարությունից մեկին չմտահոգեց՝ ովքեր են, ինչու են հավաքվել: Հաշմանդամ ենք արդեն դարձել: Սա էլ ոտնձգության մի ձեւ էՙ,- ասում է ցուցարարներից Սոնյա Բարսեղյանը: Ցուցարարներն անդադադար գոռում ու բռունցք էին թափ տալիս: Նրանք բարձրաձայն զգուշացնում էին, որ այս ՚անօրինակ օրենքըՙ վերաբերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: ՚Այս խնդիրը բոլորինն է, քանի որ հերիք է մի հարուստ աչք դնի մի տարածքի վրա, որը հարմար կլինի իր համար էլիտար շենք կառուցելու համար, այս օրենքով շատ հեշտ ու հանգիստ կարող է խլել այն սեփականատիրոջ ձեռքիցՙ,- ասում է Ֆիրդուսի փողոցի բնակիչ Անահիտ Սաֆարյանը: Իսկ Ֆիրդուսում, ինչպես պատմեցին բնակիչները, արդեն սկսել են ՚գնալ-գալըՙ՝ հետաքրքրվում են՝ ով որքան քառակուսի մետր տարածք ունի, քանի մարդ է գրանցված: ՚Կառավարությունը, որ նման օրենքներ է հաստատում, գոնե գիտի՞, թե որքանով են մարդկանց ձեռքից իրենց տները խլում: Մեր տները մեր ձեռքից գողանում են՝ մեկ քառ. մետրը, կադաստրային գներով հաշված, 60 հազար դրամովՙ,- բողոքում է նույն փողոցի մեկ այլ բնակիչ: ՚Արցախՙ գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանի գլխավորությամբ ցույցի մասնակից հաշմանդամ ազատամարտիկները եկել էին սատարելու, իրենց օգնությունը ցուցաբերելու ցուցարարներին: Նրանց կարծիքով՝ ՚պետական կարիքՙ ասվածը դա՝ որոշ օլիգարխների էլիտար շենքերն են: ՚Այս մեծ-մեծ բերդերը, որ կառուցում են, ու՞մից են ուզում պաշտպանվել: Ստացվում է, որ մեզանից՝ իրենց ժողովրդից: Եթե նորմալ վարձահատույց լինեին, մի՞թե այսքան բողոքավոր կլիներ: Այս կառավարության նպատակն, ինձ թվում է՝ մեկն է՝ էս խեղճ ժողովրդին քշել սահմանամերձ գոտի, որտեղ տներն էժան են՝ ամենաթանկը 1500 ԱՄՆ դոլար, իսկ այս մարդկանց՝ իբրեւ փոխհատուցում, տվել են երեւի ընդամենը 3500 ԱՄՆ դոլարՙ,- ասում է Միքայել Ապրեսյանը: Հաշմանդամ ազատամարտիկները ՀՀ կառավարության շենքի մոտ էին հավաքվել նաեւ իրենց մտահոգող խնդիրներին լուծում գտնելու ակնկալիքով: Վերջերս փակվել է Հանրապետության փողոցում գտնվող դեղատունը, որտեղից նրանք շուրջ 10 տարի անվճար դեղորայք էին գնում: Այդ դեղերի շուկայական գներն անչափ բարձր են, ու ամսեկան 30 հազար դրամ թոշակ ստացող ազատամարտիկի համար դրանք ձեռք բերելն անչափ բարդ խնդիր է: Նրանք երբեւիցե չեն դիմել այս հարցով կառավարությանը, քանի որ չեն վստահում նրանց տված խոստմանն ու որոշել էին միանգամից ցույցի դուրս գալ: ՚Անիմաստ էր նրանց քաղաքավարի դիմելը, քանի որ երբ մի հարցով մոտենում ես նրանց, դուռը հերիք չէ շմփացնելով փակում են քթիդ առաջ, դեռ անամոթաբար էլ ասում են՝ չգնայիր պատերազմ, ու՞մ համար ես գնացել, ո՞վ էր քեզ խնդրել: Զգուշացնում եմ՝ թող չջղայնացնեն ազատամարտիկներին, թե չէ վատ բան կլինիՙ,- ասում է ՚Երկրապահՙ կամավորական ջոկատի ազատամարտիկ Արմեն Արշակյանը: ՚Իմ տղային ես թողեցի, որ գնա բանակ, իսկ թոռանս՝ ոչ մի դեպքում չեմ թողնի. ու՞մ համար է ծառայելուՙ,- ասում է ազատամարտիկ Գրիգոր Սիմոնյանը: Ի դեպ, ցուցարարները իրենց հաջորդ ցույցը կազմակերպելու են արդեն Նախագահականի մոտ` պահանջելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձամբ դուրս գա իրենց մոտ: ՚Հանդուրժողականության միջազգային այս օրն եկեք վերահաստատենք այն տեսակետը, որ բազմազանությունը՝ մտքի, հավատքի եւ գործի, թանկարժեք նվեր է եւ ոչ թե սպառնալիք, եւ եկեք փորձենք կառուցել ավելի հանդուրժող համայնքներ՝ պարուրված այս գաղափարովՙ,-ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուզար Քոֆի Անանի ուղերձի մեջ: 1996 թ.-ից տոնվում է հանդուրժողականության միջազգային տոնը, մինչդեռ Հայաստանում այս տարի առաջին անգամ նշեցին այս օրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, որի առթիվ գիտաժողով էր կազմակերպված: ՚Հանդուրժողականությունը մարտահրավեր է: Հայաստանը դժվար խաչմերուկում է, նա փորձում է պայքարել կոռուպցիայի դեմ, նրա առաջ կան ծանրացած է ղարաբաղյան խնդիրներ, եւ տվյալ դեպքում հանդուրժողականությունը ճիշտ տեղին է: Ուրախ եմ, որ այսօր հիմնականում երիտասարդներ են զեկուցելու, քանի որ մեր ապագան ձեր ձեռքում էՙ,- ողջույնի խոսքում ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինն իր բացման խոսքում ասաց, որ ընդհանուր բարոյականության հիմքը դեռեւս դրել են Մեսրոպ Մաշտոցն ու Եզնիկ Կողբացին: Իսկ քրիստոնեական կրոնը դարձավ հանդուրժողականության հիմքը: ՚Կարծում եմ, որ մեր կոնֆերանսը կհայտնաբերի փոխադարձ կապեր, միասնություն, եւ դա կապահովի դրական մոտեցումը բոլոր կարեւոր խնդիրներին: Սա ոչ միայն մեր առաջադրանքն է, այլ նաեւ մեր պարտավորությունը, որ հիմնադրենք խաղասեր աշխարհ ապագա սերունդների համարՙ: ՚Արեգ Գիտամշակույթային երիտասարդական ասոցիացիաՙ հասարակական կազմակերպության անդամ Լուսինե Հակոբյանը 11 փորձագետների շրջանակներում անցկացրել է հարցում՝ ճշտելու հանդուրժողության մակարդակը հայկական իրականության մեջ: ՚Առաջին հայացքից կարող է թվալ, որ պարզ է, թե ինչի մասին է խոսքը: Սակայն տարբեր փորձագետներ, կապված իրենց մասնագիտությունից, տարբեր կերպ էին մեկնաբանում այդ երեւույթը եւ տարբեր պատճառական սկիզբ էին դնում: Մի մասը համարում էր, որ դա բնածին հատկանիշ է, մյուս մասը՝ մենթալիտետով պայմանավորված: Կային մարդիկ, որոնք իմացաբանական երեւույթ են համարում, մի մասը՝ բարոյականՙ,-ասաց նա: Գիտաժողովի զեկուցողները հայտարարեցին, որ հայերը անհանդուրժող են` սկսած գենդերային խնդիրներից վերջացրած քաղաքական խնդիրներ: ՚Անհանդուրժող ենք մեր ներսում, հանդուրժող մեզանից դուրս: Հայ հասարակությունը անհանդուրժող է բոլոր փոփոխություններին, որ կան ներընտանեկան հարաբերություններում: Սակայն մենք հանդուրժող ենք էթնիկ փոքրամասնությունների հանդեպ, քանի որ մեզ համարում ենք հանճարեղ ազգ: Զարմանալի է, բայց մենք հանդուրժող ենք նաեւ կոռուպցիոն երեւույթների հանդեպՙ,- նկատեց Լուսինե Հակոբյանը: Իսկ քաղաքական հանդուրժողականության մասին խոսելիս, նշեց, որ մեր քաղաքական դաշտը ձեւավորված չէ,եւ քաղաքական գործիչների հանդուրժողականությունը ցածր մակարդակի վրա է: Ի դեպ, ՄԱԿ-ը սկսել է ՚Քաղաքակրթությունների դաշինքՙ գործընթացը՝ նպատակ ունենալով`հաղթահարել նախապաշարումներն ու բեւեռացումները, որոնք պոտենցիալ սպառնալիք են աշխարհի խաղաղության համար: Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915թ. (ներառյալ) ծնված եւ անձանց կենսաթոշակին տրվող հավելման չափը սահմանվել է 25 հազար դրամ: ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ Գործադիրը 15 մլն դրամ է հատկացրել ՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի կանոնադրական կապիտալը համալրելու (կամավոր գույքային վճար կատարելու) նպատակով: Նույն որոշմամբ 19 մլն 800 հազար դրամ է հատկացվել նաեւ Գեղարքունիք գետի հունի շուրջ 1.2 կմ հատվածի մաքրման ու ափերի ամրացման համար: Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱՎՏՈՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՚ՀՀ ճանապարհային երթեւեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցինՙ համապատասխան, կառավարությունը սահմանել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրի ձեւը եւ անդորրագրի հաշվառման կարգը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս Մայիլյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մի խումբ աշխատակիցների: Հանդիպման ընթացքում գրասենյակի աշխատակից Գյունտեր Ֆոլկը /Գերմանիա/ Մասիս Մայիլյանին ներկայացրեց ԵԱՀԿ ԳՆԱՆ նորանշանակ դաշտային օգնական, ղազախ դիվանագետ Ժասլան Նուրթազինին: Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության` հանդիպման մասնակիցները շոշափեցին Լեռնային Ղարաբաղիեւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի առաջիկա պլանային դիտարկմանը, ինչպես նաեւ դեկտեմբերի վերջին տասնօրյակին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին առնչվող հարցեր: Կառավարությունը հաստատել է ՚Անշարժ գույքի միասնական գնահատման մասինՙ հայեցակարգը, որով նախատեսվում է միասնականացնել բնակավայրերի հողերի եւ այլ նպատակային նշանակության (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության) հողերի, ինչպես նաեւ դրանց վրա կառուցված բնակելի, հասարակական եւ արտադրական շինությունների գնահատման գործընթացները: Արդյունքում ձեւավորված անշարժ գույքի միասնական կադաստրային գները հիմք կհանդիսանան պետության եւ համայնքային սեփականությանը պատկանող անշարժ գույքն օտարելու եւ վաճառքի իրավունքով տրամադրելու դեպքերում նվազագույն չափերի հաշվարկման համար: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին եւ հարկային պետական ծառայության պետին՝ մինչեւ 2007թ. մարտի 1-ը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույց, իսկ շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին՝ նիստում քննարկված հիշյալ նախագծի վերաբերյալ իրենց լրացուցիչ առաջարկությունները ներկայացնել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: ՚Մենք արդեն անցել են անցումային փուլըՙ,-այսօր ՚Ուրբաթՙ ակումբում վստահեցրեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: Նա փորձեց ներկայացնել Հայասատանի տնտեսության ներկայիս վիճակը: Նախքան բուն թեմային անցնելը, նա ընդգծեց, որ այսօրվա տնտեսական ոլորտի հաջողությունները նաեւ նախկին բոլոր կառավարությունների աշխատանքի արդյունք են: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին` պարոն Հարությունյանը հրաժարվեց անուններ տալ եւ մեղադրանքներ ուղղել: Նրա կարծիքով, անցումային փուլից հետո Հայաստանը նոր սերնդի կողմից իրականացվող քաղաքական-տնտեսական բարեփոխումների կարիք ունի: ՚Անհրաժեշտ է նաեւ ընդունել, որ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունն այս տարիների ընթացքում լուրջ հաջողություններ է արձանագրելՙ,- ասաց պարոն Հարությունյանը: Որպես հաջողություն նա ընդգծեց 2000 թ-ին առողջապահության ոլորտի 16 միլիարդ դոլար պարտքի մարումը, ջրամատակարարաման ցանցի, թոշակառուների պարտքերի մարումը: Միաժամանակ նա թվարկեց կառավարության բացթողումները: Այս տարվա 9 ամիսների տվյալներով՝ համախառն ներքին արդյունքը հիմնականում կազմվել է շինարարության հաշվին, այն աճել է 39,6 տոկոսով: Այս տվյալները այդքան ոգեւորիչ չեն, երբ պարզվում է, որ շինարարության ամբողջ արդյունաբերական արտադրանքի ծավալի 45% -ը արտադրվում է Երեւանում, իսկ 55%-ը ՝ մարզերում: 2000 թ-ին Երեւանում կենտրոնացած էր արդյունաբերության 76 տոկոսը: ՚Արտադրանքի 65 տոկոսը սպառվում է նեքին շուկայում եւ մենք տեսնում ենք, որ ներքին շուկայում սպառվող արդունաբերության 90% -ը սպառվում է Երեւանում: Դա շատ վտանգավոր է: Նշանակում է, որ ամբողջ գումարը կուտակված է Երեւանում: Մեր նպատակը վճարունակ պահանջարկը մարզեր տեղափոխելն էՙ,- ասաց նա: Խոսրով Հարությունյանի կարծիքով, կառավարությունը բավականին մեծ անելիքներ ունի տարածաշրջանում ինտեգրվելու համար.՚Մենք աշխարհի հետ ավելի շատ ենք կապված, քան տարածաշրջանիՙ: Նա կարեւորեց նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը. ՚Դա մեզ համար շատ կարեւոր շուկա է, եւ այն պետք է օգտագործելՙ: Ասուլիսի ավարտին, պարոն Հարությունյանը տնտեսական դաշտից սահուն տեղափոխվեց քաղաքական դաշտ, փաստելով, որ այս երկու ոլորտները Հայաստանում տարանջատված չեն. ՚Անկասկած տնտեսությունը չի կարելի տարանջատել քաղաքականությունից: Օրինակ, ես կարծում եմ, որ ՚ԱրմենՏելիՙ վաճառքի որոշումը քաղաքական է: Ֆինանսները թե Մալայզիայում, թե Աֆրիկայում, թե Ֆրանսիայում եւ թե Հայաստանում նույն ֆինանսներն ենՙ: Առաջիկա ընտրություններում քաղաքական դաշտի թիվ մեկ խնդիրը պարոն Հարությունյանը համարում է փողը ընտրական գործընթացներում վճռորոշ չդարձնելը: ՚Այսօր հզոր կուսակցության համար անհրաժեշտ է փող եւ քանակ, սակայն 80 հազար անդամ ունեցող կուսակցությունը իրեն հարց չի տալիս կարո՞ղ է գոնե մեկ նախարարի թեկնածու առաջադրել: Մենք բոլոր քաղաքական ուժերին ընտրություններից առաջ առաջարկում ենք հրապարակել իրենց վարչապետի, նախարարների թեկնածունների անունները: Ընտրողը պետք է իմանա այս կամ այն ուժին ձայն տալու դեպքում` ով է լինելու երկրի վարչապետը, Աժ նախագահը, նախարարներըՙ: Ինչ վերաբերում է ՀՔԴՄ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու խնդրին, ապա Խոսրով Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք դեռ մտածում են, սակայն եթե ընտրություններում պետք է վճռորոշ լինի փողը, ապա իրենք չեն մասնակցի: ԱՄՆ-ի ընտրություններում դեմոկրատների հաղթանակը ՀՅԴ անդամների մոտ հույս է ներշնչել, որ սենատը կարող է ճանաչել հայերի ցեղասպանությունը: Այսօր ՀՅԴ քաղաքական հարցերի եւ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ՄԱԱ-ում բացատրեց լավատեսության հիմքը. նախընտրական շրջանում արդեն ընտրված սենատորները խոստումներ են տվել, իսկ առջեւում դեռ նախագահական ընտրություններն են, եւ ոչ Դեմոկրատական կուսակցությունը, ոչ Հանրապետականը չեն ցանկանա կորցնել հայ համայնքի նման կազմակերպված քաղաքական համայնքի աջակցությունը: Ու չնայած լրագրողների նկատառումներին, թե շատերն են խոստումներ տվել, այդ թվում նաեւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը. սակայն ցեղասպանությունը չի ճանաչվել, պարոն Մանոյանը պատասխանեց, որ միանշանակ չի կարելի պնդել, եւ վստահություն հայտնեց, որ այս անգամ դեմոկրատները ՚մեկ քայլ առաջ կգնան, քան գնացել են մինչ օրսՙ: Բայց դրա համար անհրաժեշտ է հայ համայնքի լուրջ եւ նպատակաուղղված գործունեություն: Ինչպես նկատեց պարոն Մանոյանը, իրենք իրենց երբեք ոչ մի քայլ չեն ձեռնարկի. կանեն այնքան, ինչքան ճնշում բանացնի հայ համայնքը: Ինչ վերաբերում է դեմոկրատական ուժերի իշխանության գալուց հետո Հայաստանի հանդեպ վերաբերմունքի հնարավոր փոփոխությանը, ապա պարոն Մանոյանի կարծիքով, ԱՄՆ-ն ավելի խիստ կդառնա ժողովրդավարության հարցում եւ այդ իմաստով Հայաստանը զգուշանալու կարիք ունի: Կիրո Մանոյանը նաեւ տեղեկացրեց, որ ԱՄՆ-ն որոշակի խստություն կդրսեւորի Հայաստանի հանդեպ նաեւ ՀՀ ընտրություններից առաջ: Դաշնակցության ներկայացուցչի կարծիքով, սակայն, ԱՄՆ-ն չի զրկի Հայաստանին ՚Հազարամյակի մարտահրավերներիՙ շրջանակներում տրվող գումարներից, որովհետեւ կգերադասի լծակները պահել, չկորցնել, քան կորցնել Հայաստանի վրա ազդեցության լծակները: Ի դեպ, Իրաք հայկական զորախումբ ուղարկելու փաստը Կիրո Մանոյանը եւս գնահատում է իբրեւ ՀՀ իշխանությունների՝ ԱՄՆ-ի ճնշումներին ենթարկվելու դրսեւորում: Ըստ նրա, այստեղ մեր իշխանությունները ցուցադրել են իսկական կոմպլեմենտար մոտեցում, եւ հակառակ Իրաքում ռազմական ներկայության վերաբերյալ եվրոպական ու ռուսական բացասական դիրքորոշմանը, բավարարեց Ամերիկայի ցանկությունը: Մանոյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն դեմ էր Իրաք զորախումբ ուղարկելուն, սակայն այն տրամաբանությունը, որով խումբն ուղարկվեց Իրաք, այսօր դեռ չի սպառվել եւ կսպառվի առաջիկա 10 ամիսների ընթացքում: Խոսելով անվտանգության համակարգերի մասին` պարոն Մանոյանը նկատեց, որ ցանկացած պարագայում, որ համակարգում էլ որ լինի, Հայաստանը պետք է հանդես գա որպես վստահելի գործընկեր: Այսօր ՀՀ-ն ունի 25 տարվա պայմանագիր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ, որը կնքվել է դեռ նախորդ իշխանության օրոք, եւ պետք է ոչ միայն ինքը հավատարիմ լինի պայմանագրի դրույթներին, այլեւ պահանջի, որ Ռուսաստանն էլ պահպանի դրույթները,- գտնում է Կիրո Մանոյանը եւ ավելացնում, որ չպետք է թույլ տալ, որ ինչ-որ պահի ՌԴ-ն փորձի դուրս բերել զորքերը Հայաստանից: Իսկ մեր հարցին, թե ՀՅԴ-ն ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման եւ համագործակցության պարագայում մեր գործունեությունը կոորդինացնելու են թուրք սպաները, քանի որ ՆԱՏՕ-ի մեր տարածաշրջանային ղեկավարը Թուրքիան է, Կիրո Մանոյանը պատասխանեց. ՚Մենք կամ մտնում ենք խաղի մեջ, կամ չենք մտնումՙ եւ նկատեց, որ ի սկզբանե պարզ էր Թուրքիայի գործոնը, բայց նաեւ ավելացրեց, որ թուրք սպան ոչ թե Թուրքիայի քաղաքականությունն է վարելու, այլ ՆԱՏՕ-ի: Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ ԱՄՆ-ն ինչպես չի ընդունում Հարավային Օսեթիայի անկախության հանրաքվեի արդյունքները, այդպես էլ վաղը չընդունի Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն, պարոն Մանոյանը ասաց, որ Օսեթիայի հարցում խնդիրն ավելի շուտ ռուս-վրացական հարաբերությունների ենթատեքստում է եւ չի կարելի այս երկու հակամարտությունը համեմատել: Նոյեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքները սկսեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 27-րդ լիագումար նիստը: Բացման խոսքով հանդես եկավ ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովը` հավաստելով, որ համագործակցությունը ապացուցել է իր արդյունավետությունը ազատ առեւտրի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, թմրաբիզնեսի եւ ահաբեկչության դեմ պայքարի, հումանիտար համագործակցության տարբեր ձեւերի զարգացման մեջ: Նա նշեց նաեւ, որ 27-րդ լիագումար նիստի հիմնաթեման է` ԱՊՀ-ի տասնհինգ տարին` միջխորհրդարանական համագործակցության արդյունքները եւ հեռանկարները: Առաջին անգամ ԱՊՀ ՄԽՎ նիստին մասնակցում էր եւ ողջույնի խոսք ասաց Աֆղանստանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուհամեդ Յունուս Կատունին: ՍԾՏՀ ԽՎ անունից ողջույնի խոսք ասաց եւ հաջողություններ մաղթեց Մուստաֆա Բաշը: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը իր խոսքում նշեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկրները հայտնվեցին դժվար կացության մեջ` հարկադրված լինելով ստեղծել պետական ու միջպետական նոր համակարգեր, տնտեսական կապեր, զարգացնել ժողովրդավարությունը, լուծել հիմնախնդիրներ, որոնցից յուրաքանչյուրն արդեն իսկ լուրջ բարդություն է ցանկացած երկրի համար: Այդ խնդիրների լուծման համար օգտակար եղավ ԱՊՀ-ն, որը օգնում էր արդյունավետ աշխատել օրենսդրության ստեղծման, ԽՍՀՄ-ի փլուզումով ստեղծված հարցերի լուծման ուղղությամբ, եւ արդեն հիմա կարելի է արձանագրել, որ ԱՊՀ-ն ռեալ գործող կազմակերպություն է, որը ունի մեծ ձեռքբերումներ: Թորոսյանը կարեւորեց ԱՊՀ ՄԽՎ-ի դերը, որ կարեւոր նշանակություն ունի ԱՊՀ-ի կյանքում եւ մեծ դեր է ունեցել ազգային օրենսդրության զարգացման, հակամարտությունների հաղթահարման, տարածաշրջանում խաղաղության հաստատման առումով: ՚ԱՊՀ տասնհինգ տարին. միջխորհրդարանական համագործակցության արդյունքներ եւ հեռանկարներՙ թեմայի քննարկումից հետո լիագումար նիստի մասնակիցները քննարկեցին ազգային օրենսդրության համապատասխանեցման հարցերը անվտանգության ոլորտում, նիստի մասնակիցներին ներկայացվեցին երաշխավորություններ ՚ԱՊՀ անդամ պետություններում միգրացիոն գործընթացների կարգավորման օրենսդրական ապահովման մասինՙ, մոդելային բնապահպանական օրենսգրքի, ջրային օրենսգրքի, կրթական օրենսգրքի եւ այլ հարցերի մասին: Այս եւ այլ օրինագծերն արժանացան ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի հավանությանը եւ կօգտագործվեն ազգային օրենսդրությունների մշակման ընթացքում: ԱՊՀ ՄԽՎ 27-րդ լիագումար նիստի աշխատանքները ամփոփվեցին համատեղ մամլո ասուլիսով: Հասարակության համար կարեւորագույն հարց հանդիսացող ՚Ամսական նվազագույն աշխատավարձի մասինՙ օրինագծի քննարկմանն այսօր Ազգային Ժողովում հատկացվեց ընդամենը 15 րոպե: Հարցի հապճեպ քննարկմանը կողմնակից էր օրինագիծն առաջին ընթերցմամբ ներկայացնող Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Աղվան Վարդանյանը: Որքան էլ զարմանալի էր, բայց սովորաբար հասարակության շահերի պաշտպանության անունից հանդես եկող պատգամավորները նույնպես համաձայնեցին հարցն առանց քննարկման թողնելուն, ուստի հարցի կապակցությամբ այդպես էլ քննարկում չծավալվեց, հարցեր չհնչեցին: Պարոն Վարդանյանի ներկայացրած օրենքի համաձայն 2007 թ նվազագույն ամսական աշխատավարձը կազմելու է 20 հազար դրամ: Ի դեպ, նվազագույն աշխատավարձի բարձրացման նպատակով մշակվել է միջնաժամկետ ծրագիր, որի ավարտի դեպքում 2009 թ նվազագույն ամսական աշխատավարձը Հայաստանում կազմելու է 30 հազար դրամ: Այսինքն՝ ամեն տարի աշխատավարձը բարձրանալու է 5 հազար դրամով: Օրինագիծը վերաբերում է շուրջ 7500 մարդու՝ հիմնականում տեխնիկական եւ կրթության բնագավառում աշխատողներին: Նշենք, որ բժշկական մեթոդոլոգիայով կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներից ելնելով, դեռեւս անցյալ տարի նվազագույն ամսական աշխատավարձը պետք է լիներ 28 հազար դրամ: Եթե օրինագիծն ընդունվի, ապա նվազագույն ամսական աշխատավարձերի այս տարվա բարձրացումը պետբյուջեից կպահանջի 505 մլն դրամ: Ի դեպ, ինչպես այս, այնպես էլ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների աշխատավարձերի դրույքաչափերի բարձրացման օրինագիծը հեղինակած ՀՀ Կառավարությունը գտնում է, որ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումն ավելի անհրաժեշտ է, քան նվազագույն ամսական աշխատավարձը: Ուստի պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար պետբյուջեից ավելի շատ գումար է հատկացված: ՚Միասնական Ջավախքՙ ժողովրդավարական դաշինքը վրդովմունքով արձանագրում է, որ ՀՀ իրավապահ մարմինները մինչեւ օրս չեն կարճել Դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի դեմ հարուցված գործը` ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու անհիմն մեղադրանքով: Հանրային ճնշման արդյունքում ընդամենը փոխվել է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը եւ նա այժմ էլ զրկված է Ջավախք վերադառնալու հնարավորությունից: Դաշինքը հույս է հայտնում, որ ՀՀ իրավապահները վերջապես կգիտակցեն Վահագն Չախալյանին առաջադրված մեղադրանքի անհեթեթությունը եւ անհապաղ` մեկ-երկու օրում, կվերացնեն այն` զերծ պահելով ջավախահայությանը բողոքի առավել ազդեցիկ դրսեւորումներից: ՚Միասնական Ջավախքՙ ժողովրդավարական դաշինքը նաեւ արձանագրում է, որ Ջավախքը մնացած Հայաստանի հետ կապող սահմանը օրեցօր վերածվում է խիստ վերահսկվող բաժանարար գծի. ՚ Ընդ որում Ջավախքի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ՚պատՙ կառուցելու ուղղությամբ բոլոր քայլերը առաջինը կատարել եւ կատարում է պաշտոնական Երեւանըՙ: Դաշինքը դատապարտում է Հայաստանի իշխանությունների` ջավախահայությանը հայրենիքից կտրելու, օտարացնելու քաղաքականությունը եւ պահանջում է դադարեցնել սահմանին, ինչպես նաեւ մաքսատանը նոր, հոգեբանորեն ճնշող արգելափակոցների շինարարությունը. ՚Ջավախքի եւ Հայաստանի միջեւ սահմանը պետք է լինի թափանցիկ եւ պայմանականՙ: Այսօր ժամկետից շուտ սկսվել է Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի սպառազինության դուրսբերումը Թբիլիսիից: Առաջին գնացքն ուղեւորվել է Գյումրիի 102­-րդ ռազմակայան: Մինչեւ տարեվերջ Թբիլիսիից Հայաստան կժամանի ռուսաստանյան սպառազինությամբ բեռնված եւս մի գնացք: Երկու գնացք էլ նախատեսվում է Ադրբեջանի տարածքով հասցնել Ռուսաստան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է ժամկետից շուտ սկսել եւ մինչեւ տարեվերջ ավարտել իր զորախմբի դուրսբերումը Թբիլիսիից այն բանից հետո, երբ աշնանը կտրուկ սրվեցին ռուս - վրացական հարաբերությունները: Թբիլիսիից դուրս է բերվելու 100 միավոր տեխնիկա, 350 տոննա գույք եւ զինամթերք եւ մոտ 390 զինվորական: Մոսկվայում այսօր ավարտվեց Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որին մասնակցում էին 10 ճանաչված գրոսմայստերներ: Հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը վերջին 9-րդ տուրում սեւերով ոչ-ոքի խաղաց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ: Ոչ-ոքի խաղացին նաեւ առաջատարների խմբում գտնվող Լեկոն եւ Պոնոմարյովը, որոնք այս տուրում մրցում էին միմյանց հետ: Այպիսով 5.5-ական միավորով առաջին տեղը բաժանեցին Արոնյանը, Լեկոն եւ Պոնոմարյովը: ՚Ադրբեջանցիներն այսօր չեն կարող ռազմականգործողություն սկսել եւ հաջողություն ունենալ. դա եւ իրեն քգիտեն, եւ մենքՙ,- hայտարարել է ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Գյումրիում զինծառայողների հարազատների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Սերժ Սարգսյանի` այսօր ով առաջինը սկսեց պատերազմը, մեծ վնասներ կկրի, քանի որ սահմանի երկայնքով հսկայական ինժեներական աշխատանքներ են կատարվել, ամրապնդվել են դիրքերը: Չնայած ռազմատենչ հայտարարություններին` ըստ նախարարի` ադրբեջանցիները ռազմականգործողություններ չեն սկսի նաեւ միջազգային հանրության կարծիքի ճնշման տակ: Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը խախտողը չի կարող շահել, քանի որ ներկայումս շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Գյումրիի ՚Հոկտեմբերՙ կինոթատրոնի դահլիճում Սերժ Սարգսյանը նկատել է, որ զինծառայողների ընտանիքներն անտեղյակ են կառավարության կողմից իրենց համար սահմանված արտոնություններից: Օրինակ, շատերին հայտնի չէ, որ իրենք կարող են օգտվել, ինչպես անվճար բուժծառայությունից, այնպես էլ՝ սոցիալական որոշ արտոնություններից: Բանակում առկա ՚դեդավշչինաՙ կոչվող երեւույթին անդրադառնալով, նախարարը խոստովանել է, որ այն իսպառ վերացնելը բարդ խնդիր է, քանի որ երեւույթը ծնող խթանները բազմազան են եւ մինչ դրանք չվերացվեն, դժվար պիտի լինի ամբողջական արդյունք ակնկալելը: Սերժ Սարգսյանը չի ժխտել, որ այսօր էլ բանակում արձանագրվում են սպանության դեպքեր, բայց վիճակագրության համաձայն` տարեցտարի դրանց թիվը նվազում է, եթե 1995 թ բանակում 300 զոհեր են եղել, ապա այս տարվա 11 ամիսների կտրվածքով` ընդամենը` 27-ը: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում ավարտվել է աշխատանքային շահագործման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Շիրակի մարզի բնակիչ Ա. Մուրադյանը այլ անձանց հարկադիր աշխատանքի մեջ ներգրավելու միջոցով շահ ստանալու նպատակով Ռուսաստանի Դաշնությունում բարձր աշխատավարձով շինարարական աշխատանքներ կատարելու խոստումներ տալով` 2004թ. ապրիլին խարդախությամբ հավաքագրել, Թաթարստանի Ալմետևսկ քաղաք է փոխադրել 18 տարին չլրացած Է. Կարապետյանին, նրա հորը Ռ. Կարապետյանին ու Ա. Գրիգորյանին: Վերջիններիս սրտրկության նմանվող վիճակի մեջ դնելով` նրանց կյանքի, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ավելի քան մեկ տարի շահագործել է շինարարական աշխատանքներում` տիրանալով նրանց աշխատած գումարներին: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 1 -րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 6-րդ կետերով: Քրեական գործը 2006թ. նոյեմբերի 11-ին ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան` գործն ըստ էության քննելու համար: Ամերիկայում Հայաստանի դեսպանություն են այցելել ՚Արշավ հանուն մարդկությանՙ ամերիկահայ կազմակերպության անդամները, ովքեր հանդիպել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի եւ դեսպանության անձնակազմի հետ: Այս տարվա հունիսից նոյեմբերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորության վրա ուշադրություն հրավիրելու նպատակով խմբի անդամները կազմակերպել են քայլարշավ Լոս Անջելեսից Վաշինգտոն եւ 12 նահանգով անցնելով (գրեթե 5 հազար կմ)` ցույցեր են կազմակերպել ԱՄՆ 11 խոշոր քաղաքում: Խմբի ղեկավար Վահե Աբովյանն ու անդամները Լոս Անջելեսի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են: Քայլարշավի ընթացքում նրանք հանդիպումներ են կազմակերպել նահանգների կրթական հաստատություններում` իրենց հասակակիցներին ներկայացնելով Հայոց եղեռնի ճանաչման, նոր ցեղասպանությունների, մասնավորապես, Դարֆուրում ցեղասպանության կանխման անհրաժեշտությունը: Քայլարշավի շնորհիվ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը լուսաբանել են Կալիֆորնիա, Նեւադա, Յուտա, Կոլորադո, Նեբրասկա, Իլինոյս, Ինդիանա եւ Օհայո նահանգների տեղական պարբերականներն ու հեռուստակայանները: Քայլարշավն ավարտվել է նոյեմբերի 15-ին Սպիտակ Տնից դեպի Կոնգրես երթով, որից հետո մասնակիցները հանդիպել են Կոնգրեսի հայանպաստ խմբի համանախագահներ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի եւ Ջո Նոլենբերգի հետ: Բուզանդցիները հաճելիորեն զարմացած են: Խոսքն այս դեպքում Բուզանդի իրացված գոտու բնակիչների մասին չէ, այլ փողոցի սկզբնամասում տեղեկայված վարչական շենքերում աշխատողների: Բուզանդի 1/3 հասցեում` ՚Երեւաննախագծիՙ շենքի առաջ եւ ընդհանրապես Բուզանդի սկզբնամասում, Վերնիսաժի մոտ երբեք այսպիսի կարգուկանոն չի եղել, ինչպես այսօր: Ոչ մի խցանում: Ընդամենը մի քանի, այն էլ մի շարքով կանգնած ավտոմեքենաներ: Չափից ավելի ջանող ոստիկաններ, որոնք արգելում էին ոչ ծառայողական ավտոմեքենաների կանգառը հիշյալ շենքի մոտ: Հավաքարարներ, որոնց մի մասը ավլում էր փողոցի տերեւներն եւ աղբը, իսկ մյուս մասը շենքի ներսն էր մաքրում, մանրակրկիտ լվանում էրհատակը, վերելակը: ՚Ճիշտ է,. միշտ էլ մաքրում են շենքը, բայց նման տեմպերով ու մանրակրկիտ, զարմացած եմՙ,- ասաց շենքի պահակը: Իսկ շենքում տեղակայված բազմաթիվ հիմնարկներից մեկի ներկայացուցիչն էլ ենթադրեց. ՚Հաստատ արտերկրից ներկայացուցիչներ կան կամ էլ իշխանավորներ են եկելՙ: Պարզվեց, որ... շենքի հյուրը Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն էր, որը, ինչպես հայտնեց նրան ուղեկցողներից մեկը, տարին մեկ անգամ այցելում է քաղաքապետարանին պատկանող այս շինություն: Եվ այսօր այդ երջանիկ օրերից մեկն էր: Ամերիկայի Հայոց Արեւելյան Թեմի Առաջնորդարանում ներկայացվել է Հայ Եկեղեցու ավագ հոգեւորականներից Արժշ. Տ. Արտեն Ա. Քհն. Աշճյանի՝ ՚An Armenian Monk's Ministry on Two Continents - The Story of Archbishop Hovsep Sarajianՙ գիրքը: Սա . Տ. Արտեն Ա. Քհն. Աշճյանի երրորդ գիրքն է նվիրված Հայոց եկեղեցու պատմությանը: ՚Վիճակացոյց եւ Պատմութիւն Առաջնորդական Թեմին Հայոց Ամերիկայիՙ եւ ՚The Torch Was Passed - The Centennial History of the Armenin Church of Americaՙ գրքերը լույս են տեսել առաջինը` 1949թ-ին, երկրորդը 1989թ-ին: Ի դեպ, երկրոդը նվիրված է Ամերիկայի Հայոց Եկեղեցու հաստատման 100-ամյակին: Թեեւ այս երկու գրքերում էլ անդրադարձ կա Ամերիկայի առաջին հոգեւոր առաջնորդի` Հովսէփ Արք. Սարաճյան մասին, սակայն նոր լույս տեսած գրքում հեղինակը առավել մանրամասն է ներկայացնում հայ հոգեւորականի կյանքն ու գործունեությունը: Հովսեփ Արք. Սարաճյանը առաջին հովիվը եւ առաջին Առաջնորդն է եղել Ամերիկայի նորակազմ Հայոց Եկեղեցու: Նրա հովվության շրջանում է, որ որ Ամենայն Հայոց Կաթողիկոս երջանկահիշատակ Խրիմյան Հայրիկը Առաջնորդական Թեմ է հռչակել Ամերիկայի Թեմը (1898 թ-ին): Նոյեմբերի 17-ը 1941թ-ից ողջ աշխարհում նշվում է իբրեւ ՚Ուսանողության միջազգային օրՙ: Ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերում ապրող ուսանողներն՝ անկախ ազգությունից, սպասում են այս տոնին ու նշում այն հավուր պատշաճի: Հայաստանում տոնի մասին թվում է՝ իմացան միայն այս տարի, այն էլ երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած համերգի շնորհիվ: Անտեղյակության այս տպավորությունը ստացանք, երբ զրուցեցինք հայաստանյան բուհերի մի քանի ուասնողի հետ: Մինչդեռ տարբեր երկրներում արդեն ձեւավարվել են տոնը նշելու ավանդույթներ: Օրինակ՝ Ամերիկայի Միացյան Նահանգների ուսանողները այդ օրը ձգտում են զվարճանալ հնարավորինս թանկ ակումբներում եւ վայելել ամենաթանկ խմիչքներն ու ուտեստները: Իսկ Դանիայի գիմնազիայի շրջանավարտներն ունեն հետաքրքրիր մի ավանդույթ. շրջանավարտի ընտանիքը նրա համար այդ օրը վարձակալում է բեռնատար հիշեցնող մի մեքենա, որով նրանք ամբողջ գիշեր միասին շրջում են քաղաքի փողոցներով, կիթառի նվագակցությամբ երգում ուրախ երգեր եւ պարտադիր ըմպում գարեջուր: Իսկ ինչպե՞ս են նշում այս տոնը Հայաստանի ուսանողները: Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներն, օրինակ, փախել էին դասերից, որպեսզի սրճարանում նշեին Ուսանողի օրը: Տոնի մասին նրանք ոչինչ չգիտեին, սակայն դա նրանց չէր խանգարել՝ հարմար առիթն օգտագործելով դասախոսներին համոզել, որպեսզի նրանք թույլ տալ իրենց ՚գոնե մեկ օր վայելել ազատությունըՙ: ՚Առավոտն ենք հիշել, որ նման տոն կա, այն էլ հեռուստատեսային գովազդի շնորհիվ: Պատրաստվում ենք սովորականի պես սրճարան կամ բար գնալ: Ասեմ, որ դասախոսները մեզ ընդառաջ են այսօր գնացել՝ մի գնահատական որոշ ուսանողների բարձր են դրել: Բայց դա ինձ չի վերաբերում, որովհետեւ ինձ չորս գնահատականն են դրել, ստացվում է՝ ես երեքի՞ էի արժանիՙ,- կատակում է կուրսի ավագ Տաթեւիկը: Երեւանի տնտեսագիտական պետական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Նարեկն էլ դժգոհում է, որ Ուսանողության տոնի մասին ոչինչ չգիտի, ընդհանրապես ուսանղների իրազեկմամբ ոչ բուհերն են զբաղվում, ոչ էլ համապատասխան կառույցներն ու երիտասարդական կազմակերպություները: Նա, ի դեպ, իր հավաստմամբ կուրսի գերազանցիկն է ու հետաքրքրվում է ամեն ինչով, այդ պատճառով նրան այս անտարբերությունը շատ է զայրացնում: ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները առիթ օգտագործեցին իրենց խնդիրներից խոսելու համար: ՚Տոն նշելն ուղղակի ձեւ է, որ պետք է պահպանել, թե չէ մեզ ի՞նչ: Տոնը ենթադրում է, որ մեր նկատմամբ գոնե մեկ օր ավելի ուշադիր պետք է լինեին, ավելի հոգատար ու այդ օրը կարողանաս սրտանց ուրախանալ: Իսկ ու՞մ ենք մենք հետաքրքրում, ոչ մեկը մեզ հաշվի չի առնում, չի արձագանքում մեր խնդիրներին: Օրինակ՝ մեզ խոստացան, թե նոր մասնաշենք, որ տեղափոխվեք, նոր գրադարան կլինի, ավելի ընդլայնված...Ու՞ր է: Նորից գալիս ենք գլխավոր մասնաշենք: Ամբողջ ուսանողական միջավայրից ու հատկապես մեր բուհից կարծես կտրված լինենք. ոչ մի բանից տեղյակ չենք: Տոնի կապակցությամբ հրավիրատոմսեր են բաժանում, այդ մասին քիչ առաջ իմացանք ու ասին, որ էլ տոմս չկաՙ,- ասսում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մարինեն: ՚Յունիսթրիմՙ համակարգով Ռուսաստանից Հայաստան մասնավոր բանկային փոխանցումների նոր ծրագիր է ներդրվել: ՚Յունիբանկՙ-ի ստեղծման հնգամյակի առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում բանկի խորհրդի նախագահ Գագիկ Ղազարյանն այսօր տեղեկացրեց, որ այսուհետ բարեկամներից ստացվող ռուբլիներն ու դոլարները Հայաստանի քաղաքացիները կարող են ստանալ միանգամից դրամով, այն էլ` 0$ միջնորդավճարով: Արտարժույթի տվյալ պահի կուրսը հաշվարկվելու է ՚Յունիբանկիՙ սահմանած փոխարժեքով: Գագիկ Ղազարյանը նաեւ ընդգծեց, որ բանկային նորամուծությունը ոչ միայն Հայաստանում է կիրառվում առաջին անգամ, այլ նաեւ Ռուսաստանում: Բանկի հոբելյանի առթիվ հրավիրվել էր նաեւ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը,որն ավելի շուտ էր ժամանել, քան կազմակերպության ղեկավարները: Նա շատ կարեւորեց ՚Յունիբանկիՙ նոր ծրագիրըը եւ խնդրեց լրատվամիջոցներին` այս մասին ՚ազդակներ հաղորդել ազգաբնակչությանըՙ: Ծրագրի էությունը կայանում է նրանում, որ ուղարկող քաղաքացին ազատվում է աշխատած ռուբլին դոլարի վերածելու, իսկ ստացողը` այն դրամի փոխարկելու ծախսերից: Իսկ առանց միջնորդավճարի դրամական փոխանցում իրականացնող բանկի շահը կայանում է նրանում, որ նվազեցնում է կանխիկ դոլարի գնումը արտասահմանյան առեւտրային բանկերից, ինչպես նաեւ դրա ներկրումը Հայաստան: Այս պարզաբանումները տվեց բանկի վարչության նախագահ Վարդան Աթայանը: Ավելացրեց նաեւ, որ իրենք շատ են կարեւորում երկրում դրամի շրջանառության ավելացումը եւ այս քայլով նպաստում են դրան: Սակայն լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էր դրամի հերթական արժեւորումը, ինչպես նաեւ ՚Յունիսթրիմՙ համակարգով Ռուսաստանից եւ Հայաստանից դեպի Վրաստան փոխանցումների դադարեցումը: ՚Դեպի Վրաստան փոխանցումների դադարեցումը պայմանավորված է երկու գործոնով. առաջին` նկատվում էր դրանց ծավալների կտրուկ նվազում, երկրորդ` գնահատվեց այդ ուղղությամբ դրամական փոխանցումների ռիսկըՙ,- պատճառաբանեց ՚Յունիբանկիՙ խորհրդի նախագահը: 1USD- 380 AMD կուրսի շուրջ մեկամսյա կայունությունը մի քանի օր առաջ դարձյալ խախտվեց, եւ ԿԲ-ն այսօր սահմանել է դրանից գրեթե 10 դրամով պակաս փոխարժեք: Սակայն հայկական արժույթի հարաբերական կայունությունը ԿԲ նախագահն այնքան էլ որպես կայունություն չհամարեց, իսկ հերթական արժեւորման պատճառները նույնն էին, ինչ կրկնել է ամբողջ տարվա ընթացքում: Հատկապես աճել է մասնավոր տրանսֆերտների տոկոսը. մինչեւ տարեվերջ ակնկալվում է 30% աճ, իսկ դրամը տարեսկզբի համեմատ արժեւորվել է ընդամենը 18.3%-ով: Տիգրան Սարգսյանը հաստատեց ՚Ա1+ՙ-ի թղթակցի տեսակետը, թե դրամի արժեւորմանը տնտեսական զարգացումից ու արտարժույթի հսկայական ներհոսքից բացի, նպաստում է նաեւ կառավարության վարած` աշխատավարձերի եւ թոշակների նպատակադրված ցածր ցուցանիշը: 17 Նոյեմբերի, 2006 ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Ամերիկահայ Ճարտարագետների եւ Գիտնակաների Ընկերակցությունը կոչ է անում փրկել ՚Արագաճ բարդիների նախագիծըՙ կործանումից: Իսկ վտանգը այնքան սաստիկ է, որ ընկերակցությունը կոչ է անում սովորական եւ էլեկտրոնային նամակներ (frd@gov.am հասցեով) ուղարկել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: ՚Ամերիկահայ Ճարտարագետների եւ Գիտնակաների Ընկերակցությունը ՀՀ Բուսաբանության Ինստիտուտը ու ՚Հայանտառըՙ 1994թ-ից միասնաբար աշխատում են արագաճ բարդիների նախագծի վրա: Այս գիտափորձարարական նախագծի կատարման ընթացքում Հայաստան են ներմուծվել ամերիկական ու կանադական արագաճ բարդիների 53 կլոններ: Դրանք տնկվել են հանրապետության տարբեր շրջանաններում: Հիմնվել են նաեւ փորձարարական երկու տնկադաշտեր Արմավիրում 52 հեկտար տարածքի վրա: Նախագծի հիմնական նպատակն է ուսումնասիրել կարելիությունները, այս արագաճ բարդիներից կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ բնափայտ ստանալու եւ փրկելու բնական անտառները անխնա հատումներից: Այս կլոններից շատերը ցուցաբերել են գերազանց արդյունքներ: Մինչեւ օրս բավականին մեծ ծախսեր են կատարվել եւ աշխատանքներ են տարվել այս նախագիծը իրականացնելու համար: Այս տնկադաշտերը միակն են ամբողջ Կովկասում եւ նրանց գիտական արժեքը հսկայական է: Դեռեւս այս գիտափորձարարական աշխատանքը չի հասել իր ավարտին: Արագաճ բարդիները կարող են բավարարել հանրապետության փափուկ բնափայտի կարիքները կարճ ժամանակշրջանում ու նաեւ ստեղծեն մեծ քանակով վառելափայտ: Բայց այս արդյունքներին հասնելու համար անհրաժեշտ է որ ավարտվեն գիտափորձարարական աշխատանքները: Արմավիրի անտառտնտեսության 2004-ի լուծարումից հետո, կառավարության որոշմամբ այդ հողերը տրամադրվել էին Բուսաբանության Ինստիտուտին գիտափորձարարական աշխատանքները շարունակելու նպատակով: Բայց հակառակ կառավարության հստակ որոշումին, Արմավիրի մարզպետարանը վաճառել է Արմավիրի տնկադաշտերց շուրջ 12 հեկտարը: Այս հողամասերի մեծամասնության գնողն է մեկ նախարար, իսկ մի ուրիշ մասի գնողն է Արմավիրի քաղաքապետը: Այս հողամասի վրա են գտնվում ամենալավ խնամք տարված արագաճ բարդիները: Հսկայական ջանքեր ու գումարներ են տրամադրվել Ամերիկահայ Ճարտարագետների եւ Գիտնակաների Ըկերակցության կողմից այս տնկադաշտերի ստեղծման ու խնամքի համար: Մեզ համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է արված աշխատանքները անտեսել ու նախատեսված արդյունքին դեռեւս չհասած այս տնկադաշտերը վաճառել, որի հետեւանքն է լինելու ծառերի ոչնչացումը: Հավելյալ մտահոգիչ է այն պարագան, որ այս հողերի զավթողներն են պետական պաշտոնյաններ: Այս հողերի ապորինի սեփականշնորհումը մեզ համար անընդունելի է: Այստեղ այն հարցն է առաջանում, թե ինչպես կարելի է, որ Հանրապետության մեկ մարզի աշխատակազմը գործարքներ է տանում, որը հակասում է կառավարության հստակ որոշմանը: Այս երեւույթը հարցականի տակ է դնում այն առաջադրանքը, որը ներկայացվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի կողմից Հայաստան -Սփյուռք Խորհրդաժողովում: Ինչպես կարելի է սպասել, որ սփյուռքահայությունը ֆինանսավորի 50 սահմանամերծ գյուղերի վերականգնումը, երբ որ տեղական իշխանություները կարող են շատ հեշտությամբ զավթել ցանկացած վերամշակված հողամաս ու նաեւ վերանորոգված շինություն ու վաճառեն դրանք: Մեր պահանջն է ՀՀ կառավարությունից որ այս 12 հեկտար հողամասի ապորինի վաճառումը չեղյալ համարվի ու այդ հողամասերի վկայականը անմիջապես տրամադվի Բուսաբանության Ինստիտուտին ըստ կառավարության որոշմանՙ,- ասված է հայտարարության մեջ: 17 Նոյեմբերի, 2006 Սոցիալական ոլորտում խմբային պատասխանատվության ՚Գլոբալ պայմանագիրըՙ 2000 թ-ից ՄԱԿ-ի կազմում գործող կառույց է, որին միացել են աշխարհի բազմաթիվ ձեռնարկություններ ու գործարաններ: Պայմանագրի անդամները պարտավորվում են հոգ տանել իրենց աշխատակիցների համար նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծելու, բնությունը չաղտոտելու եւ կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ: Հայաստանում ՚Գլոբալ պայմանագրիՙ անդամ է դարձել արդեն 19 կազմակերպություն, որոնցից են` ՚Արմենալՙ գործարանը, ՚Մարիոթՙ հյուրանոցը, ՚Ղ-Տելեկոմըՙ, Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միությունը: Այսօր ՚Գոլդեն Փելեսՙ հյուրանոցում Գլոբալ պայմանագրի արտասահմանյան ու հայաստանյան անդամ կազմակերպությունները սեմինար էին կազմակերպել: Արտերկրի հյուրերը բերում էին բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են ՄԱԿ-ի այդ կառույցի օժանդակությամբ այլ երկրում գործարան կառուցել կամ վերացրել գործընկեր կազմակերպություններում աշխատանքային անմարդկային պայմաները: Մեծ Բրիտանական ՚Լիթելվուդՙ խանութների ցանցի ներկայացուցիչ Միշել Սփենլին, օրինակ, պատմեց, թե ինչպես են եղել Չինաստանի, Մալազիայի կամ Լիտվայի գործընկեր ֆիրմաներում աշխատանքային պայմանները, որտեղ զուգարանում խոզեր են բնակվելիս եղել, կանայք աշխատել են նկուղում կամ բոլոր բանվորներն աշխատել են առանց օդափոխման համակարգի, տոթ սենյակում, իրար կողքի խիտ նստած: ՚Գլոբալ պայմանագրիՙ անդամներն այդ բիզնեսմենների հետ երկար խորհրդատվաությունների արդյունքում հասել են նրան, որ փոխվել են մարդկանց աշխատանքային ու հիգիենիկ պայմանները: Միշել Սփենլին նաեւ ասաց, թե ՄԱԿ-ի բրենդն օգտագործելով` շատ կազմակերպություններ կարողանում են ավելի հեշտ մտնել այլ երկրի շուկա եւ այնտեղ գործարան հիմնել, կամ ընդլայնել արտադրանքի իրացման ծավալները: Ընդ որում, նրան հատկապես գայթակղել էր ՚Գլոբալ պայմանագրիՙ անդամավճարը: ՚Եթե մենք լինեինք միջազգային այլ կազմակերպության անդամ, կվճարեինք 50 000 եվրո, իսկ այս կառույցում ծախսերը զգալի են կրճատվում, տարեկան ընդամենը 17 000 եվրո էՙ,- հիացած հայտարարեց նա: Հայկական կողմից ՚Ղ-Տելեկոմիՙ գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը գործընկերներին հավատացրեց, թե իր ղեկավարած կազմակերպությունը լրիվ գիտակցում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը եւ կիրառում: ՚Մեր աշխատակիցները նաեւ դեսպաններ են, նրանք իրենց ծանոթների եւ հարազատներին ներկայացնում են այն պայմանները, որոնք գործում են մեր ընկերությունում: Հետագայում նման աշխատելավոճը այդ մարդկանց միջոցով կարող է տարածվելՙ,- ասաց Ռալֆ Յիրիկյանը: Առավել գլոբալ թեմաներ շոշափեց Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա սեմինարի օտարերկրացի մասնակիցներին զարմացրեց` հայտարարելով. ՚Սոցիալական ոլորտում խմբային պատասխանատվության պայմանագրին միանալով` մենք առանձնացրել ենք այն հիմնական ուղղությունը, որի վրա մասնավոր սեկտորը պիտի կենտրոնանա` աղքատության հաղթահարում եւ աշխատատեղերի ստեղծումՙ: Իսկ սեմինարի կազմակերպիչները փորձում էին կոնկրետ ձեռնարկությունների եւ փաստերի օրինակներով հետագա ծրագրեր մշակել ու ներգրավել նոր անդամների: 17 Նոյեմբերի, 2006 ՚Բազում գովազդային հոլովակներում հնչող ՚էկոլոգիապես մաքուր սնունդՙ արտահայտությունն ակնհայտ սուտ է, քանի որ Հայաստանում դեռեւս գոյություն չունի սերտիֆիկացված էկոլոգիապես մաքուր սննդամթերքՙ,- սա ՚Սպառողների իրավունքների պաշտպանությունՙ հասարակական կազմակերպության դիտարկումների արդյունքում հայտնաբերված գովազդի հետ կապված միակ խախտումը չէ: Այսօր ՚Փաստարկՙ ակումբում ՚Սպառողների իրավուքների պաշտպանությունՙ ՀԿ նախագահ Աբգար Եղոյանը նշեց բազմաթիվ թերություններ, որոնց արդյունքում տուժվում են սպառողները: ՚՚Գովազդի մասինՙ ՀՀ օրենքով արգելվում է զանգվածային էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը: Սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ հեռուստատեսությամբ գովազդվում է խմիչքի ապրանքանիշը: Գովազդներում խախտվում է ՚Լեզվի մասինՙ ՀՀ օրենքը երկու տեսանկյունից` նախ, ըստ օրենքի, ՀՀ-ում գովազդի լեզուն հայերենն է, բացի այդ, գրական հայերենը: ՚Ունենք գովազդներ, որոնք փողոցի լեզուն բերում են հեռուստատեսություն: Նաեւ կան գովազդներ, որտեղ հնչում են ռուսերեն բառերՙ,-ասաց պարոն Եղոյանը : Կազմակերպությունը բազում բողոքներ է ստացել քաղաքացիներից, որ ռուսական հեռուստաալիքների գովազդային դադարների ընթացքում ցուցադրվող հայկական գովազդային հոլովակների տեւողությունն ավելի երկար է ռուսական գովազդի տեւողությունից եւ այդ պատճառով ռուսական հաղորդումները եւ ֆիլմերը միացվում են բավականին ուշ: Աբգար Եղոյանը դժգոհեց նաեւ սոցիալական գովազդի սակավությունից ու գներից.՚Անհրաժեշտ է սոցիալական գովազդի ժամանակը տրամադրել անվճար կամ զեղչերովՙ: Ի դեպ, ՚Սպառողների իրավուքների պաշտպանությունՙ հասարակական կազմակերպությունը մայիսին դիմել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին՝ մատնանշելով վերոնշյալ խախտումները: Վերջիններս պատասխանել են, որ ոչ մի խախտում չի եղել:՚Այս հանգամանքը խոսում է տվյալ ոլորտի վերահսկողության անկատարության մասինՙ,- փաստեց Աբգար Եղոյանը: Իսկ հիմա կազմակերպությունն առաջարկում է օրենքում կատարել փոփոխություններ եւ նրանում մշակել գործուն մեխանիզմներ՝ դրա դրույթների լիարժեք իրականացման համար: ՅՈԴԻ ԱՆԲԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԱԾ Է [15:52] 17 Նոյեմբերի, 2006 Ողջ աշխարհում յոդի անբավարարության դեմ պայքարող չորս կազմակերպությունների կոալիցիան համարել է,որ Հայաստանը հաղթահարել է յոդի անբավարարությունը` աղի համընդհանուր յոդացման միջոցով: Այսօր այս նվաճման հետ կապված հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ` պրն. Շելդոն Յեթը հավաստագիր հանձնեց ՀՀ Առողջապահության նախարարությանը` ողջունելով ՀՀ Կառավարության հաջողությամբ պսակված ջանքերը` հանրային առողջապահության հիմնախնդիր հանդիսացող յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելման գործում: Հավաստագիրը հանձնվեց Յոդի անբավարարության կայուն վերացման ցանցի, Յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումերի վերահսկման միջազգային խորհրդի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից: ՚Հայաստանում յոդի անբավարարության վերացումը բացառիկ ձեռքբերում է եւ նշանակալի դեր ունի երեխաների եւ կանանց առողջության բարելավման գործումՙ,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ պրն. Շելդոն Յեթը: ՚Զարգացող երկրներում ամեն տարի շուրջ 20 միլիոն երեխաներ տառապում են յոդի անբավարարությամբ, այն դեպքում երբ յուրաքանչյուր դեպք կարելի է կանխարգելել յոդացված աղի օգտագործման միջոցովՙ,- ավելացրեց նա: Ողջ աշխարհում երեխաների մոտ կանխարգելելի մտավոր հետամնացության հիմնական պատճառներից մեկը յոդի անբավարարությունն է: Մինչդեռ յոդի անբավարարության հետեւանքները կարող են հանգեցնել ծանր մտավոր հետամնացության, մեռելածնության, վիժումների, կանանց մոտ խպիպի, իսկ երեխաների մոտ` ուսման առաջադիմության նվազման: Աղի յոդացումը էժան, մատչելի եւ կայուն արդյունավետություն ունեցող միջոց է` յոդի անբավարարությամբ պայմանավորված առողջական վիճակի խատարումների կանխարգելման համար: 1995թ.ՀՀ Առողջապահությաւն նախարարության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ հետազոտության արդյունքում պարզվել է, որ հղի կանաց շուրջ 50%-ը տառապել է յոդի անբավարարությամբ: 1997թ.-ից ի վեր Հայաստանում հիմնախնդիրը հաղթահարելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է ՀՀ Առողջապահության նախարարության եւ Ավանի աղի գործարանի հետ: Այս աշխատանքներին նաեւ աջակցել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (ԱՄՆՄԶԳ): ՀՀ կառավարությունը, կարեւորելով յոդի անբավարարության հիմնախնդիրը, 2004թ. փետրվարի 12-ի N 353-Ն որոշմամբ հաստատել է ՀՀ բնակչության սննդում յոդի անբավարության հետեւանքների դեմ պայքարի եւ կանխարգելման ազգային ծրագիրը եւ ծրագրով նախատեսված առաջնահերթ միջոցառումները, ինչը ապահովեց հանրապետության բնակչության սննդում յոդի անբավարության հետեւանքների կանխարգելման իրավական հիմքը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ Առողջապահության նախարարության եւ Յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումների վերահսկման միջազգային խորհրդի կողմից 2005թ. անցկացրած հետազոտությամբ պարզվել է, որ հետազոտված դպրոցական տարիքի երեխաների շրջանում յոդի անբավարարության հիմնախնդիրը վերացել է եւ տնային տնտեսություններում յոդացված կերակրի աղի տեսակարար կշիռը աճել է մինչեւ 97% (1998թ-ի 70%-ի դիմաց): ՚Աղի կայուն համընդհանուր յոդացումը եւ բնակչության շարունակական իրազեկումը հիմնախնդրի կանխարգելման վերաբերյալ, կպաշտպանի յուրաքանչյուր տարի Հայաստանում ծնվող շուրջ 40,000 երեխաների յոդի անբավարարության ծանր հետեւանքներիցՙ,-նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: ՀՀ ԱԳՆ-ն ՊԱՀԱՆՋԵԼ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ [16:09] 17 Նոյեմբերի, 2006 Ռուսաստանում ՀՀ արգործնախարությունը նամակով պաշտոնապես դիմել է ՌԴ ԱԳ եւ ՆԳ նախարարություններին` դաժանաբար սպանված 15-ամյա Նարեկ Քոչարյանի սպանությունը բացահայտելու համար: Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, հայտագրով պահանջվել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել սպանությունը բացահայտելու համար: Հիշեցնենք, որ Նարեկ Քոչարյանը դաժանաբար սպանվել է մերձմոսկովյան Իվանտեւկա քաղաքում շաբաթ օրը: Ժամը 18-19-ի մոտ, երբ վարսավիրական կուրսերում սովորող տղան իր ռուս ընկերների հետ զբոսնելիս է եղել, նրա վրա հարձակվել են մի քանի երիտասարդներ, դաժանաբար ծեծել, հասցրել դանակի հարվածներ,որի հետեւանքով տղան մահացել է: Տղայի վզին հայտնաբերվել է խորը հետք, որը վկայում է, որ նրան փորձել են կախել եւ խեղդել: Ըստ Ռուսաստանի Հայերի Միության հաղորդագրության` սպանվածի կողքին հայտնաբերվել է շարֆ , որի վրա եղել է գանգի նշան, ինչը վկայում է,որ հարձակվողները եղել են ֆաշիստական խմբավորման անդամ: ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ԽՈՍԵԼ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ [16:19] 17 Նոյեմբերի, 2006 Հայոց համազգային շարժումը պատրաստվում է մասնակցել 2007թ-ի խորհրդարանական ընտրություններին եւ ամենայն հավանականությամբ՝ դաշինքով: ՚Հայելիՙ ակումբում այսօր ՀՀՇ անդամ Անդրանիկ Հովակիմյանն ու Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը փորձեցին բանավիճել, թե Հայասատնում ընտրական պայքարը որքանով է գաղափարական: ՚Հայաստանում քաղաքական պայքարը դեռեւս ձեւավորման փուլում է: Գաղափարական պայքարը դեռ այն մակարդակի վրա չէ, որ կուսակցությունները պայքարեն գաղափարների շուրջՙ,-ասաց հանրապետական Արտակ Գրիգորյանը: Իսկ նրա ընդդիմախոսը վստահեցրեց, որ իրենք գաղափարախոսություններ տարանջատելու խնդիր չունեն. ՚Մենք երբեք այս կամ այն խավին հաճոյանալու համար, կամ պահի թելադրանքից ելնելով` չենք փոխել մեր քաղաքական դիրքորոշումը կամ գաղափարական սկզբունքները: Այսօր էլ մեր մոտեցումները նույն են, թե ԼՂ հիմնախնդրի, թե Թուրքիայի, թե տնտեսության, եւ թե այլ հարցերի նկատմամբՙ: Անդրանիկ Հովակիմյանի կարծիքով, Հայաստանում չկա գաղափարական պայքար, որովհետեւ իշխանությունների շուրջ պտտվում են ուժեր, որոնք չունեն գաղափարախոսություն եւ ընտրությունների ժամանակ զբաղվում են ընտրակաշառքներ բաժանելով: Ընտարակաշառք բաժանելը Արտակ Գրիգորյանը ձեւակերպեց իբրեւ PR մեխանիզմներ եւ իր հետագա խոսքը կառուցեց այդ ձեւակերպման վրա: Նա, սակայն, կարտոֆիլի, տուկի թելի, սերմի բաժանումն ընտրակաշառք չհամարեց եւ հայտարարեց, որ կաշառքն ու կեղծիքը ՀՀՇ-ի սերմերի արդյունքն է: ՚Բացի 1999թ-ի խորհրդարանի ընտրություններից, Հայաստանում մնացած ընտրություններն ավելի վատը չեն եղել, քան 1995-96թթ-ինՙ,-ասաց պարոն Գրիգորյանը: Անդրանիկ Հովակիմյանն էլ իր հերթին հետաքրքրվեց, թե գործող իշխանություններին 8 տարին բավական չէ՞ր այդ սերմերից ազատվելու համար կամ ինչո՞վ էին զբաղված այդ տարիներին այսօրվա իշխանությունները: ՚Ժամանակի առումով ես չեմ կարող կանխատեսումներ անելՙ,- անկեղծորեն խոստովանեց հանրապետական գործիչը եւ ինքն իրեն հակասելով` ավելացրեց.՚Եթե դուք նկատել եք որեւէ հանրապետական երբեք չի մեղադրել առաջին նախագահին եւ ոչ էլ նախորդ իշխանություններինՙ: Արարատ Գրիգորյանն այսօր հրաժարվեց գնահատական տալ նաեւ ԼՂ հիմնախնդրի գործընթացին ուղղված իշխանությունների քայլերին: Պարզվեց, որ նա տեղյակ չէ վերջերս Ալ-Ջազիրա հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակած Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե նա պատրաստ է քննարկել ազատագրված տարածքները հանձնելու հարցը, բացի Լաչինի միջանցքից: ԼՂ հարցում նախորդ իշխանություններին պարտվողներ համարող ՀՀԿ ներկայացուցիչը այսօր նաեւ չպնդեց, որ իրենք դեմ են տարածքները հանձնելուն: Փոխարենը պարոն Գրիգորյանն ասաց.՚Մենք չգիտենք թե ինչ կլիներ այդ տարածքների հետ, եթե այսօր ՀՀՇ-ն լիներ իշխանությանՙ: Անդրանիկ Հովակիմյանը իր ընդդիմախոսին խորհուրդ տվեց ՚եթեՙ-ներով չխոսել եւ հստակ պատախանել` ներկայիս իշխանությունները գիտակցու՞մ են եւ պատասխանատվություն զգում են այն բանի համար, որ Հայաստանը զրկել են տարածաշրջանային մի շարք ծրագրերից: Անդրանիկ Հովակիմյանի հարցը մնաց անպատասխան: ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ԿՓՈԽՎԵՆ [16:43] 17 Նոյեմբերի, 2006 Հայկական անձնագրերն այլեւս հնարավոր չէ կեղծել,- այդ մասին հայտարարեց, ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչության պետ, գնդապետ Ալվինա Զաքարյանը: Ըստ նրա, ներդրվել է ՀՀ քաղաքացիների անձնագրերի կենտրոնացված տպագրության նոր ծրագիր, որը իրականացնելու է անձնագրային եւ վիզաների վարչությունը: Ըստ նոր ծրագրի, անձնագրի պոլիէթիլենային էջի սառը լամինացիան փոխարինվելու է տաք լամինացիայով: Այսինքն, եթե առաջինի դեպքում այն հեշտ պոկվում էր՝ լուսանկարի փոփոխության հնարավորություն ստեղծելով, ապա հիմա դա այլեւս հնարավոր չէ: Նոր անձնագրում լուսանկարը չի փակցվելու, այլ քաղաքացու պատկերը նրա անձնական տվյալներով եւ պաշտպանիչ շերտերով հանդերձ տպագրվելու է հենց էջին: Հաջորդ շաբաթվանից նոր համակարգով կտպագրվեն անչափահասների, իսկ 2007թ-ից՝ նաեւ չափահասների անձնագրերը: Ալվինա Զաքարյանը նշեց, որ կեղծ անձնագրերի թիվն այսպիսով խիստ կպակասի, թեւ այս տարի աննշան էր նրանց թիվը՝ 3-4, անցյալ տարվա 30-35-ի համեմատ: Քիչ չէ նաեւ Հայաստանում ապրող անլեգալ քաղաքացիների թիվը: Նրանք, ըստ Զաքարյանի, հայտնաբերվելու դեպքում վարչական տուգանքներ են մուծում պետությանը, իսկ այնպիսիք, որոնք պատճառաբանում են, թե գումար չունեն, այնքան ժամանակ են մնում Հայաստանում, մինչեւ նրանց հարազատները չեն մուծում իրենց փոխարեն: Այսինքն, եթե անլեգալը փող չունի օդանավի տոմս գնելու, նրան թույլ չի տրվում դուրս գալ պետությունից: Խոսվեց նաեւ անձնագրերում տեղ գտած տառասխալների, հայկական ազգանվան վերջին ՚յանՙ-ը, հաճախ ՚իանՙ-ով, կամ ՚ուանՙ-ով գրելու մասին: Ալվինա Զաքարյանի պարզաբանումը այդ խնդիրների շուրջ, մեղմ ասած, հետաքրքիր է: Նա ասում է, որ անձնագիր տպող օպերատորը պարտադիր չէ, որ անգլերենի մասնագետ լինի, իսկ եթե փորձում են մասնագետի հրավիրել, ապա նրանք էլ չեն համաձայնվում առավոտից երեկո անձնագիր տպել 20 հազար դրամ աշխատավարձով: Այնպես որ խնդիրը լուծելու տարբերակներ առայժմ չկան: Բնակչության ռեգիստրը 15 օր է, ինչ գործում է: Սակայն դեռեւս ոչ ամբողջ հզորությամբ: Նորաստեղծ գերատեսչության գործառույթներից է ընտրացուցակների կազմումը: Նրանց խնդրանքով կառավարությունը արդեն հասցեավորել է գյուղական բնակավայրերը: Ըստ Ալվինա Զաքարյանի, դա կնպաստի ընտրախախտումները ամենանվազագույնին հասցնելուն: Փաստորեն, գնդապետի խոսքերով, գյուղի մեկ ընտրատեղամասից մյուս ընտրատեղամաս նույն անձնագրով այլեւս հնարավոր չի լինի գնալ, որովհետեւ գյուղի անվանումից բացի անձնագրում նշված կլինի հստակ հասցե: Ի դեպ, վարչության պետը նկատեց, որ ՚այլ առումներով եթե դժգոհություններ լինենՙ, ապա ընտրացուցակների առումով դժգոհություններ հաստատ չեն լինիՙ: ՚ՎԻՎԱՍԵԼԸՙ ԳՈՀ Է [16:48] 17 Նոյեմբերի, 2006 Բջջային կապի երկրորդ օպերատոր ՚Վիվասելՙ ընկերությունը ողջունում է ռուսական ՚Վիմպելկոմՙընկերության մուտքը Հայաստանի շուկա: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՚Վիվասելՙ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա խոսքով, հայկական շուկա ռուսաստանյան կապի օպերատորի մուտքը կհանգեցնի 2007 թ-ին մրցակցության ակտիվացմանը: Ռալֆ Յիրիկյանը հույս է հայտնել նաեւ, թե ՚Վիմպելկոմՙ-ը կպահի խոստումը եւ կհրաժարվի մենաշնորհներից, ինչը ՚Վիվասելինՙ թույլ կտա ինքնուրույն իրագործել միջազգային կապի ելքն ու մուտքը: Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ ընկերությունը գոհ է Հայաստանի բջջային կապի շուկայում աշխատանքից եւ ներկայումս ընկերության բաժանորդների թիվն արդեն հասնում է ավելի քան 700 հազարի: Նա հուսով է, որ բաժանորդային ցանցը հաջորդ տարի կընդլայնվի: ՚ԵՍ ՓՈՂ ՉՈՒՆԵՄ, ԲԱՅՑ ՉԵՄ ԷԼ ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄՙ [17:28] 17 Նոյեմբերի, 2006 Սկսվում է ՚Քաղաքացիական անհնազանդուցությանՙ մի նոր շարժում, որն այս անգամ ղեկավարելու են Արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ու ՚Ազատամարտիկների եղբայրությունՙ խորհրդի անդամ Արկադի Կարապետյանը: Շուրջ մեկ ամիս առաջ նրանք այս մասին ստորագրել են մի հայտարարություն, որին միացել են նաեւ մի շարք կազմակերպություններ ու կուսակցություններ: Թե շարժումն ինչպես է դրսեւորվելու, ինչ քայլերի են դիմելու, այս մասին Ալեքսանդր Արզումանյանը դեռ ոչինչ չասաց, այլ խորհուրդ տվեց սպասել եւս մի քանի օր: Նույնը վերաբերում է նաեւ շարժման ֆինանսավորմանը, որի վերաբերյալ Ալեքսանդր Արզումանյանը խուսափողական պատասխաններ էր տալիս: ՚Ի՞նչ ֆինանսավորման մասին է խոսքը, ինչի՞ համար է պետք ֆինանսավորումը: Հիմա, օրինակ, ես փող չունեմ, բայց չեմ հնազանդվում, Գագիկ Ծառուկյանն էլ փող ունի՝ հանզանդվում էՙ,- ավելացրեց Ալեքսանդր Արզումանյանը: Անհնազանդության շարժումն ուղղված է լինելու ՚հանցագործ այս իշխանություններիՙ դեմ, որոնք ամբողջովին թաղված են ՚կրիմինալի մեջՙ եւ պետք է անհապաղ հեռանան իշխանական լծակներից ու ճանապարհ տան ՚օրինավոր, լեգիտիմ ընտրված իշխանություններինՙ: ՚Մենք պայքարում ենք այն ամենաթողության դեմ, որ գոյություն ունի այսօր ՀՀ տարածքում: Ամբողջ մամուլն ու հեռուստատեսությունը մի խմբի ձեռքում են ու զբաղվում են իշխանության վերարտադրությամբ:Մենք կոչ ենք արել բոլոր անհատներին, կազմակերպություններին, պատգամավորներին միանալ այս շարժմանը՝ ի պաշտպանություն մեր պետականության եւ մեր երեխաների ապագայի, որը վտանգված էՙ,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը: Ալեքսանդր Արզումանյանի պայքարելու է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլ ամբողջ ռեժիմի դեմ: ՚Այս իշխանությունները պետք է գնան, իսկ թե ուր, դա արդեն այլ հարց է: Այս համակարգը պետք է փշրել: Գործող ընդդիմության ընտրած ուղիները, փաստորեն, չգործեցին, դրա համար հիմա այլ ձեւեր են հարկավոր: Երկրում պետք է կարգ ու կանոն ստեղծելՙ,- կոչ է անում Ալեքսանդր Արզումանյանը: Այնուհետեւ, նա ավելացնում է, որ պետք է ՚լայն ճակատով պահանջել ՀՀ նախագահի հրաժարականըՙ: Առաջիկա ընտրություններին Ալեքսանդր Արզումանյանը դեռ չի պատրաստվում մասնակցել, քանի որ դրանք, ըստ նրա, ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններ են: ՚Ես չեմ ուզում մասնակցել իշխանությունների սցենարով պատրաստած հերթական ֆարսին: Վերջին տարիների ընթացքում մեր ընտրությունները գնալով վատթարանում են: Ինչպես որ ընդդիմությունը հանրաքվեն բոյկոտեց, նույն կերպ էլ ես կմասնակցեմ այն ժամանակ, երբ թեկուզ կազմակերպվեն այլընտրանքային ընտրություններՙ,- ասում է նա: ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ԱԶԳՈՎԻ Նոյեմբերի 28-ին կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամանակ, ըստ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի, քննարկվելու են մեզ համար ոչ այնքան բարենպաստ առաջարկներ, այդ թվում՝ յոթը տարածքներից հայկական ուժերի ետ քաշում, ինչպես նաեւ Լաչինի ՚փոքրիկ, բարալիկ միջանցքիՙ հանձնում: Ըստ նրա` նման առաջարկների քննարկումը պետք է լինի բանակցությունների տրամաբանության մեջ: Տարածքների վերադարձման հարցում ՀՀ իշխանությունները, նրա կարծիքով, պետք է քաղաքական որոշում կայացնեն, իսկ պաշտպանության նախարարն էլ պետք է ենթարկվի դրան: Իսկ ընդհանրապես, ըստ Ալեքսանդր Արզումանյանի, ՀՀ իշխանություններն այնքան լեգիտիմություն չունեն, որպեսզի բանակցեն Ղարաբաղյան հարցի շուրջ: ՚Եթե այս իշխանությունները տարածքները հանձնելու լոզունգով են եկել իշխանության գլուխ, ապա թող հեռանան ու թույլ տան այլ իշխանությունների գալ: Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ քննարկումներին հասարակությունը եւս պետք է իր լայն մասնակցություն ունենա, ինչպես 1988թ., երբ բոլոր հարցերը որոշվում էին ազգովիՙ,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը: ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԱԺ-Ն ՉԻ ՀԱՍՏԱՏԻ [17:59] 17 Նոյեմբերի, 2006 Նոյեմբերի 27-ին ազգային անվտանգության հայեցակարգը կներկայացվի խորհրդարանի դատին, բայց այն ոչ թե օրինագծի տեսքով կքննարկվի եւ քվեարկությամբ կընդունվի, այլ ուղղակի խորհրդարանը կծանոթանա փաստաթղթին: Ապա այն կներկայացվի Ռոբերտ Քոչարյանին, ում հավանությանն արժանանալուց հետո կառավարությունը կհաստատի Ազգային Անվտանգության հայեցակարգը: Ի դեպ, կառավարության այն նիստը, որում պետք է հաստատվի հայեցակարգը, վարելու է Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին այսօր Ազգային ակադեմիայում ակադեմիկոսների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց պաշտպանության նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը: Իսկ օրինագծի տեսքով չի ներկայացրել հայեցակարգը, քանի որ պարոն Սարգսյանի կարծիքով այս փաստաթուղթը իշխանության համար է, իշխանության ծրագիրն է, որպեսզի վերջինս քաղաքականությունը վարելիս առաջնորդվի փաստաթղթում ամրագրված մոտեցումներով: Մեր հարցին, թե եթե իշխանության ծրագիրն է, նշանակո՞ւմ է, որ իշխանության փոփոխության դեպքում նույն ծավալուն աշխատանքը նորից պետք է կատարվի, պարոն Սարգսյանը պատասխանեց. ՚Անշուշտ որեւէ փաստաթուղթ չի կարող դոգմա լինել, որեւէ փաստաթուղթ քարացված չի: Հաջորդ իշխանություն ասելով` ես չգիտեմ, թե դուք ինչ նկատի ունեք. հաջորդ իշխանությունը լինի այս իշխանության շարունակողը, թե ոչ, անպայման իր շտկումները պիտի մտցնի, այստեղ ի՞նչ կա զարմանալու՚: Իսկ այդ դեպքում երեւի ավելի նպատակահարմար կլիներ փաստաթուղթն ընդունել ընտրություններից հետո` լրագրողներից մեկի դիտարկմանը` Սերժ Սարգսյանը պատասխանեց. ՚Մենք հո չե՞նք ապրում ընտրությունից ընտրություն, մեր ամբողջ նպատակը հո ընտրությունները չե՞ն, այդպես որ լինի, մենք մեր բոլոր գործողությունները պիտի կապենք ընտրությունների հետ, կանգնենք, առաջ չգնանք, կարծում ենք՝ այդպես բոլորի վիճակը վատ կլինիՙ: ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ԲԱՆ Է, ՀԱՍՆԵԼԸ` ՄԻ ԱՅԼ ԲԱՆ Իսկ ակադեմիկոսներին Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել փաստաթղթի 7 քննարկում, որի ընթացքում մանրամասն ուսումնասիրվել եւ քննարկվել են հայեցակարգի բոլոր դրույթները,615 իմաստային, խմբագրային առաջարկություններ են արվել, որոնց զգալի մասը, ըստ պաշտպանության նախարարի, ընդունվել են: Գիտնականների մի մասը ուղղակի գովեստի խոսքեր շռայլեցին պաշտպանության նախարարի հասցեին, շեշտեցին, թե ինչ տիտանական աշխատանք է կատարվել այս փաստաթղթի վրա: Մյուս մասը որոշակի դիտողություններ ուներ, մասնավորապես, Գեւորգ Բրուտյանը ռուսական լեզվամտածողություն էր նկատել եւ Սարոյանի խոսքերով ասաց.՚Թարգմանությունը շուռ տված գորգից էլ վատ էՙ: Նիկոլայ Հովհաննիսյանին չէր բավարարել, որ չկա ազգային անվտանգության հստակ սահմանումը, պետք է սահմանագիծ անցկացնել՝ ինչ է անվտանգության ռազմավարությունը եւ որոնք են պետության խնդիրները: Նա նաեւ անվտանգության հայեցակարգի եւ Սահմանադրության միջեւ հակասություն նկատեց: Սահմանադրությամբ չի ամրագրած, որ տնտեսությունը պետք է միայն շուկայական ուղիով զարգանա, իսկ հայեցակարգում նշվում է շուկայական տնտեսության զարգացման անհրաժեշտությունը. ՚Չեմ կարծում, որ պետք է զորք հանեք, եթե տնտեսությունը շուկայական ուղով չզարգանաՙ,- ասաց Նիկոլայ Հովհաննիսյանը: Նրա մյուս դիտողությունը վերաբերում էր նրան, որ Իրանի հետ քաղաքական համագործակցության մասին բացարձակապես ոչ մի նախադասություն չկա, անտեսված է իսլամի դերը, իսկ մենք շրջապատված ենք հիմնականում իսլամական երկրներով: Նրան, սակայն, բավարարել էր ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ ոչ էմոցիոնալ մոտեցումը: Այստեղ, սակայն, եւս դիտողություն ուներ. ՚Պետք չէ ասել, որ մեր նպատակների մեջ չկա ՆԱՏՕ-ին անդամակցությունը, բայց եւ պետք չի ասել, որ մենք ձգտում ենք ՆԱՏՕՙ: Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն, օրինակ, առաջարկում էր ավելի մանրամասնել, թե ինչպես պետք է պայքարել անվտանգության սպառնալիք հանդիսացող կոռուպցիայի դեմ, իսկ Ազատ Եղիազարյանը նկատեց, որ թեեւ սոցիալական արդարության գաղափարը դրված է հայեցակարգի հիմքում, բայց դրան հասնելու մեխանիզմներն ու մեթոդները չկան: Նա նաեւ ավելացրեց, որ անկեղծորեն գրված է, որ հասարակությունը չի վստահում իշխանությանը, բայց չի գրված, թե ինչ միջոցներով պետք է վերականգնել հավատը: Ակադեմիկոս Ալեքսանդր Մանասյանն էլ հայտարարեց, որ Հայաստանին պետք է պարենային, էներգետիկ, մշակութային եւ տեղեկատվական անվտանգության հայեցակարգեր: Ի դեպ, հանդիպման վերջում պարզաբանումներ տալով` Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու է Ռազմավարությունը սկսվում Վրաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ մոտեցումներով: ՚Եթե որեւէ մեկին հարցնենք, ասենք մեր հարեւանների մեջ ումից պետք է սկսենք, որեւէ մեկի մտքով կանցնի՞ ասել` Իրանից պետք է սկսենք, կամ Ադրբեջանից պետք է սկսենք: Իհարկե Վրաստանից, բա մեր անմիջական հարեւաններն են եւ մենք մեր անմիջական հարեւաններից պետք է սկսենք եւ մեր վերաբերմունքը հայտնենքՙ: Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը անվտանգության առումով հիմնականը եւ առաջնայինը համարում է մեր փոքր բնակչության ֆիզիկական անվտանգությունը, իսկ ֆիզիկական անվտանգության սպառնալիք համարում է արտաքին վտանգը: ՕԴԱՆԱՎԵՐԸ ՈՒՇԱՑՈՒՄՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ԶՎԱՐԹՆՈՑԻՑ [19:49] 17 Նոյեմբերի, 2006 ՚Զվարթնոցՙ օդանավակայանից նախատեսված չվերթներն իրականացվում են ուշացումներով, ինչը բացատրվում է վառելիքային ճգնաժամով: Օդանավերը լիցքավորվում են սահմանափակ քանակի վառելիքով, քանի որ ներկրված վառելիքը չի բավարարում լիարժեք լիցքավորման համար, եւ ստիպված են վերալիցքավորվել այլ օդակայաններում, ինչը պատճառ է դառնում չվերթների ձգձգումների: ՚Միկա Լիմիտեդՙ ընկերության ղեկավար Միքայել Բաղդասարովն, որն էլ ՚Զվարթնոցինՙ ավիավառելիք մատակարարողն է, նախօրեին լրագրողներին տեղեկացրել էր, որ ընկերությունը ՚Զվարթնոցինՙ բերել է 2,5 հազար տոննա վառելիք: Օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը, մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ նոյեմբերի 2-ին իսկապես ՚Միկա Լիմիտեդըՙ ներկրել է 2,5 հազար տոննա, բայց պայմանագրով պետք է ներկրվեր 3 հազար տոննա: Եվ դա պետք է իրականացվեր մինչեւ նոյեմբերի 15-ը: Իսկ չվերթների ուշացումով իրականացման համար ոչ թե օդանավակայանը, այլ ավիաընկերություններն են պատասխանատու, եւ այս թեմայով Գեւորգ Աբրահամյանը որեւէ մեկնաբանություն չտվեց: Չեչեն ապստամբների ընտանիքների նկատմամբ հետանդումները շարունակվում են [19:05] 19 Նոյեմբերի, 2006 Չեչնիայի անվտանգության ծառայությունները մեղադրվում են զինյալների ընտանիքների անդամներին տանջանքների ենթարկելու եւ ահաբեկելու մեջ Խորդուբորդ ու անսարք ճանապարհով հասանելի զորանոցատիպ տների երկար շարանը կառուցվել է մեկ դար առաջ` անգլիացի նավթարդյունաբերողների համար: Հիմա այդ տներում տասնյակ ընտանիքներ են ապրում: Երեք դեռահաս երիտասարդ լքել էին իրենց ընտանիքները, որպեսզի գնան լեռներ` միանալու չեչեն ապստամբ զինյալներին: Այդ օրվանից ի վեր նրանցից մեկի ընտանքի համար կյանքը դժոխքի է վերածվել: Մասուդ Ալխազուրովը (անունը փոխված է) 10-ից 19 տարեկան յոթ զավակի հայր է: Նրա երկրորդ որդին` 18-ամյա Ռուսլանը մեկն է այն երեք երիտասարդներից, ով մեկնեց պայքարելու ռուսաստանյան բանակի դեմ: Տարիքից շուտ սպիտակած մազերով, Մասուդը նյարդայնորեն ծխում է, երբ պատմում է IWPR-ին, թե ինչ ճակատագիր ունեցավ իր ընտանիքը` որդու անհետացումից հետո: ՚Ուշ գիշերով, մեկ շաբաթ առաջ, անվտանգության ծառայության զինվորները շրջապատեցին այն տնակը, որում մենք ենք ապրում: Նրանք ժամանեցին 10 մոդելի Ժիգուլիով (կամ Լադայով), որով սովորաբար երթեւեկում են կադիրովցիները (այսպես են լայնորեն կոչվում վարչապետ Ռամզան Կադիրովին լոյալ անվտանգության ծառայության ուժերը): Առանց ներկայանալու կամ որեւէ բան բացատրելու նրանք միայն հայհոյում էին եւ անըդնդմեջ հարցնում ինձ` որդուս գտնվեու վայրըՙ, -ասում է նա: ՚Երբ ասացի, որ չգիտեմ, ինձ փողոց հանեցին, հրելով գցեցին մեքենան ու գնացին: Որդիներս, կինս, հարեւանններս փորձում էին կագնեցնել նրանց, բայց նրանք չէին լսում: Օդ էին կրակում, սպառնալով սպանել յուրաքանչյուրին, ով կհամարձակվի մոտենալ եւ ոչ ոքի թույլ չէին տալիս ինձ մոտ գալՙ: Մասուդին քաղաքից մի քանի կիլոմետր հեռու են տանում, դաժանորեն ծեծի ենթարկում, իրեն ու իր ընտանիքը մեղադրում կրոնական ծայարահեղականության մեջ եւ պահանջում հայտնել որդու գնտվելու վայրը: ՚Բացատրելու իմ փորձերը, որ ես տեղյակ չեմ նրա գնտվելու վայրի մասին, ապարդյուն էին: Նրանք կարծես զոմբի լինեին` միայն հարվածներ էին ինձ հասցնում իրենց հրացանակոթերով, քացի տալիս եւ անընդմեջ գոչում, պահանջելով, որ ես իմ որդուն տուն բերեմՙ, -ասում է նա: Հոր խոսքերով նա արդեն ամբողջությամբ արյունով էր պատվել, երբ առեւանգողներից մեկը որոշեց, որ նա իսկապես տեղյակ չէ որդու գտնվելու վայրի մասին եւ համոզեց մնացածներին այլեւս չծեծել նրան ու տարավ նրան տուն: ՚Ազատ արձակելով, այդ մարդն ասաց, որ ինձ հանգիստ չեն թողնելու եւ խորհուրդ տվեց գտնել որդուս, եթե չեմ ուզում կորցնել մյուսներինՙ, -պատմում է Մասուդը: ՚Հիմա ես օր ու գիշեր ահով սպասում եմ, թե ինչ է լինելու իմ ընտանիքի հետ: Ես էլ իմ ավագ որդիների նման գիշերը հագուստս չեմ հանում, քանի որ այս մարդիկ գիշերով կարող են ներս պրծնել ցանկացած պահի եւ տանել մեզնից յուրաքանչյուրինՙ: Ավելի վաղ, սեպտեմբերին, Մասուդի ավագ որդուն` 19-ամյա Ռասուլին առեւանգել էին պաշտպանական հագուստով զինված մարդիկ եւ մի քանի օր պահել Չեչնիայի հարավ-արեւելյան Շալիի շրջանում գտնվող մի հենակետում, որ ակնհայտորեն պատկանում է կադիրովցիներին: Նրան ծեծի են ենթարկել, էլեկտրական շոկով տանջել, եւ սպառնացել են սպանել, պահանջելով, որ նա հայտնի թե որտեղ է թաքնվում իր կրտսեր եղբայրը, պատմում է Մասուդը: Ի վերջո, առեւանգիչները նրան թողել են րոզնիի ծայրամասերից մեկում: ՚Նա ինձ պատմեց, թե ինչպես էին իրեն տանջումՙ,-ասում է հայրը,-՚Նրա ձեռքերի եւ ոտքերի մատների վրա փշալարեր էին կապել եւ միացրել էլէկտրական հոսանքին այնքան ժամանակ մինչեւ եղունգների տակից արյուն էր ցայտել: Նրանք իրեն ռետինե մահակներով եւ հրացանակոթերով են ծեծել: Նա երկու շաբաթ ուժասպառ մահճակալին գամված անց կացրեց ու մինչեւ հիմա էլ դժվարությամբ է քայլումՙ: ՚Անիծյալներն իր երիկամներն են վնասել ծեծելով: Ռասուլն ինձ ասում է, այլեւս այս գազանների ճիրաններն ընկնել չի ուզում եւ կնախընտրի մահն այդ դժոխքը եւս մեկ անագամ անցնելունՙ: Մինչ Մոսկվան եւ Չեչնիայի իշխանամետ կառավարությունը հայտարարում են իսլամիստների եւ անկախության կողմնակիցների դեմ երկարատեւ հակամարտությունում իրենց տարած հաղթանակի մասին, Մասուդի ընտանիքի պամությունը մինչեւ հիմա կիրառվող կոպիտ մարտավարության պատկերն է ներակայացնում: Պաշտոնական անձինք չեն մեկնաբանում իրենց հասցեին հնչող կտտանքների կիրառման մեղադրանքները: Միայն նշում են, որ երեք ամիս առաջ` հուլիսին անցկացված համաներումը, որ հետեւեց ռազմադաշտային առաջնորդ Շամիլ Բասաեւի մահվանը, մեծ հաջողություն էր: ՚Երեք ամսա ընթացքում ապօրինի զինված կազմակերպումների 260 մասնակցի հանձնվելը նշանակալի ցուցանիշ էՙ, -ասում է չեչեն ոստիկան Լոմ-Ալի Թախաեւը IWPR-ին: ՚Եթե նրանք զենքով մնային լեռներում, նրանք լուրջ ուժ ու սպառնալիք կլինեին: Եթե հաշվի առնենք, որ նրանցից յուրաքանչյուրը մի զինվորական կամ մի ոստիկան կարող էր սպանել, կարելի է ասել, որ 260 կյանք է փրկվել, գումարած հենց այդ մարդկանց կյանքըՙ: Անցած երկու տարիների ընթացքում իշխանությունները պայքար են սկսել թիրախ դարձնելով ապստամբ զինյալների հարազատներին: 2004-ին նրանք ձերբակալել էին անկախության ջատագով նախագահ Ասլան Մասխադովի մի քանի ազգականների: Նրանց ազատ էին արձակել Մասխադովի մահից մի քանի ամիս անց միայն: Իսկ վերջերս առեւանգել էին ապստամբների ներկա առաջնորդ Դոկու Ումարովի կնոջը, մանկահասակ որդուն եւ հորը: Կինը եւ որդին ազատ էին արձակվել, բայց Ումարովի հոր ճակատագիրը մինչեւ հիմա անհայտ է: Եվ չնայած անվտանգության ծառայությունների կողմից կիրառվող մեթոդներին, ապստամբների շարժումը շարունակում է գոյություն ունենալ լեռներում: Նոյեմբերի 3-ին Չեչնիայում ռուսաստանյան զինված ուժերի գլխավոր հրամանատար Եվգենի Բարյաեւը շատերի համար անակնկալ մատուցեց, րոզնիում լրագրողներին հայտնելով թե չեչենական լեռներում դեռ մոտ 700 զինյալներ կան: Գեներալի խոսքերով որոշակի թվով երիտասարդներ վերջերս միացել են ապստամբներին եւ զգալի գումարներ են ստացել: ՚Միայն ռազմական միջոցները բավարար չեն հաղթելու համար զինյալ միավորումներինՙ,-ասել է նա: Այս տեսակետը հակասում է Կադիրովի հայտնած տվյալներին, ով դեռ օգոստոսին ասել էր, թե Չեչնիայում գործող ոչ ավելի քան 50-60 զինյալներներ եւ 150-200 վարձկաններ են մնացել: Չեչեն քաղաքական մեկնաբանի խոսքերով երիտասարդները դեռ շարունակում են լեռներ գնալ, որպեսզի խուսափեն կադիրովցիների ուշադրության կենտրոնում հայտնվելուց: ՚Ուղղակի ուրիշ ընտրություն չունենՙ,-ասում է նա: ՚Նրանք պատերազմից բացի ուրիշ ոչինչ չեն տեսել: Ամեն օր վկա են դառնում զինվորականների եւ անվտանգության կառույցների կողմից իրականացվող անօրինություններին: Կադիրովցիների եւ դաշնային ուժերի կողմից իրականացվող չարիքի դեմ պայքարելու ցանկությունն ավելի ուժեղ է դառնում ապրելու ցանկությունից: Այլապես, նրանցից ոչ ոք լեռներ չէր գնա ինքն իրեն փաստորեն դատապարտելով մահվանՙ: Մասուդը համաձայնում է. ՚Իմ որդին երբեք կռվելու չէր գնա, եթե իրավիճակը, որի մեջ մեզ գցել է Կրեմլը, այսքան անհույս չլիներՙ, -ասում է նա: ՚Ինչու՞ են նրանք պատանդ վերցնում իրենց դեմ պայքարողների հարազատներին: Նրանք պետք է գնան եւ կռվեն համապատասխան մարդկանց հետ, այլ ոչ թե նրանց, ովքեր տանն են գտնվում եւ պարզապես ուզում են հանգիստ ապրելՙ: Նրա խոսքերով հիմա նրան մտահոգում է իր ավագ որդու ապագան, բայց ասում է, որ ի վիճակի չի լինի հետ պահել նրան լեռներ մեկնելուց: ՚Արյունոտ այս երկու պատերազմները շատ բան են փոխել մեր կյանքումՙ: Ումալտ Դուդաեւ Գրոզնի Ումալտ Դուդաեւը IWPR-ի չեչեն լրագրողի կեղծանունն է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատուից: Անկախ մամուլը սպառնալիքների ներքո նախընտրում է լռել [19:15] 19 Նոյեմբերի, 2006 Հոկտեմբերին բոլորից հաճախ Ռուսաստանի Հյուսիսային Կովկասում մարդու իրավունքների խախտումներին առնչվող թեմաներ լուսաբանող լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությունից հետո, այս տարածաշրջանում լրագրողներն իրենց մեկուսացված ու վտանգված սկսեցին զգալ: Վերջերս Պոլիտկովսկայան առավել հաճախ էր անդրադառնում Հյուսիսային Կովկասի արեւմուտքում գտնվող Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության խնդիրներին: Պոլիտկովսկայայի մահվանից մեկ շաբաթ անց տեղի լրագրողներից մեկին անվտանգության ծառայությունները նախազգուշացրել էին. ՚Եթե մենք հրաման ստանանք վերացնել լրագրողներին, դու կլինես առաջիններից մեկըՙ: Մեկ այլ լրագրողի ոստիկանության սպա ասել էր. ՚Կան մարդիկ, ովքեր լրագրողներին բոլորովին չեն սիրում: Եվ կան նույնիսկ այնպիսիներն, ովքեր ուզում են քեզ սպանելՙ: Հանրապետական մի թերթի խմբագրի էլ հեռախոսով զանգահարել էր քրեական գործերի մի քննիչ եւ հարցրել էր Պոլիտկովսկայայի հետ կապերի եւ հանրապետություն նրա կատարած այցերի առնչությամբ: Խմբագրին հայտնել էին, որ դա պաշտոնապես տարվող հետաքննություն չէ, այլ ընդամենը` ՚տեղեկությունների հավաքումՙ: Նման սպառնալիքների ներքո տարածաշրջանում գործող լրագրողների վախը եւ ինքնագրաքննությունը զարմանալի չէ: Հարեւան Կարաչաեւո-Չերկեսիայի Հանրապետության մայրաքաղաքում լույս տեսնող թերթի մի խմբագիր, ով ժամանակին հայտնի է եղել տեղի իշխանությունների գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների համարասում է. ՚Ես երեխաներ ունեմ, իսկ այս մարդկանց համար մարդ սպանելը նույնքան հեշտ է, որքան նախաճաշելը: Ես ոչինչ չեմ կարող փոխել անգամ եթե կյանքս տամ դրան: Դրա համար էլ ես կլռեմ ու կանեմ այն, ինչ ասում ենՙ: Խոսքի ազատության հետ կապված իրավիճակը հատկապես վատ է Կարաչաեւո-Չերկեսիայում: Վերջին տարիների ընթացքում լրագրողներ Վլադիմիր Պանովը եւ Յան Սվիդերը դաժան ծեծի էին ենթարկվել: Նույն ճակատագրին էր արժանացել նաեւ տեղի անկախ հեռուստաընկերություններից մեկի օպերատորը: Իսկ ընդդիմադիր խմբագիր Կերամ Սեմյոնովը սպանվել էր: Հարձակումից հետո լրագրող Մուրատ ուխեմուխովի հայրը, իր վրա հարձակումից հետո, զրկվել էր աչքաչքից: Հարձակումից մեկ օր առաջ նրան հեռախոսով նախազգուշացրել էին, որ որդու հոդվածների համար ՚կպաժվիՙ: Իշխանությունների կողմից լրատվամիջոցների հանդեպ վերահսկողությունն այնքան խիստ է, որ ժամանակ առ ժամանակ կոմիկական իրավիճակների է հանգեցնում: Նոյեմբերի սկզբին հանրապետության Խաբեզ քաղաքում զբոսայգի բացվեց: Զբոսայգու կառուցման վրա բավական մեծ գումարներ էին ծախսվել: Նման այգի չկա Հյուսիսային Կովկասում: Այս իրադարձությունը լուսաբանվեց տարածշրջանի բոլոր լրատվամիջոցներով, նույնիսկ Չեչնիայի լրագրողներն անդրադարձան դրան: Այնուամենայնիվ, այդ մասին ոչ մի խոսք չասվեց Կարաչաեւո-Չերկեսիայի պետական հեռուստաընկերությամբ: Մասնավոր զրույցներում լրագրողներն ասում են, որ տեղի քաղաքական շրջաններում հակասությունների պատճառով նրանց արգելվել էր լուսաբանել իրադարձությունը: Կաբարդինո-Բալկարիայում լրագրողները պայքարում են տեղի բյուրոկրատիայի հետ: Ռադիոլրագրող Մուրտազ Պաչեւը պետական հեռարձակող ընկերության կողմից իր ծրագիրը արգելելուց հետո հայց ներկայացրեց իր իսկ ղեկավարության դեմ: Խնդիրը նրանում էր, որ Պաչեւը եթերից հնչեցրել էր հանրապետության նախագահ Արսեն Կանոկովի մասին շրջանառվող անեկդոտները: Կատակներն ընդամենը երկու հարց ու պատասխանից էին կազմված. ՚Ինչու՞ է Կաբարդինո-Բալկարիայում կառավարություն ձեւավորելու գործընթացն այսքան երկար ընթանում: Որովհետեւ Կանոկովի ընտանիքը շատ փոքր է, իսկ պաշտոնները կառավարությունում` շատՙ: Եվ հաջորդը` ՚Ինչպե՞ս եք գնահատում հանրապետությունում կոռուպցիայի հետ կապված իրավիճակըՙ հարցին հետեւում է պատասխանը. ՚Կոռուպցիան բացառված է, քանի որ բոլոր պաշտոնյաները բարեկամներ են: Բարեկամից կաշառք ո՞վ կվերցնիՙ: Անեկդոտները եթեր հեռարձակելուց մեկ օր անց հեռարձակման ղեկավար Ռուսլան Ժանիմովը փակեց Պաչեւի ծրագիրը եւ հեռացրեն նրան աշխատանքից: Ժանիմովի խոսքերով նա մտավախություններ ուներ, որ վիրավորված պաշտոնյաները դատարան կդիմեին իր ռադիոկայանի դեմ: Ժանիմովը, ով նախկին ռեժիմի դեմ պայքարի վետերան է, չհասկացավ, որ իր գործողություններով վարկաբեկեց Կանոկովին, ով ձգտում է բարեփոխիչ եւ դեմոկրատ ներկայանալ: Այդ միջադեպը լայնորեն քննարկվեց եւ լուսաբանվեց թերթերում: Նալչիկում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կենտրոնի ղեկավար Վալերի Խատաժուկովը մամլո հատուկ ասուլիս է կազմակերպել պաշտպանելու ծրագիրն ու հեղինակին: Խատաժուկովն ինքն էլ որպես լրագրող եւ հասարակական գործիչ հետապնդումների է ենթարկվել նախկին նախագահ Վալերի Կոկովի իշխանավարման տարիներին: ՚Պաչեւի ծրագիրը տեղեկատվության այն աղբյուրներից էր, որ լիովին համապատասխանում էր նախագահի ազատության, թափանցիկության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորմանն ուղղված քաղաքականությանըՙ, -ասում է նա: ՚Ես համոզված եմ նախագահական վարչակազմը այս ապօրինի գործողությունների հետ ոչ մի կապ չունի: Մենք դիմեցինք նախագահին այս հարցով եւ պարզվեց, որ Կանոկովը անգամ չգիտեր ծրագրի եւ դրա փակման մասինՙ: ՚Նախին ռեժիմից ժառանգություն հասած ամենասարսափելի բանն այն չէր, որ մենք ունեցանք փակված գործարաններ կամ անգործացած կոլտնտեսություններ, այլ մարդկանց սրտերում բուն դրած վախըՙ, -IWPR-ին ասում է Պաչեւը: ՚Մինչեւ այդ վախը չհաղթահարենք, ոչ մի բարեփոխումներ չեն գործիՙ: Աշխատանքային հարաբերությունների տեսչությունը, որին դիմել էր Պաչեւը, ընդունել էր իր բողոքը եւ հեռարձակող ընկերությանը պատվիրել չեղյալ ճանաչել լրագրողին աշատանքից հեռացնելու որոշումը: Սակայն ծրագրի հեռարձակումը դեռ չի վերականգվել: Պաչեւի աշխատանքային կարգավիճակն էլ դեռ անհայտ է: Դանա Ցեյ Չերկեսկ, Նալչիկ Դանա Ցեյը Հյուսիսային Կովկասում աշխատող լրագրողի կեղծանունն է: Հոդվածը արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատուից: ՎԱՖԱ ԳՈՒԼՈՒԶԱԴԵ. ՚ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐՙ [12:41] 20 Նոյեմբերի, 2006 Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս գործընթացից Ադրբեջանում ոչինչ չեն սպասում: Այնտեղ համոզված են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցը, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումն անարդյունավետ են լինելու: Ադրբեջանցիները` խնդրի կարգավորման գործում հույսները դնում են ՆԱՏՕ-ի վրա, ինչպես նաեւ այն հանգամանքի, որ մի քանի տարի անց Ռուսաստանը դառնալու է մուսուլմանական երկիր: Համենայնդեպս այսպիսի կանխատեսումներ է արել Ադրբեջանի արտաքին քաղաքականության հարցերով նախկին պետխորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: ՚Ես կարծում եմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄն-ն ներկայացնող համանախագահները որեւէ կապ չունեն նշված երկրների ղեկավարության հետ: Նրանք զբաղվում են ինքնագործունեությամբ: Նրանք գերազանց հասկանում են այսօրվա առաջարկների անարդյունավետությունը եւ դա անում են այն նպատակով, որ խնդրով հետագայում զբաղվեն այդ երկրների ղեկավարները: Համանախագահների գործունեությունն ընդամենը ցուցադրական շոու էՙ,- Day.az-ին տված հարցազրույցում ասել է Վաֆա Գուլուզադեն: Քաղաքագետը կանխատեսում է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ Մինսկում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն, ինչպես միշտ, կհանդիպեն, կըմպեն մեկ գավաթ թեյ եւ այդպիսով կբաժանվեն: Ըստ Վաֆա Գուլուզադեի, այդպես կլինի, քանի որ որեւէ այլ կերպ հնարավոր չէ` ներկայացվող պահանջներում անհամատեղելի հակասությունների պատճառով: Վաֆա Գուլուզադեն ունի իր պատկերացումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Դրա համաձայն Ադրբեջանը հույսեր պետք է կապի ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասում ընդլայնման եւ ՚Ռուսական կայսրությանՙ փլուզման հետ: ՚Իսկ այդ օրերը հեռու չենՙ,- ասում է Վաֆա Գուլուզադեն. ՚Նավթի գների բարձրացումը, ինչով պայմանավորված է այդ կայսրության գոյությունը, մշտական չէ: Իսկ ամերիկացիները իրաքյան կրիզիսից շուտափույթ դուրս գալուց հետո անմիջականորեն կզբաղվեն Ռուսաստանովՙ: Սակայն ադրբեջանցի քաղաքագետի անակնկալ հայտարարությունները վերաբերվում են Ռուսաստանի հետագա ճակատագրին. ՚Կանխատեսումների համաձայն առաջիկա 20 տարիների ընթացքում Ռուսաստանի սլավոնական բնակչությունը կպակասի 50 միլիոնով: Իսկ հիմա արդեն Ռուսաստանի մուսուլմանական բնակչության թիվը կազմում է շուրջ 40 միլիոն: Այնպես որ ժամանակի ընթացքում Ռուսաստանն էլ կդառնա մուսուլմանական երկիրՙ: ՍԻԳՆ ԱՅԼԵՎՍ ԵԿԱՄՈՒՏ ՉԻ ԲԵՐՈՒՄ [12:57] 20 Նոյեմբերի, 2006 Բնապահպանության նախարարությունը հերթական անգամ արգելել է Սեւանա լճում սիգի որսը: Արգելքն ուժի մեջ է լինելու այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 25-ը: Նմանատիպ միջոցառումները ձեռնարկվում են այն պատճառով, որ լճում սիգի պաշարներն արդեն սպառվում են: Արգելքի հրամանը լիովին ապահովելու նպատակով մշակվում են վերահսկողական միջոցառումներ, որոնք պետք է իրագործվեն Բնապահպանության նախարարության, Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի փոխհամագործակցությամբ: ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ [13:35] 20 Նոյեմբերի, 2006 Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականն իր պատմության ընթացքում առաջին միավորն է վաստակել՝ հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտելով հանդիպումը Բոսնիայի հավաքականի հետ: Եվրոպայի առաջնության ընտրական Ա2 խմբում ընդգրկված Հայաստանի կանանց հավաքականը մինչ այս անցկացրած բոլոր հանդիպումներով պարտվել էր գերխոշոր հաշիվներով՝ չխփելով ոչ մի գնդակ: Սակայն ընթացիկ ընտրական փուլի անդրանիկ մրցավեճում հայ ֆուտբոլիստուհիները կարողացել են առաջին միավորը վաստակել եւ այժմ ընթանում են Ա2 խմբի 2-րդ հորիզոնականում: Խմբի մյուս մրցավեճում Իսրայելը 3:0 հաշվով հաղթել է Լատվիային եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: ՚ՈւԼԻՍԸՙ ՊԱՀՊԱՆԵՑ ՏԵՂԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ [13:34] 20 Նոյեմբերի, 2006 2006թ. ֆուտբոլի Հայաստանի առաջնության ետնապահ ՚Ուլիսըՙ կարողացավ իր տեղը պահպանել բարձրագույն խմբում, անցումնային խաղում 7:0 հաշվով հաղթելով Երեւանի ՚Դինամոյինՙ: Կանոնակարգի համաձայն առաջնության ետնապահը մրցում է առաջին խմբում 2-րդ տեղ գրաված թիմի հետ, որը այս անգամ ՚Դինամոնՙ էր: Վերջինս իր խաղամակարդակով զգալիորեն զիջում էր ՚Ուլիսինՙ եւ պատահական չէ, որ պարտվեց ոչ ֆուտբոլային հաշվով: ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ Է ՊԵՏՔ ԲՈԼՈՐԻՆ [14:52] 20 Նոյեմբերի, 2006 Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տագնապալի է ՚Ա1+ՙ կայքի անցկացրած հարցման արդյունքը: Տագնապալի է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համար, քանի որ հասարակությունն ամենաքիչն այդ ուժերին է ցանկանում տեսնել խորհրդարանում: ՚Ո՞ր ուժերը կուզենայիք մեծամասնություն կազմեին հաջորդ խորհրդարանումՙ հարցին պատասխանել է կայքի 315 ընթերցող: Նրանցից 29%-ը ցանկացել է, որպեսզի հաջորդ խորհրդարանում մեծամասնություն կազմի ընդդիմությունը: Հարցվածների 23%-ը գերադասում է, որպեսզի այդ մեծամասնությունը ներկայացված լինի իշխող կոալիցիայով: Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին խորհելու տեղիք է տալիս հարցվածների 47%-ի պատասխանը, համաձայն որի հարցվածների այդ խումբը ցանկանում է խորհրդարանում որպես մեծամասնություն տեսնել ՚այլ ուժերՙ-ի: ԹՈՒՐՔԻԱՆ ԽԻՍՏ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ [15:12] 20 Նոյեմբերի, 2006 Անկարայում կայանալիք 2007թ. Ռազմական արդյունաբերության 8-րդ միջազգային տոնավաճառին չի մասնակցելու Ֆրանսիան: Թուրքիայի կառավարությունը պարզապես չի հրավիրել այդ պետությանը միջազգային միջոցառմանը մասնակցելու համար: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գյունուլը հայտարարել է, որ բոլոր երկրներին արդեն ուղարկվում են հրավերներ, իսկ ինչ վերաբերում է ֆրանսիական ընկերություններին, ապա նրանց մասնակցությունն առանձին հարց է, որը տնօրինելու է տոնավաճառի ղեկավարությունը: Ի դեպ, այս ամենն ասվել է Վեջդի Գյունուլի ասուլիսի ժամանակ, որին ներկա էր նաեւ Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատան ռազմական կցորդը, որը նախարարի հայտարարությունից հետո հեռացել է միջոցառումից` հրաժարվելով մասնակցել ընդունելությանը: ՚ՀԱՅԵՐԻՆ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՆ ՍՊԱՆՈՒՄՙ [15:39] 20 Նոյեմբերի, 2006 ՚Ասենք հրաժարվեցինք Ռուսաստանից, մենք պետք է նայենք, թե... իսկ ո՞վ է հերթ կանգնածՙ,- նկատի ունենալով Հայաստանի հետ այլ երկրների համագործակցելը հռետորական հարց է տալիս Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա վստահ է, որ Ռուսաստանը Հայաստանի ՚ստրատեգիական պարտնյորն էՙ, եւ դա ինքը չպիտի ասի. ՚Փաստեր կանՙ: ՚Հայաստանը փոքր եւ անկախ պետություն է, պետք է ունենա ծրագիր, գաղափարախոսությունՙ,-ասում է Արա Աբրահամյանը՝ շարունակելով, որ այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները ի հաշիվ, ի վնաս Ռուսաստանի չպետք է զարգանան, այլ հակառակը: Ինչ վերաբերում է Ռուսաստանում հայերի սպանության փաստերին, ապա պարոն Աբրահամյանը պնդում է, որ դա հայերի դեմ չէ: Ըստ նրա, ադրբեջանցիներին, օրինակ՝ 25 անգամ ավելի են սպանում, պարզապես Ռուսաստանի Հայերի միությունը կազմակերպված կառույց է ու դրա համար հայերի սպանության փաստերի մասին ավելի շատ ենք իմանում: Ռուսաստանի հայերի միությունը ահազանգում է, դիմում է ՌԴ համապատասխան մարմիններին սպանությունները բացահայտելու համար, այլ բան, ըստ Աբրահամյանի, իրենք չեն կարող անել. ՚Հո՞ ցույց չենք անելու, միայն օրենքի սահմաններումՙ: Անցած շաբաթ Ռուսաստանի հայերի միության Մուրմանսկի մասնաճյուղի նախագահ Արթուր Հարությունյանի սպանությունը Արա Աբրահամյանի ուշադրության կենտրոնում է, բայց նա առայժմ վաղ է համարում կարծիք հայտնելը: Սակայն կարծում է, որ սպանությունը ազգային հողի վրա չէ, այլ բիզնես-շահերի բախման արդյունք: Արթուր Հարությունյանը զբաղվում էր բանկային, անշարժ գույքի եւ ժամանցային բիզնեսներով: Ընդհանրապես, Ռուսաստանի հայերի միությունը հիմա փորձում է Ռուսաստանում բացատրել՝ ովքեր են հայերը, երբ են եկել Ռուսաստան: Դրա համար դասախոսություններ են կազմակերպվում բուհերում: Արա Աբրահամյանը վստահեցնում է, որ ինքը դեռ չի կողմնորոշվել, թե Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում է պաշտպանելու: Հայաստանի հայերի միությունը դեռ ուսումնասիրում է եւ հարցի պատասխանը պարզ կդառնա 2007թ հունվարին: Արա Աբրահամյանն այսօր նկատեց, որ Հայաստանում ներկայումս ապագայի հանդեպ հավատ չկա, բարոյական նորմերն էլ փոխվել են, օրինակ՝ տարիներ առաջ, երբ ինքը դեռ տղա էր, թաղման դեպքում գյուղում երաժշտություն չէին միացնում, հարսանիքի դեպքում էլ հաց էին տալիս, անկախ նրանից՝ հրավիրված ես, թե ոչ: Ռուսաստանի հայերի միության նախագահը ասում է, որ Հայաստանի իշխանությունները միշտ պիտի ապագան տեսնեն, ոչ թե քննեն անցյալի եւ ներկայի սխալները: Օրինակ՝ պիտի հասկանային, որ Վերին Լարսը էլի փակվելու է: Արա Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի իշխանություններն այնպիսի քաղաքականություն պիտի վարեն, որ օրինակ՝ Վրաստանի այլ պետության հետ հարաբերությունները մեր վրա չազդեն: Բայց պարոն Աբրահամյանը վստահեցնում է, որ դրսում իրենք ՀՀ իշխանություններին չեն քննադատում, այլ ՚այստեղ են ասումՙ: Ի դեպ, Արա Աբրահամյանն այսօր մասնակցում էր Հայաստանի Գրողների միության վարչության նիստին: Նա նկատեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի էլ դահլիճում ցուրտ է եւ այդ պայմաններում դժվար է աշխատելը: Նա խոստացավ հաջորդ տարի ՚Համահայկական գրական հիմնադրամինՙ 50 000 դոլար տրամադրել: Բայց նրա՝ հայ գրողներին այցելության հիմնական առիթը արծաթե մի խաչ էր: Արա Աբրահամյանն այսօր Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին հանձնեց Ռուսաստանի հայերի միության արծաթե խաչը՝ ծննդյան 60-ամյակի եւ հայ-ռուսական բարեկամությունը պահելու եւ զարգացնելու համար: ԱԺԴ-ն ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ [16:24] 20 Նոյեմբերի, 2006 Դեկտեմբեր ամսվա առաջին քառորդից Երեւանում ընտրական հանձնաժողովների անդամների համար կսկսվի հատուկ դասընթացների երկրորդ փուլը: Այս նախաձեռնությունը ՚Ազգային ժողովրդական դաշինքՙ կուսակցությանն է, որն այսօր լրագրողներին հրավիրել էր մամուլի ասուլիսի, որպեսզի նրանց միջոցով հանրությանն ու մյուս կուսակցություններին լուսաբաներ, թե ինչ լավ բան է 2007թ. ընտրություններին գրագետ պատրաստվելը: Ինչ վերաբերում է վստահված անձանց, դիտորդների եւ ԶԼՄ-երի ներկայացուցիչների հետ աշխատանքներին, ապա ԱԺԴ-ն կոչ է անում այս նախաձեռնությանը միանալ հասարակական կազմակերպություններին ու մյուս կուսակցություններին: Այս դասընթացներն, ըստ ԱԺԴ վարչության անդամ Ստեփան Ստեփանյանի, պետք է իրականացվեն արդեն ՀՀ ամբողջ տարածքում: Կուսակցության կոչին արդեն միացել են ՚Օրինաց երկիրՙ եւ ՚Ազգային միաբանությունՙ կուսակցությունները: Իսկ վստահված անձանց առաջին դասընթացն արդեն տեղի կունենա նոյեմբերի 26-ին Արարատի մարզի Դալար գյուղի ՕԵԿ գրասենյակում: Այստեղ դասընթացների համար, Ստեփան Ստեփանյանն ընդգծեց, որ նախապատրաստվել են համապատասխան նստարան-սեղաններ: Ըստ Ստեփան Ստեփանյանի՝ ՚միայն գրագետ ու օրենքներից բանիմաց վստահված անձինք ու հանձնաժողովի անդամները կարող են բարձր մակարդակով անցկացնել ընտրությունների ողջ ընթացքըՙ: Որակավորման դասընթացները կտեւեն մեկից երկու օր՝ օրական 4-5 ժամ: Այս ընթացքում դասընթացի մասնակիցները կհասցնեն ուսումնասիրել ՀՀ գրեթե բոլոր օրենքները, հատկապես խորությամբ կսովորեն Ընտրական օրենսգիրքը: ՚Նպատակը մեկն է, որպեսզի ընտրություններին ունենանք պատրաստի, որակյալ կադրեր, որոնք կկարողանան բողոքարկել այս կամ այն որոշումը, գրավոր արձանագրություններ կազմել, եւ ընդհանրապես պինդ լինեն, չվախենան ոչնչիցՙ,- կոչ է անում ԱԺԴ վարչության անդամը: Դասընթացների ավարտին շրջանավարտներին կտրվեն որակավորման վկայականներ: Ինչ վերաբերում է դասավանդող դասախոսներին, ապա Ստեփան Ստեփանյանը նշեց, որ նրանք կլինեն հիմնականում հայրենի Ազգային ժողովից, թեեւ ԱԺԴ-ն համագործակցման նպատակով դիմել է նաեւ միջազգային բազմաթիվ փորձագետների ու կառույցների: Նրանք, ինչպես վստահեցրեց ԱԺԴ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Վարդանյանը, խոստացել են քննել այդ առաջարկը: Վերջինս նաեւ նշեց, որ մի շարք կուսակցությունների երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ վերջին երկու շաբաթների ընթացքում այս նպատակով համագործակցում են եւ անցկացնում կոնսուլտացիաներ: ՋԱՎԱԽՔԱՀԱՅԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ [16:40] 20 Նոյեմբերի, 2006 Այսօր հայ-վրացական միջպետական սահմանի ջավախքյան հատվածում թբիլիսյան իշխանությունների հրահանգով տեղակայվել է 100-ի հասնող ոստիկանության հատուկ նշանակության ինքնաձիգներով զինված ջոկատ` ցույցի մասնակիցների ցուցադրական ստուգումն իրականացնելու նպատակով: ՚Միասնական Ջավախքՙ ժողովրդավարական դաշինքը տեղեկացնում է, որ ցույցը կազմակերպվել էր ջավախահայության իրավունքների եւ երկրամասի հայապահպանության համար մղվող պայքարի շրջանակում: Տարածված հայտարարության միջոցով դաշինքը դատապարտում է վրացական իշխանությունների` ջավախահայությանը հրազենքի կիրառման ապառնալիքի եւ զանգվածային դատական հետապնդումների միջոցով ահաբեկելու անհեռանկար քաղաքականությունը եւ զգուշացնում հնարավոր բացասական հետեւանքների մասին: Միաժամանակ ՚Միասնական Ջավախքՙ ժողովրդավարական դաշինքը իր դժգոհությունն է արտահայտում հայաստանյան լրատվամիջոցներից: ՚Մենք պահանջում ենք դրսեւորել քաղաքացիական վճռականություն, թոթափել լրագրողին անվայել երկչոտությունը եւ համարձակություն ցուցաբերել ջավախահայության իրավունքների եւ երկրամասի հայապահպանության համար մղվող պայքարի հանրության իրազեկման բնագավառում: Այսօր, նոյեմբերի 20-ին, ՀՀ Բավրայի սահմանակետի մոտ ջավախահայության բողոքի ցույցին վրացական եւ ռուսական հեռուստաընկերությունների ներկայության ֆոնին հայաստանյան հեռուստաընկերությունների եւ այլ լրատվամիջոցների բացակայությունը հնարավոր է բնութագրել միայն որպես բացարձակ, աններելի եւ անհանդուրժելի խայտառակությունՙ,- ասված է դաշինքի տարածած հայտարարության մեջ: ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ [17:05] 20 Նոյեմբերի, 2006 Գյումրիում փորձ է արվում պահպանել դեռեւս 1975 թվականին ծնված ՚Ինչ, որտեղ, երբՙ խաղն ու ավանդույթները: Խաղի թվով ութերորդ փառատոնը կազմակերպվեց հենց Գյումրիում: Փառատոնը, որը թվով ութերորդն էր, իր կազմով ներկայացուցչական էր, քանզի մասնակցում էին թիմեր ինչպես Գյումրուց ու հանրապետության այլ բնակավայրերից, այնպես էլ՝ Արցախից: Այս միջոցառմանն առավել բարձր հեղինակություն եւ կարգավիճակ տալու համար կազմակերպիչները հրավիրել էին Ինտելեկտուալ ակումբների միջազգային ընկերակցության ներկայացուցիչ Սերգեյ Վիվատենկոյին. ՚Ես ուզում եմ ասել. շատ լավ է, որ Գյումրիում վեսկսել են ՚Ինչ, որտեղ, երբՙ-ի անհատական փառատոնները: Ես շատ գոհ եմ խաղից, գոհ եմ արդյունքներից, առանձնապես դպրոցականների թիմիցՙ: Ի դեպ, Սերգեյ Վիվատենկոյի մասնակցությունը պաշտոնական կարգավիճակ կարող է տալ փառատոնին ու հնարավորություն՝ մասնակցելու տարածաշրջանային առաջնությունների, միջազգային փառատոների ու աշխարհի առաջնությունների: ՚Ամբողջ ընթացքում Գյումրու թիմերը եղել են լավագույն թիմերից: Նախկին խորհրդային միության տարածքում եղած կենտրոնները, եթե մենք հաշվենք, որ 5-ն են, այդ 5-ի մեջ մտնում է նաեւ Հայաստանը....մասնակցել ենՙ,- ասում է ՚Խորանարդՙ ՀԿ նախագահ Սեյրան Մարտիրոսյանը: Փառատոնի արդյունքների ամփոփումից հետո փառատոնի հաղթող ճանաչվեց Երեւանի ՚Պերեզագրուզկաՙ թիմը: Կազմակերպիչները հավաստում են, որ այս փառատոններն ավանդույթի ուժ կստանան ու կկազմակերպվեն ամեն տարի: Որպես հավաստումն ասվածի, Սեյրան Մարտիրոսյանը նշեց, որ դեկտեմբերի 3-ին կանցկացվի եւս մեկ առաջնություն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդկանց թիմերի մասնակցությամբ: ՚ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՙ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ [18:26] 20 Նոյեմբերի, 2006 Պարզվում է խորհրդարանում արդեն երկու տարի գործում է կայուն զարգացման պատգամավորական խումբ, որն իր գործունեության ողջ ընթացքում հրատարակել է մի գրքույկ: ՚Կայուն զարգացման պատգամավորական խմբում հիմնական ուշադրությունը կայուն զարգացմանն է դարձվումՙ,- այս խմբի բովանդակալից գործունեությունը ներկայացրեց սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը: Այս պատգամավորական խումբն ունի իր փորձագետները, մասնագետները, սակայն գործունեությունը սահմանափակվում է առայժմ միայն երկու նիստով՝ մեկն անցկացվել է 2004 թվականին, մյուսն այսօր: Ի դեպ, այդ խմբի անդամ պատգամավորներից ոմանք միայն դահլիճում էին պարզում, որ իրենք ՚Կայուն զարգացման պատգամավորական խմբիՙ անդամ են: Oրինակ` այդպիսի վիճակում հայտնվեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Ավետյանը. ՚Ճիշտն ասած, ես այսօր առաջին անգամ եմ մասնակցում խմբի աշխատանքներին, համենայն դեպս ծրագրերին ծանոթացել եմ, նորմալ ծրագրեր են, բայց ով ինչըխ է զարգանում չիդեմՙ,- գյումրեցուն հատուկ հումորով նկատեց Գագիկ Ավետյանը: Նիստին մասնակցող Արմեն Աշոտյանն էլ հարցին անմիջապես քաղաքական աստառ տվեց. ՚Ես կայուն զարգացող քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, որը կայուն ավելացնում է իր տեղերը խորհրդարանումՙ: Աշոտյանի նկատառմանը լրացրեց ՚Արդարությանՙ քարտուղար Գրիգոր Հարությունյանը. ՚Եվ որը ապակայունացնում է երկրի վիճակըՙ: Ինչ վերաբերում է քննարկմանն, ապա այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների նպատակն էր քննարկել Կայուն զարգացման ոլորտում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները: Հիմնական բանախոս, ՚Հանուն մարդկային կայուն զարգացմանՙ ասոցիացիայի նախագահ, էկոլոգ Կարինե Դանիելյանն իր խոսքում նկատեց, որ Երեւանը բնապահպանության առումով հեռու է կայուն զարգացման ուղուց. նրա կարծիքով, օրինակ` Գյումրին զարգանում է շատ ավելի կայուն: ՚Գյումրին փորձում է իր կոլորիտը պահպանել, փորձում է վերականգվել այնպես, որ դա կրկին Գյումրի լինի: Երբ մտնում եմ Գյումրի, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կարծես փոքրիկ եվրոպական քաղաք եմ մտնում՝ Գյումրիի համ ու հոտովՙ,- ասում է Կարինե Դանիելյանը, եւ հակառակ լույսի ներքո ներկայացնում Երեւանի պատկերը. ՚Ով գալիս է դրսից, նայում են ու ասում՝ էս ի՞նչ եք անում քաղաքըՙ: Տիկին Դանիելյանը ներկայացնում է Վիլնյուսի օրինակը, որը շատ ներդաշնակ է զարգանում. ՚Կա երեք քաղաք փաստորեն՝ հին քաղաքը մինչեւ 19-րդ դարը ներառյալ, ինչքան հնարավոր է փորձում են պահպանել հին շենքերը, հետո գալիս է 20-րդ դարի քաղաքը, հիմա արդեն 21-րդ դարի քաղաքը՝ բարձրահարկ շենքերով՝ Նյու Յորքի նման: Քաղաքի պատմությունը պետք է պահպանելՙ,- հերթական անգամ ահազանգում է տիկին Դանիելյանը եւ աբսուրդային համարում այն մոտեցումը, թե քաղաքները միանգամից չեն կառուցվել. հիմա կկառուցեն, հետո այդ այլանդակ շենքերը կքանդեն նորերը կկառուցեն. ՚Դա բոլորովին հասկանալի մոտեցում չի, ինչ է նշանակում կառուցենք, հետո կքանդենք, ինչի էր պետք հին շենքերը քանդել, որ քաղաքի պատմությունն էր, հիմա էլ 10-15 հարկանի շենքերը քանդել. դա լուրջ մոտեցում չիՙ: Որպեսզի կայուն զարգացնման ուղով ընթանա Երեւանը, Կարինե Դանիելյանը խորհուրդ է տալիս վերանայել կառուցապատման գործընթացը. ՚Հիմա չես կարող քանդել՝ ինչ որ արված է, բայց գոնե չպետք է շարունակել, պետք է մաքսիմալ կանաչապատել քաղաքը, մաքսիմալ ջրային տարածքներ ստեղծել, որովհետեւ կլիմայի փոփոխություն է տեղի ունենում Երեւանում, ընդ որում ավելի շատ, քան հանրապետությունում: Այս բոլոր առաջարկությունները մենք բերել ենք եւ կառավարություն, եւ ԱԺ, բայց ցավոք դրանք ապարդյուն անցանՙ: ՚ԶԻՆԱԹԱՓԵԼՙ ԵՆ ՚ՆՈՒԲԱՐԱՇԵՆՙ ՔԿՀ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ [18:42] 20 Նոյեմբերի, 2006 ՚Նուբարաշենՙ ՔԿ հիմնարկում իրականացվել է ընդհանուր խուզարկություն: Այն իրականացրել են ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿ վարչության, ՀՀ ԱՆ ՚Նուբարաշենՙ ՔԿ հիմնարկի եւ ՀՀ ՈԶ 1035 զորամասի անձնակազմի ուժերով: Խուզարկությունն իրականացվել է հիմնարկի 1-5 հարկերի եւ վեցերորդ մասնաշենքի խցերում, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալների կացարաններում, բուժական մասում եւ հիվանդախցերում, խոհանոցում եւ կոմունալ կենցաղային այլ շինություններում, տնտեսական բակում: Իրականացված ընդհանուր խուզարկության արդյունքում հայտաբերվել եւ առգրավվել են մի շարք արգելված առարկաներ՝ այդ թվում բջջային հեռախոսներ եւ լիցքավորման քարտեր, ինքնաշեն դանակներ, խաղաթղթեր, ձայնագրող սարքեր, պարաններ, ռադիոսարքերի դետալներ, ապակու կտորներ, էլեկտրաջրատաքացուցիչներ, էլեկտրական սալիկներ, դեղորայք, պտուտակահան, եւ այլն. ընդհանուր առմամբ 68 անվանում արգելված պարագաներ: Միջոցառումները կրում են պարբերական բնույթ եւ իրականցվում են ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմարկներում, տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը: ՌՈՒՇԱՅԼՈՆ ՆՈՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է [19:37] 20 Նոյեմբերի, 2006 ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Ռուշայլոյի գլխավորած պատվիրակությանը: Փոխադարձ ողջույներից հետո Վլադիմիր Ռուշայլոն նախարարին ծանոթացրեց ԱՊՀ շրջանակներում ընթացող զարգացումներին, ԱՊՀ կառույցների վերափոխումներին վերաբերվող ղազախական կողմի առաջարկություններին: Հանդիպմանը քննարկվեցին նաեւ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհուրդների նոյեմբերի 23-ին Բրեստում կայանալիք նիստին վերաբերող հարցեր: Նոյեմբերի 22-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրեստ /Բելառուսի Հանրապետություն/, որտեղ նոյեմբերի 23-ին կմասնակցի ԱՊՀ եւ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերին: Նոյեմբերի 24-ին եւ 25-ին Մինսկում պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին: Այցերի ընթացքում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ, ինչպես նաեւ 2007 թվականի ռազմական համագործակցության ծրագրերի ստորագրում ՌԴ, Բելառուսի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ: Նոյեմբերի 25-ի ուշ երեկոյան պատվիրակությունը կվերադարնա Երեւան: ԱՄՓՈՓՎԵՑ ՚ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆ-2006ՙ-ը [19:45] 20 Նոյեմբերի, 2006 ՚Հայաստանՙ համահայկական հիմնադրամն ամփոփել է ամենամյա հեռախոսամարաթոնի արդյունքները: Նախորդ տարվա հեռախոսամարաթոնի արդյունքի՝ 27 մլն դրամի համեմատ՝ այս տարի Հիմնադրամն արձանագրել է աճ՝ 35 մլն դրամ: Հիմնադրամի աշխատակիցների՝ նոյեմբերի 15-17-ը հայաստանյան խոշոր, մանր, միջին ձեռնարկություններ եւ տարբեր կազմակերպություններ արված հեռախոսազանգերի արդյունքում խոստացված գումարներից 29 մլն-ն արդեն փոխանցված է Հիմնադրամի հաշվեհամարներին: Նվիրատվությունները նոյեմբերի 23-ին տեղի ունենալիք ՚Հեռուստամարաթոն-2006ՙ-ից հետո կծառայեցվեն ԼՂՀ Հադրութի շրջանի զարգացման ծրագրի իրագործմանը: Նախորդ տարվա համեմատ՝ աճ է արձանագրվել նաեւ եվրոպական հեռախոսամարաթոնում, որն այս տարի անցկացվում էր նոյեմբերի 16-19-ը՝ Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում: Նախորդ տարվա եվրոպական հեռախոսամարաթոնն ապահովել էր 976 հազար եվրոյի նվիրատվություն, դրամահավաքին մասնակցել էր սփյուռքի 11 հազար ընտանիք ու ձեռնարկություն: Այս տարվա արդյունքն է 1 մլն 100 հազար եվրո՝ սփյուռքի ավելի քան 13 հազար ընտանիքի եւ ձեռնարկության մասնակցությամբ: 40 հազար դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում է ստացվել Արգենտինայում տեղի ունեցած հեռախոսամարաթոնի ընթացքում: ՀՌԱԿ-Ը ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՑ [20:05] 20 Նոյեմբերի, 2006 Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը այսօր հայտարարել է Հայերի Համաշխարհային Կոնգրեսից դուրս գալու մասին: ՚Ինչպես մնացած հիմնադիր կազմակերպությունների ղեկավարները, այնպես էլ ՀՌԱԿ ղեկավարությունը մեծ ոգեւորությամբ ընդունեց նմանատիպ համահայկական կազմակերպության ստեղծման գործընթացը: Չնայած դեմ լինելով փաստին, որ համահայկական կառույցի գրանցումը իրականացնելու էր Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարությունը, այնուամենայնիվ համազգային կուտակված հարցերը լուծելու առաջնահերթությունը Հայ ազգի տվյալ հանգրվանին, պատմական զարգացման առումով շատ ավելի կարեւոր համարվեցինՙ,- ասված է ՀՌԱԿ այսօր տարածած հայտարարության մեջ: Հետագայում տեղի ունեցածը, ՀՌԱԿ Հանրապետական վարչության գնահատմամբ, հիասթափեցնող էր: Ռամկավարները նշում են, որ Հայերի Համշխարհային Կոնգրեսի գործունեությունն անկազմակերպ, անգրաֆիկ եւ անպատասխանատուէր: ՚ՀՌԱԿ ղեկավարությունը բազմիցս դիմել է Հայերի Համաշխարհային Կոնգրեսի ղեկավարությանը տարեկան կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնելու կապակցությամբ, սակայն մինչեւ օրս չի ստացվել որեւիցե պատասխանՙ,- ասված է ՀՌԱԿ հայտարարության մեջ: Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության վարչությունը, ելնելով ստեղծված իրադրությունից, հաշվի առնելով Հայերի Համաշխարհային Կոնգրեսի ղեկավարության ներկայիս գործելաոճը, որ արդեն ձգվում է երեք տարի, որոշում է կայացրել դուրս գալ Հայերի Համաշխարհային Կոնգրեսի հիմնադիր կազմից: Կուսակցությունը հայտարարում է, որ այսուհետ պատասխանատվություն չի կրում Կոնգրեսի գործունեության համար: Ի դեպ, Հայերի Համաշխարհային Կոնգրեսը ստեղծվել է 2003 թվականին, որը ղեկավարում է Արա Աբրահամյանը, եւ ՀՌԱԿ-ը հանդիսանում էր Կոնգրեսի հիմնադիր անդամ: ՌԱԿ-ը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՚ԱԶԳՙ-ից Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչությունը նոյեմբերի 20-ին պաշտոնապես հայտարարել է, որ որեւիցե կապ չունի Երեւանում լույս տեսնող ՚Ազգՙ օրաթերթի գործունեության հետ. ՚Երեւանում լույս տեսնող Ազգ օրաթերթը, մի ժամանակ առաջ, Ռամկավար Ազատական Կուսակցության կամքին հակառակ եւ առանց որեւէ հավանության փոխանցվեց այլ սեփականատիրոջ: Դժբախտաբար, այդ սխալ կարգադրությունն ուղղելու համար տարված աշխատանքը տակավին չի տվել դրական արդյունքՙ,- ասված է ՌԱԿ Կենտրոնական վարչության հայտարարության մեջ: Այդ իսկ պատճառով, վարչությունը հայտարարում է, որ ՚ներկայիս վիճակով, Ազգ օրաթերթը եւ իր բովանդակությունը որեւէ կապ չունեն Ռամկավար Ազատական Կուսակցության հետՙ: ԵՐԵՔ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՑ ԳԱԼԻՍ ԵՆ ԵՐԿՈՒՍԸ [14:08] 21 Նոյեմբերի, 2006 ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն այսօր Երեւանում ունենալու են մի շարք հանդիպումներ: Նրանք կզրուցեն Ռոբերտ Քոչարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ` քննարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման հնարավորությունը: Ի դեպ, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահները Ռոբերտ Քոչարյանին առաջարկելու են առաջիկայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Երեւանյան հանդիպումներից հետո համանախագահները մեկնելու են Բաքում: Նշենք, որ այս այցին չի մասնակցում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ԿԱ [14:11] 21 Նոյեմբերի, 2006 Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը 2009թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում առաջին պարտությունը կրեց, նվազագույն 0:1 հաշվով զիջելով Իսրայելի հավաքականին: Մինչ այդ հայ ֆուտբոլիստուհիները 1:1 հաշվով էին ավարտել հանդիպումը Բոսնիայի հետ: Վերջինս 2-րդ տուրում խոշոր 4:1 հաշվով պարտության է մատնել Լատվիային, որն առաջին տուրում 0:3 հաշվով զիջել էր Իսրայելին: Նոյեմբերի 23-ին կայանալիք 3-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կմրցի Լատվիայի հավաքականի հետ եւ խոշոր հաշվով հաղթելու դեպքում կարող է դուրս գալ հաջորդ փուլ, եթե, իհարկե, զուգահեռաբար կայանալիք մրցավեճում Բոսնիան պարտվի Իսրայելին: ԱՊՀ-ական ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՔ [14:29] 21 Նոյեմբերի, 2006 ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 23-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Խորհրդի նիստում կառավարությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր, կստորագրվեն ԱՊՀ գործադիր կոմիտեի, տնտեսական, արտաքին գործերի նախարարների եւ համապատասխան այլ խորհուրդների կողմից նախապատրաստված ու փոխհամաձայնեցված երկու տասնյակից ավելի փաստաթղթեր: Մասնավորապես, նախատեսվում է քննարկել եւ որոշումներ ընդունել 2003-2010թթ. տնտեսական ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված կարեւորագույն միջոցառումների իրականացման պլանի կատարման ընթացքի, մինչեւ 2005թ. Անկախ պետությունների համագործակցության զարգացման գործողությունների ծրագրի իրականացման, ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնի գործունեության հաշվետվության, ԱՊՀ մարմինների միասնական բյուջեի, ինչպես նաեւ կազմակերպական մի շարք հարցերի վերաբերյալ: Նախատեսվում է, որ նիստում կստորագրվեն նաեւ տեղեկատվայնացման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ռազմավարության եւ մինչեւ 2010թ. դրա իրականացման գործողությունների պլանի, 2007-2010թթ. մարդկանց առեւտրի դեմ պայքարի ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ծրագրի նախագծի, Համագործակցության պետությունների տարածքներ մուտք գործող երրորդ երկրների քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման միասնական համակարգի ստեղծմանն ուղղված համատեղ աշխատանքների միջպետական նպատակային ծրագրերի նախագծի մշակման համար աշխատանքային խմբի ստեղծման, 2007թ.-ին ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման եւ զարգացման համար ֆինանսական միջոցների հատկացման, 2005թ.-ին ԱՊՀ անդամ պետությունների բյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորվող ԱՊՀ մարմինների միասնական բյուջեի կատարման, 2006թ. ճշգրտված միասնական բյուջեի եւ այլ հարցերի վերաբերյալ որոշումները: ՊԱՏՄԱԿԱՆ ՆՈՐ ԷՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՄԱՐ [14:20] 21 Նոյեմբերի, 2006 Նոյեմբերի 22-25-ը Կիպրոսի Հանրապետության նախագահ Տասոս Պապադոպուլոսի հրավերով պետական այցով այդ երկրում կլինի Ռոբերտ Քոչարյանը: Այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել հայ-կիպրական տնտեսական համագործակցության առաջնային խնդիրներն ու ուղղությունները, կարծիքներ փոխանակել միմյանց հետաքրքրող քաղաքական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ փոխգործակցությունը խթանելու միջոցով նոր որակ ու բովանդակություն հաղորդել երկու ժողովուրդների ավանդական բարեկամությանը: Պետական այցի շրջանակում Ռոբերտ Քոչարյանն առանձնազրույց կունենա Կիպրոսի նախագահ Տասոս Պապադոպուլոսի հետ: Այնուհետեւ նրանք նաեւ կմասնակցեն ընդլայնված կազմով հայ-կիպրական բանակցություններին, հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Կիպրոսում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա նաեւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի, Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Նիկոսիայի քաղաքապետի հետ: Ռոբերտ Քոչարյանը կայցելի Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ծաղիկներ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, հանդիպում կունենա Կիպրոսի հայ համայնքի թեմական եւ վարչական ժողովի անդամների հետ: ՚Նարեկՙ հայկական վարժարանում Ռոբերտ Քոչարյանը ներկա կգտնվի վարժարանի աշակերտների մասնակցությամբ կարճատեւ հանդիսության£ Պատվիրակությունը կայցելի նաեւ Լառնակա, որտեղ կմասնակցի Հայոց ցեղասպահության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությանը: Նշենք, որ Կիպրոսը ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991թ. դեկտեմբերին: Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մարտին: Հայաստանը շահագրգռված է Կիպրոսի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմամբ, քանի որ Կիպրոսը համարվում է միջազգային բանկային եւ գործարար կենտրոն: Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների որոշակի աճ է գրանցվել, այնուամենայնիվ այն դեռեւս դանդաղ տեմպերով է զարգանում եւ չի համապատասխանում երկու երկրների իրական հնարավորություններին: Կիպրահայության թիվը որոշ տվյալներով ներկայումս 2740 է: Հայերը հիմնականում բնակվում են Նիկոսիայում, Լառնակայում եւ Լիմասոլում: Նրանք արհեստավորներ են, մանր եւ միջին ձեռնարկատերեր, առեւտրականներ, մտավորականներ, պետական ծառայողներ: Երեք քաղաքներում էլ կա հայկական եկեղեցի: ՋԱՎԱԽՔԱՀԱՅԵՐԸ ՓԱԿԵԼ ԷԻՆ ԱԽԱԼՔԱԿԱՔ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ [14:22] 21 Նոյեմբերի, 2006 Ջավախքը Հայաստանից սահմանազատող հատվածում Վահագն Չախալյանի ազատության համար երեկ կամակերպվել էր բողոքի ակցիա: Ակցիայի ժամանակ հնչած հայտարարությամբ պահանջվում էր ՀՀ կառավարական կառույցներից որեւէ մեկի ներկայացուցչի հետ հանդիպում, ով ի զորու կլիներ պատասխանել ցույցի մասնակիցներին հուզող հարցերին: Հիշեցնենք, որ ՚Միասնական Ջավախքՙ կազմակերպության նախագահության անդամ եւ ՚Ջավախքի Երիտասարդական Մարզամշակութային Միությանՙ նախագահ Վահագն Չախալյանը Երեւանում ձերբակալվեց ՀՀ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Այժմ նա ազատության մեջ է, սակայն իր ստորագրությամբ պարտավորվել է չբացակայել Երեւանից: ՚Չախալյանի ազատության պահանջով ՀՀ իրավապահ մարմիններին դիմող նոյեմբերի 20-ին կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ջավախահայերը վրացական մաքսակետում հանդիպեցին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային ոստիկանության եւ Ազգային անվտանգության ներկայացուցիչների կանխամտածված գործողություններինՙ,- տեղեկացնում է ՚Միասնական Ջավախքՙ կազմակերպությունը. ՚Վրացական անցակետում հավաքված մոտ 150 հոգանոց պետական ուժային կառույցները փորձում էին իրականացնել սադրիչ գործողություններ` ստուգելով ցույցի մասնակիցների ավտոմեքենաները: Զենքի ոչ մի տեսակ չկրող 700 հոգիանոց ջավախահայերի հոծ բազմությունը կարողացավ հասնել հայ-վրացական անցակետՙ: Ի դեպ, ցույցի ժամանակ ժամը 12.30-ից մինչեւ 19.00-ը երթեւեկության համար փակվել էր Ախալքալաք-Գյումրի մայրուղին: Բացառություն է արվել հիվանդների եւ փոքր երեխաների հետ երթեւեկող ավտոմեքենաների համար ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ [14:28] 21 Նոյեմբերի, 2006 Հայաստանում մեկնարկում է նոր շարժում, որը կրելու է ՚Ընտրական համակարգի վերականգնումՙ անվանումը: Նոր շարժման մեկնարկի մասին ազդարարվեց այսօր ՚Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոնՙ հասարակական կազմակերպության կենտրոնական գրասենյակում: ՚Ընտրական համակարգի վերականգնումՙ շարժման մեջ ներգրավվելու են կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ԶԼՄ-րի ուժերը, որոնք փորձելու են վերացնել ՀՀ վերջին տարիներին անցկացված ընտրությունների նկատմամբ հասարակության խորը անվստահությունը: Թե որտեղից է եկել այդ անվստահությունը, փորձ արվեց ներկայացնել պատկերավոր` անկախ Հայաստանում 1991-2005 թվականներին կայացած բոլոր ընտրությունները բաժանելով երեք փուլի: Ըստ այդ բաժանման, 1991-1998 թվականը տեղի ունեցած ընտրությունները եւ Հանրաքվեն բնութագրվում են իբրեւ կասկածելի ընտրություններ, 1998-2005թթ.` հավատ չներշնչող ընտրություններ, իսկ 2005 թվականի Հանրաքվեն` նկարչության բացառիկ դրսեւորում: ՚Ա1+ՙ-ի հարցին, թե ի՞նչն է առիթ հանդիսացել ՚Ընտրական համակարգի վերականգնումՙ շարժման նախաձեռնության, կազմակերպության անդամ Ա. Ֆելիկյանը նշեց. ՚Այս ամենը վկայում է այն փաստի մասին, որ ՀՀ-ում գոյություն չունի ընտրական համակարգ, որի արդյունքում իշխանությունները ձեւավորվում են անօրինական ճանապարհով եւ դառնում չարիք պետության եւ ՀՀ քաղաքացիների համար: ՀԵՆԿ ՀԿ-ն նպատակն ունի այս նախաձեռնությամբ կազմակերպել ընտրական համակարգի վերականգնման շարժում, որպեսզի առաջիկա ընտրություններում համակարգված հասարակական վերահսկողության միջոցով կանխի ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումը եւ նպաստի ժողովրդավարական իշխանության ձեւավորման գործընթացինՙ: Ի դեպ, շարժումն իր գործունեությունը ծավալելու է ոչ միայն Երեւանում, քանի որ ասուլիսին մասնակցում էին նաեւ ներկայացուցիչներ Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերից: ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԲ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԷՐ [15:22] 21 Նոյեմբերի, 2006 Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը մի քանի դրվագներ է հիշում 1993թ. դրամի ստեղծման ժամանակաշրջանից. ՚Այն ժամանակ ես ընդդիմության շարքերում էի, ղեկավարում էի ԳԽ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը: Հայաստանի ամենածանր ու ցուրտ տարին էր. մեզ տրամադրել էին կառավարության ընդունելությունների տունը, որտեղ լույս չկար: Դիմեցինք Լեւոն Տեր -Պետրոսյանին, մեզ տեղափոխեց նախագահի նստավայր: Ամենամեծ աջակցությունն էինք ստանում Տեր-Պետրոսյանից ու ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանից: Սենյակը ցուրտ էր, մեքենագրուհու մատները սառչում էին, չէր կարողանում աշխատել, Վանո Սիրադեղյանը մեզ ուղարկեց 2 ՚ֆուջիկաՙ, եւ ես առաջին անգամ տեսա այդ տաքացուցիչըՙ,- դրամի ստեղծման գործընթացի մասին պատմում է Տիգրան Սարգսյանը: Նա ՚Ուրբաթՙ ակումբի այսօրվա երեք հյուրերից մեկն էր, ով պիտի վերլուծեր դրամի ստեղծման 13 տարիները: Մյուս հյուրերը ԿԲ նախկին նախագահ Իսահակ Իսահակյանն ու Ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանն էին: Դրամի ստեղծման առաջին շրջանում արձանագրված ինֆլյացիան բոլոր հյուրերը օբյեկտիվ պատճառներով պայմանավորեցին` այլ կերպ հնարավոր չէր: ՚Հայաստանի արտաքին պահուստները զրո էին, 700 հազար դոլար կառավարությունն ուներ, որից 500 հազարը մեզ տվեց: Եվ քանի որ Հայաստանը խորհրդային վերջին հանրապետությունն էր, որ սեփական արժույթը ստեղծեց, ԽՍՀՄ նախկին հանրապետություններից հսկայական քանակությամբ ռուբլի էր գալիս մեր երկիր, որը հարկավոր էր դրամի վերածել, այդ առումով, ես կարծում եմ, որ մենք ուշ ներդրեցինք հայկական դրամը, դա պետք է հունվարից անեինքՙ,- վերհիշեց ԿԲ ներկա նախագահը, ում պատմածը հաստատեցին նաեւ երկու գործընկերները: Իսահակ Իսահակյանը մի քանի անգամ շեշտեց, որ Ռուսաստանն այն ժամանակ մեր կառավարության գլխի տակ փափուկ բարձ էր դնում` ասելով, թե դուք մտնելու եք ռուբլու գոտի: ՚Շուտով ձեր երկրի համար հատուկ պատվիրված ռուբլիները տպարանից դուրս կգան, եւ Հայաստանը սեփական արժույթի ստեղծման հարցում անտեղի հապաղեց: Հետո հասկացանք, որ Ռուսաստանի վրա հույս դնել չարժեՙ,- սրտնեղած վերհիշեց վաստակաշատ տնտեսագետը: Ռուսական ՚փափուկ բարձիՙ մասին դառնությամբ էր հիշում նաեւ Լեւոն Բարխուդարյանը: Սակայն ակումբի բոլոր հյուրերը երանությամբ էին հիշում Հայաստանի տնտեսության անկախացման եւ ազատականացման առաջին տարիները, երբ կենտրոնական բանկի, կառավարության ու խորհրդարանի միջեւ վեճեր էին լինում, անհամաձայնություններ երկրի տնտեսական պատասխանատուների միջեւ: Այսօր ԿԲ եւ կառավարության միջեւ վեճ լինու՞մ է, հարցրինք Տիգրան Սարգսյանին. ՚Եթե կենտրոնական բանկը ֆինանսների եւ էկոնոմիկայի հետ վեճ չի ունենում, ուրեմն` այդ երկրի վերջը եկել է, որովհետեւ յուրաքանչյուրն իր շահերն ունի. ֆիննախը բյուջեի համար է պատասխանատու, ԿԲ-ն` գնաճիՙ,- հայտարարեց նա: Իսկ դրամի ստեղծումից 13 տարի անց, ազգային արժույթի արժեւորման հարցում գործադիրի հետ եղե՞լ է տնտեսական տարաձայնություն, որը նախագահի միջամտությամբ է կարգավորվել. ՚Ազգային արժույթի հարցով վեճ վարչապետի հետ չի եղել, որ հարթեր հանրապետության նախագահըՙ,- կարճ պատասկանեց ԿԲ նախագահը: ԴՐԱՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՓՈԽԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Դրամի հետագա արժեւորումը Տիգրան Սարգսյանն այսօր հերթական անգամ համարեց անքննելի հեռանկար եւ արտահանողներին դարձյալ խորհուրդ տվեց արդիականացնել իրենց տեխնիկան, Գերմանիայից բերել թեկուզ` օգտագործած նորագույն տեխնոլոգիաներ, որպեսզի մրցունակ դառնան: Դրամի ներկայիս կուրսը նա համեմատեց երկու այլ պետությունների արժույթի պատմության հետ. ՚Երբ Սինգապուրում նման իրավիճակ էր, մենք ականատեսը եղանք նրանց ազգային արժույթի 300 տոկոսանոց աճի, իսկ Ճապոնիայում արձանագրվել է աճ` 10 անգամ: Հայկական դրամը դեռ ընդամենը 37-40 տոկոսով է արժեվորվելՙ: ԿԲ նախագահը բիզնես արդիականացնելը ներկայացրեց կոնկրետ օրինակով. ՚Այսօր մենք հոլանդացի մեր գործընկերների հետ մշակում ենք ՚Հայփոստըՙ մրցունակ դարձնելու ծրագիրը: ՚Հայփոստիՙ մեկ աշխատակցի արտադրողականությունը գնահատվել է 0.7 տոկոս: Մոլդովայում այդ ցուցանիշը 200 է, իսկ Հոլանդիայում մեկ աշխատակցի մատուցած ծառայությունների գործակիցը 4700 է: Դուք տարբերությունը պատկերացնու՞մ եք: Այսինքն, եթե արտահանողը չի ցանկանում արդիականացնել իր բիզնեսը, բարձրացնել աշխատողների արտադրողականությունը, մենք չենք պատրաստվում մի քանի արտահանողի շահերից ելնելով` մտնել մեր աղքատ քաղաքացիների գրպանը, մեծ քանակությամբ դրամ նետել շուկա: Այսօր առանց այդ էլ` նրանք մեծ շահույթներ են ստանում, եւ պատահական չէ, որ մենք մինչեւ օրս չենք լսել որեւէ արտահանողի կոնկրետ հաշվարկ, թե իրենք ինչի պատճառով ինչքան են տուժում: Հարկավոր է քննադատության սլաքներն ուղղել ոչ թե կենտրոնական բանկին, այլ` արտահանողներինՙ,- լրագրողներին հորդորեց ԿԲ նախագահը: Իսկ Ֆինանսների եւ էկոնոմիկային նախկին նախարարը, ով հիմա ՚Իմպեքսՙ բանկի խորհրդի նախագահն է, տարբերվող տեսակետ ուներ: ՚Մեր կառավարության սկզբունքներն այսօր ճիշտ հակառակ են այն գերակայություններին, որոնք որդեգրված են եղել Հայաստանի Հանրապետության ռազմավարությամբ, քանի որ Խորհրդային միության մեջ մենք առաջինն էինք տնտեսության ազատականացմամբ եւ ավելի շատ արտահանող երկիր էինք: Այս քաղաքականությամբ մենք արտահանմանը չենք խթանում, անում ենք հակառակը, եւ դրամի արժեւորման նման տեմպեր կարելի էր թույլ տալ միայն այն դեպքում, երբ արտադրությունը որոշ չափով արդիականացված կլիներՙ,- Տիգրան Սարգսյանին բացատրեց նա: ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱԿՏԸ [16:05] 21 Նոյեմբերի, 2006 ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն առաջին անգամ Սանկտ -Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովին, եւ զարմացած էր որոշումների ընդունման հրատապությամբ: Այս վեհաժողովի ընթացքում ընդունվել է 10 մոդելային օրենք եւ դիմում ԱՊՀ նախագահներին` ԱՊՀ 15 ամյակի կապակցությամբ: Ապա Տիգրան Թորոսյանը Սան Մարինոյում մասնակցել է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ Հարավային Կովկասի քառյակն ընդունել է Հարավային Կովկասի կայունության պակտ` Բալկանյան կայունության պակտի մոդելով: Փաստաթուղթը բանաձեւի բնույթ ունի, որում սակայն ռազմատենչ հայտարարությունների եւ վերազինվելու անթույլատրելիության մասին որեւէ խոսք չկա: Այս մասին այսօր տեղեկացրեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ նկատեց, որ անհրաժեշտություն չկա նույն պահանջները բանաձեւից բանաձեւ տեղափոխելու: ՚1416 բանաձեւում այդ խնդիրները հստակորեն ամրագրված ենՙ,- հիշեցրեց պարոն Թորոսյանը եւ ավելացրեց, որ բանաձեւ ընդունելը գործի փոքրիկ մասն է միայն. ՚Բանաձեւերը պետք է կատարելՙ: Ի դեպ, քանի որ Հարավային Կովկասի պետություններին ԵՄ անդամակցությունը անտեսանելի ապագայում է, խաղաղության պակտով փորձ է արվում ստեղծել ԵՄ փոքրիկ մոդել, որտեղ երկրները կգտնեն մեկ ընդհանուր նպատակ, որի շուրջ կհամագործակցեն ԵՄ չափանիշներով: Ու եթե կողմերից մեկը հավատարիմ չմնա բանաձեւից բխող սկզբունքներին, ապա ԵԽԽՎ-ում նա կարող է հարցադրումներ անել այդ կոնկրետ պետությանը: Բանաձեւում Վրաստանը որոշ վերապահումներ է ունեցել, Ադրբեջանը դեմ է եղել համագործակցության նման մոդելին, սակայն խաղաղության պակտն ի վերջո ընդունվել է: Եթե այս բանաձեւը գործի, ապա այն կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը: Այսօր հրավիրած ասուլիսում Տիգրան Թորոսյանը խոսեց նաեւ Մոսկվա առաջիկա այցի մասին, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ակտիվացման խնդիրները: ՌԴ պետդումայում կներկայացվի նաեւ Հայաստանի անկախության եւ խորհրդարանի 15 ամյա պատմության մասին պատմող լուսանկարչական ցուցահանդես: Ներքաղաքական խնդիրների մասին խոսելիս լրագրողների խնդրանքով Տիգրան Թորոսյանն անդրադարձավ ընդդիմության հանդեպ իր հանդուրժողականության դրսեւորմանը եւ նկատեց, որ հանդուրժողականությունն ընդհանրապես իր գործելաոճին բնորոշ բաղադրիչ է, որը սակայն, ցավոք մեր քաղաքական դաշտում ընդունված չի: Բայց կոնկրետ քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու իր որոշումը նա չի պայմանավորում այդ հանդուրժողականությամբ: Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, քվեարկության արդյունքների համար պատասխանատու է նիստը նախագահողը, իսկ օրենքը պարտադիր է բոլորի համար, եւ հատկապես ԱԺ նախագահի: Եվ հանդուրժողականությունը կամ անհանդուրժողականությունը երբեք չի կարող օրենք խախտելու պատճառ դառնալ: Իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե հիմնականում ուրիշի կոճակ սեղմող պատգամավորները ՀՀԿ-ից են, Տիգրան Թորոսյանը չի կիսում, նկատելով, որ ՀՀԿ-ն ուղղակի ունի անհամեմատ ավելի մեծ թվով պատգամավորներ, եւ նրանց արարքը շուտ է աչքի ընկնում: Տիգրան Թորոսյանն այսօր նաեւ հույս հայտնեց, որ առաջիկա քառօրյայի ընթացքում երկրորդ ընթերցմամբ կընդունվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: ՚ՔՈՉԱՐՅԱՆԸ ՔԱՋ ՆԱԶԱՐԻ ՆՄԱՆԱԿՆ Էՙ [16:08] 21 Նոյեմբերի, 2006 Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում պետք է տեղի ունենա Սահմանադրական հանրաքվե: ԼՂՀ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ, ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանի արտաքին հարցերի գծով նախկին խորհրդական Ալբերտ Ղազարյանը ասում է, որ ինքը մանրակրկիտ ուսումնասիրել է հանրաքվեի դրվելիք սահմանադրական նախագիծը եւ կարծում է, որ այն ընդունել չի կարելի: ՚Անհեթեթ հոդվածներով լի էՙ,- ասում է պարոն Ղազարյանը՝ շարունակելով. ՚Ամենավտանգավորն այն է, որ հոդվածներից մեկում գրված է՝ ԼՂՀ սուվերինիտետը տարածվում է ներկայիս՝ ԼՂ կողմից վերահսկվող տարածքների վրա եւ որ ԼՂՀ-ն վերականգնելու է իր պետական ամբողջականությունըՙ: Հիշելով, որ ԼՂՀ-ն հռչակվել է իբրեւ ԼՂԻՄ գումարած Շահումյանի շրջան, կարելի է ասել, որ խոսքը Շահումյանի շրջանի վերադարձի մասին է, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներովՙ: Որքան էլ դա ՚հիանալի գաղափարՙ է, այնուհանդերձ Ալբերտ Ղազարյանը կարծում է. ՚Ասելը մի բան է, անելը՝ երկու: Այս հոդվածով գրգռվելու է միջազգային հանրությունըՙ: Ալբերտ Ղազարյանը համոզված է, որ սահմանադրական նախագիծը մշակվել է ՚ըստ երեւույթի իրավագիտությունից անտեղյակ մարդկանց կողմիցՙ, եւ կարծում է, որ ՚ԼՂՀ սահմանադրական հանրաքվեն անցնելու է այնպես, ինչպես 2005 թ. նոյեմբերի 27-ին անցավ Հայաստանի սահմանադրական հանրաքվենՙ: Այս դեպքում էլոչ միջազգային, ոչ տեղական դիտորդները ոչինչ չեն անելու: Պարոն Ղազարյանը դիտորդներին ընդհանրապես չի վստահում, ասելով թե տեսել է նրանց աշխատանքը, երբ ինքը ԼՂՀ նախագահի թեկնածու էր. ՚Դեռ ընտրությունները չավարտված, հայտարարում են, որ ընտրությունները կայացան եւ հեռանումՙ: ԼՂՀ Քրիստոնեադեմոկրատական կուսակցութԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՓՈՂ ԿՏԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ [16:44] 21 Նոյեմբերի, 2006 Երեւանցի միայնակ թոշակառու, երկրորդ կարգի հաշմանդամ, 35 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Թերեզա Հարությունյանը չի ուզում այլեւս տանջվել խղճի խայթից: Իսկ տանջվում է, քանի որ արդեն 15000 դրամ թոշակ է ստանում ու. ՚Մեր թոշակներն այնքան են բարձրացրել, որ բյուջեն հանկարծ ճեղքված կստանա, եւ մեր դեպուտատները եւ իրենց ժառանգները քաղցած կմնանՙ: Նա կոչ է անում բոլոր թոշակառուներին իրենց թոշակներից որոշակի գումար փոխանցել պատգամավորներին, որպեսզի. ՚Նրանք չտուժեն, այլապես չեն կարողանա կոռուպցիայի դեմ ազնվորեն պայքարել, աղքատությունը վերացնել: Աստված թող նրանց օգնություն հասցնիՙ: Ի դեպ, թոշակառու Թերեզա Հարությունյանի մոտ խղճի խայթոցները ուժեղացել են հատկապես այն ժամանակ, երբ մեր ՚աշխատասեր, պարտաճանաչ, ժողովրդի հոգսերով տառապողՙ պատգամավորները որոշել են իրենց սեփական թոշակները բարձրացնել մինչեւ 230 հազար դրամի ու ՚ապահովեն իրենց եւ իրենց ժառանգների բարեկեցիկ կյանքը, քանզի նրանք ծնված են լավ ապրելու համարՙ: Տիկին Թերեզայի կոչին արդեն միացել են մի խումբ թոշակառուներ: Ի դեպ, այդ կոչն այսօր բաժանվում էր նախագահի նստավայրի մոտ կազմակերպված Քաղաքացիական անհնազանդության ակցիայի ժամանակ: յան նախագահն անհանգստացած է նաեւ ՀՀ վիճակով, քանի որ դրանից է կախված նաեւ ԼՂ վիճակը. ՚Եթե Հայաստանում վատ է, ապա Ղարաբաղում առնվազն երկու անգամ վատ էՙ: Նա համարում է, որ ի բարօրություն Հայաստանի եւ Արցախի ՚Ռոբերտ Քոչարյանի պատկերով Քաջ Նազարը ժամ շուտ պիտի հեռանա Հայաստանիցՙ: ԱԶԳԻ ՓԱԼԱՆԸ ՄՆԱՑ ԽԵՂՃ ՈՒ ԿՐԱԿ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ՈՒՍԵՐԻ՞Ն [16:50] 21 Նոյեմբերի, 2006 ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը դատի է տվել բեմադրիչ Արմեն Մազմանյանին՝ մեղադրելով սեփական անձը վարկաբեկելու մեջ: Առաջին դատական նիստը հետաձգվել է մեղադրյալի հարգելի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը կլինի նոյեմբերի 29-ին, սակայն դժվար է ասել, Արմեն Մազմանյանն այս անգամ կներկայանա՞, թե՞ ոչ: ՚Արմեն Մազմանյանին պետք չի պաշտպանել, ես մի կերպ կպաշտպանվեմ: Առաջին անգամ չի, որ ընկնում եմ անհետաքրքիր սկանդալային իրավիճակի մեջ: Զբաղվել պոպուլիստական դատական շոուով հիմա չէի ուզիՙ,- այսօր ՚Փակագիծՙ ակումբում ՚Մտավորականներն ընդդեմ ազգային հոգեկերտվածքի առճակատմանըՙ թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց Արմեն Մազմանյանը: Բայց սա չի նշանակում, թե նա չի մասնակցելու դատերին. ՚Ձեռնոցը նետված է, ես էլ այն մարդկանցից չեմ, որ հանկարծ հիվանդանամ, փախնեմ: Կձգեմ այնքան, մինչեւ պատրաստ կլինեմ ներկա լինելու իսկական դատական պրոցեսին: Սողոմոն Թեհլերյանի պատմությունը չի, իհարկե, սա մի կաթիլ մեղր է, բայց Սողոմոնին այնուհանդերձ արդարացրեցին: Գիտեք ինչու`դատ արեցՙ: Արմեն Մազմանյանը պնդում է, որ առաջինը ինքը չի սկսել վիրավորել, նա ընդամենը պաշտպանվել է. ՚Հանկարծ չեմ արթնացել եւ սկսել նրան անգրագետ, պոպուլիստ կամ մանկապիղծ անվանել, այլ Կարապետիչն ինքն է սկսել վիրավորել ինձ եւ իմ ընկերներինՙ: Բեմադրիչը պահանջում է դատաքննչական էքսպերտիզա. ՚Թող ապացուցեն, որ նա անգրագետ չի: Տեստեր անցկացնեն՝ 8-9 դասարանների, որտեղ կլինեն հարցեր աշխարհագրության, պատմության, հայոց լեզվից, մի քիչ աստվածաբանության, քանի որ վերջերս Աստծո անունից շատ են խոսում: Թող մասնագետներ հրավիրվեն տարբեր բնագավառներից եւ ստորագրեն, որ ինչ-որ տեսնում են նրա եթերում, անտակտություն, վիրավորանք չէ: Դրանից հետո ես ինձ կճանաչեմ քրեորեն դատապարտելի: Ծիծաղելի է, չէ՞, հայրենիքում քրեական հանցագործ են գտելՙ: Պարոն Մազմանյանին զարմացնում է այն փաստը, որ մինչեւ ինքը շատ այլ մարդիկ են ԱՄՆ հոլդինգի ղեկավարի հասցեին նման խոսքեր ասել, սակայն Տիգրան Կարապետյանը դատի չի տվել նրանց: Ի դեպ, Արմեն Մազմանյանը հանդես է գալու հակընդդեմ հայցով: Ասուլիսի ժամանակ Արմեն Մազմանյանը դժգոհեց նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ՚լուրջ տղերքիցՙ: Նա գտնում է, որ նրանք պետք է պատասխանատվության կանչվեն. ՚Ցուցակն էլ չգիտեմ, ինձ հետաքրքիր չի, բայց այդ մարդկանց հարց կա տալու: Ո՞ր չափորոշիչներով ենք մենք տալիս եթեր ու ռադիո: Որտե՞ղ է այդտեղ պետության գոնե պահանջը, որ չայլասերեն ազգը: Գոնե չափ ունենալ ստրիպ պարեր, ամերիկյան շոու ցույց տալ օրվա մեջ 45 րոպե, գովազդ՝ օրվա մեջ 2 ժամ, ոչ ավելի: Մենակ այս գովազդի բլոկի վրա կարելի է ապացուցել, որ մեր ազգի մեջ տեղի է ունենում մտային դեգրես, որովհետեւ օրվա մեջ դատապարտված ենք այնքան գովազդ տեսնել, որ ակամայից մեր հեռուստաժամի 50 տոկոսը անցնում է կլիշեներ ընկալելով: Սա արդեն նյութական դաստիարակման ֆորմա է դառնումՙ: Իսկ որքանո՞վ են մտավորականները համակարծիք բեմադրիչի հետ՝ հարցին, նա պատասխանեց. ՚Ես վստահաբար համոզված եմ, որ բոբիկ եւ մերկ չի մեր հոգեղեն արգանդը, որ պարզվի, այս ամբողջ ազգի փալանը մնաց խեղճ ու կրակ Մազմանյանի ուսերին: Ես այդքան մեծ ու աբսոլյուտ կարծիք չունեմ իմ մասին: Ամեն մարդու ազատություն վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինինը: Ես չեմ կարող նրանց պարտադրելՙ: ՀԱՅԱՍՏԱՆԸ 110-րդ ՏԵՂՈՒՄ Է [17:26] 21 Նոյեմբերի, 2006 ՚Էկոնոմիստՙ հանդեսի վերլուծական խմբի գնահատմամբ` Հայաստանը ժողովրդավարության մակարդակով այսօր 110-րդ տեղում է աշխարհի 167 պետությունների թվում: Բրիտանացի վերլուծաբանները նշում են, որ Հայաստանը ՚խառը ռեժիմՙ ունեցող պետությունների թվում է` Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի հետ միասին: Պետությունների այս խմբի բնորոշ հատկանիշը կառավարման ինչպես ժողովրդավարական, այնպես էլ ավտորիտար տարրերի առկայությունն է: ՚Ազատությունՙ ռ/կ հաղորդմամբ, հրապարակված ցուցակում առանձին-առանձին դիտարկվում են մի շարք ցուցանիշներ, որոնք գնահատվում են 10-բալլանոց սանդղակով: Հայաստանի պարագայում ընտրական գործընթացին ու բազմակարծության աստիճանին տրված գնահատականը բավական ցածր է` ընդամենը 4,33 կամ նույն գնահատականը, ինչ Ուգանդայինը կամ Քենիայինը: Կառավարության գործունեության արդյունավետությունը, ըստ ՚Էկոնոմիստՙ-ի վերլուծաբանների, Հայաստանում էլ ավելի ցածր է` 3,13: Գրեթե նույն ցուցանիշն է նաեւ քաղաքական մշակույթի կայացման առումով: Միակ ցուցանիշը, որտեղ Հայաստանին համեմատաբար բարձր գնահատական է տրված, քաղաքացիական ազատությունների մակարդակն է: Այս ցուցանիշով Հայաստանի վիճակը շատ ավելի բարվոք է, քան հարեւան Թուրքիայինը կամ Ռուսաստանինը: 2007 թվականի շեմին ՚Էկոնոմիստՙ-ի հետազոտական խումբը որոշել է հատուկ կարծիքով հանդես գալ մի շարք պետությունների վերաբերյալ, որտեղ հնարավոր են բացասական տեղաշարժեր: 8 պետություններից կազմված այս ցուցակում տեղ է գտել նաեւ Հայաստանը: ՚Էկոնոմիստՙ-ի գնահատմամբ`՚2007-ի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են անցնել լուրջ թերություններով, ինչը երկիրը հետ կգլորի դեպի կառավարման ավտորիտար վարչակազմՙ: ՚Էկոնոմիստՙ-ի հրապարակած ցուցակում ավտորիտար երկրների թվում է հայտնվել նաեւ Հայաստանի հարեւան Ադրբեջանը. այն զբաղեցրել է 129-րդ տեղը: Ըստ բրիտանացի փորձագետների, այսօր աշխարհի բնակչության միայն 13 տոկոսն է ապրում լիակատար, կայացած ժողովրդավարական պետություններում: ՚Էկոնոմիստՙ-ի հրապարակված այս ցուցակը ըստ պետությունների թվի դիտարկելու դեպքում կարելի է բացահայտել, որ աշխարհում ամենամեծ թիվը կազմում են կառավարման ավտորիտար համակարգունեցող պետությունները` ընդհանուր առմամբ, դրանք 55-ն են: Հայաստանի նման ՚խառը ռեժիմՙ ունի 30 պետություն: Աշխարհի ամենադեմոկրատական պետությունը Շվեդիան է: Ցուցակում վերջինը Հյուսիսային Կորեան է: ՓՆՏՐՎՈՒՄ Է ԱՅՆ ՈՒԺԸ, ՈՐԸ ԿԱՌԱՋՆՈՐԴԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ [17:27] 21 Նոյեմբերի, 2006 ՚Քաղաքացիական անհնազանդությունՙ շարժումը հանրության սեփականությունը դարձնելու համար այսօր կլոր սեղան էր հրավիրվել: Ներկայիս իշխանություններին անվանելով հանցակազմ՝ ՚Քաղաքացիական ազհնազանդություն շարժման անդամները թվարկեցին գործող իշխանությունների հանցանքներն ու բացթողումները՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ձախողում, ընտրությունների կեղծում, կառավարման համակարգի կոռումպացում եւ այլն: Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրութուններին՝ իշխանությունների կողմից բարեգործության քողի տակ կարտոֆիլի կամ այլ տեսքով կաշառք բաժանելուն ի պատասախան տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն առաջարկեց. ՚ժողովուրդը կարտոֆիլ է վերցնում, որովհետեւ իրեն ավելի լավ բան առաջարկող չկա: Կարտոֆիլի փոխարեն մարդկանց պետք է գաղափար բաժանելՙ: Տնտեսագետի կարծիքով, եթե գյուղացուն սերմ տաս, այն աճեցնելու եւ հետագայում իրացնելու հնարավորություն եւ գաղափար տաս, նա կհրաժարվի կարտոֆիլից: Ըստ Էդուարդ Աղաջանովի, ընդդիմության ամենամեծ սխալն այն է, որ մինչ օրս ժողովրդին հստակ գաղափարներ չի ներկայացրել եւ նույն կարգախոսով արդեն 3 անգամ պարտվել է: Մինչ ընդդիմության սխալներից խոսելը, ՚Մարդու իրավունքներ- 96ՙ հ/կ նախագահ Ռուբեն Թորոսյանն առաջարկեց մաքրել եւ հստակեցնել ընդդիմադիր դաշտը. ՚Ինչպե՞ս կարելի է Օրինաց երկրին համարել ընդդիմադիր: Այն քաղաքական ուժերը, որոնք 1998 թ-ին պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանին չեն կարող ընդդիմադիր լինելՙ: Պարոն Թորոսյանը չի կիսում այն տեսակետը, թե հայ ժողովուրդը դեռ պատրաստ չէ կաշառքից հրաժարվելուն եւ ընտրությունները չկեղծելուն. ՚Այսօր ցանկացած եվրոպական երկիր կերազի մեր 1990 թ-ի չափանիշներով ընտրություններ անկցակցնել: Մեր ժողովուրդը պատրաստ է, իշխանությունները պատրաստ չեն: Միջազգային դիտորդների գնահատականներով էլ ոչինչ չի փոխվելու: Սահմանադրական փոփոխությունների վերջին հանրաքվեի ընթացքում Հայաստան ժամանեցին ոչ թե 14 միջազգային դիտորդներ, այլ՝ հանցագործներ: Տեղական դիտորդներիս կարծիքը որեւէ մեկը հաշվի չառավ եւ շրջանառության մեջ դրեցին այդ հանցագործների գնահատականըՙ, - հիշեցրեց պարոն Թորոսյանը: Դիվանագետ Դավիթ Հովհաննիսյանի կարծիքով այսօր Հայաստանում ձայն են տալիս ուժին: Դիվանագետի կարծիքով տնտեսագետ էդուարդ Աղաջանովի առաջարկը կարող է աշխատել, եթե ժողովուրդը հավատա ընդդիմությանը: ՚Որքան էլ ժողովուրդը հավատա ընդդիմությանը, նա գիտի, որ ընտրությունների արդյունքում Հայաստանում տեղի չի ունենալու իշխանափոխություն: Ճանապարհը մեկն է՝ մերժել գործող հանցակազմինՙ,- նշեց Կարապետ Ռուբինյանը: Նախկին փոխնախարարը ընդհանրապես մերժում է հերթական ընտրությունների հետ հույսեր կապելը: Նրա կարծիքով Հայաստանում ինչ-որ բան կարող է փոխվել միայն արտահերթ ընտրությունների միջոցով. ՚Մեր ժողովրդի առաջ երկու խնդիր կա՝ մերժել ներկայիս հանցակազմին եւ ձեւավորել իր իշխանությունը: Մենք չենք ունեցել այն ուժը, որը կարող է առաջնորդել ժողովրդին եւ վերցնել իշխանությունը: Քաղաքացիական անհանազանդության շարժումը պետք է ընդլայնել, առանց լիդերների անուններ տալու: ժողովուրդը ինքը կընտրի լիդերներինՙ: Այսօրվա կլոր սեղանի ժամանակ քննարկված հարցերին ավելի մանրամասն Քաղաքացիական անհանզանդության շարժումը կանդրադառնա նոյեմբերի 23-ին ժամը 15.00-ին՝ Մերգելյանի անվան ինստիտուտում, որտեղ տեղի կունենա շարժման աջակիցների հավաքը: ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԱՍԵԼԻՔԸ [17:29] 21 Նոյեմբերի, 2006 ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին եւ Բեռնար Ֆասիեին: Զրույցի ժամանակ շարունակվեց ս.թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելի հանդիպման ընթացքում սկսված քննարկումը կարգավորման բովանդակային հարցերի վերաբերյալ: Կողմերը շոշափեցին նաեւ նոյեմբերի 28-29-ը Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման օրակարգի մանրամասները: Օրվա ընթացքում համանախագահներին ընդունել էր Ռոբերտ Քոչարյանը: ԱԺ-ին ՎՍՏԱՀՈՒՄ Է ՄԻԱՅՆ 15 ՏՈԿՈՍԸ [18:25] 21 Նոյեմբերի, 2006 2006 թվականին Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում իրականացվեց մի հետազոտություն, որում ընդգրկվել է շուրջ 6900 տնային տնտեսություն, որոնց ուղղվել է շուրջ 120 նույնանման հարց: Հարցերի միջոցով փորձ է արվել գնահատել Հարավային Կովկասի երեք երկրներում բնակչության դիրքորոշումներն ու վարքագիծը, ինչպես նաեւ ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունները: ՚Տվյալների հավաքագրման նախաձեռնությունՙ ծրագիրը վեր է հանում մի շարք հետաքրքիր հարցեր: Օրինակ, ինչու՞ է արական սեռի ծխողների թվով Հայաստանը տարածաշրջանում շարունակում մնալ առաջինը. թեեւ Երեւանում արական սեռի ծխողների բաժինը նվազել է, այն ներկայումս 12%-ով ավելի բարձր է, քան Բաքվում եւ 5%-ով էլ` քան Թբիլիսիում: Կամ, ի՞նչպես բացատրել հայաստանաբնակների եւ ադրբեջանցիների անտեղյակությունը կամ անտարբերությունը իրենց երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ. բնակչության զգալի մասը (41%-ը Երեւանում եւ 35%-ը՝ Բաքվում) դժվարացել է պատասխանել այն հարցին, թե իրենց երկիրը պետք է արդյո՞ք անդամակցի ՆԱՏՕ-ին: Հետազոտության արդյունքները բացահայտում են նաեւ տնտեսական զարգացման որոշ միտումներ: Օրինակ, Երեւանում անձնական օգտագործման համակարգիչներ ունեցող տնտեսությունների բաժինը 2004 թվականի 15%-ից 2006 թվականին հասել է 21%-ի, մինչդեռ գյուղական վայրերի տնային տնտեսությունների միայն 3%-ում է առկա անձնական օգտագործման համակարգիչ: Ի դեպ, սոցիալական ինստիտուտների վերաբերյալ ՚Տվյալների նախաձեռնությանՙ արդյունքները քննարկման նյութ են առաջարկում նաեւ քաղաքական գործիչներին եւ քաղաքագետներին: Հայաստանում մարդիկ չեն վստահում սոցիալական ինստիտուտների մեծ մասին. 2006թ. միայն 15%-ն են վստահություն հայտնել Ազգային Ժողովի նկատմամբ: ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ [18:49] 21 Նոյեմբերի, 2006 Առաջիկա օրերին սպասվում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Այսօր ՀՀ ԱԺ-ում տեղեկացրեց ԼՂՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը: Իսկ Քոչարյան-Ալիեւ առաջիկա հանդիպումից սպասելիքներն այնքան էլ մեծ չեն. ՚որքան լավատեսական, նույնքան էլ հոռետեսական` 50/50ՙ,- ասաց ԼՂՀ ԱԺ նախագահը: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թոորոսյանին լավատեսության հիմք չեն տալիս մի շարք գործոններ, օրինակ` ռազմական ծախսերը մեծացնելու Ադրբեջանի անհագուրդ ցանկությունը: ՚Եթե անգամ փոքրիկ առաջընթաց լինի` լավ էՙ, իսկ վերջնական լուծման ակնկալիք Տիգրան Թոորսյանը չունի: ԼՂՀ խորհրդարանականներն այսօր մի շարք հարցերի քննարկման նպատակով ՀՀ ԱԺ-ում էին. տեղի ունեցավ Հայաստան-ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի երկրորդ նիստը. առաջինը տեղի էր ունեցել ապրիլին Ստեփանակերտում: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը փակ նիստից հետո հրավիրած ասուլիսի ժամանակ նկատեց, որ տարեկան երկու նիստը բավարար է, որպեսզի համագործակցությունը լինի արդյունավետ: Ապա նաեւ կարեւորեց այլ միջոցառումների անցկացումը: Նիստի ընթացքում քննարկվել են ինչպես ԼՂՀ Սահմանադրության նախագծին վերաբերող հարցեր, այնպես էլ բուն հակամարտությանն առնչվող խնդիրներ: Աշոտ Ղուլյանը դժվարացավ ԼՂՀ խնդրի կարգավորման սկզբունքների շուրջ տեսակետ հայտնել, քանի որ բանակցություններն ընթանում են գաղտնիության պայմաններում եւ այդ պարագայում գնահատականներ տալն անիմաստ է: Բանակցություններին ԼՂՀ մասնակցության վերաբերյալ էլ հայտարարեց, որ դա ինքնանպատակ չի եւ այն ժամանակ, երբ պարզ լինի, որ Ադրբեջանը պատրաստ է խնդրի վերջնական լուծմանը, դրսեւորում է խնդիրը լուծելու քաղաքական կամք, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը անպայման կմասնակցի բանակցություններին: Աշոտ Ղուլյանը նաեւ հիշեցրեց, որ միջազգային մի շարք փաստաթղթերում հստակ ֆիքսված են հակամարտության երեք կողմերը, եւ այն, որ այսօր Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, չի նշանակում, թե Ղարաբաղը կողմ չէ: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն էլ լրագրողներին փոխանցեց իր ղարաբաղցի գործընկերների խնդրանքը, որ լրագրողները ԼՂՀ սահմանները չներկայացնեն ԼՂԻՄ-ի սահմաններով, եւ ՚չհանձնենՙ Ղարաբաղի հողերը: Իսկ լրագրողի այն հարցին, թե ինչու ԼՂՀ Սահմանդրությամբ չի ամրագրված ԼՂՀ սահմանները, Աշոտ Ղուլյանը պատասխանեց, որ այդ խնդրի կարգավորումը թողնված է օրենքով լուծմանը, եւ որեւէ երկրի Սահմանդրության մեջ հնարավոր չէ գտնել սահմանները հստակեցնող դրույթ: Ինչ վերաբերում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությանն, ապա Ղուլյանը հերթական անգամ նկատեց, որ ԼՂՀ Սահմանադրության մեջ հնարավոր չէ գտնել այնպիսի կետ, որը թույլ կտա մարդուն երեք անգամ անընդմեջ առաջադրվել. ՚ԼՂՀ Սահմանադրության մեջ չկա մի հոդված եւ դրույթ, որը հնարավորություն է տալիս երրորդ անգամ առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Այլ հարց է, որ այդ Սահմանադրությունը որպես առաջին Սահմանադրություն եւ իրավական նոր հարաբերություններ չի բացառում, որ նման առիթ հնարավոր է, իսկ այդ չբացառելու հանգամանքին, կարծում եմ, բոլոր հարցերի պատասխանները տրված են ԼՂՀ նախագահի հոկտեմբերի 11-ի հայտարարության մեջՙ: ՕՊՏԻՄԱԼԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ [18:51] 21 Նոյեմբերի, 2006 Այսօր Արտաշատում առաջին վկայականները հանձնվեցին օպտիմալացման արդյունքում կրճատված ուսուցիչներին: Վերջիններս վերամասնագիտանում էին ՚Համակարգչային դիզայնՙ, ՚Համակարգչային գործավար, ղեկավարի օգնական-ռեֆերենտՙ, ՚Հաշվապահական հաշվառում համակարգչի կիրառմամբՙ մասնագիտություններով: ՚Դպրոցական աշխատակազմի օպտիմալացում եւ սոցիալական աջակցությունՙ ենթածրագիրը, որի շրջանակներում իրականացվում է նախկին ուսուցիչների վերամասնագիտացումը, մեկնարկել է 2004թ.-ից եւ նպատակ ունի մեղմելու օպտիմալացման անցանկալի հետեւանքները: ՀԲ ֆինանսավորմամբ այն իրականացնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՚Զբաղվածության պետական ծառայությունՙ գործակալությունն ու ԿԳՆ Ծրագրերի իրականացման գործակալությունը: Օպտիմալացման արդյունքում նախկին աշխատատեղերից զրկված ուսուցիչների նոր մասնագիտություններով դասընթացների կազմակերպումն իրականացնում է ՚Բիզնես Կոնսալտՙ ՓԲԸ-ն, որն այդ իրավունքը ձեռք է բերել մրցույթով: Ինչպես փաստեցին վկայականներ ստացած ուսուցիչները` նոր` շուկայական հարաբերություններին առավել հարիր մասնագիտություններով իրենք անհամեմատ դյուրին են լուծում աշխատանքի տեղավորման խնդիրը. դասընթացներն ավարտած ուսուցիչների մի մասն արդեն ստացել է աշխատանքի առաջարկ: ՍԿԵՍՐԱՐԸ ԾԵԾԵԼ Է ՀԱՐՍԻՆ [19:41] 21 Նոյեմբերի, 2006 Նոյեմբերի 20-ին ոստիկանության Վանաձորի բաժինը հիվանդանոցից հաղորդում էր ստացել, որ դեմքի ու պարանոցի սալջարդերով եւ քերծվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Լուսինե Խ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, տանը, սկեսրայրը՝ 1935թ. ծնված Կորյուն Խ.-ն, վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել Լուսինե Խ.-ին՝ պատճառելով նշված վնասվածքները Լուսինե Խ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն, հաղորդում է ոստիկանության կայքը: ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Հանրապետությունում ձերբակալվել է ՀՀ քր.օր.-ի տարբեր հոդվածների հատկանիշներով հետախուզվող 8 անձ` պոռնկությամբ զբաղվելու համար որջեր կազմակերպելու, պահելու կամ կավատության եւ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար: page=issue&iid=43201 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ [12:30] 22 Նոյեմբերի, 2006 Միջազգային Ճգնաժամային խումբը ստեղծել է մի զեկույց, որը վերաբերում է Ջավախքին: Զեկույցում, մասնավորապես նշված է, որ ՚Վրաստանի կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի երկրի էթնիկապես հայկական եւ ադրբեջանական տարածքներում հակամարտություններից խուսափելու համարՙ: Միջազգային Ճգնաժամային խմբի վերջին` ՚Վրաստանի հայ եւ ազգերի փոքրամասնություններըՙ զեկույցն ուսումնասիրում է այս երկու համայնքների դժգոհությունները: Նշվում է, որ թեեւ վտանգ չկա, որ իրավիճակը կարող է Օսեթիայի եւ Աբխազիայի պես սպառնա Վրաստանի տարածքային ամբողջականությանը, լարվածությունը Սամցխե-Ջավախքում եւ Քվեմո-Քարթլիում, որտեղ նրանք հիմնականում ապրում են, ակնհայտ է: Վերջին երկու տարիներին անցկացվել են ցույցեր, կան տեղեկություններ ոստիկանական բռնության մասին, տեղի են ունեցել սպանություններ: Վրաստանը մեծ առաջընթաց չի արձանագրել` իր բնակչության 12 տոկոս կազմող այս փոքրամասնություններին ինտեգրացնելու ուղղությամբ, փաստում է Միջազգային Ճգնաժամային Խումբը: Հայերը եւ ադրբեջանցիները լավ ներկայացված չեն հանրային կյանքի որեւէ բնագավառում, հատկապես` կառավարությունում, իսկ նրանց եւ Թբիլիսիի միջեւ երկխոսության պակասը էլ ավելի է սաստիկացնում խտրականության եւ օտարացման ընկալումները: Տնտեսական խնդիրները, ներառյալ բարձր գործազրկությունն ու քայքայվող ենթակառուցվածքները, միայն բարդացնում են այդ իրավիճակը, ասված է զեկույցում: ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ [12:31] 22 Նոյեմբերի, 2006 Պատգամավոր Հրանուշ Հակոբյանը չի ուզում, որ իր ընտրողը թյուրիմացության մեջ ընկնի: ՚Ասում եք, որ ԱԺ-ի պատգամավոր այսինչյանը կատարեց այսինչ բարեգործությունը,- խոսքը լրագրողներին ուղղելով ասում է Հրանուշ Հակոբյանը եւ պարզաբանում,- Աժ-ի պատգամավորի իրավունքների, պարտականությունների եւ իրավասությունների մեջ չկա բարեգործություն անելը, դա մեր պարտականությունը չէ: Մենք ստանում ենք ընդամենը 500 դոլարին համարժեք աշխատավարձ, դա հազիվ հերիքում է մեր սեփական կարիքները հոգալու համար: Հարց. որտեղի՞ց դու կարող ես բարեգործություն անելՙ: Ըստ պատգամավորի` այլ խնդիր է, եթե բարեգործությունը լուսաբանելիս լրագրողներն ասեն, թե՝ գործարար այսինչյանը, (թեկուզ եւ պատգամավոր է- խմբ.) կատարեց այսինչ բարեգործությունը: ՚Դա հասկանալի է, քանի որ մարդը գործարար է, մարդն ունի եկամուտ, ստանում է շահույթ եւ նա այդ շահույթից կարող է բարեգործություն անել: Դրանք տարբեր բաներ ենՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց մեծամասնական ընտրակարգով Գավառից ընտրված պատգամավորը՝ դժգոհելով, որ սխալ ձեւակերպումների պատճառով հասարակական մթնոլորտը փչանում է ու. ՚Երբ հանդիպում ես քո ընտրողին, նրան թվում է, թե դու էլ բարեգործություն պետք է անես եւ քո գրպաններից, ձեռքերից, պայուսակից եւս պետք է հորդան այդ ամենըՙ: ԱԺ Գիտության, Կրթության, Մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը համարում է, որ ցանկացած բարեգործություն, որն արվում է պատգամավորի կամ կուսակցության կողմից նախընտրական տարում, դա կաշառք է. ՚Բարեգործություն չէ, բարեգործությունն այն է, որ անում ես եւ լռում: Բայց որ անում ես հանուն նրա համար, որ վաղը քեզ ձայն տան, դրա մեջ ակնհայտորեն միտում կա, կարծես թե առեւտուր էՙ: Ի դեպ, Սահմանադրության 65 հոդվածի համաձայն. ՚Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքիցՙ: ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՄՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ [12:32] 22 Նոյեմբերի, 2006 ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Առնվազն 15 րոպե էր անհրաժեշտ ամերիկացի ընտրողին, որպեսզի նոյեմբերի 7-ի ընտրություններին նա կատարեր իր ընտրությունը: ԱՄՆ ընտրական համակարգն աստիճանաբար անցնում է էլեկտրոնային քվեարկության համակարգին, այսինքն՝ ընտրատարածքներում տեղադրվում են ընտրությունների համար ստեղծված հատուկ համակարգիչներ, որոնց վրա էլ կատարվում է ընտրությունը: Որքան էլ զարմանալի է, այդ համակարգիչները չեն տեղադրվում առանձին խցերում: Բոլորը գտնվում են միեւնույն սենյակում, սակայն կողք-կողքի քվեարկող քաղաքացիների համար ապահովվում է քվեարկության գաղտնիությունը: Իսկ երկարատեւ՝ 15 րոպե քվեարկելու անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ բնակիչներն ընտրում էին ոչ միայն Ներկայացուցիչների պալատի անդամներին, այլեւ քվեարկում էին բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ եւս. օյրինակ՝ շարքային ամերիկացիները որոշում էին, թե բյուջեից ավելի շատ պետք է ֆինանսավորվի կրթությա՞ն, թե՞ առողջապահության ոլորտը: Այսպիսով քաղաքացիների ովեարկությանը սպասող հարցերն այնքան շատ էին, որ հենց այդ որոշումները համակարգչին հանձնելու համար էլ պահանջվում էր 15 րոպե: Ընտրությունների արդիականացումը, սակայն չի նշանակում, որ ոտնահարվում է համակարգչին տիրապետելու նվազ գիտելիքներ ունեցողների իրավունքները: Համակարգն աստիճանաբար է անցնում էլեկտրոնային քվեարկության, ուստի ցանկացողները կարող են նաեւ դեռեւս հին մեթոդներով ընտրություն կատարել: Պարզապես տվյալ դեպքում ընտրողի դատին ներկայացվող հարցերի շարանը տեղավորվում է իրենից բավական երկար ժապավեն ներկայացնող քվեաթերթիկի վրա: Ի դեպ, այս ընտրակարգի կողմնակիցներն ընտրությունների օրվանից ավելի շուտ պետք է հանձնաժողովներին տեղեկացնեն իրենց ցանկության մասին՝ քվեարկել ընտրաթերթիկի միջոցով: Հայաստանյան եւ ամերիկյան ընտրություններն իրարից տարբերվում են մի չնչին հանգամանքով. յուրաքանչյուր ընտրությունից հետո Հայաստանը բաժանում է ժամանակաշրջանների՝ ՚ընտրություններից առաջՙ եւ ՚ընտրություններից հետոՙ: Այդպիսի բաժանում ԱՄՆ-ում ընդհանրապես գոյություն չունի: Նույնիսկ ընտրությունների օրն այնտեղ հատուկ չի որոշվում, ինչպես Հայաստանում է, որտեղ ընտրությունները պարտադիր կերպով պետք է անցկացվեն հանգստյան օրերին: ԱՄՆ-ում այս անգամ ընտրությունների օրը համընկավ աշխատանքային օրվա հետ: Հայ լրագրողների մի խումբ, որն այդ օրերին ԱՄՆ-ում էր գտնվում ՚Ընտրությունների լուսաբանումը մամուլի համարՙ ծրագրի շրջանակում, ընտրությունների օրը շրջելով քաղաքում այդպես էլ չհանդիպեց մարդկային որեւէ կուտակումների որեւէ շենքի առջեւ: Կուտակումների բացակայությունը նույնիսկ դժվարություն էր առաջացնում հայ լրագրողների համար ընտրատարածքի վայրը միանգամից գտնելու եւ հայտնաբերելու առումով: Ինչ վերաբերում է ամերիկացի ընտրողին, ապա նա իր պարտքն էր համարում աշխատավայր մեկնելուց առաջ մտնել ընտրատարածք, ընտրությունը կատարել եւ ընտրատարածքից դուրս գալուց առաջ իր հագուստին փակցնել մի փոքրիկ թուղթ, որին պատկերված ԱՄՆ դրոշի տակ գրված էր ՚Ես քվեարկել եմՙ: Ի դեպ, այդ թուղթը ամերիկացիները մեծ հպարտությամբ եւ ողջ օրվա ընթացքում ցուցադրաբար կրում էին եւ չէին պոկում իրենց հագուստից: ՆՐԱՆՔ ԷԼ ԵՆ ԱՆՏԱՐԲԵՐ ԱՄՆ բնակչության 30%-ը, կարելի է ասել, մատնված է անտարբերության: Սակայն ոչ թե պետության կողմից, այլ ընտրություններին մասնակցող թեկնածուների կողմից: Խնդիրն այն է, որ ուսումնասիրությունների համաձայն ԱՄՆ բնակչության 70% է միայն ակտիվ մասնակցում ընտրական գործընթացներին: Դրա համար էլ թեկնածուները գերադասում են ՚աշխատելՙ ակտիվ քաղաքացիների հետ: Չէ՞ որ անտարբեր քաղաքացիների շրջանակում քարոզելու համար ավելի շատ ժամանակ, գումար եւ նյարդեր են անհրաժեշտ. նրանց ոչ միայն համոզել է պետք է քվեարկել այս կամ այն թեկնածուի կամ հարցի վերաբերյալ, այլ ընդհանրապես համոզել, որ անհրաժեշտ է գնալ ընտրությունների: Այս ընտրություններում, օրինակ՝ կային թեկնածուներ, որոնք համոզված լինելով իրենց հաղթանակում նույնիսկ հեռուստագովազդի համար գումար չէին ծախսում: Իսկ ընդհանրապես ընտրությունները ԱՄՆ-ում աչքի են ընկնում գաղափարախոսական պայքարի բացակայությամբ: Այս ընտրություններում Հանրապետականների եւ Դեմոկրատների միջեւ կարեւորագույն գաղափարական ՚հակամարտությունըՙ վերաբերում էր Իրաքյան պատերազմը դադարեցնելուն կամ շարունակելուն: Մնացած դեպքերում թեկնածուները միմյանց հանդեպ կիրառում էին ՚Սեւ PRՙ հասկացությունը՝ ով ում հետ նախկինում պարեց, ով որ կոռումպացված չինովնիկի հետ է ժամանակին շփվել եւ այլն: Ամերիկյան նախընտրական արշավների յուրահատկությունն այն է, որ նահանգների ու քաղաքների շենքերը չեն աղտոտվում եւ փչացվում սոսնձով պատերին փակցվող թեկնածուների պաստառներից: Գովազդի ցիվիլ միջոցներից այնտեղ ընտրվել է այս մեկը, երբ գովազդային պաստառները տեղադրվում են գազոնների վրա՝ շենքերի մոտ: Ի դեպ, տարբեր թեկնածուները պաստառները շատ ՚համերաշխՙ են գոյատեւում միմյանց կողքին եւ նույնիսկ ՚Սեւ PRՙ-ի առկայությունը չի նպաստում նրան, որպեսզի մրցակից թեկնածուի պաստառներն անհետանան եւ եւ միտումնավոր փչացվեն: Դե իսկ ընտրություններից հետո էլ քաղաքները թեկնածուների պաստառներից ազատվում են շատ ավելի հեշտ, քան Հայաստանի բնակավայրերը, քանզի պաստառները հեշտությամբ հանվում են փակցված տեղից եւ ոչ մի հետքեր չեն թողնում: ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆԸ ԿԱՐԵՒՈՐ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՄՆ քաղաքական գործիչները, ի տարբերություն իրենց հայաստանյան գործընկերների, ընտրությունների օրը անցկացնում են շատ հանգիստ: Օրինակ՝ Քերթ քաղաքում այս թեկնածուն հայ լրագրողների հետ հանգիստ նախաճաշում էր մի փոքրիկ հասարակական վայրում, որտեղ, կարծես, իրենց ոչ մեկը չէր էլ ճանաչում եւ որտեղ նա եկել էր միայնակ՝ առանց իր թիմի ներկայացուցիչների: Նա ողջ օրն էր այսպես անցկացնելու, մինչեւ օրվա վերջում իմանար ընտրությունների արդյունքները: Ընդհանրապես նախընտրական հանդիպումները ԱՄՆ-ում առանձին ուսումնասիրության առարկա են: Եվ այդ ուսումնասիրությունն, ի դեպ, պետք է անեն հայ քաղաքական գործիչները, այլ ոչ թե լրգարողները: Հայ լրագրողների խմբին հաջողվեց Օհայո նահանգի Քլիվլանդ քաղաքում մասնակցել ընտրություններից առաջ Դեմոկրատների վերջին հանդիպմանն ընտրողների հետ: Հանդիպումն անցավ ամերիկյան շոուներին բնորոշ ոգով, սակայն որեւէ հեգնական զգացում այն չառաջացրեց, որովհետեւ ամեն ինչ արված էր թույլատրելի սահմանում: Հանդիպման ընթացքում եղան եւ բոցաշունչ ելույթներ, որի ժամանակ դահլիճի պատերը, կարծես, այլեւս ի վիճակի չէին սանձել ընտրողների ոգեւորությունը, եղան նաեւ երգեր, որոնք կատարեց հենց ընտրություններին մասնակցող թեկնածուն. ճիշտ է դա մի երգի հատված էր, որը սեւամորթների միասնության եւ հաղթանակի մասին էր: Հանդիպմանը մասնակցող քաղաքական գործիչներն այնպիսի արհեստավարժությամբ էին կատարում իրենց աշխատանքը, որ դահլիճում գտնվողները նույնիսկ չէին նկատում, թե ինչպես են հիպնոզացվում, ենթարկվում համընդհանուր էյֆորիայի եւ խանդավառությունից ելնելով ծափահարություններով ակամա ոտքի էին կանգնում: Ընտրողների հետ այդ վերջին հանդպումը բավական ներկայացուցչական էր, քանի որ դրան մասնակցում էին ոչ միայն այդ քաղաքում ընտրություններին մասնակցող թեկնածուները, այլեւ նրանց օգնելու համար եկել էին Սենատում ներկայացված դեմոկրատները եւ նույնիսկ այն երիտասարդ քաղաքական գործիչը, որին բազմաթիվ կանխատեսումների համաձայն, պատրաստում են ԱՄՆ-ում նախագահության համար: Վերջինս՝ Բարակ Օբաման սպիտակամորթի եւ սեւամորթի զավակ է: Ի դեպ, այդ փաստը նույնպես շահարկվում է: Ոմանք նույնիսկ մեջբերում են Նոստրադամուսի կանխատեսումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ պետք է դառնա սեւամորթը: Վերադառնալով նախընտրական հանդիպմանը նշենք, որ բազմաթիվ դեմոկրատների ելույթները մեկը մյուսին հաջորդում էին ինտենսիվ՝ 2-3 րոպեանով ելույթներն այդպես էլ չկրկնվեցին: Հետաքրքիրը նաեւ այն էր, որ բոլոր թեկնածուները խոսում էին թիմային տեսանկյունից՝ մի կողմ դնելով սեփական ՚եսՙ-ը: Ելույթների ընթացքում չեղան որեւէ անիրատեսական խոստումներ կամ սպառնալքներ իշխող խմբի հանդեպ՝ թեեւ մատնանշվում էին թույլ տրված թերությունները: Միակ սպառնալիքն այն էր, որ նոյեմբերի 7-ի ընտրություններից հետո ԱՄՆ նահանգները ՚հանրապետականների կարմիր գույնիցՙ կվերածվեն ՚դեմոկրատների կապույտ գույնիՙ: Իսկ վերջում հանդիպմանը դուրս եկած Բարակ Օբաման խոստացավ, որ դրանով դեմոկրատներն առաջին քայլն են անելու դեպի Սպիտակ Տուն: ՓՈՔՐԻԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՇԿԱԿԱՐԻ ԱՐՀԵՍՏԱՆՈՑՈՒՄ [12:33] 22 Նոյեմբերի, 2006 64-ամյա վարպետ Հակոբը Երեւանի Նոր Արեշ թաղամասի լավագույն կոշկակարներից է. այսպես են նրա մասին ասում թաղամասում ապրողները: Հմուտ վարպետն արդեն 50 տարի է, ինչ զբաղվում է իր սիրելի աշխատանքով: Իսկ աշխատանքային ճանապարհը նա սկսել է պատանեկության տարիներից` 7-րդ դասարանում լքելով դպրոցն ու կոշկակարի աշակերտի կարգավիճակով տեղավորվելով արհեստանոցում: ՚Տունը մնամ ի՞նչ անեմ: Այստեղ գալիս եմ զբաղվում եմ, օրն էլ անցնում գնում էՙ,- տարեց կոշկակարն այսպես է բացատրում ամեն օր աշխատանքի գնալու իր ձգտումը: Վարպետ Հակոբի մոտ գալիս են տարբեր տարիքի մարդիկ` մեծահասակներ, երիտասարդներ, երեխաներ: Շատ անգամ ընդառաջում է մարդկանց, ովքեր գումար չունեն: Լինում է դեպքեր երբ գալիս, խնդրում են ինքն էլ մտնում է այդ մարդկանց դրության մեջ եւ անվճար վերանորոգում է կոշիկները. ՚բա ի՞նչ անենք, պետք է օգնենք, հո չե՞նք թողի ձմռանը սառչիՙ,- ասում է վարպետը: Նրա կարծիքով ավելի հեշտ է նոր կոշիկ կարել, քան վերանորոգել հինը, դրա համար պետք է լինել արհեստավարժ, որ միանգամից նայելով կոշիկին իմանաս` ինչ է պետք անել: Սակայն մեծ դժվարությամվ վերանորոգված կոշիկները երբեմն պետք չեն լինում տերերին: ՚Պատահում է, որ մարդիկ բերում, թողնում են իրենց կոշիկները, որպեսզի վերանորոգեմ, բայց ամիսներով-տարիներով չեն գալիս տանեն իրենց կոշիկները. մեկը քաղաքից բացակայելու պատճառով, մյուսն էլ` գումար չունենալուՙ,- ասում է վարպետը: Նա իր համար մշակել է որոշակի ժամկետ, որի ընթացքում պահում է ՚լքվածՙ կոշիկները, իսկ որոշ ժամանակ դրանք պահելուց հետո ձմռանը այդ կոշիկները օգտագործում է որպես վառելիք` տաքացնում է իր սենյակը, որտեղ աշխատում է: Վարպետի մոտ օրական գալիս է 3-5 պատվիրատու: Կոշկակարի գործը, սակայն այսօր այն չէ, ինչ նախկինում: Մարդիկ գերադասում են գնել նոր կոշիկ` հինը վերանորոգելու փոխարեն: ՚Լինում են դեպքեր, որ շաբաթներով գործ չեմ ունենումՙ,- ասում է վարպետ Հակոբը: Սակայն նույնսիկ այդ օրերին վարպետն անգործ չի մնում, քանի որ կոշկակարի փոքրիկ արհեստանոցը վերածվել է յուրօրինակ Ազգային Ժողովի կամ կառավարության, որտեղ տարբեր հարցեր են քննարկվում, լուծվում եւ խորհուրդներ են տրվում: Նրա մոտ գալիս են ընկերները եւ, ինչպես նա է ասում, ՚խոսում են դեսից-դենիցՙ, երիտասարդներն էլ իրենց խնդիրների մասին են պատմում` այն ակնկալիքով, որ կյանքի մեծ փորձ ունեցող վարպետը խորհուրդներ կտա: Այդ զրույցների արդյունքում վարպետը մտահոգվել է, որ այսօր երիտասարդները փող չունեն, որպեսզի ամուսնանան, ընտանիք կազմեն, երեխաներ ունենան, որ ազգը աճի եւ բարգավաճի: Իսկ մեզ հետ զրույցի վերջում վարպետն ասաց իր ավանդական ցանկությունը. ՚թող երկրին խաղաղություն լինի, որ մեր հայրենակիցները սփյուռքից վերադառնան իրենց հայրենիք, երիտասարդներն էլ անհոգ մեծանան եւ հասնեն իրենց նպատակներինՙ: ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՊՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ [12:43] 22 Նոյեմբերի, 2006 Հայաստանի դպրոցներում, համալսարաններում, հասարակական կազմակերպություններում եւ բուժհաստատություններում աշխատող ամերիկացիների թիվը հասել է 77-ի: Նրանք բոլորն էլ Խաղաղության Կորպուսի ներկայացուցիչներն են, որոնք կամավորական սկզունքով երկու տարի ապրում են Հայաստանում եւ օգնում են հայաստանցիներին ավելի ճիշտ հասկանալ ամերիկյան մտածելակերպը շուկայական, առողջապահական, կրթական եւ բնապահպանական ոլորտներում: Խաղաղության կորպուսի կամավորները իրականացնում են փոքր գումարային չափերով ծրագրեր՝ մինեչւ 5000 դոլար արժողությամբ: Օրինակ՝ ձկնաբուծական ֆիրմայի ստեղծում կամ ուսումնական դասընթացի անցկացում: Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Խաղաղության կորպուսի կազմակերպությունների ութերորդ ամենամյա շնորհանդեսը: Հայաստանում համայնքի եւ բիզնեսի զարգացման ծրագրի ղեկավար Արշակ Հովհաննիսյանը խաղաղության կորպուսի իրականացրած աշխատանքների մասին խոսելիս տվեց հետեւյալ գնահատականը. ՚Բոլոր ծրագրերը չեն, որ 100 տոկոսով գերազանց են անում, միշտ լինում են դրական եւ բացասական կողմեր: Իսկ ընդհանուր առմամբ բոլոր ծրագրերից գոհ եմ, այն ծրագրերից, որոնք իրականացվել են իմ ծրագրի ներքոՙ: Իսկ հետո հավելեց, որ Խաղաղության կորպուսը չի իրականացնում այնպիսի լայն ծրագրեր, ինչպիսին Հայաստանում իրականացնում է, օրինակ` USAID-ն: Շնորհանդեսին ներկա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էնթոնի Գոդֆրին իր հերթին նշեց. ՚Սա երրորդ տոնավաճառն է, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել: Այստեղ տարեց տարի տեսնում եմ ոչ կառավարական հասարակական կազմակերպությունների ներկայությունը, սա թույլ է տալիս ենթադրելու, որ կապերը, որոնք հաստատվել են, բավական արժեքավոր են: Այսօր 77 ամերիկացիների կներկայացնենք, որոնք ամենալավն են, փորձառու, անաչառ մարդիկ ենք: Նրանք ուղիներ են փնտրում, որ Հայաստանում կարողանան առավել արդյունավետ աշխատել: Ուզում են նվաճումներով հեռանալՙ: ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961 թ.-ից եւ նպատակ ունի աջակցել այլ երկրների մարդկանց՝ ըստ անհրաժեշտության. նպաստել, որ այդ երկրներում ճիշտ ընկալեն ամերիկացիներին եւ օգնել, որ ամերիկացիները ճիշտ ընկալեն այլ մշակույթները: Հայաստանում Խաղաղության կորպուսը գործում է 1992թ.-ից եւ 14 տարիների ընթացում այստեղ աշխատել են 529 կամավորներ: Կամավորներն աշխատավարձ չեն ստանում, իսկ ընդհանուր ծրագրային աջակցություն ստանում են Ամերիկայի միացյալ նահանգների զարգացման գործակալության կողմից, որը տարին մեկ անգամ տրամադրում է որոշակի գումար: ԽԱՉՔԱՐ` ՀԱՅ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ [12:51] 22 Նոյեմբերի, 2006 ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց Թեմի, Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանի եւ առընթերակայությամբ Տ. Մաշտոց քհն. Հակոբյանի մի քանի օր առաջ օծվեցին Բառնաուլ քաղաքի ՚Ս. Հռիփսիմեՙ նորակառույց եկեղեցու գմբեթների խաչերը£ Օրհնվեց եւ օծվեց նաեւ Հայաստանից բերված կարմրատուֆ խաչքարը, որի նվիրատուն է Արամայիս Մարտիրոսյանը: Խաչքարը կանգնեցված է եկեղեցու շրջակայքում` ի նշանավորումն ռուս եւ հայ ժողովուրդների բազմադարյա եղբայրության: Հանդիսավոր արարողությանն իրենց ներկայությունն էին բերել Ալթայի երկրամասի Ռուս Ուղղափառ եկեղեցու Թեմի առաջնորդ` Մաքսիմ եպիսկոպոսը, Բառնաուլի շրջանային դումայի նախագահ Ս. Կրասնովը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բազմաթիվ հայորդիք, ովքեր բնակություն են հաստատել Ալթայի երկրամասում, մասնավորապես Բառնաուլ քաղաքում: Սրբազան արարողության ավարտին Գերաշնորհ Սրբազան Հայրն իր օրհնության ու բարեմաղթանքի խոսքն ուղղեց հավաքված ժողովրդին, կոչ անելով, որ հեռավոր երկրամասում հաստատված մեր ժողովրդի զավակները հավատարիմ մնան ազգային եւ հոգեւոր այն արժեքներին, որ ժառանգել ենք մեր նախնիների կողմից, որով որպես ազգ եւ ժողովուրդ արդեն 1700 եւ ավելի տարիներ ապրում եւ արարում է մեր ժողովուրդը` ապավինած փրկարար Խաչին: ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԵՐԿԻՐ ՏՈՒՐԻՍՏԱՎԱՅՐ [14:07] 22 Նոյեմբերի, 2006 ՚Հայաստանը որպես տուրիստական վայր բավականին առաջընթաց է ապրելՙ. Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանն այսօր համոզում էր լրագրողներին, որ Հայաստանի տուրիստական վարկանիշն ապահովված է, մնում է զարգացնելը: Ըստ նրա, 2006թ հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 272 հազար զբոսաշրջիկ, որը 18 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այս դեպքում ի՞նչ հիմքով է Ռոբերտ Քոչարյանն ասում, որ 2006թ ընթացքում Հայաստան այցելելու է 400 հազար զբոսաշրջիկ: Արա Պետրոսյանը վստահեցնում է, որ 400 հազարը իրական թիվ է, ու ինքն է այդ կանխատեսել՝ հաշվի առնելով զբոսաշրջիկների քանակի աճը: Վերջին տարիներին հանրապետություն այցելող միջազգային զբոսաշրջիկների քանակի միջին տարեկան աճը կազմել է 25 տոկոս: Պարոն Պետրոսյանն առայժմ դժվարանում է ասել, թե քանի տոկոսն են կազմել սփյուռքահայ զբոսաշրջիկները: Ներկայումս մոնիտորինգ է անցկացվում եւ այն կհրապարակվի հաջորդ տարվա սկզբին: Հայաստան հիմնականում զբոսաշրջիկներ գալիս են ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ-ից: Նրանց, ըստ փոխնախարարի, Հայաստանը գրավում է պատմամշակութային տուրիզմով, հայկական ավանդույթներով, բնության բազմազանությամբ: Հայաստանի համար, բնականաբար, առաջնահերթ է նաեւ տուրիզմի էթնիկ-նոստալգիկ ճյուղը՝ հաշվի առնելով աշխարհասփյուռ հայության գործոնը: ՚Հայաստանը զբոսաշրջիկների համար ավելի մատչելի երկիր է, քան Ադրբեջանն ու Վրաստանըՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց պարոն Պետրոսյանը՝ նշելով, որ զբոսաշրջիկը 5-6 օրվա ընթացքում Հայաստանում ծախսում է միջինը 1000 դոլար: Իսկ Թուրքիայի հետ համեմատվելը պարոն Պետրոսյանը սխալ է համարում, քանի որ. ՚Թուրքիայի ծովի հետ հայկական տուրիզմը չի կարող մրցակցելՙ: Ըստ նրա, բնական է, որ ամբողջ շաբաթվա ընթացքում եթե պառկած ես ծովի ափին, ավելի քիչ գումար ես ծախսում, քան երբ ընտրում ես պատմամշակությաին տուրիզմը: Փոխնախարարն անընդունելի է համարում նաեւ այն ձեւակերպումները, թե Հայաստանում գրեթե նույն գներն են, ինչ ավելի զարգացած երկրներում: Քանի որ դա բնական է, ինչպես օրինակ՝ ՚կոշիկ կարելը ցանկացած երկրում նույն գնով էՙ: Ի դեպ, զբոսաշրջիկներին գրավելու համար արդեն մի քանի ամիս է ՚CNN-Ինթերնեշընըլՙ-ով հեռարձակվում են Հայաստանի վերաբերյալ երկու տեսահոլովակ: Դրանք հեռարձակվելու են 400 անգամ, յուրաքանչյուր հեռարձակման համար Հայաստանը վճարում է 1000 դոլար: Ըստ Արա Պետրոսյանի, սա այնքան էլ մեծ գումար չէ, քանի որ եթե զբոսաշրջիկների հոսքը շատանա, ապա Հայաստանը հարյուրապատիկ կշահի: Առայժմ Հայաստանում կա մեկ հինգաստղանի՝ ՚Գոլդեն փալասՙ, մեկ չորսաստղանի՝ ՚Մետրոպոլՙ, երեքաստղանի՝ ՚Կոնգրեսՙ հյուրանոցները: ՚Արմենիաՙ հյուրանոցը, ըստ փոխնախարարի, երբեք չի կարող հավակնել հինգ աստղի, քանի որ չունի լողավազան եւ առողջարանային կենտրոն: Ընդհանրապես, Հայաստանում պարտադիր չէ, որ հյուրանոցը աստղ ունենա: Դա հետագայի հարց է, ու ՀՀ կառավորությունն առայժմ չի պարտադրում հյուրանոցատերերին դիմել աստղերի համար, այլ թույլ է տալիս առանց աստղերի էլ աշխատել: ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ [15:07] 22 Նոյեմբերի, 2006 Ղարաբաղի Ազգային վիճակագրական ծառահության տվյալներով 2006 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Ղարաբաղում ծնվել է 1578 երեխա, ինչը 53-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Ուսումնասիրված ժամանակահատվածում մահացել է 933 մարդ, նախորդ տարվա այդ ցուցանիշը եղել է 577: Բնակչության բնական աճը կազմել է 645 մարդ եւ նախորդ տարվա համեմատությամբ աճել է 97-ով, համեմատական տվյալները ներկայացնում է ՚Karabakhopenՙ կայքը: Պաշտոնապես Ղարաբաղ ժամանած մարդկանց թիվը կազմել է 653, իսկ մեկնել է 899 մարդ: Բնակչության մեխանիկական անկումը կազմել է 246 մարդ: Ի դեպ, մշտական բնակություն հաստատելու համար Հայաստանից եւ ԱՊՀ երկրներից Ղարաբաղ է տեղափոխվել 124 ընտանիք եւ 444 մարդ, նրանցից 197 երեխաներ են: Դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է 594 ամուսնություն, ինչը 8,4%-ով ավելի է, քան նախորդ տարի: Նշենք, որ Ղարաբաղում յուրքանչյուր 100 ամուսնությանը բաժին է ընկնում 15 ամուսնալուծություն: ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՚ԱՄՈԹԱԼԻՙ ԷՐ [16:07] 22 Նոյեմբերի, 2006 ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Հաշմանդամ բնակիչներ ունենալու տեսակետից Հայաստանի Տավուշի մարզն ամենածանրաբեռնվածն է: Սա փաստում են վիճակագրական տվյալները, որոնք, սակայն 2002թ.-ին են ամփոփվել, իսկ նոր, թարմացված տվյալներ մարզպետարանը մինչ օրս չունի: Իբրեւ հաշմանդամության պատճառ` առաջ են քաշվում առողջապահական խնդիրները, հատկապես ծննդաբերության ժամանակ առաջացած բարդությունները: ՚Այս սերնդի աղջիկները ծնվել են պատերազմի տարիներին, որն, իհարկե, իր հետքը թողել է: Շատ են այստեղ կեսարյան հատումները, նաեւ ապագա մայրն անհրաժեշտ չափով իրազեկված ու հոգեբանորեն պատրաստ չէ: Իջեւանում կա նաեւ սննդի խնդիր. շատ հաճախ ապագա մայրերը ճիշտ չէն սնվում: Բացակայում են նաեւ որկյալ բժիշկ-մասնագետներըՙ,- ասում է Իջեւանի հատուկ դպրոցի հեգեբան-մանկավարժներից Մարինե Խախանյանը: Մարզի չորս կենտրոններում` Բերդ, Նոյեմբերյան, Իջեւան, Դիլիջան, գործում են հատուկ դպրոցներ, որտեղ հաճախում է ավելի քան 300 հատուկ կարիքներ ունեցող երեխա: Այս կենտրոնները հիմնվել են ՚Հույսի կամուրջՙ ՀԿ-ի ջանքերով, որը սեմինար պարապմունքներ է անցկացնում նաեւ այն դպրոցներում, որտեղ ներդրվելու է ներառական կրթական ծրագիրը: Ծրագիրը ենթադրում է կրթական հավասար պայամաններ եւ իրավունքներ բոլոր երեխաների համար` անկախ առողջական կամ սոցիալական վիճակի: Հաշմանդամ երեխաներին կենտրոնը սկզբում դժվարությամբ էր փնտրում եւ գտնում, քանի որ շատ ծնողներ ամաչում էին իրենց հաշմանդամ երեխային նույնիսկ բակ դուրս բերել: ՚Նրանցից շատերի հարեւանները շատ հաճախ չէին իմանում, որ կողքի տանը հաշմանդամ երեխա կա: Ծնողներին շատ դժվար էր համոզել, որ երեխային բերեն կենտրոն, որ նա կարողանար շփվել իր հասակակիցների հետ եւ չներփակվեր իր մեջ: Այսօր կենտրոնում կան շատ երեխաներ, որոնք կամաց-կամաց սկսել են ավելի ազատ շփվել, ի հայտ են գալիս նրանց ընդունակություններն ու հնարավորություններ: Երեք տարիների ընթացքում մոտ 150 հատուկ կարիք ունեցող երեխա այս կենտրոնից հաճախել է դպրոցՙ,- ասում է ՚Հույսի կամուրջՙ-ի` Իջեւանի համայնքային կենտրոնի տնօրեն Արտաշես Ամիրյանը: ՚Հույսի կամուրջՙ-ի նախաձեռնությամբ ստեղծված Իջեւանի հատուկ կարիքներ ունեցող երեխաների համայնքային կենտրոնը գործում է 2003թ. քաղաքի մանկապարտեզի մասնաշենքերից մեկում: Այս շենքը քաղաքապետարանը կենտրոնին է հանձնել անհատույց` 99 տարով: Միայն այս կենտրոն շաբաթվա մեջ հինգ օր գալիս է 3-25 տարեկան շուրջ 85 հատուկ կարիք ունեցող երեխա: Նրանք օրվա ընթացքում կարողանում են իրենց մյուս հասակակիցների հետ խաղալ, նկարել, երգել, մասնակցել բանավեճի ակումբի հանդիպումներին: Հատուկ կարիք ունեցող երեխաները նաեւ մասնակցում են խոսքի զարգացման, սոցիալական հմտությունների դասընթացներին: Հաշմանդամ երեխաների համար ստեղծված բոլոր պայմանների կողքին կա մեկ խնդիր` ջեռուցման խնդիրը: Բոլոր խաղասրահներն ու դասասենյակները տաքացվում են գազի վառարաններով, որոնք թե անվտանգության տեսանկյունից, թե նորմալ ջերմություն ապահովելու համար բարենպաստ չեն: Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը դրան ի պատասխան բերեց 10 տարվա վաղեմություն ունեցող փայտի վառարանների օրինակը, որոնք այսօր փոխարինվել են գազի վառարաններով, որոնք էլ ավելի անվտանգ են ու ձեռնտու: Ի դեպ, մարզպետի տեղակալի սենյակը հատուկ դպրոցի ցանկացած սենյակից անհամեմատելի տաք էր, քանի որ ջեռուցվում էր բոլոր հնարավոր միջոցներով: Ինչպես նշում է ՚Հույսի կամուրջՙ-ի Իջեւանի համայնքային կենտրոնի տնօրեն Արտաշես Ամիրյանը, իրենց կազմակերպությունը երբեք ներգրավված չի եղել պետական որեւէ ծրագրում, եւ սկզբնավորման օրից մինչ այսօր ֆինանսավորվում է միայն արտասահմանյան դոնորների կողմից: ՚Միայն Իջեւանի քաղաքապետարանն է մեզ աջակցում, հատկապես տնտեսական ծախսերի հարցում: Մի լավ ծրագիր էինք գրել, որպեսզի ամռանն այստեղ ճամբար կազմակերպեինք` այդպիսով ապահովելով ինչպես երեխաների ժամանցը, այնպես էլ այս աղքատ թաղամասի բարեկարգման որոշ հարցեր: Ծրագիրը ներկայացրեցինք ոչ թե տեղական, այլ հանրապետական մասշտաբի մի բարերարի: Մինչ օրս նրա կողմից նույնիսկ բացասական պատասխան չի եղելՙ,- պատմում է Արտաշես Ամիրյանը: Լեւոն Սարգսյանի խոսքերով, հատուկ կարիքներ ունեցող երեխաները ներգրավված են մարզային զարգացման ծրագրերում: Նա հատկապես կարեւորեց համագործակցությունը այլ ՀԿ-ների, գործարարների հետ, իսկ մարզպետարանը, նրա կարծիքով, պետք է ունենա ՚կատարողի դերՙ: ՚Նպատակ ունենք կազմակերպել հաշմանդամ երեխաների համար փոքրիկ միջոցառումներ, հայտնաբերել շնորհալիներին, իրականացնել հասարակությանը նրանց ինտեգրվելու ծրագրեր, տրամադրել անհրաժեշտ սարքավորումներ: Այս միկրոծրագրերն ընդհանուր առմամբ կարժենան 2 միլիոն դրամ: Ինչպես նաեւ նախատեսում ենք սոցծառայությունների միջոցով իրականացնել հանրային իրազեկության ծրագիր, նաեւ հայտնաբերելու մարզում գործող բոլոր ՀԿ-երին, կազմակերպություներին ու համագործակցել նրանց հետՙ,- ասում է Լեւոն Սարգսյանը: Իսկ թե երբ այդ ծրագրերը կիրականացվեն, պարոն Սարգսյանն այդպես էլ չմանրամասնեց: ՇՈՒՐՋՊԱՐԻՑ ԵՎ ԾԱՌԱՏՈՒՆԿԻՑ ԲԱՑԻ [17:45] 22 Նոյեմբերի, 2006 Այսօր լրագրողների համար հայտնի դարձավ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւս մեկ նախասիրության մասին: Փաստորեն, դատախազը ոչ միայն ծառատունկի ու շուրջպարի, այլեւ երիտասարդների հետ շփվելու եռանդ ունի. այսօր նա բավականին մեծ հաճույքով հարաբերվեց դպրոցահասակ երեխաների հետ եւ պատասխանեց նրանց հուզող հարցերին: Միջոցառման նախաձեռնությունը թիվ 114 միջնակարգ դպրոցինն էր, իսկ դատախազությունը ողջունել էր 8-10 դասարանցիների հետաքրքրասիրությունը եւ այսօր փորձեց բավարարել այն: Նախ Աղվան Հովսեփյանը ներկայացրեց դատախազության գործառույթները, դերը, որ կատարում են դատախազության մարմինները երկրում օրինականության հաստատման, հանցավորության դեմ պայքարը համակարգելու եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ապա նաեւ պատասխանեց իրավագիտության հարցերով հետաքրքրվող աշակերտների հարցերին: Աշակերտներից մեկին հետաքրքրում էր այն հարցը, թե արդյո՞ք Հայաստանում դատական, օրենսդիր եւ գործադիր իշխանությունները տարանջատված են, դրանց միջեւ բաժանում կա, ինչպես որ սահմանում է Սահմանադրությունը: Աղվան Հովսեփյանը վստահեցրեց, որ Սահմանադրությամբ ամրագրված իշխանության այդ երեք ճյուղերն իսկապես գործում են տարանջատ, եւ դա շատ կարեւոր է իրավական պետության կայացման համար: Նա բերեց Խորհրդային Միության օրինակը, որտեղ դատախազը կամ դատավորները պատահական մարդիկ լինել չէին կարող, իսկ Կոմունիստական կուսակցության քաղխորհուրդը կարող էր դատախազին հրավիրել եւ ինչ-որ պահանջներ ներկայացնել: ՚Այսօր անկախ Հայաստանում դատախազությունը ապաքաղաքական մարմին է եւ օրենքով ՀՀ գլխավոր դատախազը իրավունք չունի ներկայացնել այս կամ այն քաղաքական ուժըՙ,- պարզաբանեց Աղվան Հովսեփյանը: Աշակերտների հետ էր նաեւ նրանց ուսուցչուհին, որին հետաքրքրում էր, թե արդյո՞ք սովորույթները, որոնցով ավելի շատ է առաջնորդվում մեր ժողովուրդը եւ օրենքները, որոնք ներմուծվում են եվրոպական երկրներից, իրար չեն հակասում: Աղվան Հովսեփյանը նկատեց, որ դա շատ կարեւոր հարց է, եւ պետք է օրենսդիրը մեծ ուշադրություն դարձնի, որ ընդունվող օրենքներն ու ժողովրդական ավանդույթները իրարից հեռու չգնան, որպեսզի ընտրվի ոսկե միջինը, որպեսզի նաեւ այդ օրենքները կիրառվեն: Աղվան Հովսեփյանը աշակերտների խնդրանքով ներկայացրեց նաեւ իր կենսագրությունը: Իսկ վերջում նվիրեց նաեւ իր հեղինակած գիրքը՝ քրեական դատավարության մասին եւ ամսագիր, ապա առաջարկեց դպրոցականներին՝ ներկայացնել իրենց նկատառումներն ու դիտողությունները, որոնք տեղ կգտնեն դատախազության ամսագրում: 2007-ԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ, ԲԱՅՑ ԹՎԱՅԻՆ [19:27] 22 Նոյեմբերի, 2006 2007 թվականին ՀՀ-ում սպասվում է ոչ թե քաղաքական, այլ թվային հեղափոխություն: Իսկ թվային հեղափոխությունն իրականացվելու է հեռուստատեսային ոլորտում՝ թվայնացվելու է ՀՀ ռադիոհեռուստատեսային հեռարձակման ցանցը: Այս խնդիրն այսօր քննարկում էին ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի, Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի կազմակերպած սեմինարի ժամանակ ոլորտի մասնագետները: Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաստին քննարկմանը հղած իր ուղերձում նկատել էր. ՚Անալոգայինից թվային հեռարձակման այս անցումը կբազմապատկի առկա հաճախականությունների թիվը եւ զգալիորեն կնվազեցնի պետական արտոնագրման անհրաժեշտությունըՙ: Այս կարծիքին չեն սակայն հեռուստատեսային ոլորտի խնդիրներին քաջատեղյակ մեր փորձագետները. մասնավորապես, Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության աջակցության կենտրոնի տնօրեն Դավիթ Սանդուխչյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ եթե այսօր գործում է 22 հեռուստակայան, ապա այն ծրագրով, որ այսօր ներկայացվեց, թվային հեռարձակման հնարավորություն կունենա առավելագույնը 16-17 կայան, այդ դեպքում արդյունավետ հաճախականության օգտագործումը որն է, պարոն Սանդուխչյանը չի հասկանում: Նա ընդհանրապես բացասական է գնահատում ներկայացված ծրագրի նախագիծը. ՚Ես սա չէի կոչի Հայաստանում թվային հեռուստատեսության ներդրման ծրագիր, ես կկոչեի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցի վերազինման ծրագիր է, որովհետեւ իրականում խոսքը ՀՀՑ-ի վերազինման մասին, համալիր ծրագիր բոլոր օպերատորների համար՝ տարբեր թվային կապուղիներ տրամադրելու համար չկա, դա ընդամենը հիշատակվում էՙ: Դավիթ Դանդուխչյանը նկատում է այս ծրագրի հիմնական թերությունները. այն, որ 3-4 մասնավոր ընկերություններ մտնելու են պետական աջակցության փաթեթի մեջ, եւ, փաստորեն, անվճար հնարավորություն ստանան հեռարձակել իրենց հաղորդումներն ամբողջ տարածքով՝ թվային ֆորմատով. ՚Սա բնականաբար կխախտի շուկայում բալանսը. այդ 3 ընկերությունները կստանան որոշակի արտոնություններ՝ իշխանության սուբյեկտիվ վերաբերմունքի արդյունքումՙ,- ասում է պարոն Սանդուխչյանը: Մյուս մասնավոր հեռուստաընկերությունները պետք է իրենց միջոցներով վերազինումը կատարեն՝ իրենց տվյալների եւ հաղորդիչ սարքերի. մեր շուկան, Սանդուխչյանի կարծիքով, դրան դեռ պատրաստ չի: Դավիթ Սանդուխչյանին մտահոգության առիթ է տալիս նաեւ լիցենզավորման կարգի սահմանումը. ՚Հստակ հայեցակարգ, մոտեցում, թե ինչպես պետք է լինցենզավորումը կատարվի, չկա, թերի էՙ: Պարոն Սանդուխչյանի գնահատմամբ, թվային համակարգի ներդրմամբ մենաշնորհի, ընդ որում պետական մենաշնորհի վտանգ է առաջանում: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ, այն փաստաթղթերը, որ առայժմ ներկայացվել են, դրանցում հիմնականում անդրադարձ է արված խնդրի տեխնիկական մասին եւ մասամբ միայն սոցիալ-տնտեսականին. ՚Հասարակական-քաղաքական կոմպոնենտը բացարձակապես վերլուծված չի, լուծումներ առաջարկված չեն. ո՞վ է կարգավորողը տվյալ խնդրի, ինչպե՞ս են տրամադրվելու թվային հեռարձակման համար նոր հաճախականությունները, ինչպիսի՞ բովանդակային խնդիրներ են դրվելու եւ լուծվելու. դրանք են այն հարցերը, որոնք առաջին հերթին միտված են հասարակության, սպառողի շահերի բավարարմանըՙ,- մտահոգվում է Բորիս Նավասարդյանը: Քննարկման ընթացքում ի դեպ, ելույթ ունեցավ նաեւ վերջերս իր քաղաքական վերլուծություներով աղմուկ հանած քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, որն այս դեպքում ներկայանում էր իբրեւ հեռուստատեսային-տեխնիկական ոլորտի մասնագետ: Ու եթե սկզբում ՀՀ կառավարության ներկայցրած հայեցակարգը մեծ ոգեւորությամբ էր գովերգում, ապա լսելով հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչների դիտողություններն ու նկատառումները, մասամբ փոխեց կարծիքը եւ ավելի վերապահումներով սկսեց խոսել: Նկատենք, որ այս կարեւորագույն քննարկմանը չէին մասնակցում գործող հեռուստաընկերությունների ներկայացուցիչները, ում հատկապես էր վերաբերում խնդիրն, եւ ով վաղը` արտոնագրի ժամկետի ավարտից հետո կարող է կանգնել լուրջ խնդիրների առջեւ, երբ այլեւս չեն տրվելու անալոգային հեռարձակման արտոնագրեր, իսկ թվայինի հայեցակարգը դեռեւս թերի է: ԵՐԿԱՐ ՄԱԶԵՐԸ ՓՈՂ Է [13:40] 23 Նոյեմբերի, 2006 ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Հայաստանում ստեղծվել է բիզնեսի նոր տեսակ` մազերի վաճառք: Գրեթե բոլոր վարսավիրանոցների ցուցափեղկերին կարելի է հանդիպել հետեւյալ հայտարարության. ՚Եթե ունեք որակյալ երկար մազեր, ապա պատրաստ ենք գնել բարձր գներովՙ: Ամենահետաքրքրականն այն է, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք արձագանքում են հայտարությանը: Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ 67-ամյա Սեդա Պետրոսյանն ապրում է ամուսնու հետ, որը հաշմանդամ է: Նրանք օրական մանր-մունր ծախսեր են անում, որպեսզի Սեդա Պետրոսյանի 11 000 դրամանոց թոշակը երկուսին բավարարի: Սակայն տիկին Սեդան պարապ նստող կանանցից չէ, նա ամեն ամիս եկամտի մի նոր ուղի է գտնում: ՚Մի ժամանակ կողովներ էի սարքում, վաճառում, հետո սկսեցի կար ու ձեւ անել, հագուստներ գործել, բայց հիմա աչքերս առաջվանը չեն, դրա համար դադարեցրել եմՙ,- պատմում է նա: Արդեն երկու տարի է, ինչ տիկին Սեդան նոր ձեւով է գումար վաստակում. ՚Մազերիս քանի որ ոչ ներկ էր կպել, ոչ էլ ֆեն, լավ որակ ունեին, համ էլ երկար էին: Անցած տարի տարա, վաճառեցի: Վատ չէր, 50 000 դրամ ստացա, ահագին յոլա գնացինք: Հիմա նորից եմ տանելու վաճառելու: Գերչակ քսեցի, որ շուտ երկարիՙ: Աբովյան քաղաքի ՚Նարեՙ վարսավիրանոց դիմում են տիկին Սեդայի պես հազարավոր կանայք: Վարսավիրանոցում, սակայն, ոչ բոլոր ՚մատակարարներինՙ են ընդունում. մազի որակը երբեմն չի համապատասխանում պահանջներին: Վարսավիրանոցի վարսահարդարը նկատեց, որ երիտասարդներ երբեք չեն դիմել մազերը վաճառելու համար: Միայն եղել է դեպք, որ 2-3 դասարանում սովորող երեխաների մազեր են վաճառել, այն էլ երկու անգամ: ՚Աբովյանի գյուղերից մեկում մի բազմանդամ ընտանիք կար: Մայրը երկու աղջիկների մազերը երկարացնում էր, հետո բերում, վաճառում: Ահագին գումար էր կազմումՙ,- փաստում է վարսահարդարը, ապա հավելում. ՚Բայց միայն տեսնեիք այդ երեխաների աչքերի արցունքները, որ զրկվեցին երկար ու գեղեցիկ մազերից: Մենք էլ մխիթարում էինք, թե որ գերչակի յուղ օգտագործեք, կրկին կերկարիՙ: Մազերի ՚ընդունմանՙ վերաբերյալ հայտարություն են տրվում նաեւ մայրաքաղաքի վարսավիրանոցներում: Այստեղ նույնպես դիմողների պակաս չի նկատվում: Սակայն եթե մարզերում դիմողները հիմնականում տարեցներ են, ապա Երեւանում գերակշռում են երեխաները: Ի՞նչ պայմաններով են ընդունվում մազերը եւ ի՞նչ նպատակով են օգտագործվում: Ըստ վարսահարդարների, մազերն ընդունվում են գրամներով եւ երկարությունը տատանվում է 30-50 սանտիմետրի սահմաններում: Իսկ ընդունված միջին արժեքը 30 000-120 000 դրամ է: ՚Ամեն տարին իր մոդան ունի: Եւ այս տարի մոդայիկ է մազերի արհեստական աճեցումը: Այդ իսկ պատճառով այդքան շատ է մազերի պահանջարկը: Բացի այդ, կեղծամներ ենք սարքում կամ էլ հանձնում ենք հատուկ կենրտոն, որտեղ էլ պատրաստում ենՙ,- պարզաբանեց վարսահարդար Արամը: ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԽԱ՞Ղ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՒՏՈՒՐ [14:45] 23 Նոյեմբերի, 2006 ՚Ցեղասպանության ճանաչման հարցը բացառապես բարոյական կատեգորիայի հարց է, եւ ամենավատն այն է, որ այս ադմինիստրացիան ցեղասպանության ճանաչման խնդիրը դարձրեց քաղաքական օրակարգի հարց, քաղաքական հարց, հետեւաբար քաղաքական շահարկումների, քաղաքական առեւտրի, քաղաքական քաշքշուկի առարկաՙ,- այս տեսակետն այսօր հայտնեց քաղաքագետ Լեւոն Զուրաբյանը: Նրան հակադարձեց ՚Հայելիՙ ակումբ հրավիրված մյուս բանախոսը՝ ՀՅԴ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը, որը նկատեց, թե ՚լիրբ աշխարհում, ուր բարոյականությունը տեղ չունի, ոչինչ չանել ցեղասպանության ճանաչման ուղղությամբ եւ միայն թանգարան կառուցել եւ գիտաժողովներ հրավիրել, անընդունելի էՙ: Մինչ պարոն Հովսեփյանի ակնարկը թանգարանի մասին, Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իրենց ադմինիստրացիան ամենալուրջ քայլերն է արել ցեղասպանության ճանաչման ուղղությամբ՝ այդ քաղաքականությունը սկսվել է 1991 թվականից, 1995 թվականին կառուցվել է ցեղասպանության թանգարանը, հրավիրվել է առաջին գիտաժողովը, որին հրավիրվել են աշխարհում հայտնի ցեղասպանագետներ: Այստեղ էլ միջամտեց երրորդ բանախոսը՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որը նկատեց, թե ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1987 թվականից՝ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ եւ մեր իշխանությունները ոչինչ կարող էին չանել: Պարույր Հայրիկյանը գտնում է, որ հանցագործին չեն կանչում ու հարցնում, թե արդյոք ինքը կատարել է քրեական հանցագործություն, եւ չեն պահանջում, որ ճանաչի իր կատարած հանցագործությունը. նրան ուղղակի պատժում են: Ըստ Պարույր Հայրիկյանի, այսօրվա իշխանությունների համար ցեղասպանության ճանաչման հարցը խաղ է, որի մեջ մտել են, այլապես գոնե Ֆրանսիայի չափ քայլեր կձեռնարկեին. ՚Այսօր ՀՀ-ն ունի՞ օրենք, որ ցեղասպանությունը հերքողները դատապարտվենՙ: Լեւոն Զուրաբյանի կարծիքով էլ, ՀՀ իշխանությունները ցեղասպանության խնդիրը գործածում են երկու նպատակով՝ առաջին, որպեսզի շեղեն հասարակության ուշադրությունը լուրջ խնդիրներից՝ սոցիալական, քաղաքական, եւ երկրորդ, որպեսզի ընտրությունների ժամանակ ստանան սփյուռքի ձայները: Այն դիտարկմանը, թե այսօր բոլորովին չարժեր ցեղասպանության հարցը դարձնել քաղաքական օրակարգի հարց, որովհետեւ երբեք ավելի կուռ չի եղել թուրք-ադրբեջանական հակահայ դաշինքը, Պարույր Հայրիկյանը նկատեց, որ ՚եթե պետք է ծնողներիդ մոռանաս, որպեսզի լավ ապրես, ուրեմն կործանված եսՙ: Ռուբեն Հովսեփյանը խոսելով ցեղասպանության ճանաչման գործընթացի տենդենցների մասին, ասաց, որ այսօր փոքր ինչ դանդաղել է գործընթացը, որովհետեւ այն երկրները, որ պետք է ճանաչեին՝ ճանաչել են, իսկ մյուսները սպասում են ԱՄՆ-ին, որպեսզի իրենք էլ ճանաչեն: Լեւոն Զուրաբյանը նաեւ հիշեցրեց, թե իրենք ինչպես ձեռք մեկնեցին Թուրքիային, որից հետո, ՚ուղղակի Թուրքիան թույլ չտվեց, որ Հայաստանը կոլապսի մատնվի: 1992 թվականին 50 հազար տոննա հաց ներկրվեց Թուրքիայովՙ: Այստեղ Ռուբեն Հովսեփյանը Զուրաբյանին հիշեցրեց, որ դա արվել է ՄԱԿ-ի պահանջով: Իսկ Լեւոն Զուրաբյանը շարունակում էր պնդել, որ Թուրքիան այդ ժամանակ շահագրգռված էր տարածաշրջանում կայունության հաստատմամբ, դրա համար էլ ՀՀՇ իշխանություններին հաջողվեց Թուրքիային հանել Ադրբեջանի հետ կուռ դաշինքից: Ինչ վերաբերում է Թուրքիայի ԵՄ-ին հնարավոր անդամակցությանը, ապա Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ այսօր Թուրքիան շատ քիչ շանսեր ունի ԵՄ-ին անդամակցելու, բայց Հայաստանի շահերից բխում է Թուրիայի անդամակցությունը, որովհետեւ մենք կունենանք կանխատեսելի հարեւան, կունենանք սահման ԵՄ-ի հետ, եւ այլն. մեր ռեպլիկին՝ թե Ռոբերտ Քոչարյանն էլ է նույն փաստարկները բերում եւ կարծում, որ ինչքան շուտ Թուրքիան ԵՄ-ին անդամակցի, այնքան լավ, Լեւոն Զուրաբյանն ասաց. ՚Դե ոչինչ, մի հարցում էլ թող մեր կարծիքները համընկենՙ: Այս հարցում հակառակ կարծիքին էր դաշնակցական Ռուբեն Հովսեփյանը: Ըստ նրա, պետք է ոչ թե Թուրքիան մտնի ԵՄ, որպեսզի դառնա կանխատեսելի եւ մեզ համար վտանգ չներկայացնի, այլ պետք է մինչեւ մտնելը պատրաստ լինի դրան. ՚այլապես ինձ համար տարբերություն չկա՝ այսօր Թուրքիան ԵՄ անդամ է, թե ոչ. նա նույն սպառնալիքն է ներկայացնումՙ: Ի դեպ, պարոն Հովսեփյանը փորձեց զսպել ամեն ինչի գնով դեպի Եվրոպա ձգտող ուժերի ցանկությունը, նկատել տալով, որ երբ ԵՄ-ն ասում է ՚իմ դռները ամեն թակողի համար բաց չենՙ, նկատի չունի միայն Թուրքիային, այլ նաեւ Հարավային Կովկասի պետություններին՝ այդ թվում նաեւ Հայաստանին: Հայրիկյանն էլ ավելացրեց, որ ԵՄ-ն նախեւառաջ արժեքային համակարգ է. եթե չես ընդունում այդ արժեհամակարգը, ուրեմն անհնար է այդ կառույցին անդամակցությունը, իսկ այսօր արդեն 4 կուսակցություն ընտրություններից առաջ սկսել են նյութական արժեքների բաժանում, ինչը չի հանդուրժի որեւէ Եվրամիություն: ԿՍՏԵՂԾՎԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՆՈՐ ՄԱՐՄԻՆ [15:22] 23 Նոյեմբերի, 2006 ՚Իշխանությունների այն հայտարարությունները, թե առաջիկա խորհրդարանի ընտրությունները լինելու են արդար եւ թափանցիկ պատրանք է: 2007թ. ընտրություններն արդեն կայացած են` դե ֆակտոՙ,- գտնում է ՚Հայրենիք եւ պատիվՙ կուսակցության նախագահ, գնդապետ Գառնիկ Մարգարյանը: - Պարոն Մարգարյան, կարո՞ղ եք հիմնավորել Ձեր տեսակետը: - Ամեն ինչ անզեն աչքով էլ տեսանելի է: Ընտրություններն արդեն կեղծված են բարեգործության քողի տակ: Դժվարանում եմ ասել` դա կուսակցություն է, թե բարեգործական ընկերություն, որի ղեկավարին թվում է, թե ինքը գիգանտ եւ մոնստր է: Գարնանից սկսած նա կարտոֆիլ, ինչ որ թելեր, պարարտանյութ է բաժանում` ընտրազանգված ձեւավորելու համար: Ինչպե՞ս կարող է այդ կուսակցությունը 30 հազար անդամ ունենալ, եթե գաղափար չունի: Հայտնվել է եւս մեկ բարեգործ` Տիգրան Կարապետյանը, որը երգ ու պարով է ընտրազանգված ձեւավորում: Հենց այդ ընտրազանգվածների հաշվին իշխանությունները հույս ունեն աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում տեղի են ունեցել ազատ եւ արդար ընտրություններ: Այսինքն` Հայաստանում կրիմինալը պատրաստվում է հեղաշրջման: - Նախորդ ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ընտրություններից առաջ ժողովուրդը թեեւ վերցնում է ինչ տալիս են, սակայն ձայնը տալիս է նրան ով արժանի է: Չե՞ք կարծում, որ ավելի վտնգավոր է ոչ թե կաշառքով ընտրազանգված ձեւավորելը, այլեւ ժողովրդի ձայներին տեր կանգնել չկարողանալը: - Այո: 2003թ.-ի ընտրություններն ապացուցեցին, որ ունենալով ընդամենը 7-8 տոկոս ձայն, իշխանությունները գնացին կեղծիքների եւ ձեւակերպեցին 51-52 տոկոս ձայն: Վերջին ընտրությունները նաեւ ցույց են տվել, որ ընդդիմությունը չի կարողանում իր ուժերը կենտրոնացնել հանցավոր իշխանությունների դեմ պայքարելու համար: Անհրաժեշտ է ստեղծել մի կոմիտե, որտեղ կհամախմբվեն բոլոր այն ուժերը, որոնք համոզված են, որ այս իշխանություններից ազատվելու միակ ելքը` արտահերթ ընտրություններն են: - Ինչպե՞ս եք պատկերացնում նոր կոմիտեի ստեղծումը: - Այսօր մենք արդեն ունենք ՚Քաղաքացիական անհնազանդության շարժումՙ, ՚Այլընտրանքՙ, ՚Հակակրիմինալ շարժումՙ տարբեր ընդդիմադիր շարժումներ, որոնք մտահոգված են ժողովրդի ապագայով: Ես համամիտ չեմ նաեւ այն տեսակետի հետ, թե ՀԺԿ-ն այսօր իրեն սպառել է: ՀԺԿ-ն ընդամենն ավելի մեղմ քաղաքականություն է վարել: ՀԺԿ-ն այսօր էլ ունի իր կայուն ընտրազանգվածը, որը ոչ թե կարոտախտով առաջնորդվելով է գնում Ստեփան Դեմիրճյանի հետեւից, այլ հավատում եւ վստահում է նրան: Այսօր բոլոր ընդդիմադիր ուժերն էլ համամիտ են, որ այս իշխանությունները հանցավոր են եւ պետք է նրանց հեռացնել: Հենց այդ գաղափարը կարող է համախմբել ընդդիմադիր դաշտը: Իշխանություններին հեռացնելուց հետո, նրանք կարող են այլ հարցերի շուրջ հայտնել իրենց տարաձայնություններն ու մոտեցումները: Բոլոր խոշոր գետերն էլ վտակներից են կազմված: Ես կարծում եմ, որ ընդդիմությանը կհաջողվի ստեղծել մեկ ընդհանուր մարմին, որը բաց կլինի, բոլոր առողջ եւ իրատես ուժերի համար: Այդ գործընթացն արդեն սկսված է: Մենք ունենք անցյալ, ներկա եւ վտանգված ապագա: Մենք չենք կարող ապրել միայն անցյալով եւ թույլ տա, որ այս իշխանությունները մեզ զրկեն ապագայից: Մենք նավթ չունենք, սակայն փոխարենն ունենք մտավորական, գիտնական: Այսօր հայ գիտնականների անունները, որոնք լրջագույն աշխատանքներ են կատարում, գտնում ենք միջազգային տարբեր ամսագրերում եւ տեղեկագրերում: Ինչու՞ պետք է հայ մտավորականը, գիտնականը իր միտքը դնի օտարների վաղվա օրը զարգացնելու համար: 4-5 տարի առաջ, երբ մենք խոսում էինք, որ Հայաստանում արտագաղթը մեծ թափ է առել եւ 2 միլիոնից էլ քիչ մարդ է մնացել, երբ ասում էինք, որ պատրաստվում են հանձնել տարածքները, մեզ ազգի դավաճաններ էին համարում: Այսօր փաստն այն է, որ երկիրը դատարկվել է, իսկ ազատագրված տարածքներն էլ դարձել են առեւտրի առարկա: Եթե Ադրբեջանը խոսում է 1,5 միլիոն փախստականների մասին, ապա մենք ավելի մեծ թվով փախստականներ ունենք, որոնք իրավունք ունեն վերաբնակվել Շուշիում եւ ազատագրված յոթ տարածքներում: Այս իշխանությունները մեզ կանգնեցրել են փաստի առաջ: Միացյալ Նահանգներն ասում է, որ այդ տարածքներից պետք է դուրս բերվեն հայկական զորքերը եւ ՆԱՏՕ-ի զորք մտցնեն, որպեսզի Իրաքի հետ իր խնդիրները լուծի, իսկ Ռուսաստանն էլ գտնում է, որ այս տարածաշրջանում չպետք է ՆԱՏՕ-ն ոտք դնի: - Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը: - Մենք պետք է առաջնորդվենք միայն Հայաստանի շահով: Իսկ Հայաստանի շահը պահանջում է, որ ՆԱՏՕ-ի զորքերը մուտք չգործեն մեր տարածաշրջան: Այս իշխանություններն այնքան են թուլացրել մեր պետությունը, որ աշխարհի հզորները մեզ հետ վարվում են ֆուտբոլի գնդակի պես: Մեզանից ստանում են այն, ինչ ցանկանում են: Նույն Ռուսաստանը մեզ այնքան թուլացրեց, որ ՚Գույք պարտքի դիմացՙ ծրագրով մեզ զրկեց ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներից: Ռուսաստանն իր դիրքերը Հայաստանում ամրացնելով թույլ չի տա, որ մենք դառնանք եվրոպական կառույցների լիարժեք անդամ: ԱՄՆ էլ իր հերթին է ցանկանում Հայաստանը դարձնել փոքրիկ սպասարկող երկիր, որը որեւէ հարցում չի դիմադրի իրեն: Եթե պետք է նստենք եւ սպասենք, թե գերտերություններն ինչպես են վճռում մեր ճակատագիրը, ավելի լավ կլինի հենց հիմա ձեռքներս վեր բարձրացնենք եւ հանձնվենք: Մենք այս վիճակում ենք հայտնվել միայն ներկայիս անօրինական իշխանությունների շնորհիվ: Քանի դեռ հայ մարդը իր հայրենիքում ապահովված չէ Սահմանադրությամբ եւ նրանից բխող օրենքներով, երկիրը չի զարգանալու: Հայաստանում արտագաղթը շարունակվելու է, քանի դեռ վարչապետ կոչեցյալը հայտարարում է, որ հնարավոր է ապրել 11 հազար դրամով: - Այսօրվա իրավիճակի համար մեղավոր են միայն իշխանություննե՞րը, իսկ ընդդիմությունը չունի՞ իր մեղքի բաժին: - Իհարկե, ընդդիմությունն էլ է մեղավոր: Մենք չկարողացանք ցուցաբերել բավարար վճռականություն եւ հանդգնություն, չկանգնեցրեցինք հանցավոր ռեժիմին: Ոչ 2003-ին, ոչ 2004-ին եւ ոչ էլ 2005-ին մենք չկարողացանք համախմբվել: - Իսկ ինչու՞ ընդդիմությունը չկարողացավ համախմբվել: - Որովհետեւ մենք տառապում ենք առաջինը լինելու հիվանդությամբ: Ինձ հեշտ է խոսել այդ մասին, որովհետեւ ես նման ամբիցիաներ չունեմ: Մենք վերջապես պետք է գիտակցենք, որ նախագահի աթոռը մեկն է եւ թե ով է արժանի այդ աթոռին պետք է թույլ տալ ժողովուրդը որոշի: Սա դաժան եւ դառը ճշմարտություն է: - Ի՞նչ երաշխիք, որ ընդդիմությունը նորից չի կրկնի նույն սխալները: - Այդ մտավախությունն է պատճառը, որ ես ընդդիմությանը սթափության կոչ եմ անում: Մենք այլեւս չունենք նահանջի տեղ: Այս ռեժիմին կանգնեցնելու բոլոր գործընթացներն արդարացված են: Ո՞վ է ասում, որ քաղաքացիական անհնազանդությունը սահմանադրական նորմ չէ: Դա նույնպես մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Այսօր ռեժիմը սխալ է, իսկ հասարակությունն էլ բնականաբար չի ենթարկվում: Վերեւները չեն կարողանում կառավարել, իսկ ներքեւներն էլ չեն ենթարկվում: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք գերագնահատում ենք գործող ռեժիմին: Իրականում նրանք շատ թույլ են: Շատ հաճախ մեր վճռական չլինելու պատճառով առյուծ ենք տեսնում մեր առաջ, իսկ իրականում այն թղթից է: Ես ցավում եմ դրա համար, քանի որ թղթե առյուծը չի բխում մեր երկրի շահերից: - Ինչո՞ւ եք կարծում, որ այս իշխանությունները թույլ են: - Օրինակները բազմաթիվ են: Հենց միայն պաշտպանության նախարարի այցը Իրաք: Այդ այցի նպատակը բոլորովին կապ չունի պաշտոնական հաղորդագրությունների հետ: Սերժ Սարգսյանը Քոնդոլիզա Ռայսից երաշխիքներ էր ակնկալում: Մեր իշխանություններն այսօր փնտրտուքի մեջ են, առիթը բաց չեն թողնում գերտերությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Շախմատի օլիմպիական խաղերի ընթացքում էլ Սերժ Սարգսյանը այցելեց Վաշինգտոն` վերարտադրվելու համար երաշխիքներ ստանալու նպատակով: Այսօր մեր իշխանությունները հյուսիսից անտարբերություն են զգում, դրա համար էլ ավելի են թեքվել դեպի Արեւմուտք: - Մենք գիտենք, որ գերտերությունների եւ, ընդհանարպես, միջազգային հանրության ակնկալիքները Հայաստանից կապվում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ: Նման իրավիճակում ԼՂ հարցում ինչպիսի՞ կորուստներ կարող ենք ունենալ: - Ավելի հեշտ է հաղթել, քան այդ հաղթանակը պահպանել: Նույնը վերաբերում է նաեւ Արցախին: Ղարաբաղի խնդիրը դե ֆակտո լուծված է, իսկ դե յուրեն` ժամանակ է պահանջում: Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր` տնտեսությունն է: Միայն ինքնասպասարկող տնտեսություն ունեցող երկիրը չի կարող պահպանել պատերազմով ազատագրած իր տարածքներն ու հաղթանակը: - Այս ռեժիմն իշխանության եկավ ազատագրված տարածքները չհանձնելու կարգախոսով: Ինչպե՞ս եք գնահատում այսօր ԼՂ հարցում նրանց վարած քաղաքականությունը: - Իրենք իրենց հայտարարություններով շատ օբյեկտիվ են գնահատում իրենց քաղաքականությունը: Եթե Պաշտպանության նախարարը հայտարարում է, որ Աղդամը հայկական հող չէ կամ տարածքներն ազատագրել են հետագայում հանձնելու կամ առեւտուր անելու համար, ինքն իր մասին արդեն ամեն ինչ ասում է: Ես Սերժ Սարգսյանին խորհուրդ եմ տալիս բացել պատմության էջերը, դիմել քաղաքագետների, աշխարհագետների: Ամբողջ աշխարհը գիտի, որ երկրորդ Տիգրանակերտը Արցախում է: Երեւի պաշտպանության նախարարը չգիտի, որ բացի Լեռնային Ղարաբաղից նաեւ Դաշտային Ղարաբաղ կա: Այս իշխանություններն իրենք իրենց պիտակավորել են այն գնահատականով, որը տվել էին նախորդ ռեժիմին: Այս իշխանությունների ամենամեծ խնդիրն այն է, որ ի տարբերություն նախորդների, նրանք չեն կարողանում պատվով ընդունել իրենց պարտությունը: - Ո՞րն է այդ պիտակը: - Դավաճան: Այս իշխանություններն իրավունք չունեն մոռանալ Եռաբլուրն ու Հայաստանի եւ Արցախի զոհված երիտասարդներին: Մտահոգիչն այն է, որ նրանք վերարտադրվելու խնդիր ունեն: Իշխանություններն ամեն ինչ անելու են վերարտադրվելու համար, քանի որ եկել է նրանց պատասխանատվության պահը: Նրանք պատասխանատու են ոչ միայն թալանի, քաղաքական հանցագործությունների, սպանությունների, հոկտեմբերի 27-ի, այլեւ` հայ ժողովրդի նկատմամբ վերջին չորս-հինգ տարիների ընթացքում իրականացրած սպիտակ ցեղասպանության համար: iid=43260 ----------------------------------- -------------------------------------------------------------------------------------------- Եղիշե Չարենց Այլուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան: Ախպերն ախպոր համար աղբյուր, ծառավ սրտին սառը ջուր: Ահը շատ է, քան թե մահը: Աղոթքն իր տեղն ունի, թուրն իր տեղը: Աղվեսի վկան իր պոչն է: Աղքատին ո՞վ է տվել արքայություն: Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր: Ամառվա փուշը, ձմեռվա նուշը: Ամեն անգամ գետը գերան չի բերի: Ամեն բան իր տեղըկգա, քոսայի մորուքըչի գա: Ամեն բանի վերջն է գովելի: Ամեն բարեւ տվող բարեկամ չէ: Ամեն մարդ կրակն իր ձվածեղի տակն է քաշում: Ամեն մարդու շապիկը իր մարմնին մոտ է: Ամեն շուն իր դռանն է հաչում: Ամեն փայտ շերեփ չի լինի, ամեն սար` Մասիս: Ամեն փորձանք մի խրատ է, ոչ փորձանքը կվերջանա, ոչ խրատը: Այծին պոզեր չեղան, ասաց`այս տարվա ուլն եմ: Այծն այծի համար լավ է, քան մի հոտ ոչխարը: Այսօրվա մի կանխիկը վաղվա երկու ապառիկից լավ է: Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ: Անձրեւի ծեծածը կարկուտն էլ կծեծի: Անձրեւն ինչ անի քարին, խրատն ի՞նչ անի չարին: Անճարը կերել է բանջարը: Անողը պրծավ, ասողը չպրծավ: Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն: Անտեր մնաս դու բողազ, ինչ որ տեսնես կդողաս: Անտեր ոչխարը գայլը կուտի: Անուշ հոտը վարդից կուզեն, մարդկությունը մարդուց կուզեն: Աշխատանքը սեւ է, հացն` սպիտակ: Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է: Աշխարհն աշխատավորինն է: Աշխարհն արոտ մենք մեջը կարոտ: Աչքե տես, բերնե կարոտ: Աչքը շինելու փոխարեն հոնքն էլ հանեցին: Աչքի տեսածը հաստատ է, քան ականջի լսածը: Աչքից էլ եմ պրծել, աչքացավից էլ: Աչքն ինչքան բարձրանա, հոնքից վերեւ չի բարձրանա: Ապրել կա դանակ է, ապրել կա դմակ է: Աջով տուր, որ ձախով վերցնես: Առածն անխոցելի է: Առանց սիրո սիրտ չկա: Առաջ ասեղը քեզ խրիր, հետո մախաթը ուրիշին: Առյուծի պատիվ էին տալիս, էշ դուրս եկավ: Ասա ո՞վ է ընկերդ, ասեմ ո՞վ ես դու: Աստծուց խնդրիր, բայց բահը ձեռքիցդ մի գցիր: Աստված սարը տեսնում է, ձյունը դնում: Աստված փլավն ո՞ւմ է տվել, ախորժակը` ո՞ւմ: Արագ եմ քայլում, ասում են` ծուռ է, կամաց եմ քայլում, ասում են` կույր է: Արգելված պտուղը համով կլինի: Արտը խախուտ, մահանա կարկուտ: Բանն ո՞վ անի,- ես ու դու,- հացն ո՞վ ուտի,- ես ու դու: Բամբասողը ընկույզի տոպրակ է, ինչքան շարժես ձայն կհանի: Բարդին էլ է շատ երկար, բայց ի՞նչ անես որ բար չունի: Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար: Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր: Բաց ամանը շունն էլ կլիզի, կատուն էլ: Բաց բերանը ճանճ կմտնի: Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա: Բերնե-բերան, հազար բերան, ասեղը կդառնա գերան: Բզի գլխին բռունցքով չեն խփի: Բոյին եմ նայում` խելքս է գնում, խելքին եմ նայում` զահլես է գնում: Բրդողը գիտե, խրթողն ի՞նչ գիտե: Գայլի գլխին ավետարան կարդացին,- շուտ արեք,- ասաց,- ոչխարը գնաց: Գայլի հետ գառ է ուտում, տիրոջ հետ սուգ է անում: Գայլից վախեցողը ոչխար չի պահի: Գայլն ընկավ ոչխարի մեջը, վա~յ մեկի տիրոջը: Գառին ասացին` գայլ որ տեսնես թքի երեսին. ասաց` ոչ տեսնեմ, ոչ թքեմ: Գդալով կերակրում է, պոչով աչքն է հանում: Գժի համար ամեն օր հարսանիք է: Գիժը գնաց հարսնետուն, ասաց` էս լավ է, քանց մեր տուն: Գիժը մի քար գցեց հորը, հազար խելոք հավաքվեցին չկարողացան հանել: Գինի է, թան չէ, ամեն մարդու բան չէ: Գիշեր չի եղել, որ չի լուսացել: Գիշերը գողություն է անում, ցերեկը «տեր ողորմյա» է ասում: Գիտուն աղվեսը երկու ոտքով է թակարդ ընկնում: Գլորվել է խուփը, գտել է պուտուկը: Գյուղ կանգնի, գերան կկոտրի: Գնա մեռի, արի սիրեմ: Գող` սիրտը դող: Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ գնաց: Գործը փառավոր, փառքը թեւավոր: Գորտի երեսին թքեցին, ասաց անձրեւ է գալիս: Դառնություն չճաշակած, քաղցրության արժեքը չես հասկանա: Դարդ կա` կգա կանցնի, դարդ կա` կայրի կանցնի: Դարմանը քոնը չէ,դարմանոցը հո քոնն է: Դուրսը քահանա, ներսը սատանա: Դեւին դժոխք ցույց չտաս, արքայուչյան ճանապարհը չի իմանա: Եզան տակին հորթ են փնտրում: Եզը պոզերով են ուտում, ուրիշին են գող անվանում: Եզն ընկավ, դանակավորը շատացավ: Եթե տասը բան գիտես, մեկն ասիր, իննը պահիր: Եղիր գիտունին գերի, մի լինիր անգետին սիրելի: Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա: Ես գանձ եմ ասում նա տանձ է հասկանում: Ես քեզ բան եմ ասում, իսկ դու բամբակ ես գզում: Երբ համոզված չես որ խոսքդ բանի տեղ կանցնի, լավ է չխոսես: Երգ շատ գիտեմ, բայց ձայն չունեմ, որ խոսեմ: Երեխային գործի դիր, ետեւից գնա: Երեխան իր մատը ծծում, կարծում է մոր կուրծքն է ծծում: Երկաթը տաք-տաք կծեծեն: Երկնքից մի քար է կախված, ով ինքն իրեն չգովի, գլխին կընկնի: Երկինքն ի՞նչ ուղարկեց, որ հողը չընդունեց: Երկու նապաստակի ետեւից ընկնողը ոչ մեկին չի բռնի: Երկու շուն կռվեցին, ճամփորդի բանը հաջողեց: Երուսաղեմ հասանք, քոռ վարդապետի ձեռքը համբուրեցինք: Զարկեց խորոտին, կպավ կոլոտին: Զոռն անզորին կերել է: Էն վաղ էր, որ էշը կաղ էր: Էշը դատի, ձին ուտի: Էշը քառասուն անգամ Երուսաղեմ է գնացել, էլի էշ է մնացել: Էշն ի՞նչ գիտե, նուշն ինչ է: Էս շանն էս շարականն էլ շատ է: Էս քեզ խրատ, էլ չցանես կտավհատ: Ընկել է փողատերը, կանգնել է տղատերը: Ընկերովի մահը հարսանիք է: Թացն էլ չորի հետ վառվում է: Թե փող չունես ծոցիդ, ականջ չեն դնի ծվոցիդ: Թռչուն կա միսն է ուտում, թռչուն կա միսն են ուտում: Թռչունը թեւով է թռչում, մարդու համբավը` գործով: Ժամանակը ոսկի է: Ժամից ես եմ գալիս, «ողորմի աստված» ինքն է տալիս: Ժողովուրդը քնած առյուծ է, որ արթնացավ էլ չի քնի: Ժողովրդի ձայնը թնդանոթի ձայնից ուժեղ է: Իմ բանն աջ է, ով ուզում է թող հաչե: Ինչ աղբրից որ ջուր ես խմում, էն աղբրին քար մի գցի: Ինչ որ բրդես, այն կխրթես: Ինչ չէր տեսել պատից կախ, տեսավ ճակտից կախ: Ինչքան գետնի երեսն է, յոթ այնքան գետնի տակն է: Ինքը չկա թիզ ու կես, արարմունքը գազ ու կես: Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի մազը տեսնում է: Իր համար քնում, ուրիշի համար երազ է տեսնում: Իր տանը կրակ, ուրիշին ճրագ: Լավ աշխատողին լավ ապրուստ: Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ: Լավ ձին գարին կավելացնի, վատ ձին` մտրակը: Լավ մսի կտոր է, բայց ի՞նչ անեմ, շան բերանն է: Լավ է կանգնած մեռնել քան ծնկաչոք ապրել: Լավ է աչքով կույր լինել, քան մտքով: Լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը: Լավ է քիչ, քան ոչինչ: Լեզու կա դեղ է, լեզու կա մկնդեղ է: Լեզուդ որ չլիներ, ագռավներն աչքերդ կհանեին: Լեզուն երկբերան է, մեկով աղոթում, մյուսով հայհոյում է: Լեզուն մեկ է խոսում, հացն` երկու: Լեռը մուկ ծնեց: Լեռն ինչքան էլ բարձր լինի, մի օր վրայով ճանապարհ կանցնի: Լռությունը միշտ չէ, որ ոսկի է: Խալխի վրա շուն է հաչում, մեզ վրա` կատու: Խելոքին մեկ, անխելքին հազար ու մեկ: Խելքը բնովի է, դնովի չէ: Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում: Խելքները աճուրդի են հանել, ամեն մարդ իր խելքն է հավանել: Խորովածի հոտի գնացին, էշ էին դաղում: Խոփն աշխատելով է փայլում: Ծառի որդն իրենից կլինի: Ծառի տակ պառկելով բերանդ տանձ չի ընկնի: Ծերանաս, ծերի պատիվն իմանաս: Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա: Կաղնին ընկավ, բայց անտառը կա: Կամ աղն է պակաս, կամ մաղը: Կանգնած դողում է, պառկած սողում է: Կանգնած ջուրը կհոտի: Կաշառքը մութ տեղը լույս կտա: Կապրի զրկվողը, չի ապրի զրկողը: Կավագունդը նստել, քարի դարդն է լացել: Կատվի դեմ մուկ է, մկան դեմ` կատու: Կատվի խաղը մկան մահն է: Կարմիր կովն իր կաշվից դուրս չի գա: Կնոջ շինած տունը աստված էլ չի քանդի, ասծու շինած տունը կինը կքանդի: Կռվի մեջ չիր ու չամիչ չեն բաժանում: Կրակի մեջ ես եմ խորովվում, Կիրակոսին են գովում: Կուզիկին աղջիկ չեն տալիս, զոքանչի սիրունն է հարցնում: Կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր: Կուժն ու կուլան խեղճ մարդու գլխին են կոտրում: Կույրի ի՞նչ պետքն է, թե մոմը թանկ է: Կուշտը քաղցածին մանր կբրդի: Հագուստի նորն է լավ, ընկերոջ` հինը: Հալալ մազը չի կտրվի, հարամ գերանը կկոտրվի: Հանաքը դարձավ դանակ: Հաստ ու բարակ մի գին է, վա~յ բարակ մանողին: Հավին ընկերացար, կտուցդ կեղտոդ կլինի: Հարյուր բարության դիմաց, մի չարությունը շատ է: Հարեւանիդ ուզիր մի կով, որ աստված քեզ երկուսը տա: Հացը գցիր ջուրը, ձուկը չիմանա, աստված կիմանա: Հացի կտրածը թուրը չի կտրի: Հացի զոռ, բանի քոռ: Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը` հազար: Հողը լավին էլ է ընդունում, վատին էլ: Ձիերին էին պայտում, գորտերը թաթերը մեկնեցին: Ձին ձիու մոտ կապես կամ կծել կսովորի, կամ քացի տալ: Ձու գողացողը ձի էլ կգողանա: Ձուկը գլխից է հոտում: Ձուկը ջրում առեւտուր չեն անում: Ղարիբի գերեզմանը առանց քարի կմնա: Ղարիբի հացը լեղի է, հացը` թույն: Ճա՞նճն ինչ է, որ ճենճն ինչ լինի: Ճիշտ խոսողի գդակը ծակ կլինի: Ճտերն աշնանը կհամրեն: Մախաթը ջավալում չի պահվի: Մահը մարդու ականջի ետեւն է: Մարդ ինչքան կռիվ անի, մի երեսը հաշտության համար կպահի: Մարդ իր տան եւ ծառան է, եւ աղան: Մարդ որ մտքին դնի, սարը սարին կդնի: Մարդը շորով է գեղեցիկ, խոսքն` առածո: Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա: Մարդու բախտը գեշ լինի, ձին գոմի մեջ էշ լինի: Մարդու դռան շունն էլ պետք է գեղեցիկ լինի: Մարդու միտքը երկար է, կյանքը` կարճ: Մարդուց որ էշ չլինի, էշի գինը հազար մանեթ կլինի: Մեկ ամուսնացողն է փոշմանել, մեկ չամուսնացողը: Մեկ թշնամին հազար բարեկամից շարտ է: Մեկ խոսիր տասը լսիր: Մեկ կա հազար արժե, հազար կա մեկ չարժե: Մեկի մորուքը վառվեց,մյուսն ասաց,- սպասիր ծխախոտս կպցնեմ: Մեկն ուտելով է մեռնում, մեկը նայելով: «Մեղր, մեղր» ասելով բերանդ չի մեղրոտվի: Մեր դռանը լակ է լակում, ուրիշի դռանն է հաչում: Մի խելքը լավ է, երկուսն` ավելի: Մի հոր հացը չեն տա մի փոր հացի: Մի ձեռքը ծափ չի տա: Մի ոչխարից երկու մորթի չես հանի: Մինչեւ աստծու դուռն էլ մարդուն մարդ է պետք: Մինչեւ թուրն եկավ, լեզուն գլուխը կտրեց: Մինչեւ խելոքը մտածեց, հիմարը տղային պսակեց: Մինչեւ չգա ետինը, չի հիշվի առաջինը: Մինչեւ ցամաք առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա: Միսն առանց ոսկորի չի լինի: Մոտիկ հարեւանը լավ է, քան հեռու բարեկամը: Մոր մի օրհնությունը տասը վարդապետի անեցք կքանդի: Մորուք բերելուգնաց, բեղը կտրած ետ եկավ: Մտքումդ տեղ լինի, ամանումդ եղ կլինի: Մրից ելանք, մրջուրն ընկանք: Մուկը ծակը չէր մտնում, ցախավելն էլ պոչից կապեցին: Նամուսը գցել են շան առաջ, շունը չի կերել: Նոր հավեր են դուրս եկել, երկաթե ձվեր են ածում: Նվիրած ձիու ատամներին չեն նայ: Շան հետ բարեկամացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր: Շատ դատողին` շալ շապիկ, քիչ դատողին` ալ շապիկ: Շատ էլ ծառ ես, բայց ինչ անեմ որ բար չունես: Շատ համով էր, խանձրահամն էլ վրա տվեց: Շատ մի սիրի ատել կա, շատ մի ատի սիրել կա: Շտապողին տղա չի լինի: Շունը շան թաթ չի ծամի: Շունը շնից, երկուսը մի տնից: Շունը` շուն, ինչ բալաք, ինչ նախշուն: Շունը որ ամաչեր, վարտիք կհագներ: Շունը պառկել է դեզի շվաքում, կարծում էիր շվաքն է: Ոչ հայի ավետարան է, ոչ թուրքի ղուրան: Ոսկին մանր է, գինը ծանր է: Ոսկու առժեքը ոսկերիչը կիմանա: Ով գողացավ կարագը, ում գցեցին մարագը: Ով կարդա, նա մարդ ա: Ով տուն չի շինել, կարծում է սյուները բսնովի են: Ոտավորը ձիավորի վրա ծիծաղում է: Ոտքով ընկածը կբարձրանա, լեզվով ընկածը չի բարձրանա: Որպեսզի մարդուն չանաչես, նրա հետ մի բեռ աղ պիտի ուտես: Չառավ իր գեղի գեշը, առավ օտարի էշը: Չկա չարիք առանց բարիքի: Պատերն էլ ականջ ունեն: Պուտուկն ասաց,- տակս ոսկի է,- շերեփն ասաց,- բա ես որտեղի՞ց եմ գալիս: Ջրի բերածը ջուրը կտանի: Ջրում խեղդվողը ձեռքն օձին էլ է գցում: Ջուրը ջրաղացն է տարել, չախչախին են ման գալիս: Ջուրն ընկածը անձրեւից չի վախենա: Սայլը չի ճռռում, սայլորն է ճռռում: Սատկած էշի է ման գալիս պայտերը հանի: Սար ու ձոր` տերտերի փոր: Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն կհանդիպի: Սերը սովորն է կերել, թանը` մոլորը: Սիրտը սփռոց չէ, որ ամեն մարդու ռաջ բացես: Սոխ որ չես կերել, բերանդ ինչո՞ւ է մրմռում: Ստի ոտքերը կարճ են: Սուտ ճգնավոր է դարձել, վանքի հավերն է ուտում: Սեւ հավն էլ է սպիտակ ձու ածում: Սեւին սապոնն ինչ անի, խեւին խրատն ինչ անի: Վարդապետին ասին,- որդիդ մեռնի,- ասաց,- որդի չունեմ, բայց բառդ բառ չէ: Վերեւ թքեմ հոնքս է, ներքեւ թքեմ մորուքս է: Տախտակե դուռը ծեծողի երկաթի դուռը կծեծեն: Տանու տերտերին «օրհնյա տեր» չկա: Տանուտերի վրա լույս է իջել, տեսնողը գզիրն է: Տասներկու աշխատավոր մի վերմակի տակ հաշտ կքնեն, երկու թագա- վոր մի երկրում հաշտ չեն ապրի: Տերովին տերն է պահել, անտերին գելն է կերել: Տնիցդ որ հեռանաս, տանդ հարգը նոր կիմանաս: Տվեց ոսկին, բերեց խոսքին: Տուր ծնողին , որ տա զավակին, մի տա զավակին, որ չտա ծնողին: Ցավը լեռներին են տվել` չեն դիմացել, մարդուն են տվել` դիմացել է: Ցորենհաց չկա, կորեկհացն է տեղը բազմել: ՈՒզողի մի երեսն է սեւ, չտվողի` երկուսը: ՈՒժն էշին չի հաղթում, փալանին է ծեծում: ՈՒղտը մոտիկ է արածում, բայց հեռու է տեսնում: ՈՒղտին ասին,- վիզդ ծուռ է,- ասաց,- որտե՞ղս է ուղիղ որ վիզս ուղիղ լինի: ՈՒղտին նստել կուզեկուզ է ման գալիս: ՈՒմ թուրք էին կարծում, ծոցից խաչ դորս եկավ: ՈՒմ սայլը նստի նրա հորովելը կերգի: Փախիր էն ջրից, որ ոչ խշշում է, ոչ թշշում: Փողի մեջքը կոտրվի, որ տմարդուն մարդու շարք է գցում: Փորը լի, աչքն անոթի: Քաչալ գլխին ոսկե սանր: Քեզ նեղ արա, ընկերոջդ տեղ արա: Քիչ բարձի, շուտ դարձի: Օձը դաղձից է փախչում, դաղձն էչլ գնում, օձի դռանն է բու- սնում: Օձը տաքացնողին է կծում: Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա: Օձի սեւն էլ անիծվի, սպիտակն էլ: Օձն իր շապիկը կփոխի, բնավորությունը չի փոխի: ---------------------------------------------------------------------------------------------- Եղիշե Չարենց ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ Կա հոգեկան անհունության մի վայրկան, Երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ, Երբ երազ է դառնում տաղտուկ առօրյան ՈՒ դառնում են ուղևորները ճամփից Դուռս բաց է ,դուռս բաց է ձեր համար Օ՛,հեռավոր բարեկամներ ու քույրեր, Սիրտս վառել է կրակները անմար' Հին երազները ու կարոտները հրե: Սիրտս վաղուց ձեր գալուն էր սպասում Հավատում էր կարոտակեզ ,որ կգաք, ՈՒ կլինի հանդիպումի երազում Քաղցր ժպիտ ու խնդություն ու կրակ: ա՛խ ես գիտեմ , որ դուք կգաք խնդագին, Լույս կվարեք մառախուղում ու մուժում ՈՒ մի անմար կարոտանքով կրկնակի, Ճամփա կնկնեք իրիկնային մշուշում: *** Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր. Նայել պահվող ճամփաներին անանուն ՈՒ երազել խնդություներ արևառ: Նայել կանաչ հովիտներին՝ արևի Իրիկնային երանգներով շղարշված, Խմել լուսե երանգները վերևի՝ Երջանկացած ու հարբած: Ականջ դնել ցորենների շշուկին Եվ սպասել, որ շշուկները բուրեն ՈՒ երգ դառնա երկնասլաց իմ հոգին ՈՒ երազները մեղմորեն օրորեն: Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն, Աչքերս հառել հուրհրատող երազին, Լսել ձայներ, որ զնգացին ու անցան, Երանգների պես իրիկվա երազի: Ապրել՝ հարբած երազներով իրիկվա, Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,_ Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ արօրյան Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում... *** Ես գալիս եմ ահա:- Նայեցե՛ք, նայեցե՛ք: Ես գալիս եմ ահա- դարերից... Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ Ու երգերը ցնդած օրերի: Նայեցե՛ք, նայեցե՛ք. դուք ինձ չե՞ք ճանաչում. Ես սիրել եմ աշխարհը- այնքա՜ն... Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում Ես թաղել եմ թևերս արնաքամ: Թաղեցի օրերում, երբ գիշերը անհուն Խավարով փայփայում ու գերում էր- ձեզ:- -Ես գալիս եմ ահա` հազարադեմ, բյուրանուն,- Պոռնիկի պեզ ընկած, աղոթքի պես հեզ ------------------------------------------------------------------ Դու - հողմային մշուշ ու մահ, Դու - կրակի դուստր բարի,- Քե՜զ է կանչում սիրտս հիմա, Քեզ է կանչում սիրտս` արի՜: Հասե՜լ է փառքդ արդեն վառ Մինչև Հաբաշ ու Հնդուչին. Քե՜զ եմ նետում եղբայրաբար Իմ արյունի ճիչը վերջին: Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող Արյունոտե սիրտս հիմա - Եվ թո՛ղ տեսնի սիրտս վառվող Մահվան մեջ - սեր, սիրո մեջ - մահ... *** Բրո՛նզ ես, հո՛ւր ես, Բրոնզե սո՛ւր ես, Բրոնզե փա՛ռք ես, Բրոնզե փա՛յլ- Բայց դու զո՜ւր ես, Ախ, իզո՜ւր ես Կոտրում սուրս Արևառ: Ինչպես քաղցր Մեր երգերը- Մեր վերքերը Հրաբույր- Դու միշտ նո՜ր ես, Ու հզո՜ր ես, Ու բոսո՜ր ես, Քաղցր քույր...' Բրո՛նզ ես, հո՛ւր ես, Բրոնզե սո՛ւր ես, Բրոնզե փա՛ռք ես, Բրոնզե փա՛յլ- Բայց ափսո՜ս որ Դու հեռո՜ւ ես- Դու ուրո՜ւ ես Արևառ... *** Քույր, գուցե՜ չընկանք... Գուցե մեկը,- ո՞վ- Երազել է մեզ Անլույս գիշերով... Թվում էր հոգուս, Թե երկուսս ենք մենք, Բայց, նայի՛ր, հիմա Դարձել ենք- երեք... Երկուսս էլ հիմա Կանչում ենք նրան- Փնտրելով կորած Ուղիները Տան: Կամուրջներ չկան: Իսկ գետը- վարար: -Փնտրելով նրան, Փնտրում ենք իրար ----------------------------- Երազում եմ այն երկիրը հեռավոր, Ուր մարմինը, սեգ մարմինը ու հոգին` Աննյութացա՜ծ ու նյութացա՜ծ, լուսավոր` Ողջակիզվեն Արևի՜ մեջ, քույր իմ, կին: Ու միանա՜ն սեգ մարմի՜նը ու հոգի՜ն... Ու չլինի՜, ու չլինի՜ դու ու ես: Աննյութացած- դու մանրանաս- ու կրկին Հրա՜շք դառնաս` անդունդները արևես... Ու երբ կանչեմ- դու գրկիս մեջ արևից Ու տարփանքի՜ց, տառապանքի՜ց շիկացած- Գրկես թևե՜րս մանկական ու անբիծ- Ախ, կի՜ն- ցնորք, քո՜ւյր, Շամիրա՜մ ու Աստվա՜ծ: *** ...Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո- Մարած աչքերով նստեցիր ինձ մոտԼ Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո: Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ: Եվ երբ նայեցիր աչքերով մեռած Տրտում, հոգևար, կծկտված հոգուս- Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս` Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ- երազ... Ոչ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն: Մշուշում միայն, մեր հոգու վրա Թևերն էր փռել մի անտես թռչուն Ու դողում էին թևերը նրա... *** Իրիկուն է, քո՛ւյր, - աչքերդ փակի՛ր, Հոգնաբեկ, տխուր, - աչքերդ փակի՛ր: Թարթիչներդ թող չթարթեն միգում. Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր: Կոպերիդ տակ թող երազս թաղեմ. Իրիկուն է, քո՛ւյր, - աչքերդ փակի՜ր *** Դիր մատներդ կույս` աչքերիս վրա- Հոգևար հոգուս- աչքերիս վրա... Հոգնեցի կապույտ մշուշից, մովից. Դի՜ր մատներդ լույս- աչքերիս վրա... Մահու պես քնքուշ դի՜ր մատներդ սուրբ- Խոնջացած, անհույս աչքերիս վրա... *** Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ. Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ: Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ- Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում - ոչինչ: Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա` Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը - Մահ: ՌՈՒԲԱԻՆԵՐ Ա Այսպես` այս ուշ ժամին եկավ և մոտեցավ քո ոգուն Իմացության, կշռույթների գիշերային անմահ բուն.- Ախ, դեռ ինչպես ամենտատես Իմաստու՛նն է այն ասել – Գիշերով է ելնում որսի այդ թռչունը իմաստուն: Բ Ո՜վ իմաստուն, այդ շերեփով չի՛ դատարկվի այս կաթսան. Քանի՜-քանի՜ իմաստուններ և հանճարներ անսասան Այդպես` միայն հայեցումո՛վ այն ձգտեցին դատարկել,- Եվ ո՛չ միայն հատակն, այլև - մակերեսը չտեսան:- Գ Դո՜ւ ես միայն և միայն դու, ո՜վ պայքարող դու ոգի, Որ հավիտյան հուրհուրալով, ինչպես խարույկ մորմոքի, Վառում ես միշտ ու բորբոքում իղձ ու տենչանք անհագուրդ – Եվ չե՛ս լինի դու երբեք մութ, որքան էլ մութը չոքի: Դ Այս խոհերի, այս գրքերի, այս մտքերի աշխարհում Կա մի արև անեզրական, որ չի իջնում ու մարում. Վառվում է նա լույսով անմար և ջեռ պահում մեր ոգին Ստեղծագործ հրով անճառ` անգետ չարին ու բարուն:- Ե Մեր քերթությունը` մեր դարի ընթացքի հետ միասին` Առնչվելով մեր տենչերին` երգ է ասում մեր մասին. Եվ լինում է երգը այնքա՜ն բարձրահուն ու բարձրախոհ, Որքան լինի դաշինքն այդ խոր, միաձույլ ու միասիրտ: Զ Դու Տերյանից սովորեցիր լսել տրտունջը ոգու,- Ա՛յն, որ մեր մեջ նվում է միշտ, գանգատվում ու մորմոքում. Բայց արդ` քո մեջ ծայր է առնում այլ մեղեդի մի անվերջ.- Թումանյանի հուրն է անշեջ քո կրակը բորբոքում: Է Ա՜խ, շռայլ է լինում ոգին- լոկ մի՛ անգամ իր կյանքում. Երբ վառվելով, մոխրանալով` իր վախճանին է հանգում. Լինում է միշտ դա լույս, անվիշտ և երջանիկ այն ժամին, Երբ իր մահով` խինդով, ահով, ծնում է աստղ իր հանգույն: Ը Չի՛ շղթայվի մարդու ոգին ո՛չ մի կապով արտաքին, Եթե դարի, ժամանակի զրահ ունի իր հագին. Կբարձրանա ու կկանգնի նա հավատով անսասան Եվ կմնա գալիք կյանքում` անխորտակ ու ահագին: Թ Ամեն պոետ գալիս` իր հետ մի անտես նետ է բերում, Եվ նետն առած, խոհակալած – որս է անում երգերում. Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛ մեծությամբ, Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում: Ժ Եղե՞լ է երբ, որ քո մտքում հուրհուրացող խոհ մի խոր Գրի առած` լինի այդքա՜ն ինքնաբավ ու այդքան նո՛ր.- Ա՜խ, բույր ունեն խոհերը մեր, ունեն կշիռ, ունեն խորք, Բայց գրքերում դառնում են լոկ – ցոլք ու ցնորք հեռավոր: ԺԱ Զգում ես, որ անհուն ու խոր, ինչպես մի հանք անսպառ, Բացվում է հար, ահով, դժվար ու խորանում քո ոգին. Դեռ ի՜նչ գանձեր – անհուն, անծիր – պիտի հանես դու աշխարհ, Եթե անդուլ կյանքիդ վրա անդուռ գիշեր չչոքի: ԺԲ Առուներով, գետակներով, վտակներով անհամար Հորդում են հար ու կուտակվում քո մեջ խոհեր ու գանձեր.- Այդպես գետե՛րն են գոյանում վտակներից աննշմար, Անհատելի ու անդադար, անկերպարանք ու անձև: ԺԳ Խոհն անդադրում է կուտակվում, անկշռելի ու անտես. Չի՛ ենթարկվի նա հսկումի, որքան էլ հունը բանտես.- Բայց ինչքա՜ն էլ հախուռն զգաս դու կուտակումը ոգուդ- Երգերիդ բերքը հնձելիս պետք է դու քեզ կաշկանդես: ԺԴ Նրանք գալիս են միշտ լուռ, պատահաբար ու անձուկ. Եվ ո՛չ մի խոհ չի գալիս, երբ տարաժամ ես կանչում: Սիրուհիներն են այդպես այցի գալիս մեզ հաճախ- Անակնկալ, ինչպես կայծ, որ թռչելով է խանձում: ԺԵ Ո՜վ իմանա, ե՞րբ է մարդ դառնում այսպես իմաստուն. Հասակի՞ց է արդյոք այդ, թե ճանապա՞րհդ է ազդում. Այդպես ցողո՛ւնն է լցվում հատիկներով ոսկեհատ.- Օ՜, հանճարե՛ղ ակնթարթ, դու ընթացքն ես – ու ոստում: ԺԶ Հե՜յ, անցյալի երգասաննե՛ր, որքա՜ն եք դուք երազել, Որ մարդկային կյանքը դառնա երգի պարտեզ մի լուսե. Հասնում ենք մենք ահա շքեղ այդ օրերին երազած,- Չե՛նք մոռանում սակայն մենք ձեր գործն ու վաստակը վսեմ: ԺԷ Արևմուտքում, Գուտենբերգի հայրենիքում հարազատ, Խարույկներ են վառում այսօր, այրում գրքեր բյուրհազար. Այսպես` նրանք, որ սրբազան արշավանք են քարոզում Ընդդեմ երկրի մեր հոյաշեն – դառնում են հոն ու գազան: ԺԸ Ո՛վ, երգիչներ, մեր մե՜ծ երկրի, եղե՛ք զգաստ ու արթուն. Տրված է ձեզ երգել խինդը և աշխատանքը մարդու. Մե՜ծ Հայնեի հայրենիքից երգի ոգին վտարվեց- Դուք պիտի արդ բորբոք պահեք քերթությունը զվարթուն: ԺԹ Ո՛վ, Արևմուտք, որ դարերով հայրենիքն ես եղել մեծ Հանճարների,- դարձել ես արդ խժդժությանց մի կրկես. Բայց տեսնում է հայացքը մեր հրդեհներում այդ ահեղ Այգաբացեր անեզրական, որ դու կրում ես քո մեջ: Ի Հորիզոնի վրա կրկին ամպեր են մութ ծայրանում, Մա՛հն է կրկին ոխակայել` մռայլ նստած դարանում. Պատրաստվում են անկում կարդալ մեր աշխարհին հոյաշեն- Չե՛ն հասկանում սակայն, որ մեր հաղթանակն է նորանում: ԻԱ Վերջին անգամ պատմությունը, մի թռիչքով գեղեցիկ, Մեր ձեռքերով փորձեց մի նոր մարդկային կյանք կառուցի, Կրկի՜ն ահա հավաքվում են, որ արյունով ու հրով Կյանքը հրեն ետ` դեպի հին օվկիանոսը սառույցի: ԻԲ Չի՛ ընդանում սակայն երբեք պատմությունը դեպի ետ. Ի՛նչ որ կյանքում վեհ է ու լավ – մեր մե՛ջ է արդ ու մեզ հետ. Գազանային ոհմակներով ինչքան էլ գան` պիտի լոկ Արագացնեն մա՛հն իրենց սև - ու չքանան առհավետ: ԻԳ Մենք քանդեցինք, կործանեցինք աշխարհը հին իր հիմից, Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի մի.- Էլ ի՜նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից բաժանել, Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի: ԻԴ Պատմությունը տվել է մեզ ուսուցիչներ երեք մեծ. Մեկը – դեռ հին կապանքներում միտք ու ընթացք մեզ տվեց. Մյուսն եկավ ու կործանեց կապանքները մեզ գերող.- Կերտում է կյանք նրանց հունով Ուսուցիչը մեր երրորդ: 1934 Օ, ԱԼԵՔՍԱՆԴՐ, ՊՈԵՏ ՊԱՅԾԱՌ,- Օ, Ալեքսանդր, պոետ պայծառ,- Այսօր, մահվանից քո մի դար անց Վառվում ես, որպես չդադարած Ոգեւորության հրդեհ պայծառ... Կանգնած ես, որպես արեւ, դարձյալ Մեր ոգու անհաս զենիթում դու,- Իբրեւ հանճարեղ մի լուսատու, Որ չի լինելու երբեք անցյալ... Քնարով եւ՛ բիրտ, եւ՛ նրբաձայն, Ե՛վ թեթեւ, եւ՛ խոր, եւ՛ ծանրախոհ՝ Օրերում այս բորբ ու ոտնակոխ, Ինչպես օրերում քո՝ հղփացած Պատերազմների ծխով, բոցով,- Մարդկային օվկիանն ալեկոծող Հողմերն են ահեղ շաչում դարձյալ... ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ - ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ ԴԵՊԻ ՆԱԻՐԻ Հնամյա, հին մի երազ, Երկիր մի՝ դարերի ուրու... Ե. Չ. «ԱՄԵՆԱՊՈԵՄ» Սույն այս վեպի առաջին մասում ես փորձեցի պատկերել նաիրյան այդ քաղաքն իր բոլոր հին ու նոր հրաշալիքներով, ջանացի տալ նրա բնակիչների կենցաղը կամ, ավելի լավ է ասել -կենցաղային կոլորիտը, ընդհանուր գույնը միայն ո՛չ թե մանրամասնը -այնպես, ինչպես տեսել եմ նաիրյան այդ քաղաքը ես, ինչպես պատկերացել է նա ինձ, այդ քաղաքը ճանաչողիս: Սրտի անհուն թրթիռով ես ձեռնամուխ եղա նրա նկարագրությանը, սիրելի ընթերցող, որովհետեւ սիրելի է նա ինձ, որպես մանկության օրորան, ծանոթ են նրա բնակիչներն ինձ, ինչպես հինգ մատս կամ այս գրիչս, որով գրում եմ հիմա: Կրկնում եմ՝ սրտի բուռն տրոփով սկսեցի գրել նաիրյան այդ քաղաքի պատմությունը, բայց հիմա, երբ ուզում եմ անցնել նրա հետագա օրերին ու դեպքերին, պատկերել նրա օրերն ու վաստակները -դառն, ծանր մի մորմոք թանձրանում է սրտիս, ուտում է սիրտս: Մի անգամ չգիտեմ շուկա՞ էի գնում, թե վերադառնում էի շուկայից, երբ անհեթեթ մի պատկեր գրավեց ուշադրությունս: Փողոցի մեջտեղով գնում էր բավականին տարիքոտ, միջահասակ մի մարդ, որ արտաքինով նման էր գավառցի վարժապետի կամ փոստ-հեռագրային ցրիչի, եւ, գլխի վրա դրած, տանում էր -երեւակայո՞ւմ եք -դեղնավուն մի դագաղ: Անձր էր, ցեխոտ փողոց. ցեխը հարիսայի նման ճպճպում, կպչում էր ոտքերին. այդ մարդը ահա, գավառցի այդ վարժապետը, տանում էր, գլխի վրա դրած, իրենից շատ ավելի ծանր մեծ մի դագաղ: Դեմքը չէր երեւում, բայց մեջքի ծնկների լարված կորությունը խիստ արտահայտիչ կերպով ցուցադրում էին, որ նա դժվարությամբ է տանում այդ բեռը, բայց ինչ գնով էլ լինի, ուզում է տեղ հասցնի, միայն թե հասցնի: Երեւի մայրն էր մահացել կամ կինը, կամ որդին -ո՞վ իմանա: Նա լարել էր ուժերը. դագաղի ծանրությունից կզակը կպել էր կրծքին. մեջքը չէր կարողանում միեւնույն կորությամբ պահել. այնպես որ դագաղը մերթ առաջ, մերթ ետ կշռվելով, քսվում էր ցեխերին: Ինչի՞ համար էր այդպես նա չարչարվում, ինչի՞ պիտի հանդիպեր այդ խեղճ վարժապետը տեղ հասնելիս...-Մի սիրած -դե՛, եթե ոչ սիրած, գոնե հարազատ մեռելի, որին նո՛ւյն այդ դագաղը դրած պիտի հանձներ հողին -ահա թե ինչո՞ւ էր այդպես անմխիթար. այդպես անօգնական ջանքերով, դագաղը նվացող ողնաշարին հպած, դեպի տուն շտապում այդ տխուր վարժապետը... Այդպես էլ ե՛ս, ընթերցո՛ղ, ճի՛շտ այդ վարժապետի նման.-ո՞ւր եմ գնում: Ինչո՞ւ եմ հպել -բայց ո՛չ թե ողնաշարիս, այլ գանգիս ուղեղին դագաղանման այս բեռը, ուզում եմ տեղ հասցնեմ... ո՞ւր: Եվ մի՞թե այնտեղ, տքնությանս վերջում, որպես նվիրական, սիրելի մի մեռել- չպիտի՞ պատկերանա ինձ Երկիրը Նաիրի, որին դամբանելու համար տանում եմ ես ահա խոհերիս տողաշար դագաղը -տանում եմ կամքիս հակառակ, որովհետեւ, այո, հարկավոր է տանել: Չէ՞ որ, այո՛-թաղել է հարկավոր բոլոր մեռելներին, որքան էլ նրանք սիրելի եւ հարազատ լինեն. չէ՞ որ, միեւնույն է, հակառակ դեպքում կքայքայվեն նոքա՝ զազրելի ախտաբույր, այնպես որ անգամ սիրահարը կզզվի պաշտելի աճյունից: Թողնենք, ուրեմն, մի կողմ լիրիկական զեղումը, սիրելի ընթերցող, անցնենք նաիրյան այդ քաղաքի օրերին դեպքերին: Եվ թող բացվի մեր դեմ օրերի մարդկանց «վաստակոց մեծագործությանց» խորհուրդում «երկիրը հազարամյա» - հնամյա Նաիրին... Վեպիս առաջին մասում, ինչպես ասացի, ես ձգտեցի պատկերել կենցաղային այն բնույթը, երանգը, որ ուներ նաիրյան այդ քաղաքը «խաղաղ ժամանակ»: Ուժերս ներածի համեմատ՝ ես նախ նկարագրեցի քաղաքը՝ հին ու նոր հրաշալիքներով, ապա անցա բնակիչներին, որոնց ամեն մեկի մասին այնքանը միայն կարողացա ասել, որքանի որ, գուցե արժանի են նրանք: Գուցե դու կուզեիր, սիրելի ընթերցող, որ ես, եվրոպական անվանի հեղինակներին հետեւելով, մանրամասն վերլուծության ենթարկեի «հերոսներիս» հոգեբանությունը, մանրազնին պատմեի, թե ինչպիսի նրբին «ապրումներ» էր ունենում, ասենք, գեներալ Ալոշը, երբ նահանգապետն իջեւանում էր նրա հոյակապ բնակարանը կամ ասենք, հոգեկան ինչ ալեկոծումներ ունեցավ քաղաքային բժիշկ Սերգե Կասպարիչը կնոջը թաղելիս... Բայց այս առթիվ ես, մի անգամ ընդմիշտ, հարկադրված եմ ասել, որ սույն իմ այս վեպում չկա երեւի չի էլ լինելու եւ ո՛չ մի «հերոս»- այս տխուր հանգամանքում, կարծում եմ, ո՛չ թե ես եմ մեղավոր, այլ նաիրյան այդ քաղաքը, որովհետեւ -ի՞նչ, ի՞նչ «հերոսներ» կարող են դուրս գալ, ասենք, գեներալ Ալոշից կամ Համո Համբարձումովիչից -Մազութի Համոյից... Գուցե Մեռելի Ենո՞քը հարմար «հերոս» լիներ կամ Կինտաուրի Սիմո՞նը, կամ վերջապես Տելեֆոն Սեթո՞ն... Է, թողնենք այս հարցը, սիրելի ընթերցող, անցնենք, քանի շուտ է, մեր ընտրած քաղաքի «օրերին ու վաստակներին» եւ, ո՞վ գիտե, կարող է պատահի, որ դեպքերի բերումով այդ աննշան քաղաքի աննշան բնակիչներից շատ շատերը հանկարծ դուրս գան հերոսապանծ հերոսներ -դժբախտ ու հերոսական օրերի բերումով՝ դժբախտանան ու հերոսանան... ...Իսկ դժբախտ օրեր շատ անցան հետագայում ինչպես այդ քաղաքի, նմանապես ամբողջ Նաիրիի գլխից - չէին, չէին կարող, այո՛, այդ դըժբախտ օրերը չծնել անձնավորություններ՝ դըժբախտ ու հերոսական: Չէր կարող, օ, ո՛չ այդ դըժբախտ օրերի, տարիների հրից, չելնել, հերոսական, չհառնել, պայծառ ու սրբացած -Նաիրյան Ոգին: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Ինչպես այսօրվա ճաշս, սիրելի ընթերցող, ես հիմա ամենայն մանրամասնությամբ հիշում եմ պատմական այն օրը -1914 թվականի հուլիսյան կիրակիներից մեկը -նաիրյան այդ քաղաքում: Սույն այս վայրկյանիս, երբ ես մտադրություն ունեմ մանրամասն նկարագրել այդ նշանավոր օրվա անցուդարձը -տարիների մշուշից կամ, ինչպես բանաստեղծը կասեր, տարիների մռայլ մոխիրների տակից ելնում են ահանկարվում են աչքերիս առաջ այն նշանավոր օրվա դեպքերն ու պատկերները: Պարզ, որոշ, կարծես այդ ամբողջը երեկ կամ մի ժամ առաջ կատարված լինի -ես տեսնում եմ ահա Մազութի Համոյին՝ քաղաքային այգու ակումբի առաջ, թղթախաղի կանաչ սեղանի վրայից, ճառ ասելիս... Պարզ, որոշ, կարծես թե հիմա, սույն այս վայրկյանիս կատարվելիս լինի -ես լսում եմ ահա Մազութի Համոյի հատու ձայնը, Մազութի Համոյի հզոր առոգանությունը: Խավարի, այո, սենյակիս գիշերային խավարի միջից նայում են ահա ինձ Համո Համբարձումովիչի կայծկլտող աչքերը սիրտս թպրտալ է սկսում անորոշ մի հուզմունքից, սիրտս տագնապալից զարկել է սկըսում, ինչպես էլեկտրական զանգի արծաթազօծ լեզվակ: Եվ երեւակայությունս, առաջ վազելով, արդեն նկարում է անողոք դահիճի մի նման, Մազութի Համոյին՝ փայտե մի մանեկենի նման կախաղանից կախված... «Խե՜ղճ, խե՜ղճ Համո...«, փսփսում է սիրտս, լացակումած - ես գրիչս ցած եմ դնում, որ սիրտս հանգստանա եւ ես հնարավորություն ունենամ պատմությունս շարունակելու: Ծույլ, խաղաղ, կիրակնօրյա իր հանգիստն էր վայելում նաիրյան այդ քաղաքն այդ առավոտ: Ծլնգում էր Առաքելոց եկեղեցու զանգը՝ խաղաղ ու անվրդով: Ով սիրում էր աղոթքը -գնացել էր եկեղեցի, բայց քաղաքացիների մեծ մասը այգում էր գտնվում կամ նստած փակ խանութների առաջ՝ զբաղված էր առօրյա զրույցով: Կային էլ մարդիկ, որ հավաքվել էին Տելեֆոն Սեթոյի կամ Եգոռ Արզումանովի սրճարաններում: Կային էլ, որ հավաքվել էին այգու ակումբում: Ակումբում այդ օրը հավաքվել էին՝ քաղաքային բժիշկ Սերգե Կասպարիչը, Օսեփ Նարիմանովը -հաշտարար դատավորը, Արամ Անտոնիչը -դպրոցի տեսուչը, պ. Մարուքեն, Կինտաուրի Սիմոնը, որը սիրում էր «մեծերի հետ նստել«, անգլիագետ վաճառական Հաջի Օնիկ Մանուկոֆ էֆենդին եւ էլի մի քանի քաղաքացիներ -թուղթ էին խաղում: Խաղում էին -«պրաֆերանս», «մակաո», «բակարա»-սիրում էին խաղալ: Խաղում էին, ըստ սովորության, լուռ ու հանդիսավոր, մերթ ընդ մերթ միայն «փաս», «28», «տալիա» եւ նման բացականչություններով խզելով լռությունը: Բայց, չնայած խաղի մեջ գլխովին ընկղմված լինելուն, խաղընկերներից շատերը, ինչպես, մանավանդ Սերգե Կասպարիչը Օսեփ Նարիմանովը, լավ չէին զգում իրենց. նրանց թվում էր, որ «փչում է», չնայած հուլիսյան հաճելի եղանակին: Շուտ-շուտ դռանն էին նայում կամ պատուհանին: Բանն այն է, որ պակասում էր սովորական մի «բան», որին ընտելացել էին բոլորը -եթե միայն «բան» կարելի է ասել կենդանի այն էլ պատկառելի մարդուն:-Պակասում էր գեներալ Ալոշը: Առանց նրան կյանք չկար ակումբում, մանավանդ որ, նրա հետ մեկտեղ պակասում էր նաեւ ակումբի «երկրորդ հոգին«-ակումբի կենտրոնը -Մազութի Համոն: Դեռ խաղն սկսելուց առաջ Օսեփ Նարիմանովը հարցրեց, այսինքն՝ ոչ.-ակումբ մտնելով, ըստ իր մշտական սովորության, Օսեփ Նարիմանովն ուրախ բացականչեց -«Խորի՜ն հարգանքներս Ալյոշա Նիկիտիչին...»,-բայց պատասխան չստացավ այն հասարակ պատճառով, որ Ալյոշա Նիկիտիչը չկար: Օսեփ Նարիմանովը շվարեց: Գլխում, մի վայրկյանում, զարթնեցին մի շարք կասկածներ: Նախ՝ դեռ երեկ, գիշերվա ժամը չորսին ակումբից ելնելիս, գեներալ Ալոշը խոսք էր տվել առավոտյան տասին ակումբում լինել շարունակել ընդհատված «մակաոն»: Երկրորդ՝ վերջերս գեներալ Ալոշը մի տեսակ «ծուռ» աչքով էր նայում Օլգա Վասիլ եւնային- Շիկահեր Դդումին, իսկ Օլգա Վասիլեւնան ի՛րն է, ի՛րը՝ Օսեփ Նարիմանովինը միեւնույն ժամանակ ուրիշ ո՛չ ոքինը չի կարող լինել: Գեներալ Ալոշը թող այս լավ իմանա, գեներալ Ալոշը... Հազիվ էին այս մտքերը զարթնել Օսեփ Նարիմանովի գլխում, երբ Արամ Անտոնիչը, որի կնոջ համար այնքան անհանգստանում էր նրա լավ բարեկամ հաշտարար դատավորը -ներս մտավ հեւիհեւ եւ նկատելով, որ բոլորն արդեն անցնում են գործի -բռնեց, հետեւից մոտենալով, Օսեփ Նարիմանովի թեւից առաջարկեց նրան «մի ձեռք մակաո կամ պրաֆերանս»:- «Խորի՜ն հարգանքներս»,- բացականչեց Օսեփ Նարիմանովը սրտանց ուրախացած.-«Ինչպե՞ս է Օլգա Վասիլեւնայի առողջությունը, Արամ Անտոնիչ»: Օսեփ Նարիմանովը նոր կարծես մտաբերեց, որ երեք օր է արդեն, ինչ չի տեսել Օլգա Վասիլ եւնային. իսկ երեկ, ժամը երեկոյան վեցին, երբ, ըստ հին սովորության, նա գնաց «այցելության» (ժամը վեցին Արամ Անտոնիչը սովորաբար դպրոցում էր լինում)-աղախինը հայտնեց, որ Օլգա Վասիլեւնան հրամայել է ոչ ոքի չընդունել: Այս դեպքը հիշելով՝ արդեն մթնել էին սկսում Օսեփ Նարիմանովի աչքերը, արդեն ցանկանում էր հեռացնել Արամ Անտոնիչի պսպղուն աչքերից իր մշուշած աչքերը Օսեփ Նարիմանովը, երբ...-«Օլգա Վասիլեւնայից ջերմագին բարեւներ»,- ասաց Արամ Անտոնիչը խորհրդավոր ժպտալով ապա, շրթունքները մոտեցնելով Օսեփ Նարիմանովի ականջին, ինտիմ շշնջաց.-«Մամաշան»-քաղաքի մանկաբարձուհի Ակսյոնա Մանուկովնան -«երեկ երդվեց, որ այս անգամ անպայմա՛ն, անպայմա՛ն տղա կլինի...»: Օսեփ Նարիմանովի սրտից ծանրությունը, քար, ընկավ:-Իզուր չէ, ուրեմն, իր երկարամյա մտերմությունը Օլգա Վասիլ եւնայի հետ -մտածեց նա զվարթացած եւ հայտնեց, բարեկամաբար սեղմելով Արամ Անտոնիչի ձեռքը.-«Պատիվ ունիմ Կոլեչկի կնքահայրը լինելու.-հասկանո՞ւմ եք, Արամ Անտոնի՛չ. -անպայման «Կոլեչկի»... -Եվ բոլորովին հանգստացած՝ նստեցին խաղի:-«Իսկ ո՞ւր է Ալյոշա Նիկիտիչը»,- հարցրեց, թուղթը բաժանել սկսելով, Արամ Անտոնիչը, մի վայրկյան անց: Բայց բոլորն արդեն զբաղվել էին խաղով, այնպես որ ոչ ոք, չնայած որ ամենքն էլ զգում էին նրա բացակայությունը, չպատասխանեց նրան: Բժիշկ Սերգե Կասպարիչը միայն աչքերը կրկին դեպի պատուհանը հառեց, ուզեց ասել կարծես, որ «փչում է» այնտեղից, բայց գլխի ընկավ, որ այդ չէ անհանգստության պատճառը եւ լուռ շարունակեց խաղալ: Եվ ահա, ցերեկվա ժամը մոտավորապես տասներկուսին, շնչասպառ ներս ընկան գեներալ Ալոշը եւ Համո Համբարձումովիչը- Մազութի Համոն: Ռումբի պես ներս ընկան գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն, արագ մոտեցան սեղաններին, խառնեցին թղթերը -թափեցին հատակին... Բոլորը վեր թռան տեղերից զարմացած ու ապշած: Իսկ Կինտաուրի Սիմոնը, չնայած որ բոլորից շատ էր տարվել եւ ավելի մեծ առիթ ուներ բարկանալու -ինքը եւս, անակնկալի եկած, կարծելով, երեւի, որ հարբած են «տղերքը»-վեր նետեց թղթերը, ոտքի թռչելով, բացականչեց, հիմարացած.- Ուռա՜, ուռա՜ա՜, ուռա՜ա՜ա՜... -Ի՞նչ է, ցնդե՞լ եք, գասպադա,-զայրացած բացականչեց բժիշկը՝ ձեռքը սեղանին խփելով.-Ի՞նչ է պատահել: Եվ դեռ չէին կարողացել ուշքի գալ մյուսները, երբ Համո Համբարձումովիչը ձեռքը վեր բարձրացրեց, նշան անելով, որ լսեն, եւ - -Պատերազմ,-հայտարարեց Համո Համբարձումովիչը կիսաձայն -ու տիրեց լռություն՝ ակնածանք ու զարմանք: Գեներալ Ալոշը եւս ցանկանում էր ինչ-որ բան ասել. ձեռքը վեր բարձրացրեց, բայց տիրած լռությունից ազդված՝ լռեց ու մնաց: Արամ Անտոնիչի աչքերը հառած մնացին գեներալ Ալոշի վեր տնկած ձեռքին: Հիմարային մի ժպիտ վախեցած քարացավ Կինտաուրի Սիմոնի -Կլուբի Մեյմունի դեմքին: Սերգե Կասպարիչը ձեռքը շրթունքներին տարավ եւ, մեքենայաբար, ինչպես այդ պատահում էր բժշկի հետ ընդունելության պահերին՝ չոր, պաշտոնական հազաց: Հետո գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն պատմեցին եղելությունը, ինչպես որ գիտեին: Բանից դուրս եկավ, որ առավոտյան ժամը յոթին-ութին, երբ Համո Համբարձումովիչը դեռ քնած է լինում, ոչնչից տեղեկություն չունենալով -գալիս հայտնում են, որ գավառապետը խնդրում է իսկույն իր մոտ անցնել մի չափազանց կարեւոր գործով: Խնդրում է, որ Ալյոշա Նիկիտիչին եւս վերցնի: Իսկույն հագնվում եւ Ալյոշա Նիկիտիչի բնակարանն է վազում Մազութի Համոն: Միասին գնում են գավառապետի բնակարանը: Վերջինս, առավոտյան այդ անսովոր պահուն, չափազանց սիրալիր ընդունելով հյուրերին,-հայտնում է նրանց, որ «կամոքն Աստծո եւ Օգոստափառ կայսեր՝ Ռուսաստանը, հարկադրված, պատերազմ է հայտնել... այսինքն՝ գերմանական ստոր կայսր Վիլհելմ II-ը պատերազմ է հայտնել Ռուսաստանին: Հարկավոր է այսօր ցույցեր կազմակերպել, ասել է գավառապետը Ալյոշա Նիկիտիչին եւ Մազութի Համոյին,- եւ հասկացնել ժողովրդին դեպքի մեծ նշանակությունը -դեպքի խոշորագույն նշանակությունը»: Համո Համբարձումովիչի պատմածը ունկնդիրների վրա թողեց որոտի տպավորություն: Բոլորը ձեռք քաշեցին թղթախաղից եւ, Ալյոշա Նիկիտիչի առաջնորդությամբ, դուրս եկան ակումբից: «Պարոնա՛յք, հարկավոր է սկսել»,- ասաց Համո Համբարձումովիչը՝ ակումբի դռանը կանգնելով: «Ի՞նչը»,- հարցրեց Կինտաուրի Սիմոնը անհանգստացած. նրան թվաց, թե հարկավոր է պատերազմ սկսել: -«Ա՛յ, հիմա կտեսնես»,- պատասխանեց Համո Համբարձումովիչը խորհրդավոր կրկին մտավ ակումբ՝ Կինտաուրի Սիմոնը նրա հետեւից: Ակումբից դուրս եկան նրանք՝ կայսեր մեծադիր նկարը բռնած, իսկ նրանց հետեւից դուրս եկավ ակումբի ծառայողը դրեց ակումբի առաջ թղթախաղային կանաչ մի սեղան: Կայսեր նկարը բռնեցին գեներալ Ալոշը եւ Օսեփ Նարիմանովը. Մազութի Համոն բարձրացավ ու կանգնեց թղթախաղային կանաչ սեղանի վրա. ժողովուրդը հավաքվեց: «Պարոնա՜յք«,-բացականչեց, ձեռքը վեր բարձրացնելով, Մազութի Համոն. բոլորը քար կտրեցին, մնացին բերանբաց. հրաշք էր, զարմանալի զարմանք այդ Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն... Հայտնեց, հայտնեց, թղթախաղային այդ կանաչ սեղանը պատվանդան արած, թղթախաղային կանաչ սեղանի ահռելի բարձունքից Համո Համբարձումովիչը ներքեւում խռնված նաիրցիներին պատերազմի լուրը: Հայհոյեց՝ աչքերը կայծկլտուք թափեցին. շանթեց իր բարձունքից գերմանական ստոր կայսր Վիլհելմ II-ին Մազութի Համոն: Ամբոխի մեջ կանգնած մանրածախ Կոլոպոտյանին թվաց, որ Մազութի Համոյի ոխերիմ թշնամին է, անձնական «պարտքնտերը»- գերմանական ստոր կայսրը՝ Վիլհելմը: Իսկ քիչ դենը կանգնած վարսավիր Վասիլին Վիլհելմ կայսրը պատկերացավ որպես արյունարբու մի հրեշ: Չմոռացավ հայտնել նաեւ Մազութի Համոն գավառապետի պատմած այն կարեւոր հանգամանքը, որ մեր ամենակարող թագավոր-կայսրը քանիցս անգամներ հեռագիր է խփել Վիլհելմին՝ առաջարկելով հաշտ-խաղաղ վերջացնել ծագած թյուրիմացությունը, բայց նրա հեռագիրները, ցավոք սրտի, մնացել են անհետեւանք: Վերջում կոչ արավ Մազութի Համոն օգնության հասնել ընդհանուր հայրենիքին այդ աղետալի ժամին՝ հոժարակամ զոհել, չխնայել անձնական փոքրիկ զոհաբերությունները մեծ Հայրենիքին: «Կեցցե, ուրեմն, մեր թագավոր կայսրը պանծալի բանակը. կորչի ստոր կայսր Վիլհելմ II-ը. ուռա՜ա՜ա՜»,-վերջացրեց իր պատմական այդ ճառը Մազութի Համոն եւ, ի մեծ զարմանս նրա -տիրեց լռություն: Չկարծեք սակայն, որ ժողովուրդը դիտմամբ չձայնակցեց. իհարկե, ոչ. ժողովուրդը չգիտեր, դեռ չէր սովորել, որ նման դեպքերում հարկավոր է արձագանքել: Բայց ահա օգնության եկավ իր բացառիկ դիրքով գեներալ Ալոշը. իր նման չաղ ծերուկից բավականին անսպասելի ճարպիկությամբ՝ ցատկեց կանգնեց Մազութի Համոյի կողքին, կանաչ սեղանի վրա, գեներալ Ալոշը. «ուռա՜ա՜ա՜«-բացականչեց գեներալ Ալոշը՝ գլխարկը թափահարելով. Սերգե Կասպարիչը, Օսեփ Նարիմանովը եւ Կինտաուրի Սիմոնը ահաձայն կրկնեցին - արդեն ծայրե ի ծայր այգին թնդում էր բացականչությունից, այնպես որ նույնիսկ պ. Մարուքեն, որ արդեն բաժանվել էր խաղընկերներից խառնվել էր ժողովրդին, մի վայրկյան շփոթվեց՝ քիչ մնաց ինքն էլ գլխարկը հաներ եւ գազանանման մռնչար: Բայց պ. Մարուքեն, իհարկե, այդ բանը չարավ. առաջին իսկ օրից ինքնուրույն դիրք բռնեց պ. Մարուքեն դեպի կատարվող անցքերը--բայց այս մասին հետո: Դեռ թնդում էր այգին ուրախ բացականչությունից, երբ հնչեց գավառապետի ուղարկած զինվորական երաժշտախումբը. զինվորական երաժշտախումբը նվագում է «Բոժե ցարյա»: Բոլորը գլխարկներն հանեցին. երաժշտախումբը լռեց: «Կեցցե մեր սիրելի կայսր Նիկոլայ II-ը.- ուռա՜ա՜ա՜»,- նետեց Օսեփ Նարիմանովը դեպի հասարակությունը նորից, կանաչ սեղանի վրայից, չափ տվին, ձե՛ռքերը թափահարելով, գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն: Ապա, բավականին չափ տալուց եւ բղավելուց հետո, ցած իջան գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն, ահա, երկու այդ պատկառելի նաիրցիների առաջնորդությամբ, քաղաքացիների թափորը դուրս եկավ այգուց եւ շարժվեց դեպի մեծ փողոցը՝ գավառապետի բնակարանը: Երբ թափորը, զինվորական երաժշտախմբի նվագակցությամբ, անցնում էր Տելեֆոն Սեթոյի եւ Եգոռ Արզումանովի սրճարանների մոտով -նրանցում հավաքված նաիրցիները, որ զբաղված էին թուղթ, դոմինո կամ նարդի խաղալով, դուրս թափվեցին եւ, մինչեւ թափորի հեռանալը, մնացին կանգնած սրճարանների առաջ: «Է՜ս ի՞նչ ղալաբալըղ է էլի»,-հարցրեց Մեռելի Ենոքը՝ դիների աղջիկը ձեռին: «Էլի հացը պըտի թանգընա»,- պատասխանեց կտրուկ Տելեֆոն Սեթոն եւ ներս մտավ սրճարանը՝ գլուխն օրորելով: «Հե՛չ չեմ հասկընա, թե յանի ընչի՞ է էս զուռնա-նաղարեն»,- ասաց նա սրճարանում՝ ոչ թե մասնավորապես մեկին, այլ ընդհանուրին դիմելով, բայց պատասխան չստացավ, որովհետեւ դեռ դուրսն էին բոլորը, նայում էին թափորին: «Էլի հացը պըտի թանգընա, էդ զուռնեն է կփչեն»,-կրկնեց նա իր խոսքը, երբ ներս մտան նորից այցելուները՝ ընդհատված խաղը շարունակելու:-«Ըբը ի՞նչ պտի էղնի»,-պատասխանեց նրան Քոռ Արութը,-եւ նաիրցիները, խորհրդավոր, գլուխներն օրորեցին: Սրճարանում եղածներից մի քանիսը սակայն, ինչպես պ. Աբոմարշը, մանրավաճառ «Ֆռանգը», Կաթոլիկ Դանիելը եւ ուրիշները, տեսնելով, որ թափորն առաջնորդում են այնպիսի պատկառելի նաիրցիներ, ինչպիսի՛ք են գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն,-իրենք եւս խառնվեցին թափորին, գնացին հոսանքով: Շուտով հայտնի եղավ ամենքին, որ գնում են գավառապետին իրենց քաղաքացիական պատրաստակամությունը հայտնելու, իրենց հպատակությունը,-եւ պ. Աբոմարշը գտավ, որ այդ միանգամայն անհրաժեշտ է, անհրաժեշտ ու ցանկալի: «Աշես մինչեւ քանի՞ տարեկանը պըտի կանչեն»,-հարցրեց Կաթոլիկ Դանելը մտահոգված. «Վո՞վ գիտե, նայած հանգամանքին»,-խորհրդավոր պատասխանեց Աբոմարշը եւ երկու խոսակիցներն էլ, կարծես թե, տխրեցին. լուռ քայլում էին՝ աչքերը սեփական կոշիկներին հառած: Կիրակի, շոգ օր էր. արեւը փայլում էր ոսկեգույն. երկինքը, պարզ, անամպ՝ կործվել էր քաղաքի վրա, որպես կապույտ ափսե: Նվագում էր երաժշտախումբը, մարդիկ, կիրակնօրյա գույնզգույն շորերով, հետեւում էին նրան. ամբոխի մեջ խռնված, մեծ մասամբ երաժշտախմբի առաջն ընկած երեխաներին զվարթ խրախճանք էր թվում անհասկանալի այդ երթը: Տասը-տասներկու տարեկան մի տղա, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի «պզտիկը», որ հայտնի էր բոլորին իր չար բնավորությամբ -քայլում էր, հաղթական, թմբկահարի կողքից եւ, իրեն զինվորականի նմանեցնելով, չափ էր տալիս՝ «Մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ»: Թափորը վերջապես մոտեցավ գավառապետի բնակարանին: Երաժշտախումբը նվագեց «Բոժե ցարյա», գավառապետը ելավ պատշգամբ: «Ուռա՜»,- բացականչեց ամբոխը՝ գեներալ Ալոշի ղեկավարությամբ: Ապա տիրեց լռություն՝ մեռելային սարսափ: Բոլորի աչքերը մեխվեցին գավառապետին: Նա.-նիհար, բարձրահասակ. -բարակ ձեռնափայտ է կարծես՝ ծայրին սոխի գլուխ: Մի-երկու վայրկյան նայում է վերեւից, պատշգամբից, ներքեւում հավաքված ամբոխին բարձրահասակ գավառապետը: Ձեռքը բերանին է տանում՝ հազում է երեւի, ապա-չոր, կտրուկ, զինվորականին վայել հատու, հաստատ ձայնով սկսում է խոսել: Պատերազմ: Կայսր: Վիլհելմ II: Մեր պարտքն է ծառայել հայրենիքին ու գահին: Կեցցե՛: Կորչի՛: Ուռաա՜: Նորից արձագանքում է ամբոխը, նորից նվագում է երաժշտախումբը «Բոժե ցարյա»: Եվ ահա -նորից դուրս է գալիս... Մազութի Համոն: Քաղաքացիների դեմքը փայլում է պարծանքից, փթթում է նաիրցիների դեմքը, որպես բացված մի վարդ: Ի՞նչ պիտի աներ, ասացեք խնդրեմ, նաիրյան այդ քաղաքը, եթե չլիներ Համո Համբարձումովիչը, այդ «Լույսի» կառավարիչ Մազութի Համոն: Կկորչեր, ոտնատակ կլիներ՝ կթաղվեր տգիտության անսահման խավարում: Ամեն տեղ նա էր, ամեն դժվարին դեպքում նա՛ պիտի, միայն նա՛, սայլը ցեխից հաներ: Այդպես էլ այժմ: Քաղաքացիների կողմից նա, Մազութի Համոն, ամենայն պատրաստակամություն հայտնեց մինչ վերջին կաթիլ արյունը կռվելու՝ հանուն գահի հայրենյաց: Գիտեր, հասկանում էր Համո Համբարձումովիչը, թե որտեղ ինչ լեզվով է հարկավոր խոսել: Օձի լեզու ուներ Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն: Մազութի Համոյից հետո շնորհակալություն հայտնեց երախտապարտ քաղաքացիներին գավառապետը ապա առաջարկեց ցրվել տները զբաղվել առօրյա գործերով: Գեներալ Ալոշը, Համո Համբարձումովիչը, Օսեփ Նարիմանովը եւ բժիշկը հրավիրվեցին վեր՝ ճաշի: Ժողովուրդը ցրվեց. գնացին՝ ո՛րը տուն, ճաշի, ո՛րը Եգոռ Արզումանովի կամ Տելեֆոն Սեթոյի սրճարանը, ոմանք էլ կրկին քաղաքային այգին վերադարձան՝ օրվա մնացած մասն այնտեղ անցկացնելու: Այսպիսի՛ ահա շուքով ու հանդիսավորությամբ դիմավորեց նաիրյան այդ քաղաքը հետագայում Համաշխարհային Պատերազմ կոչված արյունալի հյուրին, դիմավորեց, ինչպես այդ վայել էր ամեն մի իսկական քաղաքի, խորին աչալրջությամբ, այդ հանգամանքում քաղաքը պարտական էր կրկի՛ն նրան, իր արժանի զավակին -Համո Համբարձումովիչ Ասատուրովին-Մազութի Համոյին: Հաջորդ օրը, երկուշաբթի, բոլորը, ինչպես միշտ, արթնացան առավոտ մութլուսուն եւ գնացին գործի: Ոչինչ չէր փոխվել, ոչինչ չէր կատարվել, եթե միայն փոփոխություն չհամարենք այն հասարակ հանգամանքը, որ գեներալ Ալոշը, Մազութի Համոն եւ ընկերները այդ առավոտ մի փոքր հոգնած էին զգում իրենց, մի փոքր կոտրված, ինչպես այդ լինում է սովորաբար լավ քեֆերից հետո: Իսկ քաղաքացիների մեծ տոկոսին, մանավանդ առեւտրական փողոցի գործնական ներկայացուցիչներին, այնպես էր թվում, թե պատերազմի մասին երեկ, կիրակի օրը եղած բոլոր զրույցները ոչ այլ ինչ էին, եթե ոչ -կիրակնօրյա ներելի հանաքներ. անցավ կիրակին, եկավ երկուշաբթին՝ բավական է. թույլ տվեք զբաղվենք հոգսերով: Իհարկե, խոսում էին մեկ-մեկ եւ պատերազմի առթիվ, բայց խոսում էին այնպես, ի միջի այլոց, որպես իրենց չվերաբերող մի բանի մասին: Այդպես էր -առաջին, երկրորդ, երրորդ օրը, այդպես էր առաջին շաբաթվա ընթացքում, բայց կամաց-կամաց հեռու պատերազմն սկսեց նկատելի դառնալ նույնիսկ նաիրյան հեռու այդ քաղաքի, այո, ամեն ինչում - նույնիսկ մանրածախ Կոլոպոտյանը եւ Մեռելի Ենոքն սկսեցին զգալ իրենց շրջապատում անսովոր մի մթնոլորտ, անհասկանալի մի փոփոխություն: Բայց օրերում ու ժամանակներում պատերազմը հայտարարվելու առաջին իսկ վայրկյանից կատարված փոփոխությունը բոլորից առաջ պ. Մարուքեն զգաց նաիրյան այդ քաղաքում այն էլ հենց երկրորդ օրը, երկուշաբթի առավոտ ահա՛ թե ոնց: Երբ, ըստ իր ամենօրյա սովորության (իսկ պ. Մարուքեն բացի իր այս միակ սովորությունից չուներ, ընդհանրապես, եւ ո՛չ մի սովորություն)-վարսավիր Վասիլի վարսավիրանոցը մտավ եւ, նստելով դեղնավուն հայելու առաջ, դեմքը, հլու, հանձնեց վարսավիրի թավ, կակուղ խոզանակին պ. Մարուքեն -վարսավիր Վասիլը, սապոնոտ խոզանակը թեթեւ սահեցնելով պ. Մարուքեի այտն ի վար, հարցրեց. «Էրեկ էդ ի՞նչ էր, պ. Մարուքե. տեսա՞ր Մազութի Համոյին... Օձի՛ պես կխոսեր անիծածը»: Պ. Մարուքեն չպատասխանեց: Տրամադրությունը վատ էր՝ գիշերը չէր քնել: Երեկոյան յոթից մինչ գիշերվա երեքը պրաֆերանս էր խաղացել այգու ակումբում Արամ Անտոնիչի, Կինտաուրի Սիմոնի էլի սատանան գիտե, թե ում հետ («շեֆերը» չկային. նրանք, ինչպես գիտենք, ճաշի էին հրավիրվել գավառապետի բնակարանը եւ այդ ճաշը, անհասկանալի պատճառով, տեւել էր մինչ գիշերվա տասնմեկը...): Բայց բանը նրանց ճաշը չէր, իհարկե, պ. Մարուքեն թքե՛լ էլ չէր ուզի նրանց ճաշի վրա. պ. Մարուքեն հասկանում էր, իհարկե, այդ ճաշի իմաստը. գավառապետի «տակլիզատորների» լակած «Մադերը» չէր նրա մռայլության պատճառը, այլ այն, որ նա երեկոյան խաղում տարվել էր Արամ Անտոնիչին մի խոշոր գումար եւ չէր կարողացել վճարել, որովհետեւ չէր ունեցել մոտը: Պ. Մարուքեն ինքը առաջինը չէր սիրում «նիսիա» խաղալ, բայց ավելի եւս դեմ էր դրան Արամ Անտոնիչը, բայց երեկոյան դեպքը կատարվեց թյուրիմացաբար, առանց իր իմանալուն. ինքն էլ չհասկացավ, թե ինչպես «տալիայի» վերջում ինքը տարված դուրս եկավ չորս հարյուր յոթը ռուբլի, այնինչ մոտը կար ընդամենը հարյուր իննսուն երկու ռուբլի: «Յորղանիդ չափը գիտենա՞ս»,-ասել էր, բարկացած, Արամ Անտոնիչը պ. Մարուքեին, երբ տեսել էր, որ վերջինս իր տարված գումարը չունի: «Ներողություն, վաղը կվճարեմ»,- պատասխանել էր պ. Մարուքեն քաղաքավարի շտապ դուրս էր եկել ակումբից՝ հետեւից լսելով Արամ Անտոնիչի հռհռոցը եւ Կինտաուրի Սիմոնի, այդ Կլուբի Մեյմունի ստրկական արձագանքը... Մեծ ինքնասիրություն ուներ պ. Մարուքեն սիրում էր ամեն ինչում «գերմանացի» լինել, այնպես որ այդ դեպքը թողել էր նրա վրա ահռելի տպավորություն, ոչնչացրել էր նրան, հավասարել էր գետնին: Գունաթափ եկել էր տուն երեսնիվայր ընկել էր անկողնու վրա. մինչ առավոտ մնացել էր այդպես: Բորբոքված ուղեղում մինչ առավոտվա ծեգը զանազան զուգորդությամբ ու կարգերով շարվել էին -թվեր, թվեր, թվեր. գույնզգույն թղթադրամներ. խաղաթղթեր: Գլուխը ցավում էր հոգնությունից. ուղեղը մշուշի էր նման. ծփում էր, ծանր, մութ, ծփում էր ուղեղը. եւ, տարբեր ձեւերով եւ կարգով, շարժվում էին ուղեղի միջով -թվեր, թվեր, թվեր. գույնզգույն թղթադրամներ. խաղաթղթեր: Պ. Մարուքեն ո՛չ մի մեղք չունի. պ. Մարուքեն երբեք չի երկարել իր ոտքերը վերմակից ավելի. կգտնի, այսօր եւեթ կգտնի պ. Մարուքեն այդ խղճուկ կոպեկները կշպրտի այդ չտեսի դեմքին: Եվ այժմ էլ դեմքը դեմ արած վարսավիր Վասիլի թավ, կակուղ ածելուն՝ հենց այդ էր մտածում, իր հոգնած ուղեղի չհնազանդվող ճիգերով, պ. Մարուքեն. ումնի՞ց վերցնի: Դեմքը դեղնել էր, այրվել, աչքերը՝ բութ, անիմաստ՝ նայում էին -ինքն էլ չգիտեր, թե ո՞ւր. աչքերը տեսնում էին -գույնզգույն թղթադրամներ: Վարսավիր Վասիլը -ի՜նչ շունն էր, որ չիմանար... իհարկե գիտեր, դեռ երեկոյան լսել էր բանի եղելությունը, բայց չէր ուզում այդ առթիվ խոսել. նույնիսկ պ. Մարուքեի, ըստ սովորության, «տրամադրությունը» չհարցրեց. գիտեր, որ «վատ» է -ի՞նչ հարցներ: Մոտեցրել էր շրթունքները, որքան որ կարող էր, պ. Մարուքեի դեմքին, սահում էր -թավ, թեթեւ քսվելով՝ սահում էր ածելին նրա դեմքն ի վար: Լուռ էր, տոթ ու հանգիստ. լսվում էր վարսավիրի դանդաղ շնչառությունը -ու գոլ, կպչող, բաղանիքի շոգիի նման խեղդող ալիքներով քսվում էր Վասիլի շնչառությունը պ. Մարուքեի դեմքին: Բայց պ. Մարուքեն ոչինչ չէր նկատում, պ. Մարուքեի հոգնած ուղեղում, ինչպես բաղանիքի մառախուղում, օրորվում, օրորվում էին, շոգիի գույնզգույն կաթիլների նման -գույնզգույն թղթադրամներ... Դուռը բացվեց ներս ընկավ -մանր, չոր, հաստատ քայլերով, կարծես երկու ձեռնափայտ էին հատակին խփում -Հաջի Մանուկոֆ էֆենդին: «Հը, բարի լույս, էֆենդի աղաներս, բարաջողում,-ուրախ բացականչեց Մանուկոֆ էֆենդին.-Գործդ աղեկ է, Վասի՛լ, վով չգա-չգա-պ. Մարուքեն հոս է ու հոս...«: «Համեցե՛ք նստի, էս է, կվերջացնեմ,- շրթունքները հեռացնելով պ. Մարուքեի դեմքից, ժպտալով պատասխանեց վարսավիրը.-- Քեֆերդ տեղը կերեւա. փա՜ռք Ալլահին»: «Ինչո՞ւ չերեւա, աղա՛ս,-բացականչեց Հաջին բարկացած.-Տղա մըն ալ ավելցավ Հայաստանին. սա անգամ մանչ է, յա՜...»: Հերո՛ս էր, Հաջի Մանուկոֆ էֆենդու կնիկը -Նունուֆար հանըմը-տղա էր բերել: Հաջի Մանուկոֆ էֆենդու այդ ուրախ տրամադրությունը հույսի պես վառվեց պ. Մարուքեի ուղեղում. բութ, քնկոտ աչքերում վայրկենապես բռնկվեց սուր, հուսալից մի իմաստ: «Դե՛, շո՛ւտ»,-խռպոտ շտապեցրեց պ. Մարուքեն՝ ձախ ուսը ցնցելով.-«ուշանում եմ»: Վարսավիր Վասիլը վերջացրել էր արդեն: «Շնորհավորում եմ, պ. Հաջաղա»,-վեր կենալով տեղից՝ պարզեց ժպիտն ու ձեռքը Մանուկոֆ էֆենդուն պ. Մարուքեն: Հաջի Մանուկոֆ էֆենդին երկու մատը դրեց պ. Մարուքեի ձեռքը. ձեռք սեղմել չգիտեր: Պ. Մարուքեն պինդ, սրտագին սեղմեց Հաջու երկու մատը եւ... չգիտեր, ո՞նց սկսեր: Բարեբախտաբար Մանուկոֆ էֆենդին հանեց նրան դժվարին դրությունից: «Ժամանակ ունես նե- քալե ղահվե մը խմենք«,- ասաց Մանուկոֆ էֆենդին մատները խլեց պ. Մարուքեի ձեռքից:-«Հետո կուգամ»,-նետեց վարսավիրին Հաջին, շուռ եկավ. առանց ետ նայելու եւ պ. Մարուքեի համաձայնությունն առնելու դուրս եկավ վարսավիրից: Պ. Մարուքեն, առանց երկար մտածելու, հետեւեց նրան, իսկ վարսավիր Վասիլը զայրացած, զարմացած հայացքը նրանց կռնակներին հառած՝ մնաց մի-երկու վայրկյան սապոնոտ խողանակը ձեռքին. ապա՝ երբ նրանք անհետացան,-«Թյու, նալլա՛թ կարողությանդ, մա՛րդ»,- թքեց, ի խորոց սրտից, վարսավիր ՎասիլըՀաջու հասցեին. հետո մոտեցավ լվացարանին. լվանալով սապոնոտ խոզանակը, սկսեց շվվացնել «Ախ զաչեմ էթա նոչ» «մոդնի» երգը: Մանր, չոր, հատու քայլերով, կարծես երկու ձեռնափայտ էին խփում մայթին -գնում էր առաջից, առանց ետ նայելու, Հաջի Մանուկոֆ էֆենդին: Ուրախ մտածում էր Մանուկոֆ էֆենդին, որ լավ ազատվեց «ուշաղբազ պերպեր»-ից: Ոչ թե սափրվելու նպատակով մտավ վարսավիր Վասիլի խանութը Հաջի Օնիկ էֆենդին, օ, ո՛չ. նա շաբաթը մի անգամ էր ածիլվում այն էլ շաբաթ օրերը.-նրա նպատակն էր իր նորելուկի մասին վարսավիրին հայտնելը. «Պերպերի լեզու-բաղանիքի դուռ»,-մտածում էր Հաջին եւ նա, իհարկե, իրավունք ուներ: Պ. Մարուքեի մասին, որին հրավիրել էր ինքը մի բաժակ սուրճի, մոռացել էր բոլորովին: Բայց պ. Մարուքեն նրան չէր մոռացել: Մտածում էր, նրա հետեւից հազիվ հասնելով, պ. Մարուքեն, որ եթե բարեհաճի Հաջին փոխարինաբար տալու հարկավոր գումարը -փրկված կլինի. հակառակ դեպքում... Պ. Մարուքեն չգիտեր, թե ի՞նչ կարող է լինել հակառակ դեպքում: Հաջի Մանուկոֆ էֆենդին, խանութը հասնելով, կանգնեց. կտրուկ շուռ եկավ դեպի պ. Մարուքեն: Պ. Մարուքեն, որ, մտազբաղ, դեռ փոխում էր քայլը առանց դեմը նայելու -գլուխը թափով խփեց Հաջի Մանուկոֆի դեմքին. ռեզինե գնդակի նման ետ ցատկեց, շփոթված, պ. Մարուքեն: «Յա՛վաշ, է, յավրում, ի՞նչ էղավ քեզի«,-բացականչեց Հաջին, բարկացած. ապա.-«Գնա՛ Սիմոնին ըսե ղահվե մը հրամցնե հաշվուս, ես ժամանակ չունիմ. ներող կըլլաս«,-ասաց նա, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը. դուռը բաց արավ արագ, մտավ եւ դուռը ետ խփեց պ. Մարուքեի քթին: Հասկացավ պ. Մարուքեն, որ հույս չկա: «Թո՛ւ«,-- թքեց պ. Մարուքեն, վարսավիր Վասիլի նման, էֆենդու հասցեին: Եվ քայլեց... ո՞ւր: Մթնեց, մթնեց աշխարհը պ. Մարուքեի աչքին, հուսահատությունը հասավ բարձրագույն կետի: Կպատմե, ծաղրելով, կպատմե երեւի իր բոլոր ծանոթներին Արամ Անտոնիչը հիմա այդ «վերջին խայտառակությունը»: Կպատմե -պ. Մարուքեի մթնած ուղեղում եր եւացին գունատ, զազրելի դեմքերը Օսեփ Նարիմանովի, Գեներալ Ալոշի, Մազութի Համոյի: Եվ հանկարծ, այդ վայրկյանին ահա, հուսահատության այդ ծայրահեղ վայրկյանին -հիշեց երեկվա եռուզեռը պ. Մարուքեն. կանգնեց, պատկերացավ հանկարծ պ. Մարուքեի բորբոքված ուղեղում կանաչ սեղանի վրա կանգնած Մազութի Համոն: Եվ Մազութի Համոն, այդ ամենասովորական «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչը, երեւաց նրան -ուրիշ. երեւաց անծանոթ: Ինչպես հեռո՜ւ-հեռո՜ւ, պատմական մի անձնավորություն, կանգնեց նրա գլխում Մազութի Համոն... Ինչպես պատմության դասագրքից հանած գրավյուր՝ պատմության դասագրքից սահեց Մազութի Համոն դեպի պ. Մարուքեի բորբոքված ուղեղը: «Պատերազմ»,-ասաց երեկվա ձայնով, պ. Մարուքեի բորբոքված ուղեղին Մազութի Համոն: Եվ պ. Մարուքեի սրտում ինչ-որ անհայտ մի ձեռք շարժեց, ժամացույցի սլաքի նման, ինչ-որ ծանր մի բան սովորական տեղից, պ. Մարուքեն հասկացավ, վերին մի հրաշքով, գլխի ընկավ հանկարծ, որ այդ վայրկյանից սկսած ուրիշ է աշխարքն արդեն,-որ, այդ վայրկյանից սկսած, սկսվում է օրերում ժամանակներում եւ ուրիշ մի բան.-այն, որ փոխելու է աշխարքը հիմնովին, ցնցելու, տակն ու վրա է անելու -եթե միայն կարելի է այսպես ասել -դարավոր հիմերը... Ցիրկի մեյմունի նման, ինչպես կասեր այդ մասին վարսավիր Վասիլը,-գլխիվայր մի ցատկյուն կատարեց կանաչ սեղանի վրայից, ինչպես դարավոր մի պատվանդանի վրայից, պ. Մարուքեի ուղեղում Մազութի Համոն, գլխիվայր մի ցատկյուն կատարելով՝ Մազութի Համոն թռավ դեպի պատմության դասագիրքը... Նորից, ինչպես ամբողջ գիշերը, սահեցին, դանդաղ, շարժվեցին մի վայրկյան նրա ուղեղում -գույնզգույն թղթադրամներ: Բայց, ի մեծ զարմանք իրա, սիրտը չպաղեց, չխոցվեց, չճմլվեց: «Եռունդա՛»,-դուրս թռավ, լսելի ձայնով, պ. Մարուքեի շրթունքներից. քարե մի ծանրություն սրտից ընկավ: Արագացրեց քայլերը պ. Մարուքեն. պ. Մարուքեն գնաց տուն՝ քնելու: Հետագայում, հիշելով այդ վայրկյանը, քթի տակ ժպտում էր իր այդ զարմանալի, համարյա մարգարեական տեսողական կարողության վրա պ. Մարուքեն. բայց հետագայում իր այդ համարյա մարգարեական տեսողական կարողությունը այլ բանի էր վերագրում պ. Մարուքեն. - պ. Մարուքեի կարծիքով՝ իր այդ համարյա մարգարեական տեսողական կարողությունը հետեւանք էր ոչ թե ուղեղի բորբոքման, ինչպես կարող է մտածել միամիտ ընթերցողը, այլ, եթե միայն գեղարվեստական գրվածքում կարելի է այսպես արտահայտվել -քաղաքական հեռատեսության... Արդեն սկսվել էր «կռիվը» ինչ-որ անհայտ տեղերում. մի-երկու ամիս էր արդեն, ինչ սկսվել էր պատերազմը: Վաղուց արդեն ծայր էին առել շշուկներ, որ շուտով, այսօր չէ -վաղը, ինչպես Տելեֆոն Սեթոն էր ասում՝ «ռուսը կռվի կը կանչե անօրենին»: Խոսում էր՝ արդեն ասում էր քաղաքային այգում ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին, որ կա, արդեն «Կենտրոնում» ստացված են ստույգ տեղեկություններ, որ շուտով, շատ շուտով կռիվ կհայտարարվի նաեւ «ոսոխին» եւ այն ժամանակ արդեն ամեն ինչ կփոխվի... Լայն հորիզոններ կբացվեն այն ժամանակ Նաիրիի համար,-խորհրդավոր ձայնով, որպես պետական մի գաղտնիք, ասում էր ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին: Չգիտեմ այդ ի՞նչ փոփոխություններ է, որ դեռ նոր պիտի տեղի ունենային այդ քաղաքի կյանքում ի՛նչ հորիզոններ պիտի բացվեին Նաիրիի առաջ այդ խորհըրդավոր փոփոխություններից. չգիտեմ, ասում եմ, որտեղի՞ց էր ստանում «Կենտրոնը» նման տեղեկություններ. բայց մի բան կարող եմ հաստատ ասել, որ որոշ փոփոխություններ արդեն իսկ տեղի էին ունեցել շատերի գործերում, բայց այդ բանը, դժբախտաբար, չէր կարողացել տեսնել ընկ. Վառոդյանը: Այդ «տեղեկությունները» նա կարող էր ինքը, առանց «Կենտրոնին» դիմելու, հենց տեղում ստանալ ամեն մի ամենահասարակ նաիրցուց, թեկուզ հենց մանրավաճառ Կոլոպոտյանից, որի առաջ, այո՛, արդեն իսկ բացվել էին որոշ հորիզոններ... Նրա, մանրածախ Կոլոպոտյանի կյանքում, արդեն իսկ տեղի էր ունեցել այն աչքի ընկնող, կենսական փոփոխությունը, որ, մի-երկու ամսվա ընթացքում, ռաֆինադ-շաքարի գինը 14 կոպեկից թռել էր 17-ի: Ավելացրել էր գինը -Հաջի Օնիկ Էֆենդի Մանուկոֆը, որ ստանում էր շաքարը տեղից, ստանում էր վագոնով եւ, իր հերթին, պարկերով ծախում էր մանրավաճառներին: Բայց այդ դեռ չնչին փոփոխություն էր, համեմատած այն ավելի քան շոշափելի փոփոխության հետ, որ տեղի էր ունեցել հենց այդ նույն Կոլոպոտյանի հարեւան Կաթոլիկ Սիմոնի խանութում: Եվ ուրիշ խանութներում եւս, որոնցում պակասել էր արդեն, կամ պիտի պակասեր, կամ պակասելու վրա էր օգնող ձեռքը, որի՝ որդին, եղբայրը, որը՝ հենց ինքը: Գնացել, տարել էին արդեն-- Կաթոլիկի որդուն, նրա հարեւան Կարապետյանի, Մարտիրոսյանի ու հազար ու մի անհայտ «յան»-երի որդիներին, եղբորը, իրան: Հերթի էին հենց իրենք -պ. Աբոմարշը, Կինտաուրի Սիմոնը, սա, նա, մյուսը. ո՞րը թվես: Արդեն, ամեն առավոտ երեւում էին պատերի վրա -պատերի վրա փակցնում էին արդեն ինչ-որ անհայտ ձեռքեր սպիտակ հրամաններ: Կանչում էին թղթերի վրայից, պատերի վրայից, կանչում էին սպիտակ հրամանները -սրան, երկրորդին, հարյուրին. կանչում էին դեպի Հինգհարկանի Շենքը: Գալիս, թափվում էին արդեն ամեն առավոտ, լցնում էին փողոցներն ու մեյդանը -պատանի, երիտասարդ, տարիքոտ տրեխավորներ. շրջանի գյուղերից գալիս հավաքվում էին Հինգհարկանի Շինության առաջ: Գնում էին այդտեղից -կայարան. խմբերով, գնում էին կայարան: Կանգնում էր, երկար ու կարմիր, ապրանքատար գնացքը. կանգնում էր կայարանից բավականին հեռու, դեպոյի մոտերքը: Տրեխավոր մարդիկ լցվում էին մեջը, թափվում էին մեկը մեկի վրա, ինչպես ձկները տակառում: Սուլում էր շոգեմեքենան. սուր, խեղդամահ արվող անասունի նման, սուլում էր սուլոցը շոգեկառքի: Տրեխավոր մարդիկ գոռում էին անիմաստ, տրեխավոր երիտասարդները երգում էին պառավաձայն.- «Տա-նը՜ը՜ը՜-մե՛ն-ադե՛ ջան-տա՜ա՜-նը՜ը՜ը՜-մե՜ե՜ե՜ե՜ն...«: Իսկ, մյուս կողմից, գալիս էին գնացքներ, ամեն օր, ամեն գիշեր գալիս էին գնացքներ անհայտ հեռուներից դեպի նաիրյան այդ քաղաքը: Ու լցվում էր քաղաքը «սոխ» զինվորներով. լցվում էր քաղաքը օր օրի վրա, վայրկյան վայրկյանի հետեւից: Ուրախ էին Եգոռ Համբարձումովը, Բոչկա Նիկոլայը, մանրավաճառ Կոլոպոտյանը: Ուրախ էր, ընդհանուր առումով, ամբողջ Լորիս-Մելիքյանը՝ կայարանից -մեյդան: Էլ, իհարկե, առավոտ կանուխ, մշուշի միջից իր խանութը վազող նաիրցի վաճառականը, մանրավաճառը, չարչին, Հաջի Մանուկոֆն ու Կոլոպոտյանը չէին մտածում, որ մինչ ինը-տասը, ինչպես այդ տեղի էր ունենում առաջ, պետք է իրենց խանութների դռանը անգործ կանգնած, ձանձրությունից հորանջեն: Օ, ո՛չ, իհարկե ոչ: Առավոտվա ծեգից մինչեւ երեկոյան մութը լի՛քն էր, լի՛քն էր լինում փողոցը հիմա «սոխով ու սխտորով», ինչպես անվանում էին խանութպանները զինվորներին եւ գյուղացի նորահավաքներին: Եվ ի՛նչ. վատ չէ՛ր: Որը մի քառորդ շաքար, որը հինգ կոպեկի հալվա, որն էլ ուրիշ մի բան -ամենքից մի կոպեկ, հաշիվը -հարյուր՝ մանեթը կա: Այդ դեռ մանր-մունրը: Սրա հետ համեմատած -թալան էր, ինչպես, նախանձելով, ասում էր Կոլոպոտյանը,-Հաջի Մանուկոֆինը, պարսիկինը եւ ուրիշ մեծ մաղազաներինը՝ փոդրաթչիներինը:-«Տասը վագոն սապոն, 10 խոզի ճարպ, տասն էլ չգիտեմ ի՞նչ զահրումար»- ահա, Կոլոպոտյանի հաշվով, նրանց «տոմարը»: Մենակ Մեռելի Ենոքն էր, խեղճը, հին օրերի օրը. սկզբում նա կարծեց, որ իր գործը եւս աջողակ կգնա, բայց չարաչար սխալվեց. մեռնողները, ճիշտ է, շատացան աշխարհում, բայց ոչ այնպիսիքը, որոնք պետք ունեին դագաղի. «սոխերին», ինչպես նա էր ասում, «կազյոնի» էին թաղում, այսինքն՝ առանց դագաղի, իսկ «սխտորները»... Դե՛, ե՞րբ էին այդ տրեխավոր «բռիները» մարդավարի ապրել: Այնպես որ նա, ինչպես առաջ, օրվա մեծ մասն անգործ, ձանձրությունից ձանձրացած՝ թիթեղե սպիտակ հրեշտակներ էր փակցնում պատրաստի դագաղների վրա, իսկ երբ դրանից էլ էր ձանձրանում Մեռելի Ենոքը -գնում էր Տելեֆոն Սեթոյի սրճարանը՝ վերջինիս եղբոր, հիսունն անց Քոռ Արութի հետ դոմինո խաղալու: Վերջինս ճիշտ որ կույր էր. բայց, բարեբախտաբար, մի աչքից միայն. այդ մի աչքը Քոռ Արութը կորցրել էր երիտասարդ ժամանակ՝ բարեկենդանի օրը մեյդանում «ղոչի» հետ մենամարտելիս: Նրա մոտ էր գնում Մեռելի Ենոքը իր ձանձրույթը փարատելու, որովհետեւ իր նման անգործ էր լինում Քոռ Արութը. եղբոր սրճարանում Քոռ Արութը, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ վարում էր մշտական խաղակցի պաշտոն: Մեկ-մեկ էլ կայարան էր գնում Մեռելի Ենոքը եկող-գնացողին նայելու, որտեղից նա վերադառնում էր տխրած կամ ուրախացած. տխրած, որ ինքը ո՛չ մի շահ, ո՛չ մի հասույթ չունի գնացող-եկողներից, եւ ուրախացած, որ ինքը չկա եւ, երեւի, երբեք էլ չի լինի ուղարկվողների շարքերում: Բայց Մեռելի Ենոքի այդ եթերային ուրախությունը տեղի էր տալիս ծայրահեղ տխրության, երբ նա, քաղաք վերադառնալով, տեսնում էր խանութներում տիրող եռուզեռը:-Բոլորը աշխատում էին, բոլորը շահում -բացի իրենից միայն մեկ էլ իր միակ սրտակից՝ Քոռ Արութից: Բայց նրան վիճակված էր զրկվել իր այդ միակ սրտակցից -մի հանգամանք, որ խորը տպավորություն թողեց նրա ինքնասիրության վրա եւ մտցրեց նրա կյանքում եւս որոշ փոփոխություններ... Մի անգամ իր անպետք դագաղներից ու հրեշտակներից ձանձրացած, Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնաց, ըստ սովորության մի ձեռք դոմինո խաղալու, Մեռելի Ենոքը, բայց մեծ եղավ զարմանքը, երբ տեսավ, որ Քոռ Արութը սրճարանում չկա: Կարծեց թե դուրս է գնացել, սպասեց, սպասեց -բան դուրս չեկավ: Քոռ Արութը չկար: Տելեֆոն Սեթոն էլ, դե, առաջվանը չէր, նրա սրճարանը ավելի քան լիքն էր լինում հիմա «սոխերով» «սխտորներով». դժվարանում էր հարցնի: Վատ զգաց իրեն Մեռելի Ենոքը, սիրտը պայթում էր սրտմտությունից, այնպես որ չկարողացավ համբերել, մոտեցավ հարցրեց: «Գործի եմ դրե վակզըլի մեյդանը»,- եղավ Տելեֆոն Սեթոյի պատասխանը. «սոխերուն չայ կծախե»: Չհասկացավ առաջին վայրկյանին Մեռելի Ենոքը, բայց մտաբերեց կայարանը, հիշեց. հիշեց վակզալի մեյդանը: Սուսուփուս դուրս եկավ Սեթոյի սրճարանից ու շտապ քայլերով դիմեց կայարան: Գնում էր խոշոր քայլերով. հեւիհեւ վազում էր փողոցի մեջտեղից Մեռելի Ենոքը. սոխերը հրում էին նրան, հայհոյում էին երբեմն, երբ դիպչում էր նրանց, բայց ուշադրություն չէր դարձնում. գնում էր գլուխը կախ ձեռքերը թափահարելով: Երկար, սեւ, խունացած չուխի առանց այդ էլ բորբոսնած փեշերը քսվում էին փողոցի փոշուն, ավլում էին փողոցը. նա գնում էր անկանգ, Լիր Արքայի նման սրտում դառնություն ու կսկիծ՝ Մեռելի Ենոքը գնում էր կայարան: Վերջապես նա հասավ կայարան եւ նո՛ր գլխի ընկավ, որ նրա դիմացը գտնվող նախկին ամայի տարածությունը դարձել է արդեն -բազար, դարձել է, ինչպես Տելեֆոն Սեթոն հորջորջեց -«Վակզլի մեյդան»: Նույն խոշոր քայլերով մտավ վակզալի մեյդանը Մեռելի Ենոքը եւ այն է, նոր էր սկսել, դեռ նոր էր փնտրել իր ընկերոջը՝ Քոռ Արութին, երբ մեկը քաշեց նրա փեշից: «Պաշո՛լ, սոխ հայվարա»,- կարծելով, որ ռուս զինվորներն են չուխիցը քաշում, հայհոյեց Մեռելի Ենոքը բարկացած. բայց... «Ե՛ս եմ, մա՛րդ Ասսու, հաչք չունի՞ս»,-լսեց Քոռ Արութի ձայնը շուռ եկավ դեպի նա: Ու մնաց, արձան կտրեց՝ տեղնուտեղը քարացավ Մեռելի Ենոքը տեսած տեսարանից: Փոքրիկ մի սեղան, առաջին կանգնած թեյ էր լցնում թիթեղե թեյամանից Քոռ Արութը. կողքից մի ռուս զինվոր պարզել էր ձեռքը, որ վերցնի: «Յա՛, տո՛. գործի՞ ես էղե, Հարո՛ւթ...»,-բացականչեց Մեռելի Ենոքը՝ հայացքը, պուշ, Քոռ Արութին հառած:-«Հա՛, ի՞նչ էնենք, Ենոք ջա՛ն. յավաշ-յավաշ փարա կաշխատինք, ի՞նչ կա օր...»,-կարծես արդարանալով, կարծես պարծենալով պատասխանեց Արութը. սկսեց դեմը դրած բաժակները մաքրել: Նայե՜ց-նայե՜ց. կոտրած ժպիտը դեմքին, իր նախկին խաղընկերոջը Մեռելի Ենոքը, մի երկու կցկտուր հարցուփորձ արավ առեւտրի մասին.-«Է, էրթա՛մ»,-ասաց, ապա, առանց ընկերոջը նայելու, Մեռելի Ենոքը: - Եվ շուռ եկավ անսպասելի կերպով. խոշորագույն քայլերով վերադարձավ քաղաք: Հաջորդ օրվանից, փոքրիկ սեղանի դեմը կանգնած, հաց ու կալբաս էր ծախում վակզալի մեյդանում Մեռելի Ենոքը, իսկ մի շաբաթ անց այլեւս չէին վախենում, նրա խանութի առաջով անցնելիս, քաղաքի երեխաները. Մեռելի Ենոքը լիկվիդացիայի էր ենթարկել դագաղագործությունը զբաղված էր այժմ «ձեռքի առուտուրով»: Ահա՛ թե ինչ փոփոխություններ էին արդեն տեղի ունեցել մի-երկու ամսվա ընթացքում, քաղաքի կյանքում,- իսկ ընկ. Վառոդյանը դեռ սպասում էր, հիմարը, որ «Կենտրոնը» տեղեկացնի իրեն ինչ-որ խորհրդավոր որոշումների մասին, որից հետո միայն, ընկ. Վառոդյանի կարծիքով, պիտի տեղի ունենային որոշ փոփոխություններ... Եվ ահա... հիշում եմ, ինչպես օրս, սիրելի ընթերցող.-նորի՛ց, նորի՛ց, ամեն ինչի սկզբում, ամեն ինչ սկսողը, ամեն հասարակական քիչ թե շատ աչքի ընկնող երեւույթի մասին առաջին շեփորողը -նա ի՛նքն էր, Համո Համբարձումովիչ-Մազութի Համոն էր նաիրյան այդ քաղաքում: Եվ այս անգամ էլ էլի նա՛ էր, էլի նա ինքը, քաղաքի ամենաազդեցիկ մարդը, «Լույսի» կառավարիչը եւ «Ընկերության» տեղական կոմիտեի նախագահը -Մազութի Համոն: Իհարկե, «Ընկերության» ազդեցիկ անդամ լինելուն էր հարկավոր վերագրել այն հանգամանքը, որ Մազութի Համոն ամեն ինչ գիտեր, ամեն ինչ իմանում էր ժամանակին եւ ժամանակին էլ հայտնում էր, ում որ հարկն էր, ում որ հարկավոր էր հայտնել: Բայց այս դեպքում հարկավոր էր հայտնել ի լուր բոլորի. «Հայտնի՛ր բոլորին»,-այսպես էր գրված, ասում էր ընկ. Վառոդյանը, այն գրության վրա, որ ստացվել էր, ավելի ճիշտ կլիներ ասել՝ որ ստացել էին «Կենտրոնից»: Ընկ. Վառոդյանը իր սեփական աչքերով տեսել էր այդ գրությունը Մազութի Համոյի գրասենյակում, Համո Համբարձումովիչն ինքն էր ցույց տվել այդ հետաքրքիր գրությունը ընկ. Վառոդյանին: Ընկ. Վառոդյանն էլ, չգիտենք թե ինչու, հարկ էր համարել հայտնել ամենից առաջ պ. Մարուքեին -բայց ոչ թե «Կենտրոնից» ստացած այդ գրության, այլ այն «ըղձալի տեղեկության» մասին. որ բերել էր գրությունը: Պ. Մարուքեն այնքան էլ չէր սիրում ընկ. Վառոդյանին, այդ, ինչպես արտահայտվում էր նա -«նաիրցի վարժապետին», որի կռնակի վրա, ինչպես հայտնի է արդեն քեզ, սիրելի ընթերցող, «Դառնության կենտրոնից» հիշատակ էին մնացել հետաքրքիր հետքեր: Ընկ. Վառոդյանն էլ, իր հերթին, վերեւից էր նայում այդ «եվրոպացի ավանակ Գրաստամատյանին», որի պատմական ազգանվան սկզբնատառը այդպես անբարեխղճաբար փոխելով՝ բավականին զվարճություն էր պատճառում ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին: Բայց ընկ. Վառոդյանի նման, ոչ այնքան էլ բարյացակամ, վերաբերմունքը դեպի պ. Մարուքեն բխում էր ո՛չ թե անձնական, այլ ավելի քան օբյեկտիվ, հասարակական պատճառներից. բանն այն է, որ պ. Մարուքեն երբեմն թույլ էր տալիս իրեն բավականին երկիմաստ հայտարարություններ անել «Ընկերության» հասցեին. ահա թե ինչ... Այս բանը նրան ոչ միայն ընկ. Վառոդյանը, այլ եւԿլուբի Մեյմունն անգամ չէր կարողանում ներել, թեկուզ նա, այդ կոշկակար Սիմոնը, ոչ թե անդամ էր «Ընկերության», այլ սոսկական համակրող: Եվ ինչպե՞ս էր համարձակվում պ. Մարուքեն -ահա զարմանալին. ո՞վ, ո՞վ չգիտեր, որ ավելի հեշտ էր «Մութ սենյակում» հայհոյանք շպրտել «Նիկոլի» հասցեին, քան, անգամ երազում, անբարյացակամ վերաբերմունք ցուցահանել դեպի «Ընկերությունը»: «Ընկերությունը», ինչպես առաջին մասում առիթ ունեցանք ասելու, «Կենտրոն» էր, այն էլ -«Գեր-Կենտրոն»: Եթե դու ցանկություն ունես, սիրելի ընթերցող, թեկուզ ամենահեռավոր, ամենանսեմ կերպով պատկերացնել այդ «Կենտրոնը» -երեւակայի՛ր հետեւյալը:-Ինչ-որ անհայտ մի տեղ, մի տեղ, որի ուր լինելը ոչ ոք, նույնիսկ ընկ. Վառոդյանը չգիտե. նաիրյան, չինական, կամ, ո՞վ գիտե, կարող է պատահել, որ ասորաբաբելական իքս, իգրեք, զեթ -Անհայտ քաղաքում, քաղաքի ծայրամասում, կենտրոնում, կարող է՝ գերեզմանատանը -մի խոսքով՝ այնպիսի մի տեղում, որի գոյությունն անգամ կասկածի է ենթարկվում -կա, գոյություն ունի -չգիտեմ, ինչպե՞ս ասեմ, որ գլխի ընկնես -նո՛ւ, անհայտ մի սենյակ. կամ խցիկ. կամ ներքնահարկ: Այդտեղ, այդ ներքնահարկում ահա, որի ուր լինելը, ինչպես ասացինք, ո՛չ մի մարդ չգիտե,- ապրում է հսկայական մի սարդ, աներեւույթ մի սարդ. սարդանման ուղեղ: Եվ այդ սարդը ահա, սարդանման այդ ուղեղը, իր անհայտ տեղից, իր այդ անորոնելի բնակարանից պարզում է իր ճանկերը. այնտեղից սկսած՝ հյուսում է իր ոստայնը, կուռ, հյուսում է անողոք: Պարզում է իր ճանկերը, թելավոր, դեպի քաղաքները նաիրյան, դեպի ուղեղները, սրտերը, կամքերը նաիրյան.-պարզում է -Մուշ, Բիթլիս, Դիարբեքիր. պարզում է -Թիֆլիս, Թեոդոսիա, Էնզելի. պարզում է -Երուսաղեմ... Մի խոսքով՝ ամեն, ամեն անկյուն, ուր կա մի, գոնե մի նաիրցի: Նյու-Յորք, Ժնեւ, Կալկաթա, Պերու, Րիո-Ժանեյրո, Աննամ.-ի՞նչ, ի՞նչ քաղաք կամ երկիր հիշատակեմ, ուր չկա, ուր չեն հասել թելերը, երկաթյաթելիկները Ուղեղասարդի: Հյուսում է, հյուսում է իր ոստայնը նա. կուռ, երկաթե՝ հյուսում է քաղաքից քաղաք, երկրից երկիր. իսկ ինքը չի երեւում. անխուսափելի, անշոշափելի է ինքը, որպես հրաշք. հրաշք է, չես հասկանում. սարսափելի գաղտնիք.- զարմանալի զարմանք... Ահա՛ թե ի՛նչ է «Ընկերությունը» որպես «Կենտրոն», որպես , ինչպես ընկ. Վառոդյանն է շատ հաջող բնորոշում՝ «Գեր-Կենտրոն», սիրելի ընթերցող: Բայց ես դեռ ամենազարմանալին, ամենագլխավորը չասի. վախեցա չհավատաս: Բայց ի՞նչ կասես փաստերին. աչքի առաջ են փաստերը. փաստերը պերճախոս: Բանն այն է, սիրելի ընթերցող, որ Ուղեղասարդը ո՛ր վայրկյանին ուզենա՝ կարող է քաշել դեպի ինքը, գործողության դնել, շարժել, ինչպես որ կամենա, տիեզերական իր ոստայնը, ոստայնի թե՛լը ամեն մի, ամեն մի ամենահեռավոր թելիկը, թելիկի ծայրը, ծայրի ծայրածիրը... Ահա՛ թե ինչ: Երեւակայո՞ւմ եք՝ այնտեղ, իր անհայտ տեղում, սենյակում իր նստած՝ սարդային այդ ուղեղը կամ ուղեղային այդ սարդը կարող է շարժել, մի փոքր ձգել, տատանել հազարերորդ իր ճանկը, ճանկի ամենածայրը,- եւ ահա Նյու-Յորքում այսինչ-այնինչ թելիկները, թելիկային մարդիկ, կանեն, ինչ որ ինքը, Կենտրոնը կամենա, Կենտրոնաուղեղասարդը ուզե... Կշարժե նա, Կենտրոնաուղեղասարդը, իր հազար մեկերորդ թելիկը - ահա Ժնեւում, Եվրոպի մեջտեղում, նաիրատառ «Դրոշակի» վրա կշարվեն ահեղամռունչ, գահակործան կոչեր... Բայց դա էլ դեռ ոչինչ. դեռ ամենաաներեւակայելին կա, ամենահրաշանմանը: Ընտանեկան հարկում, կնոջդ, երեխաներիդ, քրոջդ կամ մորդ հետ նստած քեզ համար թեյ էիր խմում, կամ ճաշում, կամ ընթրում էիր դու, սիրելի ընթերցող, երբ քսանհինգ տարի առաջ, գեղեցիկ մի օր շարժեց իր ամենաբարակ ճանկը, ճանկի ամենածայրը Կենտրոնաուղեղասարդը աներեւույթ իր տեղից - ահա, երեւակայո՞ւմ ես,-այնտեղ, Վոսփորի դալարագեղ ափերին, սուլթանների լպիրշ մայրաքաղաքում, լիմոնադի խցանի մի նման՝ թավ, թեթեւ թռավ՝ անսիրտ դիվանագետների ժանգոտած ուղեղներում, որպես նաիրյան, այսինքն՝ «Ընկերության» ոգու ցասումնալից մի ցույց, արդարության բողոք -պայթեց, օդը ցնցեց Բանկը Օտտոման... Եվ ի՞նչ էր, ի՞նչ էր, եթե ոչ նո՛ւյն Կենտրոնասարդի ամենաաննշան թելերի ամենաաննշան շարժման ամենաչնչին հետեւանքը -այն, որ թռավ, գահընկեց, Ելդզի մեծաշուք պալատներից Ելդզի Ճիվաղը -նա, որի արյունարբու հայրենիքի մասին դրել էր, իր հեռու թելիկների միջոցով, դրել էր Կենտրոնասարդը, աշխարհիս առաջին մարդու անկաշառ նաիրասերի բերանը «Հիվանդ մարդը պետք է մեռնի» ճակատագրական պատգամը: Օ, ո՞րը, ո՞րը պատմեմ, քանի որ բազում են մեծագործությունները նրա, բազում ու անհատնում: Եվ ինչքա՜ն, ինչքա՜ն պիտի ծիծաղելի թվա այս ամենից հետո այն, միանգամայն ճի՛շտ որ անհանդուրժելի, հանգամանքը, որ այնպիսի մի մեծամիտ ոչնչություն, ինչպիսին էր պ. Մարուքեն, այդ ողորմելի «Գրաստամատյանը» հանդգնում էր զանազան երկմիտ, անթույլատրելի ակնարկներ անել, թղթե սլաքներ թռցնել «Ընկերության» հասցեին... Գիտեր, իհարկե, վաղո՜ւց շոշափել էր արդեն տեղական իր շնորհալի թելիկների միջոցով, այդ հանդուգն հանգամանքը Կենտրոնաուղեղասարդը. բայց շատ էր չնչին, շատ էր անարժան մժեղը, որպեսզի ճանկերը շարժվեին թռներ, հօդս ցնդեր պ. Գրաստամատյանը Բանկ Օտտոմանի նման... այո՛: Ավելի քան ճշմարիտ կլինի կարծել, որ պ. Մարուքեի հենց այդ չնչինությանը, այդ ոչնչությանը պետք է վերագրել այն, այլապես միանգամայն անհասկանալի, հանգամանքը, որ նա մնում էր անպատիժ նույնիսկ շարունակում էր նաիրյան այդ քաղաքում իր աննշան ծանրությամբ աննշան տատանումներ պատճառել Կենտրոնաուղեղասարդի թելիկներից ամենաթելիկին -ընկ. Վառոդյանին: Բայց ընկ. Վառոդյանն էլ հո գիտեր իր գործը. օ, նա շատ սքանչելի էր տիրապետել թելիկատատանման նրբագույն արվեստին. այդ բանում խրատական նշանակություն էր ունեցել ընկ. Վառոդյանի համար իր կարճատեւ մտերմությունը հանգուցյալ ընկ. Կարոյի հետ, այն տարաբախտ ընկ. Կարոյի, որ այնպես վաղաժամ, ինչպես ընթերցողին հայտնի է արդեն վեպիս առաջին մասից, զոհ գնաց Վարդանի կամուրջի, այսինքն՝ նրա դիմաց գտնվող աննշան խրճիթի պայթման դեպքին: Նրանից, այո՛, ընկ. Կարոյից էր առաջին անգամ, իր հեղափոխական գործունեության վաղ արշալույսին, առաջին հրահանգներն ստացել ընկեր Վառոդյանը: Նրանից էր ստացել առաջին անգամ ընկ. Վառոդյանը հեղափոխական ընդվզումի կարմիր ավետարանը -«Ամբոխային տրամաբանությունը»: Կարծում ենք, ավելորդ է վերստին հիշատակել այն ճակատագրական դասը, որ իր հերոսական կռնակի վրա, «շոմպոլի» կապո՜ւյտ-կապո՜ւյտ հետքերի ձեւով, ստացել էր ընկ. Վառոդյանը «Դառնության Կենտրոնից»: Այսպիսի պատկառելի հեղափոխական անցյալից հետո դժվար էր, իհարկե, գործ ունենալ ընկ. Վառոդյանի հետ, մանավանդ որ վերջերս նա կամաց-կամաց ավելի ավելի խոշոր ուշադրության էր սկսում արժանանալ Կենտրոնաուղեղասարդի տեղական գլխավորաթելի -Համո Համբարձումովիչի -Մազութի Համոյի կողմից: Եվ, այստեղ եւեթ հարկավոր է ասել, որ հենց այդ օրերից է, որ սկսեց սարն ի վեր բարձրանալ ընկ. Վառոդյանը, հետագայում նաիրյան այդ քաղաքի կյանքում այնքան խոշոր դեր խաղացող ա՛յն ընկ. Վառոդյանը, որը, վերջ ի վերջո, ոչ այլ ինչ էր, եթե ոչ խղճուկ մի վարժապետ, «նաիրյան մի բթամտություն».-ինչպես ասում էր պ. Մարուքեն: Ինչո՞վ, ինչո՞վ նա Մազութի Համոյի աչքը մտավ -աստված ինքը գիտե, բայց փաստը մնում է փաստ, որ, այս օրերից սկսած, նա ավելի խոշոր մասնակցություն ունեցավ քաղաքի անցուդարձում, քան ինքը Սերգե Կասպարիչը, բժիշկը -այդ երկրորդ, կամ ավելի լավ է ասել -աջ ձեռքը Մազութի Համոյի: Ես էլ չեմ խոսում Օսեփ Նարիմանովի -Համո Համբարձումովիչի ձախ ձեռքի մասին, որը կամաց-կամաց, դեպքերի զարգացման ընթացքում, համարյա թե կորցրե՛ց իր ամբողջ նշանակությունը: Այս հանգամանքն ավելի զարմանալի կթվա, եթե ասեմ, որ նախքան այդ, ինչպես Սերգե Կասպարիչը, այնպես էլ Օսեփ Նարիմանովը «Կենտրոնից» նշանակված անդամներ էին Տեղական Կոմիտեում, որի նախագահն էր, ինչպես արդեն գիտենք, մինչեւ վերջը մնաց -Մազութի Համոն: Սա նշանակում է, որ, ինչպես բժիշկը, այնպես էլ հաշտարար դատավորը, երկուսն էլ՝ Մազութի Համոյի հետ հավասարապես ենթակա էին Կենտրոնասարդի անմիջական, այո՛, տատանումներին՝ ուղեղահրահանգներին. իսկ ընկ. Վառոդյա՞նը... Նա ի՞նչ էր որ. նա իսկի էլ կարծես գոյություն ունենալիս չլիներ առաջներում: Ինչքա՜ն, ինչքա՜ն էր պատահել, երբ նա, ընկ. Վառոդյանը, կարծես թե պատահմամբ, մտել էր Մազութի Համոյի գրասենյակը, երբ այնտեղ «նիստի» են նստած եղել Տեղական Կոմիտեի «Երեքը». եւ ի՞նչ. պատահում էր հետեւյալը. նա, ընկ. Վառոդյանը, հազիվ էր կարողանում գլուխը ներս խոթել, երբ բժիշկը, միշտ այդ մեծամիտ բժիշկը, բարձրացնում էր քիթը վեր, հոտոտում էր օդը՝ նայելով ընկ. Վառոդյանի դեմքին, -«ներողություն» -ասում էր բժիշկը կիսաժպիտ, որից հետո զսպանակի նման դռնից դուրս էր թռչում ընկ. Վառոդյանի գլուխը ու մնում էր դռան, փակ դռան հետեւում՝ որսորդական բարակի նման ներսի շշուկներին ունկնդիր: Այսպես էր, այո՛, առաջներում. բայց հետո... Հետո ընկ. Վառոդյանը դարձավ նշանավոր գործիչ, պատկառելի անձնավորություն շա՜տ, շա՜տ անգամներ առիթ ունեցան բժիշկ Սերգե Կասպարիչը եւ հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը նրա ընդունարանի առաջհերթի սպասելու... Բայց ների՛ր, ընթերցող, որ ես պատմությանս թելը բավականին խճճեցի, թեկուզ, գիտե՞ս, նաիրյան այդ քաղաքի այն նշանավոր օրերի պատմությունը գրողը հիմա, ուզած-չուզած, պիտի զգա իրեն այն դժբախտ երեխայի դերում, որը, ինչպես այդ հաճախ տեղի էր ունենում հենց նույն այդ քաղաքի երեխաների կենցաղում, գետում լողանալուց հետո ուզում է հագնվել, բայց գտնում է շապիկի թեւերը թրջած այնպես պինդ հանգուցած, որ սատանան ինքը կդժվարանա արձակել. նա գիտե, նա հասկանում է, որ իր շուրջը հռհռացող երեխաներն են այդ արել. նրա սիրտը պայթում է ոխից ու բարկությունից, բայց նույնպես ավելի քան լավ հասկանում է նա, որ եթե ընկնի ընկերների հետեւից -շատ են, մի երկուսը ետ կմնան մնացած շորերը եւս կթրջեն ու կհանգուցեն, ուստի մնում է նրան հանգուցած շապիկը մի կողմ թողնել հագնել շորերն առանց սպիտակեղենի -ինչպես մեզ, ընթերցող, գոնե անհանգույց դեպքերն ու իրողությունները մոռացության չտալու նպատակով մնում է մի կողմ թողնել բոլոր խճիճներն ու հանգույցները եւ անցնել վեպի շարունակությանը: Ինչպես ասացի՝ ընկ. Վառոդյանը սեփական աչքերով տեսել էր Մազութի Համոյի գրասենյակում «Կենտրոնից» ստացած գրությունը, որի մեջ գրված էր, ի միջի այլոց, «Հայտնի՛ր բոլորին» հրահանգը: Եվ ահա, Մազութի Համոյի գրասենյակից ելնելով, հանդիպեց, պատահմամբ, պ. Մարուքեին ընկ. Վառոդյանը եւ մտածեց, որ առաջին հերթին հենց այդ հաստամիտ Գրաստամատյանին է հարկավոր հայտնել հետաքրքիր նորությունը: Այդ միտքն հղացավ ընկ. Վառոդյանի գլխում երկու պատճառով. նախ՝ ինքը ցույց կտա այդ հաստամիտ պարոնին, որ այնքան էլ հասարակ անձնավորություն չէ ընկ. Վառոդյանը, որ, այո, ինքը կապեր ունի այնպիսի կենտրոնների հետ, որ կարող է ամեն նորություն իսկական աղբյուրից իմանալ,- ապա՝ ինչպես հրահանգել էր նրան Մազութի Համոն, «կշոշափե հողը»... Իսկ պ. Մարուքեն, այսպես թե այնպես, որպես հակառակորդ, բավականին հետաքրքիր «հող» էր՝ հասարակական տրամադրությունները շոշափելու համար... «Հետաքրքիր նորություններ»,- ասաց ընկ. Վառոդյանը, այնպես, ի միջի այլոց, պ. Մարուքեին: - «Բավականին հետաքրքիր...»: «Հը՞,-ակնոցների տակից վեր, ընկ. Վառոդյանին նայեց պ. Մարուքեն. - Ի՞նչ կա»: Ընկ. Վառոդյանը ժպտաց: Ու հազաց հետո, ձեռքը շրթունքներին տանելով. «Ըհը՛, ըհը՛, ըհը՛»,-ճիշտ եւ ճիշտ Սերգե Կասպարիչի նման: Պ. Մարուքեն բարկացավ. «Մի բան գիտես-ասա՝ ի՞նչ ես պոչդ գետնովը տալիս«: Ընկ. Վառոդյանը շիկնեց, աչքերից արյուն կաթեց ընկ. Վառոդյանի - «Յոթ օրից Էրզրում կլինենք»,-պայթեց ռումբի նման, կրկնելով Մազութի Համոյի խոսքերը, ընկ. Վառոդյանը պ. Դրաստամատյանի գլխին ու նայեց նրան հաղթական: Նայեց, նայեց նրան, արհամարհանքը ակնոցների տակից դառը պսպղացնելով, պ. Մարուքեն.-«Իդիո՛տ»,-- կարծես թքեց, կարծես ձգեց, ծանր մահակի նման, ընկ. Վառոդյանի դեմքին պ. Մարուքեն. ու շուռ տվեց դեմքը. աջ ուսը ցնցելով՝ հեռացավ: Նա գիտեր, քչերից մեկն էր պ. Մարուքեն նաիրյան այդ քաղաքում, որ թերթեր էր կարդում,-կարդացել էր արդեն պ. Մարուքեն, որ արդեն, արդեն՝ պատերազմ է հայտարարված Տաճկաստանին: Եվ, երեւակայո՞ւմ եք- դժգոհ էր դրանից: Տարօրինակ, այո, զարմանալի մարդ էր այդ պ. Դրաստամատյանը, ինչքան էլ նրան, խորին արհամարհանքով, պ. Գրաստամատյան անվաներ ընկ. Վառոդյանը, ինչքան էլ նրա, առանց այն էլ աչքի ընկնող քթի ծայրը համարյա թե միշտ ավելի եւս աչքի զարկեր իր անհաճո կարմրությամբ, որ, ինչպես ասում էին, հետեւանք էր ոգելից ազդեցությունների,-չնայած, կրկնում ենք. այս բոլոր տարօրինակություններին-պ. Մարուքեն է՛ր եւ արժանի է ամենայն ուշադրության: Երեւակայո՞ւմ եք. նա, այդ հարբեցող «եվրոպացին» այդ երեկո հանդգնություն ունեցավ կատարելու այնպիսի մի մեծագործություն, որի համար արժե՛ որ նա համարվի իմ միակ հերոսը, այդ կարմրաքիթ Դրաստամատյանը... Նա գիտեր, այո -կարդացել էր արդեն պ. Դրաստամատյանը, որ պատերազմ է հայտարարված Տաճկաստանին, միակ մարդն էր գուցե, որ, իրեն միայն հայտնի պատճառներով, դժգոհ էր դրանից: Կային ասողներ -ինչպես, օրինակ, Հաջի Մանուկոֆ էֆենդին,-որ «անարխիստ» է պ. Մարուքեն, այսինքն՝ «անիշխանական». այնինչ ընկ. Վառոդյանն այն կարծիքն ուներ, որ նա, այսինքն՝ պ. Մարուքեն, ոչ «անարխիստ» է, ոչ բան, այլ, պարզապես մի «մխի գլոխ», որին հարկավոր է «խփել»: Չգիտենք, որքա՞ն էր համապատասխանում իրականության ընկ. Վառոդյանի այդ կարծիքը պ. Մարուքեի մասին, բայց հարկավոր է ասել, որ ընկ. Վառոդյանի այդ օրիգինալ կարծիքում կար, եթե ոչ ուղղակի, գոնե կողմնակի ճշմարտության որոշ տոկոս. գուցե, այո, ընկ. Վառոդյանի տեսակետից, այդ «մխի գլխին» հարկավոր էր «խփել», քանի որ, այո,-մենք չգիտենք, թե ուրիշ ինչ պատճառներ կային պ. Մարուքեի համար, իրեն չվերաբերող մի խնդրի,-Տաճկաստանին հայտնած պատերազմից դժգոհելու, բայց մի բան պարզ էր ինքնըստինքյան, այդ այն է, որ պ. Մարուքեն նկատել էր, որ արդեն շարժվում է «Ընկերությունը»,- սա՛ էր, ամենից առաջ, նրա դժգոհելու պատճառներից մեկը: Ո՛չ անարխիստ, ո՛չ բան: Նա՝ պ. Մարուքեն, իրեն միայն հայտնի պատճառներից դրդված, դեմ էր «Ընկերությանը», այսինքն՝ կոնկրետ ասած՝ տեղական «երեքին» ու նրա արբանյակներին. նրանք սեւ ասեին, պ. Մարուքեն կասեր՝ սպիտակ. նրանք հա ասեին, պ. Մարուքեն կասեր՝ չէ: Եվ այսպես -ամեն ինչում. այսպես էլ հիմա: Արդեն խոսում էին քաղաքում, արդեն շշնջում էին, խորհրդավոր, զանազան բերաններ: Արդեն տալիս էին հայտնի անուններ... Անհամբերությամբ սպասում էին այդ ըղձալի օրվան. այս ըղձալի օրը, ինչպես ընկ. Վառոդյանն էր ասում քաղաքային այգում ծանոթ օրիորդներին, պիտի բանար իրենց՝ Նաիրիի առաջ ըղձա՛լի հորիզոններ: Դեռ երեկ, դեռ առաջի օրը, այգու ակումբում պարծենում էր, «ագռավի աղջիկը» սեղանին խփելով, Կինտաուրի Սիմոնը, որ «կամավոր կգնա»: Հասկանում էր, իհարկե, զգում էր արդեն պ. Մարուքեն, որ շուտով «պարը կսկսվի» եւ գլխապտույտ կգնա. հասկանում էր եւ դժգոհելով սպասում: Իսկ հիմա ահա, ընկ. Վառոդյանին հանդիպելուց հետո, հասկացավ, զգաց պ. Դրաստամատյանը, որ արդեն գլորվել է քարը - քթի տակ, դժգոհ, փնթփնթալով՝ քաղաքային այգու ակումբը գնաց պ. Մարուքեն, մտածելով, որ այնտեղ, երեւի, ամեն ինչ կիմանա: Իրիկուն էր արդեն. արդեն վառվում էին լույսերը քաղաքային այգում: Նվագում էր զինվորական երաժշտախումբը. նվագում էր «Բոժե ցարյա»: Հասկացավ պ. Մարուքեն, որ «սկսվել է պարը»: Հիշեց այն մյուս կիրակին. կանգնեց, կանգնեց նորից պ. Մարուքեի ուղեղում -կանգնեց, այծագլուխ, Մազութի Համոն: Լիքը, խիտ կանգնած հասարակության միջով մոտեցավ ակումբին պ. Մարուքեն - եւ, հրաշքի մի նման, ելնելով կարծես իրա, պ. Մարուքեի ուղեղից -կանգնեց. դեմը, նույն թղթախաղային կանաչ սեղանի վրա կանգնած էր -Մազութի Համոն: Ներքեւում, այսինքն՝ սեղանի կողքին, գլխաբաց կանգնած էին՝ բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Արամ Անտոնիչը, Գեներալ Ալոշը, ընկ. Վառոդյանը եւ Կինտաուրի Սիմոնը -կոշկակարը: Բերանները բաց՝ բղավում էին «ուռա»: Դեռ չէր ուշքի եկել պ. Մարուքեն, երբ մեկը հետեւից հրեց նրա կողին եւ ականջին բղավեց. «Գըլխարկդ հանե՛, տո՛, չե՞ս հասկընա»: Նայեց -Աբոմարշն էր. ակնոցը քթին, այծամորուք: Դեմքին -պատկառանք էր խորհրդավոր. ակնոցը թեքվել էր մի կողմ. գլուխը նման էր «Խաթաբալայից» հանած ծաղրանկարի: Հանեց գլխարկը, առանց բան հասկանալու, պ. Մարուքեն. բայց մինչ այդ նվագը դադարեց, բոլորը ծածկեցին գլխարկները եւ այս անգամ պ. Մարուքեն ինքը մնաց՝ քիթը վեր, գլխարկը ձեռին: «Հայրենակիցնե՛ր», - սկսեց, երեւի ընդհատված ճառը շարունակելով, Մազութի Համոն. տիրեց լռություն՝ լսողություն տիրեց: «Մոտ է, մոտենում է օրը, -շարունակեց ապա Մազութի Համոն, -երբ, ելած մոխիրից, դարերի քնից,- հառնե՛ պիտի, ազատ, երկիրը հազարամյա- ազատ Նաիրին»: Այս իմաստով ահա խոսում էր, բավականին հուզված, Մազութի Համոն. բայց ահա նրա ձայնը բարձրացավ, ձեռքը վեր մեկնվեց աչքերը վառվեցին. նա, ինչպես երեւում էր, վերջացնում էր ճառը.-«Ամեն ոք մեզանից պարտավոր է օգնել, ինչով որ կարող է, այսօր. ես չեմ կասկածում»,-վերջացրեց խոսքը Մազութի Համոն,- «որ մեր հաղթապանծ զորքերը մի շաբաթից հետո Էրզրում կմտնեն»: Այսպես վերջացրեց իր ճառը Մազութի Համոն - եւ նորից թնդաց երաժշտությունը՝ հասարակությունը ոռնաց: Ոգեւորության հենց այդ ծայրահեղ վայրկյանից հետո էր ահա, որ տեղի ունեցավ անսպասելի, աներեւակայելի, անթույլատրելի մի բան.-երեւակայո՞ւմ եք՝ պ. Մարուքեն, այդ «ախմախ անասունը», որպիսի հորջորջում տվեց նրան, դեպքը կատարվելուց հետո, Գեներալ Ալոշը,-այդ ողորմելի պ. Մարուքեն ահա, իր կանգնած տեղից, հենց որ Մազութի Համոն իր խոսքը վերջացրեց -«Իդիո՛տ»-բացականչեց, ինչքան որ ձայն ուներ, Համո Համբարձումովիչի հասցեին. տիրեց մեռելային լռություն՝ ապշանք, էլեկտրական լարում:-«Բա՛ցց»-իջավ, չոր, հնչուն՝ շխկալով ընկավ ընկ. Վառոդյանի ապտակը պ. Մարուքեի այտին: Պ. Աբոմարշն շտապեց ոտքի մի խրատական հարվածով օգնության հասնել ընկ. Վառոդյանին: Պ. Մարուքեն, երեսնիվայր, ընկավ. ակնոցը, պսպղուն, թռավ մի կողմ: «Հարբած է»,- հայտնեց Սերգե Կասպարիչը՝ դեպքի տեղը հասնելով: «Հարբած է»,-հաստատեց ընկ. Վառոդյանը.-«պետք է ոստիկանատուն ուղարկել, որ ուշքի բերեն»: Ու պատմեց, որպես ապացույց, ընկ. Վառոդյանը, որ նույնը, բառացի, կես ժամ առաջ ասաց իրեն, փողոցում, առանց որեւէ առիթի, պ. Մարուքեն: Պ. Մարուքեին տարան ոստիկանատուն: Չգիտեմ, հարբած էր թե չէ պ. Մարուքեն, բայց մի բավականին հավաստի աղբյուրից ես հետո տեղեկացա, որ, ճիշտ որ, ինչպես այդ հավաստի աղբյուրն էր ինձ տեղեկացնում -պ. Մարուքեն հարբած էր եղել: Նույնն էր հաստատում եւ Բոչկա Նիկալայը հետո, պատմելով, որ այդ օրը, դեպքը պատահելուց երկու ժամ, մոտավորապես, առաջ պ. Մարուքեն իրա, Բոչկա Նիկալայի դախլի դիմացը կանգնած՝ գլուխն է քաշել «մի բոթիլ սմիրնովկա»-դառնահամ օղի: Բայց այս դեպքում արժեքավոր է, իհարկե, ոչ այնքան Բոչկա Նիկալայի ցուցմունքը, մանավանդ որ օղու նրա հիշատակած քանակը դժվար թե ընդունակ լիներ «խելքից հանելու» պ. Մարուքեին,-որքան, այո՛, վերեւում հիշածս «հավաստի աղբյուրի» ցուցմունքը, որովհետեւ... Բայց այս ենթադրությունս հիմնավորելու համար նախ եւ առաջ հարկավոր է ասել, թե ի՞նչ «աղբյուր» էր այդ, որին կարելի էր հավատ ընծայել այն էլ այնպիսի մի նուրբ անհասկանալի հարցում, որպիսին էր պ. Մարուքեի վարմունքը պատմական այն ահավոր, այն նշանակալից վայրկյանին: Այդ «աղբյուրը», դե, մի մարդ էր, երեսունին մոտիկ մի երիտասարդ նաիրցի, որը վերջին օրերս էր միայն երեւացել նաիրյան այդ քաղաքում, բայց որին ճանաչում էին տեղացիք նրա մանկությունից. ռեալական դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչի մորեղբոր որդին էր դա -Կարո Դարայանը, որին յոթ-ութ տարեկան հասակից Մոսկվա, Լազարյան Ճեմարանն էր ուղարկել Արամ Անտոնիչը. սրա խնամքին էր մնացել, ծնողների մահվանից հետո, դեռ մանուկ հասակից Կարո Դարայանը: Արամ Անտոնիչը, նրան Մոսկվա ուղարկելով, հասել էր երկու նպատակի մի անգամից. նախ՝ ազատվել էր նրա հոգսից, երկրորդ՝ իր վերջին պարտքը դրանով հատուցած էր համարել իր ազգակցի հիշատակին: Ինչպես որ գնացել էր Մոսկվա Կարո Դարայանը -այնպես էլ մնացել էր այնտեղ մինչեւ ավարտելը, որից հետո եւս, թեկուզ տեղափոխվել էր Կովկաս-Բաքու, բայց չէր երեւացել հայրենի քաղաքում, չնայած Արամ Անտոնիչի հաճախակի խնդրանքներին: Արամ Անտոնիչը, մանավանդ երբ Դարայանը վերջացրեց դպրոցը, երբ արդեն վերացած էր համարում ամեն մի հոգատարության խնդիր մորեղբոր որդու նկատմամբ, շատ էր ցանկանում նրան իր մոտ տեսնել, գուցե հենց նրա համար միայն, որ, ինչպես ասում էր նա հաճախ Գեներալ Ալոշին, «ցանկանում էր իր ազնվության պտուղը մոտիկից ճաշակել»: Բայց հետո, Կարո Դարայանի Բաքու գալուց մի քանի ժամանակ անց, Արամ Անտոնիչը դադարեց հանկարծ իր «ազնվության պտուղի» մասին առհասարակ խոսելուց, իսկ երբ, լինում էր, հիշեցնում էին նրան իր «սանիկի» մասին -Արամ Անտոնիչը թթու դեմք էր շինում. Արամ Անտոնիչը ծամծմում էր զրույցը: Գեներալ Ալոշը սկզբում չէր հասկանում, ավելի շուտ՝ չէր իմանում բանի եղելությունը. բայց հետո նա իմացավ, եւ ահա բանը մինչ այնտեղ հասավ, որ Արամ Անտոնիչը մի գեղեցիկ օր էլ վերցրեց գրեց իր սանիկին, որը, ի դեպս, համարյա թե չէր էլ պատասխանում իր «բարերարի» նամակներին ո՛չ մի նշան չէր էլ ցույց տալիս այդ կողմերը երեւալու,-Արամ Անտոնիչը, ինչպես ասացինք, վերցրեց գրեց Կարո Դարայանին, որ չլինի թե վերջինս իր աչքին երեւա. իսկ եթե պատահի գալու լինի հայրենի քաղաքը -չլինի թե մտաբերե իր քեռու բնակարանը. քեռու բնակարանը «փուչ» սանիկի համար փակված կլինի: Այսպես էր գրել իր մորեղբորորդուն Արամ Անտոնիչը իր վերջին նամակում - ահա, այդ նամակը գրելուց երկու ամիս անց, որտեղից որտեղ, մեր պատմած դեպքերի նախօրյակին, մի գեղեցիկ առավոտ եկավ Կարո Դարայանը նաիրյան այդ քաղաքը կառքը կանգնեցրեց... ճիշտ պ. Մարուքեի բնակարանի առաջ: Այս վերջին հանգամանքը խիստ զարմանալի թվաց ոչ այնքան քաղաքացիների, որքան իրա -Արամ Անտոնիչի աչքին. բանն այն է, որ, ճիշտ է, Մոսկվա գնալուց առաջ երկու երեխաներ, ավելի լավ է ասել՝ երկու փողոցային խաղընկերներ, թեպետ եւ ճանաչելիս լինեին իրար պ. Մարուքեն եւ Կարո Դարայանը, բայց չէ՞ որ դրանից հետո այնքան էր ջուր հոսել, այն էլ տարբեր հուներով, որ ոչ մի հնարավորություն, թվում է թե, չպիտի մնար նրանց մտերմանալու: Դրանից հետո պ. Մարուքեն, ինչպես գիտենք, տեղական քաղաքային յոթնամյա դպրոցն էր ընկել, որից հետո, չգիտենք, թե ի՜նչ զարմանալի հրաշքով, եղել էր Բեռլինում, այնինչ Կարո Դարայանը գնացել էր Մոսկվա, ապա Բաքու, այնպես որ ո՛չ մի առիթ, ո՛չ մի հնարավորություն, թվում է թե, չեն ունեցել իրար հանդիպելու - եւ հանկարծ... Կարո Դարայանը վերադառնում է այդ քաղաքը եւ կայարանից քշում է ուղի՛ղ պ. Մարուքեի բնակարանը, ամենայն ճշտությամբ ասում է կառապանին պ. Մարուքեի հասցեն... Հասկանո՞ւմ եք՝ Կարո Դարայանը, ամբողջ քսան տարի ո՛չ հայրենի քաղաքի ո՛չ էլ պ. Մարուքեի դեմքը տեսնելուց հետո -ասում է կառապանին պ. Մարուքեի հասցեն եւ հին բարեկամի նման իջնում է նրա տանը, նախքան վերջինիս սենյակ մտնելը -դուրսը, հենց դռան առաջ, կառապանի կողքին մի պինդ համբուրվելով իրեն միանգամայն անծանոթ, բայց հրաշքով մտերմացած պ. Մարուքեի հետ... Այս բանն իր սեփական աչքերով տեսել է Կինտաուրի Սիմոնը, կոշկակարը ամենայն մանրամասնությամբ պատմել է ընկ. Վառոդյանին: Եվ ահա -հենց այդ Դարայանը, նա ինքը, ինչպես այս բոլորից կարող եք եզրակացնել՝ պ. Մարուքեի այդ հոգեկից ընկերն ահա, վերջինիս հետ քաղաքային այգում տեղի ունեցած այն ցավալի դեպքի երկրորդ օրը հավատացնում էր բոլորին, որ պ. Մարուքեն, ճիշտ է, հարբած է եղել: Կարծում եմ, որ ես իրավունք ունեմ Կարո Դարայանին, այդ, իմ կարծիքով ամենահավաստի աղբյուրին, լիովին հավատալու, նախ նրա համար, որ նա հետագայում հայտնի դարձավ քաղաքին, որպես միանգամայն մաքուր, անկաշառ մի անձնավորություն, ապա՝ նրան, պ. Մարուքեի այդ սրտակից ընկերոջը, իսկի էլ ձեռնտու չէր հարբեցողի դիպլոմ կպցնելը իր «հոգեկցի» ճակատին, մանավանդ որ այդ չարաբաստիկ «դիպլոմը» շատ շուտով պատճառ դարձավ պ. Մարուքեի ուսուցչական դիպլոմից զրկվելուն: Մի հանգամանք, որի մեջ խառն էր - եւ նա ինքն էլ չէր թաքցնում -Մազութի Համոյի մատը: Նա՝ Մազութի Համոն, որպես ծխական դպրոցների ավագ հոգաբարձու, ասել էր հոգաբարձական ժողովին, որ շտապ կարգով, որպես բացառություն, տեղի էր ունեցել ո՛չ թե Համո Համբարձումովիչի գրասենյակում, այլ եկեղեցու մոմավաճառքի խանութում, որտեղ միշտ պատրաստ էր լինում ծխական դպրոցների հոգաբարձական կազմը,-այդ կազմին ահա ասել էր, զայրույթի փրփուրը բերանին, Մազութի Համոն, որ «նաիրյան դպրոցում, ուր կրթվում, հասունանում թեւ է առնում մեր մատաղ սերունդը, որի ուսերի վրա, որի վտիտ ուսերի վրա վաղը պետք է ծանրանա նաիրյան- օ, ես հավատում եմ դրան,-պայծառ ապագան դարբնելու գործը,- հարգելի ժողովականնե՛ր, ես ասում եմ, այո, որ նման մի սրբազան վայրում, այն էլ ուսուցչի բարձր կոչումով, տեղ չպե՛տք է ունենան պ. Դրաստամատյանի նման հարբեցող ավարաները...»: Այսպես էր ասել ծխական դպրոցների հոգաբարձական կազմին, միանգամայն արդարացի լինելով, Մազութի Համոն,- եւ նրան, այդ կազմին, ոչինչ ուրիշ չէր մնում անելու, քան հաստատելու նրա կարծիքը եւ հեռացնելու պաշտոնից պ. Մարուքեին, որը եւ տեղի ունեցավ, ի մեծ անտարբերություն պ. Մարուքեի եւ ի մեծ ուրախություն ամբողջ քաղաքի -երկու օր անց: Բժիշկ Սերգե Կասպարիչը այլեւս նստում էր զորակոչային ատյանում: Իսկ երեկոները, ըստ սովորության, նորից զբաղվում էր քաղաքային ակումբում մխիթարիչ թղթախաղով, բայց այն տարբերությամբ, որ այժմ հետզհետե խոշորանում էին գումարները, խաղամիջի գումարները. «տասը», «հիսուն», «հարյուրի»-ի տեղ կանաչ սեղանների շուրջը այժմ լսվում էին «երեք ու կես», «հինգ» «հավասար» բացականչությունները, որոնք, փոխաբերաբար հասկացվում էին, որպես հարյուրի ու հազարի հետ առնչություն ունեցող գումարներ: Երկրորդ աչքի ընկնող փոփոխությունը, որ առանձնապես դուր էր գալիս Սերգե Կասպարիչին, այն էր, որ նոր, միանգամայն «թարմ» մարդիկ էին սկսել հաճախել քաղաքային ակումբը, ըստ մեծի մասի երիտասարդ սպաներ, որոնք շատ շուտ ընտելանում էին բժշկին եւ, նրանից հետո, մնացած շրջանին՝ Օսեփ Նարիմանովին, Գեներալ Ալոշին, Արամ Անտոնիչին եւ մյուսներին. ես դիտմամբ առաջին հերթին չտվի Համո Համբարձումովիչի անունը, որովհետ նա թեկուզ չէր դադարել ակումբ հաճախել, բայց երեւում էր կանաչ սեղանի շուրջը ոչ պարբերաբար, ինչպես առաջ, այլ երբեմն-երբեմն, այլն էլ երեկոյան ուշ ժամերին, տասնմեկից հետո. ո՞վ, ո՞վ չգիտեր, որ օրըստօրե մեծանում, վիթխարի ծավալ էր ստանում Մազութի Համոյի հասարակական գործունեությունը, որով, իհարկե, քիչ տեղ էր մնում անձնական հաճույքներին՝ աննշան տեղ: Արդեն խոսում էին, արդեն շատ որոշակի շշուկներ էին շրջում քաղաքում - այդ շշուկները ինչ - որ առնչություն ունեին ընկ. Վառոդյանի հետ, արդեն տալիս էին հայտնի անուններ: «Անդրանիկ», «Դրո», «Քեռի», - խոսում էին արդեն տներում ու փողոցներում: Եվ այդ անունները կապվում էին, ինչ - որ անհայտ թելերով կապվում էին այդ անունները Մազութի Համոյի գրասենյակին. ինչ - որ անհայտ կողմերից երկարվում էին, ասես, աներեւույթ թելեր փաթաթվում էին «Լույսի» կառավարիչ Մազութի Համոյի շուրջը, նրա հետ առընթեր մեջ առնելով նա ընկ. Վառոդյանին, այո, նախ առաջ ընկ. Վառոդյանին, ապա բժշկին Օսեփ Նարիմանովին: Չգիտենք՝ կապ ունեի՞ն արդյոք այդ շշուկներին, թե ոչ, բայց այդ օրերին էր հենց, որ Հինգհարկանի Շենքի հրամանների կողքին մի առավոտ քաղաքացիք փակցրած գտան -ուրիշ, նաիրատառ հրամաններ, ճիշտն ասած՝ հայտարարություններ, որոնց ներքեւում, սպիտակի վրա սեւով ստորագրված էր՝ տպված էր նաիրատառ՝ Համազասպ Աստվածատրյան. - դա հենց ի՛նքն էր՝ «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչ Ասատուրովը - Մազութի Համոն... Այդ հայտարարությունները կանչում էին քաղաքացիներին, կանչում էին, ինչպես ասված էր նրանցում - կիրակի, ցերեկվա ժամը 12-ին, ամառային ակումբի դահլիճը - «Հասարակական ժողովի»: Գրված էր, նույնպես ասված էր նրանցում, որ -«Ներկա մոմենտի մասին կբանախոսե Համազասպ Աստվածատրյանը»-(կարդա՝ Մազութի Համոն) ապա՝ «Բանախոսությունից հետո տեղի կունենա մտքերի փոխանակություն մի շարք կարեւոր հարցերի մասին. մուտքը ազատ է բոլորի համար. պատասխանատու կարգադրիչ՝ Համազասպ Աստվածատրյան» - ահա այդ հայտարարությունների բովանդակությունը: Կարդաց-կարդաց այդ հայտարարությունը վարսավիր Վասիլը, նրա դեմքը, չգիտեմ ինչու, գարնան առավոտի նման, զվարթ, բացվեց. կարծես յուղ քսեցին վարսավիրի դեմքին: Ձեռքերը իրար շփելով՝ մտավ Կինտաուրի Սիմոնի կոշկակարանոցը վարսավիր Վասիլը եւ զվարթ բացականչեց. «Մազութի Համոն էլի կանչել է քեզի, տո՛, Կլուբի Մեյմուն, բանե խաբա՞ր ես հեչ...«: Կոշկակար Սիմոնը կարծեց, թե ճիշտ որ կանչում է իրեն Մազութի Համոն. դանակը վար դրեց Կինտաուրի Սիմոնը եւ ելավ ոտքի: «Ո՞ւր ա, ո՞ւրտեղ է», - թեկուզ խոցված վարսավիրի կոպիտ հորջորջումից, բայց ներքուստ հպարտացած, որ, ա՛յ, ինքը եւս առնչություն ունի այնպիսի անձնավորության հետ, ինչպիսին է Համո Համբարձումովիչը - Մազութի Համոն: «Ո՞ւրա»,- շողոքորթ ժպտալով՝ հարցրեց Կինտաուրի Սիմոնը վարսավիր Վասիլին, կարծելով, որ դուրսը, դռան մոտ, երեւի, կանգնած սպասում է իրեն Մազութի Համոն: «Ա՛յ», - պատասխանեց, մեջքը թեքելով կռնակը դեպի Կլուբի Մեյմունը դարձնելով, վարսավիր Վասիլը. ու ցուցամատը տարավ, ցույց տվեց... իր այն տեղը, որի վրա ծննդյան օրից նստում էր նա: Հասկացավ Կլուբի Մեյմունը, գլխի ընկավ նա, որ «ձեռ է առել» իրեն վարսավիր Վասիլը. - «Թո՛ւ, մարդ, նամուսիդ«,-թքեց Կինտաուրի Սիմոնը վարսավիրի հետեւից. բայց նա, խռպոտ հռհռալով, ցատկել էր արդեն դուրս: Վարսավիր Վասիլը արդեն չկար: Բայց ես մոռացա ասեմ, որ Մազութի Համոյի նույն այդ հայտարարությունների կողքին, նույն այդ օրը, փակցրած կային եւս ուրիշ հայտարարություններ, որոնց ճակատին տպված էր թեեւ «Լույս» Նավթարդյունաբերական Ընկերության կողմից» ծանուցումը, սակայն նրանց ներքեւում եւս տպված էր նորից նրա, անխուսափելիորեն նրա - Մազութի Համոյի ստորագրությունը: Նրանցում, այդ մյուս հայտարարություններում, ծանուցվում էր ի լուր հանրության, որ -«Ապրանքատեղափոխության պայմանների դժվարանալու պատճառով՝ «Լույսի» վարչությունը պատիվ ունի հայտնելու արգո հասարակությանը, որ սույն թվից սկսյալ նավթը վաճառվելու է փութը մի ռուբլի հինգ կոպեկով»-այսինքն՝ նախկին գնից փթին 15 կոպեկ ավելով: Չնայած Համազասպ Աստվածատրյանի առաջին հայտարարության առանձին խորհրդավորությանը եւ անհասկանալի ոճին՝ Մազութի Համոյի այս երկրորդ հայտարարությունն ավելի հուզեց քաղաքացիների միտքը, քան առաջինը: Մանավանդ որ չար լեզուներն սկսեցին խոսել,- այս լեզուների շարքում իր առանձնահատուկ տեղն ուներ պ. Մարուքեի լեզուն,-որ նավթի գինը բարձրացնելու խնդրում մատ չունի «Կենտրոնը», այսինքն՝ «Լույսի» կենտրոնական՝ Բաքվի վարչությունը, այլ որ այդ հետեւանք է իրա -Մազութի Համոյի սեփական ձեռներեցության, մի բարեմասնություն, որով այնքան հարուստ էր Մազութի Համոն եւ որի շնորհիվ նա քանիցս արժանացել էր կենտրոնական վարչության առանձին ուշադրությանը, հատուկ հարգանքին: Չգիտենք, որքան հիմք ունեին այդ զրույցները, բայց մենք, աչքի առաջ ունենալով ռուսական հայտնի առածը, տրամադիր ենք կարծելու, որ այդ «ծուխը» եւս պիտի նախապայման ունենար եթե ոչ իսկական մի «կրակ», գոնե կրականման մի բան: Սիրելի ընթերցո՛ղ, քո աչքից թող չխուսափե իմ այս միանգամայն «նուրբ», միանգամայն զգուշավոր վերաբերմունքը դեպի Մազութի Համոյի անձնականին ուղղված զանազան «ասեկոսեները». ո՞ր, ո՞ր, ասացեք խնդրեմ, քիչ թե շատ համարում ունեցող հեղինակը կարող է ցանկանալ, որ իրեն մեղադրեն բամբասանքի մեջ դեպի իր հերոսը -նո՛ւ, եթե ոչ «հերոսը», գոնե իր վեպի նշանավոր, այո՛, կենտրոնական անձնավորություններից մեկը: Իսկ ինձ համար, մանավանդ, ոչ միայն որպես հեղինակի, այլ որպես մարդու -ուրեմն կրկնակի կերպով անհաճելի պիտի լիներ նման մեղադրանքը, որովհետեւ, զգում եմ, որ եթե ես թույլ տայի ինձ գոնե մի, թեկուզ ամենաչնչին, անբարեխղճություն գրությանս առարկա անձնավորության հասցեին -ապա հետեւեին, խղճի խայթի նման հսկեին պիտի անքուն գիշերներս Մազութի Համոյի կայծկլտող աչքերը՝ ուտեին պիտի սիրտս: Պիտի նայեին նրանք, հսկեին պիտի խղճմտանքս -կախաղանի բարձունքից պարզեին պիտի դեպի խիղճս Մազութի Համոյի տառապյալ աչքերը -նախատինքի, այո, մորմոքի ասեղներ... Կիրակի, ինչպես գրված էր հայտարարության մեջ՝ ցերեկվա ժամը 12-ին արդեն կանգնած էր Մազութի Համոն ակումբի դահլիճի դեռ չբարձրացրած վարագույրի հետեւը եւ պատրաստվում էր սկսելու: Նայում էր վարագույրի արանքից դահլիճում հավաքված հասարակությանը սրտմտում էր կարծես. կողքին կանգնած էր ընկ. Վառոդյանը եւ նույնպես ցույց էր տալիս դժգոհության նշաններ: Բանն այն էր, որ այնքան էլ, կարծես, դահլիճը լիքը չէր: Առաջին շարքում, կողք կողքի, նստած էին՝ Գեներալ Ալոշը, Օսեփ Նարիմանովը, բժիշկը: Արամ Անտոնիչը երկրորդ կարգի առաջին նստարանն էր ընտրել եւ քիթը վեր տնկած, հոտոտում էր օդը. փնտրում էր օդի ալիքներում ինչ-որ ծանոթ մի բան, բայց, կարծես, չէր գտնում: Նրանից երկու նստարան այն կողմը նստել էր կոշկակար Սիմոնը -Կլուբի Մեյմունը: Վարսավիր Վասիլը նրա հետեւում դրված նստարանն էր ընտրել եւ, նայելով կոշկակարի ծոծրակին, շոյում էր մորուքը: Բացի այս հարգելի նաիրցիներից, եթե Հաջի Մանուկոֆին, ռեալականի օրիորդաց գիմնազի մի քանի ուսուցիչ-ուսուցչուհիներին, ծխականի վարժապետ-վարժուհիներին, տեր Հուսիկ քահանա-Խաչագողին եւ պ. Աբոմարշին էլ թվենք -սրանով համարյա թե սպառած կլինենք չափահաս քաղաքացիների կոնտինգենտը, եթե, իհարկե, այդպիսիների շարքին չդասենք մի քանի ուսանող-ուսանողուհիներին մի շարք աշակերտներին (մեծ մասը Գեւորգյան ճեմարանից), որոնք կարծես թե իրենք էլ զգալով իրենց անչափահաս լինելը՝ շարվել էին պատերի երկայնքին եւ բռնել էին մուտքը՝ չնայած որ դահլիճում դեռ, բավականին թվով, մնացել էին դատարկ նստարաններ: Տասներկուսից տասը անց Մազութի Համոն անհանգստացավ. նայեց ժամացույցին, նայեց ընկ. Վառոդյանին. «Հարկավոր է սկսել»,-ասաց ընկ. Վառոդյանին Մազութի Համոն: Ընկեր Վառոդյանը դուրս եկավ մի վայրկյան, ծառային կարգադրեց - եւ ահա, երբ կրկին վերադարձավ հայտնեց Համո Համբարձումովիչին, որ իսկույն կսկսեն -դրսից, ակումբի դռնից, լսվեց զանգի ձայնը, որից հետո դահլիճ մտնել սկսեցին մի քանի նոր անձնավորություններ, մի երկու ուսանող, մի երկու եկվոր սպաներ. վերջին մտնողը պ. Մարուքեն էր, հետեւից՝ Կարո Դարայանը, որ տեղավորվեցին վերջին շարքի նստարաններին. ապա դուռը փակվեց, վարագույրը բարձրացավ... Եվ ահա այստեղ էր, որ հանդիսականների աչքին ներկայացավ մի բավականին տարօրինակ, անսպասելի տեսարան. բեմի աջ անկյունում դրված էր ամբիոնանման մի հարմարություն, որի կողքին կանգնած էր Մազութի Համոն, իսկ բեմի կենտրոնում, նույն ճակատագրական կանաչ սեղանի առաջ (ուրիշ սեղան երեւի չէր ճարվել ակումբում) նախագահական աթոռի վրա նստած էր, որպես նախագահ -երեւակայո՞ւմ եք -ընկ. Վառոդյանը... Վա՛տ, վա՛տ հոտ էր փչում, ինչպես հետագայում ասում էր պ. Մարուքեն, նաիրյան այդ ժողովից -ասում էր, ինչպես ասացինք, հետագայում, երբ արդեն պատմության գիրկն էր անցել այդ ժողովը արդեն եւ ակնբախ էին դարձել նույնիսկ Մեռելի Ենոքի աչքին, նրա աղետավոր հետեւանքները... Բայց ա՛յն, ա՛յն ժամանակ ո՞նց հասկանար այդ «վատ հոտը» -չասենք Մեռելի Ենոքը, որն ընդհանրապես քիչ բան էր հասկանում, այլ, ասենք, հենց մանրավաճառ Կոլոպոտյանը, որ իսկի չէր էլ եկել ժողովի կամ նաիրցի արհեստավորը, որ չէր էլ լսել այդ ժողովի մասին եւ եթե լսեր էլ -քիչ բան պիտի հասկանար: Ո՞նց, ո՞նց իմանար նեխած ձկան նման վագոնները լցված նաիրցի տրեխավորը, ո՞նց հասկանար այդ «վատ հոտը» նա, որ առաջին անգամն էր, ելած իր մութը խուղից, երկաթագիծ տեսնում նրա անհայտ հեռուներից սարսափահար՝ լալիս էր պառավանման երգում էր, պառավաձայն, վայրենի իր «Տանըմը»-փակ, անդուռ վշտի հանճարեղ այդ ոռնոցը, որ պատիվ կարող էր բերել ամեն մի, ձմռան կեսգիշերին դունչը լուսնին տնկած, սարսափահար գայլի... Տասներկուսից տասնհինգ անց այդ ժողովը բացվեց: «Ըհը՛, ըհը՛«,-երկու մատը շրթունքներին տանելով, չոր հազաց ընկ. Վառոդյանը. ասաց բացման խոսքը՝ կարճ ազդու: «Տիկիններ եւ պարոններ»,- սկսեց իր խոսքը ընկ. Վառոդյանը, թեկուզ, կարծեմ, ոչ մի տիկին չկար դահլիճում, եթե, իհարկե, չհաշվենք ծխականի վարժուհի օր. Սաթոյին, որին փոխաբերական մտքով միայն, թերեւս, կարելի էր «տիկին» անվանել, այն էլ եթե նման մի անքաղաքավարություն թույլատրելի լիներ նաիրյան ժողովներում: Ընկ. Վառոդյանը իր բացման խոսքում, մոտավորապես, ասաց, որ «մեծ օրեր» են եկել, նշանակալից օրեր ամեն մեկի համար, բոլոր ժողովուրդների համար եւ, մասնավորապես, նաիրյան ժողովրդի համար: Նա հայտնեց, որ պ. Համազասպը կզեկուցե այդ նշանակալից օրերի ամբողջ կարեւորության մասին եւ համոզված է, որ արգո հասարակությունը միանգամայն հասուն, աչալուրջ վերաբերմունք կցուցահանե դեպի դրված խնդիրները: «Խոսքը, զեկուցման համար, տրվում է պ. Համազասպին»,-ասաց ընկ. Վառոդյանը եւ նստեց: Եվ մինչ կմոտենար ամբիոնին պ. Համազասպը, մինչ կխմեր ջուրը -դահլիճում, Գեներալ Ալոշի առաջնորդությամբ, ներկաներն հազալ սկսեցին եւ կոկորդները մաքրել, կարծես իրենք պիտի, բոլորը մեկ, ատենախոսեին: Բայց շուտով տիրեց լիակատար լռություն, Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն, վերջապես, սկսեց... Ես չեմ կարող, իհարկե, արագագրական ճշտությամբ վերարտադրել այստեղ Մազութի Համոյի այդ պատմական, այդ նշանավոր ճառը: Բայց ձեւականը, այսինքն՝ նրա շարժումների, ձայնի, առոգանության այլ նրբությանց նկարագրությունը մի կողմ թողնելով, որովհետեւ, սիրելի ընթերցող, դա վեր է իմ ուժերից,-ես կաշխատեմ պատմել, ամենայն ճշտությամբ, նրա այդ պատմական ճառի բովանդակությունը կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ կորիզը,- եւ թող ներե ինձ Համո Համբարձումովիչի տառապյալ ստվերը, եթե ես, ինձնից անկախ պատճառներով, թույլ տամ թեկուզ ամենաաննշան, մազաչափ անճշտություններ: «Խաչատուր Աբովյանը, «Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի» իր հայտնի վեպում պատմում է, թե ինչպես Լիդիացվոց Կրեսոս թագավորի համր լեզուն բացվում է մայրենի լեզվի հրաշալի հրաշքով»:-Այսպես մանվածապատ, այսպես բանաստեղծական սկսեց իր այդ նշանավոր ճառը Մազութի Համոն: Իմաստն այն է, պարզաբանեց նա հետո, որ հայրենազուրկ մարդու գոյությունը մի վերք է, մի յարա, իսկ մայրենի լեզուն -հրաշարար բալզամ: Դուք գիտեք, թե ինչպիսի՜ մեծ սիրով, ինչպիսի մեծ ոգեւորությամբ քնարերգել են բոլոր մեծ բանաստեղծները, ինչպես մեր Ալիշանը եւ Գամառ Քաթիպան,-շարունակեց հետո Մազութի Համոն,-իրենց հայրենի երկիրը, իրենց հայրենի աշխարհը -իրենց հայրենիքը: Ինչո՞ւ,- հարցը, շեշտակի, դրեց Մազութի Համոն,-որովհետեւ, ինչպես հայտնի է բոլորին եւ ինչպես համոզված է ինքը -այդ երկու գաղափարը, այդ երկու հասկացողություններն են -մայրենի լեզու եւ հայրենի երկիր- որ, հարմոնիկ կերպով շաղկապվելով իրար, ստեղծում են այն մեծ, այն, ամեն մի ժողովրդի զարգացման պսակը կազմող, հոյակապ շենքը, որ կոչվում է ազգություն: Հայրենի երկիր մայրենի լեզու. ահա՛ այն երկու հզորագույն ազդակները, որ շաղկապելով իրար, ամեն մի զարգացած ժողովրդից, ամեն մի ցաք ու ցրիվ ցեղից կազմում են անքակտելի մի միավոր,-կազմում են, ինչպես ասաց, կենդանի մի օրգանիզմ- մի ամբողջական ազգություն: Բայց հարց տանք, հարց տանք մեզ ամենից առաջ, թե ի՞նչ է կոնկրետ կերպով իրենից ներկայացնում ազգություն միավորը կազմող իր առաջադրած անդամներից առաջինը-հայրենի երկիրը: Եվ, իհարկե, ոչ ոքի համար նորություն չի լինի, եթե նա ասի, որ դա այն հողն է, որի վրա ապրել են տվյալ ժողովրդի նախորդները, այն հողն ու ջուրն են, որով սնվել են, դարերի ընթացքում կյանք են ստացել տվյալ ժողովրդի պապերը, պապերի պապերը, նրանց էլ պապերն ու պապերի պապերը: Ինքը նրա համար է այնքան անգամ կրկնում «պապերը«, որովհետեւ ցանկություն ունի արգո հասարակության առանձնակի ուշադրությունը հրավիրել այն, ավելի քան կարեւոր եւ տվյալ դեպքում հիմնական հանգամանքի վրա, որ «հայրենիք» գաղափարը կապված է ո՛չ միայն այն հողի, այն երկրամասի հետ, որի վրա ապրում է հիմա տվյալ ժողովուրդը. օ, ոչ, իհարկե ոչ, հարգելի հանդիսականներ: Այստեղ ինքը՝ Մազութի Համոն, հարկադրված է կիրառել ազգային հարցի շուրջը գոյություն ունեցող գիտական գրականության այն հիմնական տեսակետը, որ կոչվում է «պատմական տեսակետ»: Բանն այն է, այն է, հարգելի հանդիսականներ, որ հայրենիք կոչվածը մի օրում չի շինվում, մի օրում չի՛ կազմակերպվում, հայրենիքը կազմվում է դարերի ընթացքում եւ ժառանգություն է մնում դարերի ժառանգներին: Եթե օրինակով խոսելու լիներ, մի՞թե միայն սա՞, միթե միայն փոքրիկ այդ քաղա՞քն է իրենց հայրենիքը... Ծիծաղելի կլիներ, եթե այդպես մտածեին: Օ, նա գիտե, Մազութի Համոն համոզված է միանգամայն, որ ո՛չ ոք արգո հանդիսականներից այդպես չի մտածում: Բայց ինչո՛վ, ինչո՛վ պիտի հաստատեն իրենք, որ այսինչ կամ այնինչ երկրամասը, որի վրա ապրում են այսօր բոլորովին տարբեր, օտար ցեղեր- ինչի՞ հիման վրա կարելի է պնդել, որ այդ երկրամասը եւս կազմում է այսինչ ժողովրդի հայրենիքը, նրա օրինական սեփականությունը: Ոչ այլ ինչով, եթե ոչ կենդանի պատմությամբ, այսինքն՝ գոյություն ունեցող այն պատմական հետքերով, որ թողել է տվյալ ժողովուրդը տվյալ երկրամասերում. ահա՛ թե ինչ, ահա՛ թե որտեղ է հարցի կենտրոնը, հարգելի հանդիսականներ: Ուրեմն, պարզ ասած, հայրենիք գաղափարի հիմքն է կազմում տվյալ ժողովրդի կուլտուրան, կուլտուրական անցյալը- ահա ամենաէականը:- «Ուրեմն, հիմնական այս տեսակետը պարզաբանելուց հետո, պարզ պիտի լինի ամեն մեկի համար, որ այսինչ ցեղը կամ ժողովուրդը, որ, դեպքերի բերումով դարեր շարունակ տիրել է տվյալ երկրամասին իր ապրած վայրում ոչ մի հետք, ոչ մի կուլտուրական արձան չթողնելուց բացի՝ քանդել է այդ միեւնույն տեղում ապրած ու վաստակած ժողովրդի հնագույն հետքերը,-պարզ է, հարգելի հանդիսականներ, որ նման մի ցեղ ո՛չ մի իրավունք չունի խոսելու իր այդ ժամանակավոր ապաստանի մասին, որպես «հայրենիքի»: Երկա՜ր-երկա՜ր խոսեց այս ուղղությամբ Մազութի Համոն, բերեց կոնկրետ օրինակներ, ինչպես «մենք եւ ոսոխը», ապա անցավ իր առաջադրած «երկու հիմնական հասկացողություններից» երկրորդին- մայրենի լեզվին: Ինչպես հոգին է՝ մարմնի մեջ, ինչպես հոգին է շնչավորում չոր մարմինը եւ կենդանի կապակցություն ստեղծում մարմնի բոլոր մասերի, բոլոր անդամների, բոլոր բջիջների մեջ -այնպես էլ լեզուն, մայրենի լեզուն, այն հոգին, այն, ավելի լավ է ասել՝ ցեմենտն է, որ միացնում է տվյալ ժողովրդին իր, դարերից ժառանգություն մնացած, հայրենիքում, կապում է այդ ժողովրդի անհատներին իրար, կերտում է նրանցից այն անքակտելի միավորը, որ կոչվում է «ազգություն»: Ահա՛ թե ի՛նչպես է լուծում լեզվի եւ հայրենիքի, այսինքն՝ մի խոսքով ասած՝ ազգության պրոբլեմը ժամանակակից գիտությունը, հարգելի հանդիսականներ: Ուրեմն, պարզ ասած, «հայրենիքը» տվյալ ազգության մարմինն է, իսկ «լեզուն»- հոգին: Ուրեմն, հարգելի հանդիսականներ, եթե մենք հարցը կոնկրետացնենք եւ կիրառել ուզենանք մեր հայրենի իրականությանը, պիտի ասենք.-ահա՛ մեր հոգին, ահա՛ մեր մարմինը: Վաղո՜ւց, վաղո՜ւց է արդեն, որ բաժանված է մեր հոգին մեր մարմնից, բայց, հարգելի հանդիսականներ, քանի դեռ կենդանի է հոգին- կենդանի է մարմինը: Ինչքան էլ «լեզուն» եւ «հայրենիքը» անքակտելի օղակներ կազմեն «ազգություն» կոչված կենդանի միավորի, բայց պատմության մեջ շատ անգամ պատահել են դեպքեր, երբ որեւէ ազգություն, դեպքերի դժբախտ բերումով զրկվելով մեկից, կառչել է մյուսին, այդպիսով հնարավորություն է ունեցել չձուլվել օտարներին, պահել իր ազգային դեմքը, ինչպես մենք, արգո հանդիսականներ, ինչպես նաիրցիներս: Եվ այսօր, բայց ավելի լավ է ասել՝ մինչ օրս, որովհետեւ նո՜ր, նո՜ր պայծառ հեռանկարներ են բացվում այսօրվանից մեր առաջ, հարգելի հանդիսականներ,-ի՞նչ, ի՞նչ էինք մենք մեզանից ներկայացնում, որպես ազգություն. ես կասեի՝ հոգի առանց մարմնի. հոգեւոր ազգություն: Որովհետեւ, այո, մայրենի լեզո՛ւն էր միայն, որ դեռ պահում էր մեզ, պաշտպանում էր ձուլման վտանգից - եւ նրա՛, նրա շնորհիվ էր միայն, որ մենք, ուրիշ շատ եւ շատ ազգերի, ինչպես, օրինակ, Ասորեստանի եւ Բաբելոնի նման կորստյան չմատնվեցինք... Ո՞րն էր, ո՞րն էր Նաիրին մինչ օրս, հարգելի հանդիսականներ. ո՞րն էր, այո,-կենդանի Նաիրին:-Նաիրին ե՛ս էի, հարգելի հանդիսականներ, Նաիրին դո՛ւք էիք եւ բոլոր նրանք, որոնք մեզ նման խոսում էին նաիրյան քաղցր լեզվով, որի մասին այնպիսի հրաշքներ է պատմում Խաչատուր Աբովյանը... Ես հիմա խոսում եմ,- հիշում եմ, ձայնը բարձրացնելով, մարգարեական հուզմամբ բացականչեց, ոգեւորված, Մազութի Համոն.-ես խոսում եմ հիմա Հոգեւո՛ր Նաիրիի մասին, հարգելի հանդիսականներ,- այս իմաստով ես կարող եմ ասել, որ Նաիրին այնտեղ է, որտեղ կա գոնե մի նաիրցի: Առաջին՝ մարմնավորի հայրենիքի իմաստով՝ Նաիրին այնտեղ է, որտեղ ապրել են մեր պապերը, մեր պապերի պապերը եւ նրանց էլ պապերի պապերը, հարգելի հանդիսականներ,-այնտեղ է, ասենք -Վանում, Բիթլիսում, Դիարբեքիրում. այնտեղ է -Կիլիկիայում, Դերսիմում, Գարահիսարում. իսկ երկրորդ՝ լեզվի, հոգեւորի իմաստով -Նաիրին, կրկնում եմ, այնտեղ է, որտեղ կա, որտեղ ապրում է այսօր գոնե մի նաիրցի: Իսկ որտե՞ղ, որտե՞ղ, ասացեք խնդրեմ, չկա, չի ապրում հիմա մեր եղբայր նաիրցին... Որտե՞ղ, աշխարհի ո՞ր, թեկուզ ամենահեռավոր անկյունում, չկա, ոտք չի դրել հայրենազուրկ նաիրցին...Տարել է, տարել է իր հալածված ստվերը, տարել է աշխարհից աշխարհ թափառական նաիրցին: Ելել է նա, նաիրցին -հինգ դար առաջ ելել է հայրենի աշխարհից ու թողել է հնամյա իր անունը աշխարհի բոլոր կողմերի վրա թափառական նաիրցին: Եվ այսօր ահա արդեն հնչում է ժամը, հարգելի հանդիսականներ. ժամանակ է արդեն, որ գա, ետ դառնա նորից հնամյա իր երկիրը աստանդական նաիրցին: Եվ արդեն -արդեն՝ աշխարհի հեռու, ամենախուլ անկյուններից պարզում է իր ձեռքը դեպի իր հայրենիքը, պարզում է դեպի հայրենի Նաիրին -աստանդական զավակը. մարմինը կորցրած ուրվականի նման՝ մարմնանալ է ուզում հազարամյա Նաիրին... Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս մարմնանա...«-Այստեղից էր ահա, որ անցավ Մազութի Համոն «ներկա մոմենտին»: Պետք է, սակայն, նկատել, որ Մազութի Համոյի այդ պատմական բանախոսության առաջին, տեսական մասը բավականին քիչ, համարյա աննկատելի ուշադրության արժանացավ հանդիսականների կողմից: Հանդիսականները, ճիշտ է, չէին աղմկում, չէին էլ հազում կամ անհանգստանում տեղերում, այլ այնպես, կարծես թե չկային, կարծես թե, ինչ-որ մի անխուսափելի պարտականություն կատարած լինելու համար՝ ականջները դեմ էին տվել սատանի ջրաղացի. ոչ ջուր էր լցվում ականջները, ոչ մտքի հատիկ: Բանախոսության երկրորդ մասը, սակայն, բավականին հետաքրքրեց եւ նույնիսկ այն աստիճանի հուզեց հանդիսականներին, որ մինչեւ անգամ Կինտաուրի Սիմոնը -Կլուբի Մեյմունը, ձայն առավ եւ... համարյա թե խոսեց: «Դուք գիտեք,-ասաց Մազութի Համոն՝ հարցի գործնականին անցնելով,-որ, երկրորդ շաբաթն է արդեն, ինչ պատերազմ է հայտարարված մեր դարավոր թշնամուն- ոսոխին: Մեր հաղթապանծ զորքերն արդեն մտել են թշնամու սահմանները,-մո՜տ է, մո՜տ է արդեն փառավոր այն օրը, երբ մեր փառավոր զորքերը Էրզրում կմտնեն: Ծանրության կենտրոնը հիմա նրանումն է, որ մենք, նաիրցիներս, հարկ եղած լրջությամբ գիտակցենք, հասկանանք լիովին այն խոշոր նշանակությունը, որ ունեն այդ անցքերը եւ կարող են ունենալ մեր հարցի համար: Բավական է գիտակցել այս հանգամանքը միայն, որպեսզի հասկանանք, որ չի կարելի այսօր, այո՛, չի կարելի ձեռքերը ծալած նստել. հարկավոր է ցույց տալ մեզ բոլորիս համար նվիրական գործին ամենայն աջակցություն, լիակատար աջակցություն: Թե՛ բարոյական եւ թե՛, մանավանդ, նյութական: Դուք գիտե՞ք,-ձայնը բարձրացնելով եւ խորին հուզմունքով բացականչեց հանկարծ Մազութի Համոն,-որ ես հայտնեմ պիտի հիմա մի ուրախալի, մի, բացառիկ նշանակություն ունեցող, խոշոր նորություն.-թագավոր կայսեր ստորագրությամբ գրություն է ստացվել փոխարքայի հասցեով, որով թույլատրվում է մեզ կամավորական բանակներ կազմակերպել -ուրիշ խոսքով ասած՝ մեր սեփական, այո՛-նաիրյան զորքն ունենալ՝ մեր հին հայրենիքի գրավված վայրերը պաշտպանելու համար...»: Դեռ չէր վերջացրել իր այս նախադասությունը Մազութի Համոն, երբ, կարծեմ բժիշկ Սերգե Կասպարիչի նշանով, դահլիճում ծայր առավ մի կատաղի ծափահարություն: Հանդիսականներից շատերը, ինչպես Կինտաուրի Սիմոնը եւ վարսավիր Վասիլը, ոգեւորության այն աստիճանին հասան, որ սկսեցին ոտքերը գետնին խփել բացականչություններ անել: Բայց հնչեց նախագահի,-չոր, հատու,-հնչեց ընկ. Վառոդյանի զանգը նախագահական տեղից. դահլիճում տիրեց լռություն: Բաժակից ջուր խմեց, առիթից օգտվելով, Մազութի Համոն եւ շարունակեց.-«Սա նշանակում է, որ կայուն, իրական հողի վրա է դրվում այսօրվանից մեր հարցը- մեզ մնում է գրկաբաց առաջ գնալ ստեղծված հնարավորություններին՝ աճապարել կազմակերպված դիմավորել մեր տառապյալ հայրենիքի վերջնական ազատագրմանը»:-Այստեղ նորից, չնայած մի վայրկյան առաջ էր խմել -բաժակից ջուր խմեց Մազութի Համոն -«բայց դեռ ես չեմ հայտնել, հարգելի հանդիսականներ, ամենաէականը»,-ասաց Մազութի Համոն խորհրդավոր ձայնով. երեւում էր, որ ուզում էր հայտնել չափազանց կարեւոր, նշանակալից մի նորություն, բայց դժվարանում էր ձեւավորել: «Ես պիտի հայտնեմ ձեզ, հարգելի հանդիսականներ,-ասաց, շրթունքները սրբելով, նա վերջապես,-որ նույն այդ բարձրագույն գրությամբ-ամենահավաստի աղբյուրից մենք տեղեկություն ենք ստացել- բավականին, այո՛, բավականին որոշ խոստումներ են տրվում մեզ ապագայի նկատմամբ- եւ մենք ամենայն վճռականությամբ կարող ենք ասել, որ բացի ընդհանուր բարյացակամ վերաբերմունքից դեպի մեր «Հարցը»- մենք արդեն ունենք իրական, ապա ուրեմն պաշտոնական երաշխիքներ ամենաբարձր ինստանցիաներից գրավոր տրված...»: Այստեղ նորի՛ց, նորից դղրդաց դահլիճը հախուռն ծափահարություններից, ապա անցնելով բանախոսության վերջաբանին, դեպի հասարակությունն եկավ, ամբիոնի մոտից հեռանալով, Մազութի Համոն եւ ասաց, մոտավորապես, հետեւյալը. «Մեծ, վճռական, պատմական օրեր ենք ապրում, հարգելի հանդիսականներ,- հարկավոր է, որ մենք, պարզ ու որոշ կերպով, ցուցահանենք մեր կազմակերպված վերաբերմունքը դեպի կատարվող անցքերը: Պետք է գիտենանք օգտվել առիթից -շեշտեց, խրատական շեշտով, Մազութի Համոն: Հարկավոր է գործով, այո՛, ոչ թե խոսքով, օգնության գալ այսօր հայրենիքի ազատագրման նվիրական գործին, պարզ ասած՝ պետք է ժողովըրդական ամենալայն խավերի սեփականություն դարձնենք կամավորության գաղափարը: Թող գրվի՛, ով որ կարող է, ով որ ընդունակ է զենք վերցնելու -թող գրվի՛ նա կամավոր,- այն ժամանակ գալիք սերունդների առաջ մենք, հպարտությամբ, այո՛, իրավունք կունենանք ասելու, որ արինք, ինչ որ պահանջվում էր մեզանից պատմական այս ծանր վայրկյանին,-կատարեցինք, այո, որդիական մեր պարտքը դեպի մեր թանկագին հայրենիքը, դեպի, ես հավատում եմ, այո, օ՜, ես չեմ կասկածում -վերածնվող Նաիրին...»: Այսպես, մոտավորապես, վերջացրեց իր պատմական այդ բանախոսությունը Մազութի Համոն եւ հանդիսականների կողմից, ինչպես կարելի էր սպասել, արժանացավ բուռն, անսահման ծափահարությանց: Ո՞վ էր, ո՞վ էր, չգիտեմ, սկսողը, բայց, մի վայրկյան չանցած, ամբողջ դահլիճը, ոտքի ելնելով, երգում էր նաիրյան հիմնը. դահլիճը, մի մարդու նման, Սերգե Կասպարիչի ղեկավարությամբ, երգում էր «Մեր Հայրենիքը»: Հետո սկսվեց մտքերի փոխանակությունը: Մտքերի փոխանակությունն սկսեց Սերգե Կասպարիչը, բժիշկը: Ապա խոսեցին՝ Օսեփ Նարիմանովը, Արամ Անտոնիչը, պ. Աբոմարշը, տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Բոլորն էլ համամիտ էին պ. Համազասպին. բոլորն էլ ցանկություն էին հայտնում, ուժերը ներածին համեմատ, օգնության գալ «ընդհանուր գործին»: Ամեն ինչ լավ էր գնում մինչ այդ, ամեն ինչ գնում էր, ինչպես հալած յուղ, եւ արդեն պատրաստվում էր իր գործնական առաջարկը մտցնել ընկ. Վառոդյանը, երբ, հանկարծ, միանգամայն անսպասելի, աննախագուշակելի կերպով, պատահեց բավականին անախորժ, աներեւակայելի մի թյուրիմացություն: «Կարելի՞ է մի խոսք»,- հնչեց հանկարծ ներկաների 90, գուցե 99 տոկոսին անծանոթ մի ձայն դահլիճի ամենածայրից. բոլորը ետ նայեցին, իսկ Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը -առաջ. անտեղի էր այդ ձայնը եւ անսպասելի: Նայեց, ճարպոտ վիզը հազիվ ետ շրջելով -նայեց դեպի ձայնը եւ Արամ Անտոնիչը. նա միակն էր, գուցե, դահլիճում, որ ճանաչում էր այդ ձայնը: Ձայն խնդրող ձայնը Արամ Անտոնիչի «սանիկինն» էր- Կարո Դարայանինը: Գուշակեց Արամ Անտոնիչի սիրտը, որ լավ բան չի կարող պատահել, դեմքը հանկարծակիի եկավ -Արամ Անտոնիչի դեմքը անհամբերությունից ծռվեց: «Դուք... ինչի՞ մասին եք ուզում խոսել»,-հարցրեց, ոտքի կանգնելով, ընկ. Վառոդյանը:-«Ես մի հարց միայն կուզեի տալ պ. Աստվածատրյանին,-պատասխանեց Դարայանը.-կարելի՞է»:-Նայեց, հարցական հայացք գցեց Համո Համբարձումովիչի դեմքին ընկ. Վառոդյանը: Համո Համբարձումովիչի հայացքը անհասկանալի մնաց ընկ. Վառոդյանին: «Խնդրեմ»,-ասաց ընկ. Վառոդյանը, զանգը վերցնելով.-«Միայն թե կարճ»: Դահլիճը, անհամբերություն կտրած, սպասում էր Դարայանին: Կիսազարմացական, կիսահեգնական ժպիտը դեմքին՝ նայում էր Դարայանին Համո Համբարձումովիչը. «Ո՞վ է այս լուսնից ընկածը»,-ասում էր կարծես հեգնախառն հայացքը Մազութի Համոյի: «Ես մի հարց միայն կուզեի տված լինել պ. Աստվածատրյանին,- ասաց Դարայանը.-Չէ՞ր կարող արդյոք պ. Աստվածատրյանն ասել, թե ո՞վ է տեսել այն գրությունը, որի մեջ, իբր թե, «իրական խոստումներ կան տրված ամենաբարձր ինստանցիաներից» եւ, եթե այդպիսին, այսինքն՝ գրությունը կա՝ ինչպե՞ս են ձեւակերպված այդ խոստումները- բառացի...»: Ինչպես քարը, այո՛, սարից գլորվելով ընկնելով գետը, առաջ է բերում շառաչուն ջրհուզում, ինչպես ֆուտբոլի գնդակը, խաղընկերներից մեկի անշնորհք հարվածից խաղի ամենատաք վայրկյանին պայթելով՝ առաջ է բերում ընդհանուր տհաճություն ընդհանուր ցասում -այդպես էլ Կարո Դարայանի անտեղի այդ հարցը, սրահի ընդհանուր, լարված ոգեւորության մթնոլորտում պայթելով՝ առաջ բերեց -բարկություն ու հեգնա՞նք ասեմ, չգիտեմ, թե՞-հեգնանք ու բարկություն: Սերգե Կասպարիչը եւ Օսեփ Նարիմանովը վեր թռան տեղերից, զարմանքը դեմքերին՝ հասարակությանը նայեցին Սերգե Կասպարիչը եւ Օսեփ Նարիմանովը: «Ո՞վ է այդ երեխան, որ նման մի տհաս, երեխայական հարց կարող է տալ նման մի ժողովում»,-ահա այս էր գրված բժիշկ Սերգե Կասպարիչի եւ հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովի հայացքներում: Նրանց հետեւելով՝ նույնպես ոտքի կանգնեցին Գեներալ Ալոշը, պ. Աբոմարշը, Կինտաուրի Սիմոնը եւ Արամ Անտոնիչը. վերջինիս դեմքը մի այնպիսի արտահայտություն էր ստացել, կարծես ասելիս լիներ.-«Ներեցեք անարժանիս՝ ե՛ս եմ մեղավորը...»: Մեկը, Համո Համբարձումովիչը կարծեմ, հեգնական ծիծաղեց. ամբողջ դահլիճը, մի մարդու, այո, մի բերանի նման՝ հեգնախառն փռթկաց: «Ծը՜նգ, ծը՜նգ, ծը՜նգ»,-հնչեց նախագահի զանգը, մեղմ ու զիջող.-«ծիծաղեցեք, բայց- լռել է՛լ է հարկավոր»,-ասում էր այդ զանգը կարծես ընկ. Վառոդյանի ձեռքում: «Լռեցե՛ք, պարոննե՛ր»,-բացականչեց ընկ. Վառոդյանը, մի քայլ առաջ գալով,- եւ, ինքն էլ, կարծես չկարողանալով զսպել ծիծաղը՝ փռթկաց:- «Լռությո՜ւն, լռությո՜ւն»,- օգնության եկավ նրան, արդեն բոլորովին լրջացած Մազութի Համոն. «Նստեցեք, պարոններ»,-ու ցույց տվեց ձեռքով, թե ինչպես հարկավոր է նստել, Համո Համբարձումովիչը: Բոլորը, աղմուկով ու հռհռոցով, վերջապես նստեցին: Ապա առաջ եկավ, ծանր ու լրջադեմ, Մազութի Համոն -տվեց արժանի պատասխանը.-«Ես պիտի ասեմ հարցասեր երիտասարդին, որ նման հարցեր կարող են տալ միայն- թող ներե ինձ հարցասեր պարոնը- դպրոցական աշակերտները...»: Եվ դահլիճը թնդաց, որոտաց ծափահարությունից: «Թույլ տվեք,-ինչքան որ ձայն ուներ, բղավեց, շփոթված, Կարո Դարայանը.- չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք, մարդկանց խաբել...»: Եվ այստեղ էր ահա, որ, ինչպես ներքեւում ասացինք, ձայն առավ -երեւակայո՞ւմ եք -Կլուբի Մեյմունը,-այսինքն՝ վեր թռչելով տեղից, ձայն տվեց ինքն իրեն Կլուբի Մեյմունը եւ- «Դո՛ւրս արեք էդ իշու հայվանին»,-բացականչեց, հոգու խորին վրդովմունքով, կոշկակարը ու առաջ պրծավ, ուզեց նետվել դեպի Դարայանը, բայց... վարսավիր Վասիլը, օգտվելով հանգամանքից, իբր թե պատահմամբ, դեմ տվեց ոտքը Կլուբի Մեյմունին. Կլուբի Մեյմունը, գերանի նման, տարածվեց հատակին: Տիրեց ընդհանուր իրարանցում, աղմուկ ու հռհռոց: Հետո ինչ պատահեց -հետաքրքիր չէ, ընթերցո՛ղ, որովհետեւ, այո, պատահեց անխուսափելին. Օսեփ Նարիմանովի առաջարկով քվեարկության դրվեց, դահլիճը բավականին հանդարտվելուց հետո, օրինական առաջարկը Կլուբի Մեյմունի. Համո Համբարձումովիչը երկու հակիրճ խոսքով խայտառակության սյանը գամեց, Դարայանին հասարակության միաձայն որոշումով դահլիճից հեռացնելուց հետո, Դարայանի նման «տխմար երիտասարդներին». ընկ. Վառոդյանը հայտնեց ի լուր հանրության, որ մոտ օրերում եկեղեցու մոմավաճառքի խանութում կսկսվի կամավորների ցուցակագրություն. հետո ժողովը փակված հայտարարվեց, հասարակությունը ցրվեց: Բայց ոչ. մոռացա մի հանգամանք եւս: Ժողովը փակված հայտարարվելուց առաջ Մազութի Համոն, չնայած որ այդ մասին արդեն քաղաքում փակցված կային հայտարարություններ -Մազութի Համոն, չնայած այդ հանգամանքին, հարկ համարեց իր կողմից եւս հիշեցնել հարգելի հանդիսականներին, որ երեկոյան ժամը 9-ին, այդ միեւնույն դահլիճում, մայրաքաղաքից հյուր եկած հայտնի զինվորական, գեներալ-պրոֆեսոր Այսինչ-Այսինչը կարդալու է դասախոսություն «Նաիրյան հարցի ապագայի» մասին. խնդրում է ներկա լինել եւ հարգել նրա, հատկապես այդ նպատակով մեր քաղաքը եկած այդ օտարազգի բարեկամի, այդ գեներալ-գիտնականի բարյացակամ վերաբերմունքը դեպի Նաիրյան դատը: Ժամը չորսը կլիներ, երբ ժողովը վերջացավ: Պ. Մարուքեն եւԿարո Դարայանը. լա՛վ գտել էին իրար այդ «էշի գլուխները«, ինչպես կնքել էր նրանց Արամ Անտոնիչը -դպրոցի տեսուչը: «Մի մատ յուղ» էին դարձել վերջին օրերում նաիրյան այդ քաղաքում այդ երկու պարոնները: «Խուփը գլորվել -գտել էր պուտուկը»,- ասում էր նրանց մասին տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Բայց պ. Մարուքեն, այսպես թե այնպես, էլի «իրենց շունն» էր -վերջին հորջորջումը պատկանում էր իրան՝ վարսավիր Վասիլին,- իսկ ո՞վ էր այդ նոր «կապից կտրածը», այդ, ինչպես ասում էր նրա մասին Արամ Անտոնիչը -«Մոսկովներում փչացած անասունը»: Ո՞վ էր, այո՛, այդ հիմար պարոնը, որին հասակավոր քաղաքացիներն էին միայն հիշում փողոցներում վեգ խաղալիս եւ որը վերադարձել էր ահա իր հայրենի քաղաքը, որպես օտարական, որպես անառակ որդի: Ո՞վ էր նա, ինչո՞վ էր զբաղվում, ո՞ւմ հացին էր յուղ քսում -ահա հարցեր, որոնցով հետաքրքրվում էին գեներալ Ալոշից սկսած մինչ վարսավիր Վասիլը: Վարժապե՞տ էր նա, բժի՞շկ, ինժենե՞ր. չէ.-աբլակա՞տ էր, չարչի, «լամպի շուշա՞»-ո՞վ իմանար: Ահա բնական հարցեր, որ, մանավանդ վերջին հետաքրքիր թյուրիմացությունից հետո, տալիս էին իրենց հետաքրքիր քաղաքացիները: Հարցեր, սակայն, որ մնում էին մութ, մնում էին անպատասխան: Մնում էին անպատասխան այն հասարակ իմաստով, որ հազար ու մի պատասխան էին գտնում զանազան ուղեղներում՝ նայած տվյալ ուղեղի ցանկությանն ու խառնվածքին: Օրինակ, վարսավիր Վասիլի ուղեղում այն կարծիքն էր նստել, որ Կարո Դարայանը ոչ այլ ինչ է, եթե ոչ -«քամի թռցնող», իսկ թե ինչ է նշանակում «քամի թռցնել»,-հարկավոր էր իրենից իմանալ: Այնինչ Հաջի Օնիկ Էֆենդի Մանուկոֆը տրամադիր էր հակառակը կարծելու.-ո՛չ թե «քամի թռցնող» է Կարո Դարայանը, ասում էր նա, այլ «քամի ուտող», կամ, բառացի՝ «քամի կուլ տվող», իսկ թե ի՞նչ քամիներ էր ուտում կամ կուլ տալիս Կարո Դարայանը -այդ էլ հարկավոր էր Հաջուց հարցնել: Եվ եթե հարցնող լիներ -նա՝ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, այդ պատկառելի նաիրցին, շատ պատկերավոր կերպով կբացատրեր, թե ի՞նչ է հասկանում ինքը «քամի» ասելով: «Ատ քամիները ստամոքսի մեջ կշինվին, Ռուսիո անուշահոտություն կըսեն ատոնց էրզրումցիք...»,-կասեր, քահ-քահ ծիծաղելով, հայտնի անգլիագետը: Բայց հարցը, իհարկե, հիմնովին փոխվում եւ միանգամայն «իրական« հողի վրա էր դրվում, երբ վարսավիր Վասիլի եւ Հաջի Օնիկ էֆենդու շնական ուղեղներից տեղափոխվում էր Գեներալ Ալոշի, Մազութի Համոյի, բժշկի, Օսեփ Նարիմանովի կամ ընկ. Վառոդյանի «գործնական» ուղեղները: Այս հարցը միանգամայն տարբեր բնույթ էր ստանում վերջիններիս ուղեղներում: Ամենից առաջ շատ բան ուներ ասելու Արամ Անտոնիչի, դպրոցի տեսչի ուղեղը այն պարզ պատճառով, որ նա՝ Արամ Անտոնիչը, նախ՝ հարազատ «քեռին» էր Կարո Դարայանի, ապա՝ նա, Արամ Անտոնիչը միայն գիտեր, տեղեկություններ ուներ ստացած, թե ինչո՞վ էր զբաղվում իր «եգանը», այսինքն՝ մորեղբորորդին, Մոսկվայում ու Բաքվում: Այո՝ նախ Արամ Անտոնիչը եւ ապա Մազութի Համոն: Գրել էր, ամենից առաջ Արամ Անտոնիչին էր գրել իր անարժան սանիկի «տխմար արարքների» մասին Արամ Անտոնիչի հարազատ եղբայրը -Գարասիմ Անտոնիչը, որ գլխավոր հաշվապահի պաշտոն էր վարում «Լույս» նավթարդյունաբերական ընկերության կենտրոնական վարչության՝ Բաքվի գրասենյակում: Նա, քամի կուլ տվող այդ հաստագլուխ էշը -երեւակայո՞ւմ եք -թյուրք բանվորներին է գրգռելիս եղել նավթարդյունաբերական նաիրյան այդ ընկերության դեմ.-ահա թե ինչով է զբաղվելիս եղել այդ «անբան անասունը» մինչ այդ քաղաքը գալը, սիրելի ընթերցող: Եվ այն էլ, ի նկատի ունեցեք, մի ընկերության, որի կենտրոնական վարչության նախագահն էր այն մյուս, իսկական «Ընկերության»- Կենտրոնաուղեղասարդի կենտրոնական թելերից մեկը՝ Հայտնի Անունը: Ահա՛ թե ինչպիսի՜ տխուր տեղեկություններ էր ստացել իր «Հոգեժառանգի», իր անարժան «սանիկի» մասին, դժբախտաբար երկու ամիս միայն առաջ, Արամ Անտոնիչը, այն էլ այնպիսի մի անձնավորությունից, որին չէր կարող, իրավունք չուներ չհավատալ: Ստացել էր այդ շշմեցուցիչ տեղեկություններն իր հոգեզավակի մասին Արամ Անտոնիչը եւ որոշել էր ոչ ոքի չհայտնել, բայց մեծ եղավ նրա զարմանքը, երբ, այդ տխուր նամակն ստանալուց երկու օր հետո, երեւաց նրա գրասենյակում Մազութի Համոն եւ, մի-երկու սովորական հարցուփորձից հետո,-«Բավականին հետաքրքիր նորություններ ենք լսում «եգան»-իդ մասին, Արամ Անտոնիչ»-գցեց, իր շեղ, հեգնական հայացքի նման, ամոթահար ակնարկը Արամ Անտոնիչի դեմքին Մազութի Համոն: Արամ Անտոնիչի դեմքը, գաջած պատի նման, սպիտակեց: Եվ գրեց, այդ նույն երեկո, Մազութի Համոյի հեռանալուց հետո գրեց իր վերջին նամակը, առանց ստորագրության, Արամ Անտոնիչը, նախատեց, անարգանքի սյանը գամեց իր այդ վերջին նամակում Կարո Դարայանին Արամ Անտոնիչը: Եվ պատվիրեց, խստիվ պատվիրեց այդ վերջին նամակում, որ չլինի՛ թե երբեւիցե հիշե իր քեռուն այդ փուչ դավաճանը. չլինի թե երբեւիցե իր աչքին երեւա: Եվ ահա -արդեն լռել էր, արդեն, մոռացած, էլ չէր խոսում անհաճո այդ նյութի մասին Արամ Անտոնիչին հանդիպելիս Համո Համբարձումովիչը, երբ, ինչպես գիտեք, անամոթաբար բուսնեց, երեւաց հանկարծ իր հայրենի քաղաքում Կարո Դարայանը... բայց այս մասին մենք, բավականին մանրամասն, արդեն պատմել ենք վերեւում, պ. Մարուքեի հետ քաղաքային այգում տեղի ունեցած այն անպատվաբեր դեպքը նկարագրելիս: Բայց հիմա, երբ տենդոտ գործունեություն էր սկսել, հանձինս Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի, Տեղական Կոմիտեն -ի՞նչ, ի՞նչ մխիթարանք կարող էին պատճառել այդ թշվառ սանիկի, մեղմ ասած՝ տղայական արարքները Արամ Անտոնիչին՝ նրա քեռուն, «հոգեհորը»: Նա՝ Կարո Դարայանը, հասկանո՞ւմ եք՝ համարձակվում էր ինչ-որ փայտիկներ խրել «Ընկերության» անիվը,- այդ ողորմելի ճիճուն, այդ «Կարո Փարայանը»: Դարայանի անվան սկզբնատառը այդպիսի մի երկմիտ կերպարանափոխության ենթարկողը նույն անձնավորությունն էր էլի, նույն ընկ. Վառոդյանը, որ առանձին մի շնորհք, մի փոքրիկ թուլություն ուներ դեպի նման, այո, «երկմիտ» հանաքները. նա չէ՞ր, նա չէ՞ր միթե, որ «Գ»-ի էր վերածել պ. Մարուքեի պատմական ազգանվան սկզբնատառը՝ «Գրաստամատի» փոխելով արքայական «Դրաստամատը». նա՛, նա՛ էր էլի, ինչպես առիթ ունեցանք վերեւում հիշելու -գավառացի չնչին վարժապետից արդեն «անձնավորություն» դարձած այդ ընկ. Վառոդյանը... Երեկոյան դեռեւս ութ կեսին լիքն էր, ծայրեիծայր լիքն էր արդեն ամառային ակումբի դահլիճն այդ երեկո: Առաջին շարքի նստարանները բռնված էին արդեն քաղաքի վերին, այո՝ ամենավերին խավերով: Այդպիսի հասարակություն շատ սակավ էր հավաքվում, տարենը մի-երկու անգամ հազիվ էր հավաքվում քաղաքի ակումբներում: Բայց, ասենք, քաղաքի ակումբներում (նաիրյան այդ քաղաքը բացի ամառային ակումբից ուներ եւ ձմեռայինը)-երբեք էլ չէր հավաքվում նման հասարակություն. նման հասարակություն, լինում էր, որ տարին մի անգամ, այն էլ Մազութի Համոյի բնակարանում, հավաքվում էր, այո, նրա անզուգական դստեր՝ Սեւաչյա Պրիմադոննայի ծննդյան օրը, երբ ներկա էր լինում ինքը՝ գավառապետը, համարյա թե քաղաքի ամբողջ «վերին խավը», ընտրովի հասարակությունը: Այդ օրերին, իհարկե, տեղ չունեին նրա, Մազութի Համոյի, ընտանեկան սեղանի շուրջը Կինտաուրի Սիմոնը վարսավիր Վասիլը, որոնք ներկա էին հիմա ակումբի դահլիճում. ընկ. Վառոդյանն անգամ չէր համարձակվի գլուխը ներս խոթելու Համո Համբարձումովիչի բնակարանն այդ բացառիկ օրերին, թեկուզ հետագայում, նկարագրածս դեպքերից հետո, ընկ. Վառոդյանը եւս սկսել էր տեղ ունենալ Մազութի Համոյի սեղանի շուրջն այդ բացառիկ օրերին նույնիսկ, երեւակայո՞ւմ եք՝ ասում են, բժիշկ Սերգե Կասպարիչից, երեւի, օրինակ վերցնելով, սովորել էր համբուրել Սեւաչյա Պրիմադոննայի ձեռքը վերջինիս շնորհավորելիս.-չափից, այո, չափից արդեն անցնել էր սկսել այդ «սատկած վարժապետը» վերջին ժամանակներում... Երեկոյան, ինչպես ասացինք, ինը չկար, երբ արդեն նստած էին, առաջին շարքում նստած էին արդեն -Գեներալ Ալոշը, քաղաքի պարետը՝ բարձրահասակ մի սպա, որ վերջին ժամանակներս մի առանձին ուշադրության էր սկսել արժանանալ Համո Համբարձունովիչի դստեր -Սեւաչյա Պրիմադոննայի կողմից,-բժիշկը, Արամ Անտոնիչը՝ իրա կնոջ -Շիկահեր դդումի կողքին, Օսեփ Նարիմանովը, Հինգհարկանի Շենքի համարյա թե բոլոր աչքի ընկնող պաշտոնյաները -ո՞րը թվեմ: Սպասում էին Գավառապետին եւ կնոջը, որոնց բերելու համար, անձամբ Սեւաչյա Պրիմադոննայի ուղեկցությամբ, գնացել էր ինքը՝ Մազութի Համոն: Այդտեղ էր նաեւԱնգինա Բարսեղովնան՝ Համո Համբարձումովիչի հարգելի ամուսինը, որին զբաղեցնում էր, Մազութի Համոյի բացակայության պատճառով, պարետը՝ բարձրահասակ սպան. անտարբեր չէր, այո, ասում էին չար լեզուները, վերջին ժամանակներում դեպի այդ բարձրահասակ երիտասարդը Անգինա Բարսեղովնան, որը, իր հերթին, հատուկ ուշադրության էր սկսել արժանանալ, չնայած իր պատկառելի տարիքին, սպայի կողմից: «Ձվածեղի սիրուն՝ թավի պոչը կլիզե»- ահա վարսավիր Վասիլի չարամիտ կարծիքն այդ նուրբ հանգամանքի մասին. չա՛ր, չա՛ր, օձի լեզու ուներ այդ «ուշաղբազ պերպերը»-ինչպես բնորոշում էր նրան՝ վարսավիր Վասիլին, Ղահվեճի Սեթոն: Ո՞վ, ո՞վ, ասես, որ չէր եկել Գեներալ- պրոֆեսորին լսելու ցանկությամբ այդ երեկո. նույնիսկ Բարսեղ Աբգարիչը՝ թվաբանության ուսուցիչը, որ թոքերի պատճառով, բավականին «ծույլ» էր հասարակության մեջ երեւալու խնդրում -նա՛ եւս, նրա կինը՝ «Ճուտը», կնոջ ընկերուհին՝ Վառյա հոգյակը -բոլորը կային, բոլորն էլ, անխտիր, վերին խավից: Նրանց մեջ էին, խառնված նրանց՝ նստել էին դահլիճի միջին կարգերում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը. պ. Աբոմարշը, տեր Հուսիկ քահանան -Խաչագողը,-եւ նույնիսկ, թեկուզ արդեն մուտքին բավականին մոտիկ, բայց եւ այնպես այս բարձր հասարակությունից ոչ այնքան էլ հեռու - բազմել էին... ծխականի վարժապետ - վարժուհիները. - Բյուզանդ Վարդերեսյանը՝ հայերենի դասատուն, որ աշակերտել էր Մանուկ Աբեղյանին եւ պարծենում էր դրանով, - օր. Վարդուհի Զատիկյանը, որ չէր կարող «տանել» օր. Նվարդին, - նո՛ւյն այդ օր. Նվարդ Լուսպարոնյանը՝ «մազը կտրածը» - պ. Աշոտի կողքին, այն ճեմարանավարտ պ. Աշոտի, որ արդեն սկսել էր դեպքերի բերումից ավելի եւս ոգեւորվելով, «Նաիրյան լեզվի պրոպագանդը ռուսախոս երիտասարդների շրջանում» եւ արդեն իսկ ուներ, մանավանդ վերջերս, բավականին հաջողություն: Սրանց հետ խառն եւ սրանցից հետո-դահլիճը ծայրեիծայր լցրած տեղավորվել էին արդեն այլեւայլ հասարակ քաղաքացիներ, ինչպես մանր խանութպաններից շատերը՝ Կարապետյանը, Հովհաննիսյանը, Պողոսյանը, Պողոսյան երկրորդը, Կարապետյան երրորդը, - ուսանողներ, աշակերտներ, ճեմարանցիներ (վերջիններս ուսանողների եւ աշակերտների մեջտեղ գտնվող մի ուրույն կատեգորիա էին կազմում նաիրյան այդ քաղաքում, - ինչպես, երեւի, բոլոր քաղաքներում,- եւ հատուկ ատելության էին ենթակա ռուսական դպրոցների սաների կողմից, դեպի որոնք իրենք եւս առիթ չէին կորցնում իրենց ծայրահեղ զզվանքը հայտնելու)-մի խոսքով՝ մարդ չկար, որ այնտեղ չլիներ. պակասում էին, թերեւս, Մեռելի Ենոքը եւ Քոռ Արութը միայն, բայց նրանք էլ, դե, երեւի դեռ զբաղված էին իրենց եռանդուն առեւտրով -վակզալի մեյդանում: Ժամը իննից հինգ րոպե պակաս դահլիճը, որպես ծփուն մի արտ, ծփաց ու օրորվեց, բոլորը շուռ տվեցին գլուխները դեպի մուտքը. արդեն մտնում էին, զուգված ու շողշողուն, գավառապետը, նրա կինը՝ Ագրիպպինա Վլադիսլավովնան, Սեւաչյա Պրիմադոննան եւ Մազութի Համոն... Մինչեւ նշանակված տեղերն ուղեկցեց նրանց, հասարակության հիասարսուռ հայացքների ներքո, Մազութի Համոն եւ դուրս եկավ նորից դահլիճից, չգիտեմ ինչու, նորից անհետացավ... Ժամը ճիշտ իննին վարագույրը բացվեց: Բեմը դատարկ էր՝ ոչ ոք չկար: Նույն թղթախաղի սեղանը, բայց այս անգամ արդեն կարմիր մահուդով ծածկած, դրված էր բեմի մեջտեղում. մոտը երկու աթոռ. իսկ բեմի աջ կողմը -նույն ամբիոնանման հարմարությունն էր, որի կողքին կանգնած բանախոսում էր, չորս ժամ առաջ, Մազութի Համոն: Եվ ահա, վարագույրը բացվելուց անմիջապես հետո, ձախ կողմից երեւացին՝ Մազութի Համոն - Գեներալ - պրոֆեսորի թեւը բռնած... «Ահ», հառաչեց դահլիճը հիացքից ու ահից. ծափահարությո՞ւն էր, չգիտեմ, թե բերդը պայթեց... Չտեսնված, այո, աներեւակայելի օվացիա էր, որին արժանացան Գեներալ - պրոֆեսորը եւ Մազութի Համոն: Եվ ահա-թռավ, Գեներալ - պրոֆեսորի ոտքերի մոտ ընկավ թարմ ծաղիկների փարթամ մի փունջ. Սեւաչյա Պրիմադոննան էր, որ դեպի պրոֆեսորը նետեց ծաղիկների այդ փունջը իր նազելի ձեռքով. վերցրեց, վերցրեց դստեր գցած փունջը Մազութի Համոն եւ, խոնարհ գլուխ տալով, մատուցեց թանկագին հյուրին:-Այսպիսի՛ ահա չտեսնված մի փառքի արժանացավ Գեներալ - պրոֆեսորը դեռ բանախոսությունը չսկսած: Եվ դղրդում էր դահլիճը հախուռն ծափահարությունից, որին, գլխի «տազը» սոխափայլ պսպղացնելով, պատասխանում էր Գեներալ - պրոֆեսորը խորապես հուզված: Գեներալ - պրոֆեսորին երկու հակիրճ խոսքերով հասարակությանը ներկայացնելուց հետո -մոտեցավ, նստեց նախագահական աթոռին Մազութի Համոն՝ ձեռքը զանգին աչքը, ծուռ, դեպի նստարանների շարքը հառած, դեպի Անգինա Բարսեղովնայի լիքը թեւը, որ հպվել էր, երկնային մի անմեղությամբ, բարձրահասակ սպայի մահուդե թեւին: «Ծընգ-ծընգ-ծընգ», - հնչեց Մազութի Համոյի -նախագահի զանգը. ծափահարությունը դադարեց. դահլիճը պապանձվեց՝ ուշադրություն կտրեց: Բայց հենց այդ վայրկյանին պատահեց մի փոքրիկ թյուրիմացություն, որի վրա թեկուզ ուշադրություն չկարողացան դարձնել առաջին կարգերը, բայց դռան մոտ նստածները նկատեցին եւ հաջորդ օրը քաղաքում ամենայն մանրամասնությամբ պատմում էին իրար: Դեպքը կամ թյուրիմացությունը ոչինչ, առանձնապես, չէր ներկայացնում իրենից. նրա կատարման ընթացքում, առանց այն նկատելու, սկսել էր արդեն Գեներալ - պրոֆեսորը իր հետաքրքիր բանախոսությունը, բայց եւ այնպես թեր եւ դեմ զրույցներին բավականին նյութ տվեց այդ «դեպքը» հետագայում, նույնիսկ գրված գտան հետագայում, Հինգհարկանի Շենքի «մութ սենյակում», ընկ. Վառոդյանի պատվի հետ ինչ-որ առնչություն ունեցող հետաքրքիր գրություններ՝ այդ «դեպքին» վերաբերյալ... բայց այդ մասին հետո: Բանն այն է, որ վարագույրը բացվելուց անմիջապես հետո, երբ դահլիճը թնդում էր ծափահարությունից, դահլիճի դուռը, որ փակվել էր արդեն, բացվեց եւ մտան, կամացուկ, այնպես որ դռան մոտ նստածներից մի երկուսը միայն նկատեցին նրանց -Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն: Ոչինչ չկար տարօրինակ, ոչ ոք էլ, ինչպես ասացինք, համարյա թե ուշադրություն չդարձրեց այդ սովորական հանգամանքի վրա. բայց նրանց մտնելուց անմիջապես հետո, նույնպես համարյա թե աննկատելի, ներս մտավ նրանց հետեւից անծանոթ մի անձնավորություն եւ առաջարկեց նրանց, այդ անծանոթ անձնավորությունն առաջարկեց պ. Մարուքեին եւ Կարո Դարայանին «մի վայրկյանով հետեւել իրեն՝ դուրս գալ դահլիճից»: Թե ի՞նչ էր պատճառը, որ առանց բողոքելու հետեւեցին նրան. թե ինչո՞ւ նույնիսկ չբողոքեցին նրանք, Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն -դժվար է ասել, բայց փաստը մնում է փաստ, որ դահլիճից դուրս գալուց հետո եւս այնպես պատահեց, որ, առաջ ընկած, քայլեց դեպի քաղաք անծանոթ անձնավորությունը եւ,-մինչ արդեն, ոգեւորված, նաիրյան հնագույն պատմության հնագույն դրվագներն էր վեր հանում ակումբի դահլիճում Գեներալ - պրոֆեսորը,-թոկով կապածների նման այդ նույն վայրկյանին հետեւում էին անծանոթ անձնավորությանը, հլու գնում էին նրա հետեւից Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն: Գնում էին -այո՛, այդ նրանք հասկացել էին արդեն -անծանոթ անձնավորության հետեւից «Մութ Տեղն» էին գնում Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն... Ընկ. Վառոդյանը գտնվում էր այդ պահուն Համո Համբարձումովիչի բնակարանում: Նրա վրա պարտականություն էր դրված պատրաստություն տեսնել «բանկետի» համար. դասախոսությունից հետո ընթրիքի պիտի հրավիրվեր Գեներալ - պրոֆեսորը Մազութի Համոյի բնակարանում: Եվ ահա, իր պարտականությունները լիովին իմացող հեղափոխականի նման -տենդոտ, պատրաստություններ էր տեսնում, միանգամայն գիտակցելով գործի մեծագույն նշանակությունը նաիրյան ցեղի ապագայի համար՝ Մազութի Համոյի պալատ-բնակարանում ընկ. Վառոդյանը: Հենց այդ ապագայի մասին, նաիրյան ցեղի պայծառ ապագայի մասին էր խոսում այդ նույն վայրկյանին ակումբի դահլիճում Գեներալ - պրոֆեսորը: Թափվում էին, այո, հեղեղանման հոսում էին վարդագույն խոստումները դեպի երջանկացած սրտերը հանդիսականների.- Գեներալ - պրոֆեսորի սոխանման գանգից, ուղեղից ելնելով՝ բացվում էր, պայծառ ու լուսավոր, նաիրյան ապագան: Եվ այդ պայծառ ապագայի հոսող ջերմությունից հալչում էր սիրտը Անգինա Բարսեղովնայի.-նաիրյան պայծառ ապագան, էլեկտրական բորբ հոսանքի նման լցվելով սիրտը Անգինա Բարսեղովնայի, անցնում էր այնտեղից դեպի մահուդե թեւը քաղաքի պարետի: Ու նույն այդ լուսավոր, նույն այդ նաիրյան պայծառ ապագայի փայլից բոցկլտուն, նայում էին, հրացայտ, նայում էին, այո, գալիք օրերի հույսերով շողշողուն -նախագահական աթոռի բարձունքից նայում էին Անգինա Բարսեղովնայի եւ բարձրահասակ սպայի մեղմ հպված թեւերին մեծախոհ աչքերը Մազութի Համոյի: Վաղո՜ւց, վաղո՜ւց արդեն առավոտյան սովորական ժամերին, ինչպես այդ անում էր նա առաջ -վարսավիր Վասիլի վարսավիրանոցը ոտք չէր դնում այլեւս պ. Մարուքեն. դպրոց մտնելուց զրկվելով՝ զրկվել էր նաեւ վարսավիրանոց մտնելու սովորությունից պ. Դրաստամատյանը: Կարո Դարայանի Մոսկվայից բերած բավականին «բութ» ածելին քերում էր արդեն պ. Մարուքեի այտերն ու կզակը եւ հարկավոր է ասել, որ պ. Մարուքեն վաղուց արդեն չէր վայելում այն խոնարհ հարգանքը, որպիսին տածում էր վարսավիր Վասիլը դեպի նա առաջ: Այնպես որ, թող ամենեւին զարմանալի չթվա, որ այդ առավոտ, երբ, մոտավորապես ժամը 11-ին, դուրս եկան Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն «Դառնության կենտրոնից» եւ, տուն վերադառնալով, անցնում էին արդեն վարսավիրանոցի մոտից -«Անուշնե՛ր»,- հեգնախառն ասաց վարսավիր Վասիլը պ. Մարուքեին - եւ դա ծա՛ղր էր, ծա՛ղր էր, չարախինդ ակնարկ էր պ. Մարուքեի հասցեին: Եվ պ. Մարուքեն, իհարկե, հասկացավ վարսավիր Վասիլի այդ հեգնանքը. պ. Մարուքեն հասկացավ, բայց լռեց: Դառնության, այո՛, դառնության ու անակնկալի մի առավոտ էր այդ առավոտը պ. Մարուքեի եւ, մասամբ էլ, իհարկե, Կարո Դարայանի համար: Դեռ չէին անցել նրանք վարսավիր Վասիլի վարսավիրանոցից, երբ դեմից բուսնեց, ուրիշ մի աշխարքից անսպասելի ընկած հրաշքի նման դեմ ելավ նրանց... երեւակայո՞ւմ եք՝ Մարանկոզ Նշանը, ա՛յն Նշան Մարանկոզյանը, որ «որսորդական ապրանքների» խանութ ուներ առաջ Ալեքսանդրյան փողոցում, բայց, մի գեղեցիկ օր, փակեց իր խանութը եւ «Պուլկարիա» գնաց «զանազան գործերով»: Ընթերցողը, անշուշտ, հիշում է սույն այս վեպիս առաջին մասից, թե, իրոք, ինչո՞ւ փակեց խանութը Մարանկոզ Նշանը. խայտառակ փախուստ էր դա իրոք ուրիշ ոչինչ, խայտառակ փախուստ էր ու չեզոքացում, որ հետեւանք էր, ինչպես գիտենք, Մազութի Համոյի հզոր ազդեցության, որից նա՝ այդ խղճուկ վանեցին, ձգտում էր խլել «նաիրյան գործերի ղեկավարության» առաջնությունը: Եվ նա հիմա, իր այդ խայտառակ անկման ու փախուստից հետո, վերադարձել էր ահա նաիրյան այդ քաղաքը եւ այն էլ - զինված ու փափախավոր... Հետն էլ երեքը-չորսը՝ երեքը, չորսն էլ իրա, Մարանկոզ Նշանի նման, զինված ու փափախավոր: «Ծանոթացե՛ք, - ասաց Նշան Մարանկոզյանը պ. Մարուքեին մի լավ համբուրելուց հետո.-Պուլկարահայ ուսանող, այժմ կամավոր- Հրանտ Կյուլպենկյան, նույնը՝ Օնիկ Ուզունպաճաղյան.- ասիկա մեր «Պուլկարացին է»- ցույց տվեց, խորհրդավոր ժպիտը դեմքին, երրորդ փափախավորին Նշան Մարանկոզյանը եւ ապա -«աս ալ մեր ընկ. Թափառականը»,- վերջացրեց այնպիսի մի շեշտով Մարանկոզ Նշանը, որ նույնիսկ Կարո Դարայանը, որ չէր ճանաչում ոչ միայն դրանց, այլ եւ իրան՝ Մարանկոզ Նշանին -աչքերը հառեց ընկ. Թափառականի դեմքին: Այդ դեմքը, ի դեպս, շատ քիչ էր նման թափառականի դեմքի. սափրված, կոկ, ավելի շուտ սալոնային լակեյի դեմք էր դա, քան հեղափոխական թափառականի: Թող չվիրավորվի ընկ. Թափառականի պայծառ հիշատակը իմ այս վերջին համեմատությունից. քանի որ դրանով ես ոչ թե նրա ներքինը, այլ արտաքինը միայն նկարել կամեցա. ներելի են նման միջոցները գրչի մշակներին, որոնք ոչ ներկ ունեն ոչ էլ ածուխ իրենց տրամադրության ներքո, այլ միայն բառեր, որոնց տասնյակները չեն կարող, իհարկե, ընթերցողի աչքին ասել այն, ինչ որ վրձինի մի շարժումը կասեր, ածուխի մի գիծը: Երջանիկ են, բյուր անգամ երջանիկ են այս տեսակետից քանդակագործները, նկարիչները կամ նույնիսկ հասարակ լուսանկարիչները, սիրելի ընթերցո՛ղ, որովհետեւ շատ հաճախ պատահում են դեմքեր, որոնք բաց են ինչպես գիրքը՝ նայի՛ր ու կարդա՛, ինչպես գիրքը, այո՝ վերցրո՛ւ ու կարդա՛: Այդ դեմքերից էր ահա ընկ. Թափառականինը. ընկ. Թափառականի դեմքը հարկավոր էր տեսնել: Վայել էր այդ դեմքին եվրոպական ծղոտե գլխարկը, նուրբ «պանաման» սպիտակ ու լայնեզր, բայց ծածկել էր այդ դեմքը -ահռելի մի փափախ, իսկ կողքից կախել էր ընկ. Թափառականը պատկառելի մի զենք, որը հետագայում խորհրդանիշը դարձավ ամբողջ մի «պետական կազմակերպության»: Չէր, հազար ու բյուր անգամ չէր սազում այդ զենքը ընկ. Թափառականին, բայց ընկ. Թափառականը, ինչպես նա ցույց տվեց այդ հետագայում, արժանի էր, այո՛, այդ զենքը կրելուն: Ծանոթացավ, իր հերթին պ. Մարուքեի կողմից ներկայացվելով նրանց, Մարանկոզ Նշանին ու խմբին, եւ՛ Կարո Դարայանը. հետո նրանք բաժանվեցին: «Ովքե՞ր են դրանք»,-հարցրեց Կարո Դարայանը, երբ մտնում էին արդեն պ. Մարուքեի բնակարանը: - «Նացիոնալ - դեմոկրատներ», - պատասխանեց պ. Մարուքեն տեղյակ անձնավորության անփութությամբ հետո պատկերավոր ոճով պ. Մարուքեն բացատրեց, որ դրանք նաիրյան հասարակական կյանքի դաշնամուրի վրա, «Ընկերության» դաշնակներին հարկադրելով, նվագում են իրենց հնչակները: Հետո նրանք մտան պ. Մարուքեի սենյակը: Սենյակում սպասում էր նրանց, վեպիս առաջին մասից մեզ արդեն հայտնի՝ երկրորդ ծխականի վարժուհի օր. Սաթոն: Դա այն «պսակի չարժանացած» օր. Սաթոն էր, որ, մեզ արդեն հայտնի պատճառով, հնարավորություն չէր ունեցել վերջացնելու գիմնազը, ինչպես արդեն գիտենք, այս տխուր հանգամանքում մեղավոր էին նրանք -Օսեփ Նարիմանովը եւ Գեներալ Ալոշը: Բայց արդեն անցած, մոռացված պատմություն էր այդ. այժմ «պսակի չարժանացած» օր. Սաթոն փաստապես արժանացել էր, թեկուզ ո՛չ պաշտոնական, բայց եւ այնպես «պսակի». անտարբեր չէր, ասում էին, դեպի պ. Մարուքեն օր. Սաթոն եւ պ. Մարուքեն էլ, մանավանդ դպրոցից հեռանալուց հետո, չէր խուսափում նրա, օր. Սաթոյի, քնքուշ վերաբերմունքից: Շա՜տ-շա՜տ էր տառապել այդ գիշեր, պ. Մարուքեի անկողնի վրա ընկած, մինչեւ առավոտ, մինչեւ նրա գալը, օր. Սաթոն. բայց, տարօրինակն այն է, որ պ. Մարուքեի վերադառնալուց հետո, քիչ էին նման սիրային զրույցների օր. Սաթոյի զրույցները. նա նույնիսկ չհարձակվեց, չփաթաթվեց սիրած ասպետի պարանոցին, չհամբուրեց նրան: Այլ... քա՛հ-քա՛հ ծիծաղեց օր. Սաթոն, երբ մտան պ. Մարուքեն եւ Կարո Դարայանը. շնորհավորեց նրանց «հարսանիքը»- եւ ապա, արագ-արագ սկսեց խոսել... «Ընկերության» մասին: «Ընկերությունը», ասում էր օր. Սաթոն, վաղուց արդեն սկսել է գործել: Արդեն ընկ. Վառոդյանը ամեն օր առավոտյան տասից «կամավորներ» էր գրում մոմավաճառքի խանութում: Արդեն պատմում էր, շշուկով, պատմում էր արդեն ընկ. Վառոդյանը մոմավաճառքի խանութը մտնողներին -բարձրագույն ինստանցիաներից տրված խոստումների մասին հետաքրքիր նորություններ: Եվ արդեն, հայտնի նկատառումներով «Մանր Վարկի Ընկերություն» էր կազմակերպում Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն: Վերջինս, մանավանդ, զբաղված էր տենդային գործունեությամբ: Անձամբ եղել էր կենտրոնում եւ նահանգապետից թույլտվություն էր ստացել «Մանր Վարկի Ընկերություն» կազմակերպելու, որով, ինչպես ասել էր հիմնադիրների ժողովին ինքը Մազութի Համոն -նախագահը՝ ձգտում ունեին օգնության հասնել շրջանի գյուղացիներին, մանավանդ գյուղացիներին: Այդ գործը գլուխ բերելուն մեծ աջակցություն էր ցույց տվել նրան՝ Մազութի Համոյին, գավառապետը. նա գրել էր, այո, Մազութի Համոյի՝ նահանգապետին ուղղված խնդրագրի վրա -«Արգելքներ չեմ գտնում» կտրուկ մակագրությունը: Իսկ, որ ամենագլխավորն է -շարժվել էր արդեն, իր անհայտ տեղում, Կենտրոնասարդը, իր անհայտ անկյունից պարզել էր ցանցերն արդեն աշխարհից աշխարհ: Պարզել էր -Վան, Բիթլիս, Բուքրեշ, Նյու-Յորք. ստացել էր «համաձայնություն»: Եվ գալիս էին արդեն, հավաքվում էին արդեն սահմանամոտ վայրերում -«ազդեցիկ անունները»: Ազդեցիկ անունները բերում էին հետները փափախավոր խմբեր... նույնիսկ այդ ծիծաղելի ընկ. Մարանկոզյանը, ասում էր օր. Սաթոն, վերադարձել է արդեն. բերել է հետը -փափախավոր մարդիկ, ուզում է շուտով ճակատ մեկնել ընկ. Թափառականի խմբապետությամբ: «Իսկ մե՞նք,-- հարց տվեց, վերջապես, օր. Սաթոն, այդ «պսակի չարժանացածը» հուզված.-ինչո՞ւ չենք աշխատում...»: Պ. Մարուքեն եւ Կարո Դարայանը նայեցին իրար. տխուր մի հարցական կար, մութ մի հարցական նրանց հայացքներում: Իսկ Կարո Դարայանի աչքերում բացի հարցականից - հեգնախառն ժպիտ: Օր. Սաթոն, դե, ոգեւորվում էր. երիտասարդ արյունն էր հուզվողը: «Երկու օրից ես մեկնում եմ բանակ»,-հայտնեց Կարո Դարայանը. հենց այդ նպատակով էր մայրենի քաղաքը եկել նա.-որպես զորակոչի ենթակա՝ նա «կանչվում» էր իր ծննդավայրում: Երկու օրից հետո Կարո Դարայանը մեկնեց բանակ: Անցավ երկու, երեք, չորս օր, անցավ մի շաբաթ, ոչինչ նոր չպատահեց քաղաքում, բացի, թերեւս, նրանից, որ կիրակի, պատարագից առաջ, մի ոգեշունչ քարոզ, մի, եթե կարելի է այսպես ասել՝ հայրենաշունչ կոչ կարդաց ս. Աստվածածին եկեղեցու ամբիոնից տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Հիշեցրեց իր հոտին տեր Հուսիկ քահանան այն խորհրդավոր ու նշանակալից «անցքերը», որ, ինչպես գիտենք, գոյություն ունեին Բերդի, Առաքելոց եկեղեցու եւ Վարդանի կամուրջի մեջ: Խորամանկ, հանճարեղ են եղել նաիրցի արքաները, ասաց տեր Հուսիկ քահանան.-նրանք իմացել են կապել հոգեւորն ու մարմնավորը, սուրը եւ խաչը, կրոնն ու ռազմական կորովը: Խորամանկ, հանճարեղ են եղել նրանք, բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան, ա՛յդ էր, որ կործանեց երկիրը հնամյա -հազարամյա Նաիրին: Ստոր, նենգ, եսական դավաճանությունն է եղել մեզ կործանողը. անձնամոլ վասակներն են եղել մեր տունը քանդողը -ասաց, անարգանքի փրփուրը շրթունքներին, տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Բայց հի՛շե, թող հիշե իր սիրելի հոտը Վարդան Մամիկոնյանի եւ Սահակ Պարթեւի պայծառ անունները - թող խրատվի, ոգեւորվի եւ գոտեպնդվի: Լավ է մարդ պատվով ընկնի պատերազմի դաշտում իր սրբազան կրոնի եւ հայրենիքի համար, քան քարշ տա անասնական գերություն, ինչպիսին քարշ ենք տալիս մենք հինգ դարից ավելի: Բայց ահա հասել է նորից վայրկյանը վերածնության դեպի նո՜ր Ավարայր, նո՜ր Վարդանանց պատերազմ է կանչում իր բոլոր ազնիվ զավակներին մեր տառապյալ հայրենիքը: Կանչում է այսօր նորից, կանչում է վերջին անգամ, հեծության զնդաններից, դարերով անարգված, դարերով ոտնահարված նաիրյան ոգին: Կանչում է կիսավեր վանքերից, պապենական սրբավայրերից, նահատակների մամռաբույր շիրիմներից կանչում է ձեզ վերստին բարբարոսների անարգ ոտքերով ոտնակոխ արված ձեր հայրերի կրոնը, ձե՛ր պապերի հավատքը, ձեր հայրենիքի փառքը: Կանչում է ձե՛զ, արիներ ու պարմանիներ, ձեզ, որ չեք մոռացել դեռ ձեր սուրբ կրոնը եւ հայրենիքի փառքը. կանչում է քեզ, հասարակ ժողովուրդ, որ չունես մեծատունների շահասեր սիրտը, որ ինքդ միայն պատրաստ ես եղել միշտ կրելու ամենայն զոհողություն՝ հանուն կրոնի հայրենյաց: Թող օրինակ չծառայե այդ գոռոզ մեծատունների անձնասեր ու եսական օրինակը իմ սիրելի հոտին, քանի որ նրանք չէ՛, որ պիտի ժառանգեն երկնքի արքայությունը: -Եվ նրանք չէ, այո՛, սիրելի ժողովուրդ, որ պիտի ժառանգեն երկրի արքայությունը, ազատագրված հայրենիքը, որովհետեւ դո՛ւ պետք է վարես, ցանես ու վայելես նրա կենսատու բարիքները եւ ո՛չ թե այդ եսական մեծամիտները, որ փտում են զեխության գարշահոտ մահիճներում, որ ուտում են փռի անաղ հացը՝ թոնրի անուշաբույր լավաշի փոխարեն:-Այսպե՛ս ահա խարազանեց իր այդ նշանավոր քարոզում քաղաքի մեծատուններին, այսինքն՝ Լորիս-Մելիքյանի խանութպաններին, տեր Հուսիկ քահանա- Խաչագողը, նա, իհարկե, իրավունք ուներ. դրանցից ո՛չ մեկը եկեղեցում չկար, դրանցից ո՛չ մեկը մի սեւ «խաչհամբույր» գցած չուներ դեռեւս ս. Աստվածածնի գանձատուփը:-Հասարակ ժողովուրդն էր կազմում նրա «հոտը» եւ նա փառաբանեց նրան իր նշանավոր այդ քարոզում, դիմեց նրա սրտին, որ անմեղ է, որպես Աստուծո գառը, մաքուր է, որպես աղավնի: Եվ այդ «սրտով անմեղներին» ահա, -ես կասեի՝ ո՛չ միայն «հոգով» աղքատներին, որոնք, տեր Հուսիկի կարծիքով, ժառանգեին պիտի երկնքի արքայությունը -կանչեց, կանչեց նրանց դեպի Նոր Ավարայր տեր Հուսիկը: Եվ ի՞նչ. կոչը շատ ավելի խորունկ, շատ ավելի իրական արձագանք գտավ ունկնդիրների սրտում, քան, ասենք, հենց իրա՝ Մազութի Համոյի այն պատմական կոչը քաղաքային այգում. բավականին թվով արհեստավորներ քաղաքի ծայրամասում ապրող կիսագյուղացիներ հաջորդ օրը «գրվեցին» մոմավաճառքի խանութում, այնպես որ՝ «Կեցցե Խաչագողը»,- մտածեց ինքն իրեն դրանց ցուցակագրող ընկ. Վառոդյանը: Թեկուզ, իհարկե, որոշ հիմք պիտի որ ունենային նաեւ այն կարծիքները, որ այդ «ցուցակագրվելը» մի կողմից, անշուշտ, հետեւանք լինելով տեր Հուսիկ քահանա-Խաչագողի քարոզի ազդեցության, մյուս կողմից, անշուշտ, պայմանավորվում էր նաեւ նրանով, որ «գրվողներից» շատերն այսօր-վաղը, միեւնույնն է, զորակոչի պիտի ենթարկվեին Հինգհարկանի Շենքի կողմից, այնպես որ նրանք, որպես պարտաճանաչ նաիրցիներ, գերադասել էին «նաիրյան շտաբը»- սոխականից: Եվ ապա՝ կամավոր գրվելով նրանք ազատվում էին «կարմիր վագոնների» սարսափից. այնպես որ, գրվելուց հետո, նրանք սրտի ամենայն հանգստությամբ սկսեցին սպասել, ինչպես իրենք էին ասում՝ «խմբի գալուն»: «Խմբի գալուն» սակայն, միայն թե ավելի քան անհամբեր, սպասում էին, մանավանդ,-ընկ. Վառոդյանը եւ Մազութի Համոն: Եվ թեկուզ ոչ, իհարկե, նման անհամբերությամբ, բայց եւ այնպես բավականին բուռն, սրտառուչ հետաքրքրությամբ, սպասում էր, այո՛, ամբողջ քաղաքը. պիտի գար, երկու-երեք օրից նաիրյան այդ քաղաքը պիտի ժամաներ «նաիրյան առաջին զորքը»: Հայտնի խմբապետի առաջնորդությամբ, վերցնելով հետը տեղական կամավորներին, ճակատ պիտի մեկներ նաիրյան առաջին խումբը մոտակա օրերում: Եվ ահա - «Խումբը» քաղաք ժամանելուց երկու օր առաջ, քաղաքում «ժողովրդական ժողովարարություն» սկսեցին, Գեներալ Ալոշի եւ -երեւակայո՞ւմ եք՝ Համո Համբարձումովիչի ամուսին՝ Անգինա Բարսեղովնայի գլխավորությամբ, «խմբի» օգտին: Ժողովարարությանը մասնակցում էր համարյա թե քաղաքի ամբողջ «վերին խավը», նույնիսկ գավառապետը, Մազութի Համոյի դստեր՝ Սեւաչյա Պրիմադոննայի ընկերակցությամբ, մի քանի վայրկյանով երեւացին, մտան ամենանշանավոր, օր. Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի, պ. Աբոմարշի, Պարսկաստանցու եւ այլն -խանութները եւ ոչինչ, դժգոհ չմնացին: Հաջի Օնիկ էֆենդին նվիրեց սիրելի կամավորներին մի պարկ շաքար, իսկ Պարսկաստանցին -մի արկղ ծխախոտ մեկ էլ «Լապշինի» լուցկի: Պ. Աբոմարշը ձեռնոցներ նվիրեց կամավորներին, Ժգենտին -դեղորայք, եղբ. Բալասյանները, որ զբաղվում էին սապոնի առեւտրով -սապոն, եւ այսպես շարունակ.-տվեց, ով ինչ որ ուներ, ով ինչից որ հարուստ էր, ինչպես ասում են սոխերը: Բայց եւ այնպես հարկավոր է հիշատակել, որ ամենամեծ նվիրատուն -պ. Աբոմարշն էր, որ, ինչպես ասում էր հետո -«վառել էր», այսինքն՝ վառվել, որովհետեւ տվել էր -մենք քանակը չշեշտեցինք -տասներկու զույգ կաշվե ձեռնոցներ, իսկ դա ավելի շատ արժեր, քան Հաջու մի պարկ շաքարը, կամ եղբ. Բալասյանենց սապոնը: Բայց, շատ որոշ նախադասություններով հայտնում էր հետագայում պ. Աբոմարշը, որ այդ նվերը նա արել է ոչ այնքան կամավորներին, որոնց, վերջ ի վերջո, «հերն էլ անիծած»,-այլ... Սեւաչյա Պրիմադոննային: «Ծիծիկները ուտեմ»,- ասել էր նրան այդ զրույցի ժամանակ վարսավիր Վասիլը.-«Իմ մաստերսկոս գար՝ էշից բերած էղնիմ, թե պատի հայլիս չտայի»: Ահա՛ թե ինչպիսի ահռելի, ինչպիսի հերոսական ոգեւորություն էր առաջ բերել նաիրյան այդ քաղաքում այդ «ժողովրդական ժողովարարությունը»: Ու տվել էին՝ որը փող, որն ապրանք, Կոլոպոտյանը բաժակներ էր տվել, Բոչկա Նիկալայը -գինի,-մի խոսքով՝ ով ինչ որ ուներ -չէր խնայել: Ժողովարարությանը մասնակցել էր նաեւ տեր Հուսիկ քահանան, բայց նա շրջել էր, իր լուսարարի ուղեկցությամբ, արհեստավորների խանութները, քաղաքի ծայրամասերը - մարդիկ հետագայում ինչ-որ առնչություն էին գտնում տեր Հուսիկ քահանայի փայլուն կոշիկների եւ այդ օրվա «ժողովարարության» մեջ. բայց սա բամբասանք էր կարծեմ, սիրելի ընթերցող, որ առաջ էր եկել վարսավիր Վասիլի կողմից նրա անվանը կպցրած հայտնի ածականից - եւ չարժե այսպիսի չնչին ասեկոսեներով կասկածանքի ստվեր գցել տեր Հուսիկի նման ազգասեր քահանայի անբասիր քղամիդին: ...Առավոտյան ժամը տասնմեկը կլիներ, երբ այնքան երազած կամավորական խումբը, առույգ ու առնական շարքերով, վերջապես մտավ քաղաք: Բայց նախքան նրա քաղաք մտնելը՝ դիմավորելու էին գնացել կայարան, Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի գլխավորությամբ, ոգեւորված նաիրցիները: Ո՞վ ասես, որ չէր գնացել կայարան՝ հերոսներին դիմավորելու. այնտեղ էին, գեներալ Ալոշից սկսած -մինչեւ Մեռելի Ենոքը: Մեռելի Ենոքը, ասենք, ինչպես եւ Քոռ Արութը, ուզած-չուզած այնտեղ էին ու այնտեղ, այնինչ Կինտաուրի Սիմոնը, պ. Աբոմարշը, Հաջին, վարսավիր Վասիլը եւ մի շարք ուրիշներ «գործը կիսատ թողել»- հատկապես գնացել էին «դիմավորելու» նպատակով: Ես էլ չեմ խոսում արհեստավորների բոլոր «գրվածների» մասին, որոնք եկել էին «խումբը» տեսնելու: Ամենաանսիրտը Լորիս-Մելիքյանն էր.-նա, այդ չարչիների փողոցը, համարյա թե ներկայացուցիչներ չուներ այդ օրը կայարանում. երեւի չարչիներն ավելորդ էին համարել «գործից էղնելը», որովհետեւ միեւնույնն է, խումբը ուզած-չուզած իրենց փողոցով պիտի անցներ, այնպես որ նրանք հնարավորություն ունեին հենց իրենց խանութների առաջից դիմավորելու նրանց, այդ աննման հերոսներին: Այնինչ, դրա փոխարեն կայարանում էր քաղաքի համարյա «ամբողջ ինտելիգենցիան» - ուսուցիչները, նաիրցի սպաները, ուսանողները, պաշտոնյաներից շատերը: Ներկա էին նաեւ մեծ թվով աշակերտներ, որ այդ օրը զոհել էին դասը (պարապմունքները, թեկուզ փոքր ուշացած, բայց արդեն սկսվել էին դպրոցներում)-հայրենիքի գործին, բայց վերջիններիս շարքերում կային եւ այնպիսիները, որոնք մտածում էին արդեն ո՛չ միայն «դասը», այլ իրենց կյանքը զոհաբերել այդ սրբագույն նպատակին: Գնացքը մոտենալուց դեռ հինգ րոպե առաջ, արդեն կանգնած էին պլատֆորմի վրա՝ Համո Համբարձումովիչը, ընկ. Վառոդյանը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Գեներալ Ալոշը եւ Կինտաուրի Սիմոնը. սա այն կազմակերպված խումբն էր, որ պաշտոնապես պիտի դիմավորեր կամավորական խմբին: Այդտեղ հենց, դրանց կողքին, արդեն պատրաստ կանգնած էր զինվորական երաժշտախումբը, որին արդեն պատվիրել էր ընկ. Վառոդյանը՝ գնացքը մոտենալու վայրկյանին նվագել նաիրյան հիմնը՝ «Մեր Հայրենիքը»: Ամեն ինչ, մի խոսքով, մտածված էր պատրաստած, որպեսզի որքան հնարավոր է սրտագին դիմավորեն խմբին - եւ ահա, վերոհիշյալ պատկառելի անձնավորությանց հետեւը կենդանի մի պարիսպ կազմած՝ աչքերը երկաթգծի հեռուն՝ սրտատրոփ սպասում էին անհամբեր նաիրցիները գնացքի մոտենալուն: «Ուշացավ»,- արդեն անհանգստանալով՝ ասաց Գեներալ Ալոշը Մազութի Համոյին այնպիսի մի տոնով, որ կարծես վերջինս լիներ ուշանալու պատճառը: Բայց հենց այդ վայրկյանին լսվեց շոգեկառքի ավետաբեր սուլոցը - բոլորը հանկարծ շարժվեցին տեղերում, հրհրեցին իրար՝ հանգստանալու փոխարեն ավելի եւս անհանգստացան: Զինվորական երաժշտախումբը, ընկ. Վառոդյանի նշանով, հնչեցրեց նաիրյան հիմնը. գնացքը դանդաղ մոտեցավ կայարանին: Դժվար է, սիրելի ընթերցող, իմ անզոր գրչով նկարագրել այն աներեւակայելի ոգեւորությունը, որով համակվեցին նաիրցիները պատմական այդ նշանավոր, այդ անկրկնելի վայրկյանին: Հազիվ էր երեւացել առաջին փափախավոր գլուխը, երբ ամբողջ կայարանը թնդաց բացականչությունից. ամբողջ կայարանը կարծես հօդս ցնդեց: Իսկ երբ կանգնեց գնացքը եւ դուրս եկավ վագոնից խմբի ղեկավարը -Հայտնի Անունը,-երբ, հապշտապ, գլխարկները ձեռներին, դեմ վազեցին նրան Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը եւ Հայտնի Անունը, ջերմագին փաթաթվելով, համբուրվեց՝ նախ Մազութի Համոյի ապա... ընկ. Վառոդյանի հետ,-հասկանո՞ւմ եք՝ ընկ. Վառոդյանի - այդ այն ժամանակ, երբ, խորին ակնածանքը դեմքերին՝ Հայտնի Անձնավորության ձեռքը սեղմելն էին երազում բժիշկը, Օսեփ Նարիմանովը եւ Գեներալ Ալոշը -էլ ես չեմ խոսում Կոշկակար Սիմոնի -Կլուբի Մեյմունի մասին... Ասում եմ՝ երբ կատարվել սկսեցին այս շանթահարող, այս շշմեցնող բաները -հախուռն «ուռա»-ների ձայնը մինչեւ քաղաք հասավ, այնպես որ՝ «եկան»,-ասաց Կոլոպոտյանը գնորդին, նրա դեմքին անգամ շողաց երանավետ, նաիրյան մի ժպիտ: Հետո դուրս եկավ խումբը եւ խմբապետի նաիրաբառ հրամանով՝ շարք կանգնեց կայարանի առաջ: Եվ ահա... Մազութի Համոն, էլի նույն անփոխարինելի Մազութի Համոն սկսեց ողջույնի ճառը: «Բարի գալուստ,-այսպես սկսեց իր ողջույնի խոսքը Մազութի Համոն.- Դուք տեղ ունեք մեր գլխներին»: Եվ ապա խոսեց այն մեծագույն նշանակության մասին, որ պիտի ունենա անմոռանալի այդ մեծ օրը նաիրյան կյանքում.-«Ազգային ամենամեծ, եկեղեցական տոների շարքը պիտի դասվի պատմական այդ օրը. եւ, Վարդանանց տոնի, Ծննդյան եւՀարության տոների նման տոնե՛ պիտի այդ օրը ապագա Նաիրին: Տոնե պիտի ազա՜տ եւ անկա՜խ Նաիրին այնտեղ, սահմանի այն կողմը, ուր մեր տառապյալ եղբայրները սպասում են հիմա ձեր ազատարար խմբերին... Գնացե՛ք,-վերջացրեց իր խոսքը, համարյա արցունքն աչքերին Մազութի Համոն.-մեր սիրելի եղբայրները դեռ տառապում են այնտեղ բռնության ճիրաններում, մեր հայրերի երկիրը դեռ արյուն է քրտնում բարբարոսի լծից.-գնացե՛ք, մեր քա՛ջ, մեր անխորտակելի, մեր աննահանջ կամքի երկաթյա զինվորներ.-գնացե՛ք, ձեզ շնորհակալություն կասի, ինչպես այսօր արդեն ասում ենք մենք -ես հավատում եմ, այո, ապագա ազատ ու անկախ, անկաշկանդ Նաիրին...»: Բուռն, ահռելի «ուռա»-ների ներքո վերջացրեց իր խոսքը Մազութի Համոն եւ, հուզմունքից օրորվելով, մոտեցավ խմբապետին. «Թող թույլ տրվի ինձ,-ասաց Մազութի Համոն գրկելով խմբապետին.-համբուրել այս ճակատը, սիրելի հայրենակիցներ, որը չի՛ վախեցել երբեք թշնամու գնդակից, որը հեգնանքով է դիմավորել թշնամու գնդակին եւ, ես համոզված եմ միանգամայն, որ դեռ երկա՜ր-երկա՜ր մինչ հաղթանակի օրը, պիտի դիմադրե...»: Հնչեց, թնդաց աղմկալից նաիրյան հիմնը կրկին. հնչեց ազատաձայն: Ներկաներից շատերի, նույնիսկ Մեռելի Ենոքի եւ Քոռ Արութի, աչքերին երեւացին խնդության արցունքները: Հետո խմբապետը, երկու-երեք խոսքով, ինչպես վայել է զինվորականին, շնորհակալություն հայտնեց թանկագին հայրենակիցներին, որոնք չզլացան հանձինս իրենց՝ իրենց հարգանքը բերել նվիրական գործին: «Բայց,-ասաց խմբապետը վերջում,-եթե այդ հարգանքի մի հարյուրերորդը գոնե նրանք արտահայտեին գործով, գործնական օգնությամբ նվիրական գործին -այն ժամանակ, այո, պ. Համազասպի նման ինքը եւս ո՛չ մի վայրկյան չի կասկածի, որ հեռու չէ այն օրը, երբ ազատագրված կլինի երկիրը Նաիրի...»: Այսպես խիստ, այսպես տեղի՛ն խոսքերով վերջացրեց իր պատասխան-ճառը հայտնի խմբապետը ապա, երբ դադարեց նաիրյան հիմնը եւ լռեցին կեցցե՛ները -«Թող միշտ կտրուկ լինի մեր թագավոր-կայսեր անհաղթելի սուրը»,-կարծես վերհիշելով, ավելացրեց խմբապետը.-«որովհետեւ նրա արքայական կամոքն է միայն, որ պիտի ազատագրվի երկիրը Նաիրի...»: Այս խոսքերից հետո երաժշտությունը նվագեց «Բոժե ցարյա» -բոլորը գլխարկները հանեցին, իսկ խմբապետն ու ընկ. Վառոդյանը, որ արդեն մի քանի օր էր, ինչ կամավորական հագուստներ էր կրում -ձեռքերը, որպես զինվորականներ, տարան փափախներին: «Կեցցե՛ թագավոր կայսրը»,-կարծես գլխի ընկնելով, որ, աններելի թյուրիմացությամբ, մոռացել էր այդ կարեւոր հանգամանքը հիշատակել իր ողջույնի խոսքում -բացականչեց Մազութի Համոն՝ գլխարկը թափահարելով: Եվ երբ երաժշտությունն ու «ուռան» դադարեց -հանդեսը վերջացավ: Խմբապետը, Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը նստեցին առաջին, թիկնապահը, բժիշկը եւ Գեներալ Ալոշը -երկրորդ, իսկ Օսեփ Նարիմանովը եւ մյուսները մնացած կառքերում -զմայլված նաիրցիների երջանիկ հայացքների ուղեկցությամբ դիմեցին քաղաք: Մի ժամ հետո, հայտնի խմբապետի երկրորդ օգնականի հրամանատարությամբ, քաղաք մտավ կամավորական խումբը, ուր եւս նա հանդիպեց ավելի քան բուռն, սրտալի ոգեւորության: Երեք օրից հետո նույն այդ տեղերից դեպի ճակատ էին ճանապարհ դնում, նույն Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի առաջնորդությամբ, այդ խմբի կամավորներին քաղաքի բնակիչները: Այս անգամ ներկաների բազմությունը շատ ավելի ստվար էր, քան ընդունելության օրը, մի հանգամանք, որ մասամբ կիրակի լինելուն պիտի վերագրել, մասամբ էլ նրան, որ շատ-շատերը, այո՛, մանավանդ արհեստավորներից եւ շրջանի գյուղացիներից, եկել էին ճանապարհ դնելու -որը հարազատին, ընկերոջը, որն էլ ծանոթին կամ դրացուն, որոնք ճակատ էին մեկնում, ընկ. Վառոդյանի ձեռքով «գրված» լինելու պատճառով, այդ խմբի հետ: Ասվեցին ինչպես հարկն էր, ճառեր. նվագեցին, ինչպես հարկն էր, նաիրյան հիմնը եւ «Բոժե ցարյան». բարի երթ մաղթեցին սիրելի կամավորներին ո՛չ միայն Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը, որոնք խոսում էին որպես պաշտոնական անձնավորություններ ամենքին հայտնի հիմնարկության կողմից, այլեւ Գեներալ Ալոշը, որ խոսեց քաղաքացիների անունից: Հետո կամավորները գնացք նստեցին - եւ ահա կեցցեների, երաժշտության, լացի եւ ոգեւորության հախուռն արտահայտությունների ներքո գնացքը հեռացավ: Սրտառուչ էր տեսարանը, սրտառուչ ու անմոռանալի, բայց այդ տեսարանից բյուր անգամ ավելի սրտառուչ եւ անմոռանալի էին Մազութի Համոյի աչքերը, որոնցում արցունք կար եւ, արցունքի միջից՝ սպասումի ժպիտ: Նրանք, Մազութի Համոյի այդ անմոռանալի աչքերը, նայում էին հեռացող գնացքին, բայց չէին տեսնում գնացքը. նրանք տեսնում էին սահմանի «այն կողմը», ուր, ինչպես ասել էր ինքը իր ողջույնի խոսքում, գերության ճիրաններում տառապում էր դեռ երկիրը Նաիրի: Այնտեղ էր, այն մթամած հեռվում, ուր հեռացավ գնացքը, -Ավետյաց երկիրը - հնամյա Նաիրին: Եվ, գնացքն անհետանալուց երկար դեռ անց -նայում էին այն կողմը ժպտաթախիծ աչքերը Մազութի Համոյի, բայց Մազութի Համոյի ժպտաթախիծ աչքերը արդեն տեսնում էին, գալիքների անհայտ մշուշների միջից -այնտեղ, ուր հեռացավ գնացքը «նաիրյան ուժերով» բեռնավոր -իր նո՜ր, վերածնված հայրենիքը, կամ, ինչպես կասեր նա հետագայում, եթե կենդանի մնար - միացյալ ու անկախ, ծովից ծով Նաիրին... ԲԱՐՁՐԱՎԻԶ ԿՈՇԻԿՆԵՐ ՀԱԳԻՆ Բարձրավիզ կոշիկներ հագին՝ Մի ոտքը Կրեմլի վրա ծանր, Մյուսը Ուրալի վրա, Գլուխը ամպերին հասած,- Որպես ամեհի մի արձան, Կոլոսի նման քարախորհուրդ Ծառացել է կերպարանքը նրա.- Զարհուրելի երեւույթ չեղյալ Աշխարհում օրից առաջին: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Աշխարհի վեցերորդ մասում,- Չինական պարսպից մինչեւ Սեւծովյան ափերը ջերմ - Սառուցյալ օվկիանից մինչեւ Մասիս - Այս անծիր եզերքի վրա Փռվել է ստվերը նրա, Եվ երկիրը կրում է հազիվ... Հսկա առաջնո՞րդ Մարքսին հավասար, Մտածո՞ղ, փրկի՞չ աշխարհահմա... Ո՛չ, աշխարհացունց կատակլիզմների Հանճարեղագույն խոհարար է սա... Ո՛չ, անծայրածիր մի ամբողջ երկիր Մի արջի նման պարացնող է սա... Ո՛չ, ռուս ցարերի՝ Իոհանն Ահեղի, Ե՛վ Պետրոս Մեծի, եւ՛ պորփյուրակիր Նիկոլաների - վերջին ինքնակալ Ժառանգորդն է սա... Ինքնակալության աշխարհասասան ժառանգորդն է սա... 1937 ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇՈՒՆ Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,- Եկավ - ինչպես զինվոր ու ղեկավար.- Այս աշունը բերեց իմաստության երգեր Եվ կորովի գրեր - երգիս համար:- Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց, Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,- Եվ անձրեւի շնչով, երբ երեսիս հեւաց - Ինձ զգացի ես թարմ - եւ անչափ նո՛ր:- Եվ անձրեւի թելերն ինձ թվացին թելեր՝ Աշխարհներին կապող եւ կյանքին խո՛ր,- Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել, Որ թոթափեն հուշերը - եւ դառնան նո՛ր... Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ, Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:- Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել Մի այսպիսի՜ աշուն... ՏԱՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ Եթե հիվանդ ես դու եւ տկար է ոգիդ, Եթե հոգնությունն է երգում քո երակներում - Այս երգս քեզ չի՛ ամոքի, Քանզի ապրողների՛ն է միայն երգը բարիք բերում:- Բայց դու կարող ես լինել անեզրությա՛մբ տկար, Եվ տխրությունը, որ բարիք է բարձրագույն եւ ծնվում է ոգու կարոտից - Կարող է ծանր լինել քո ուսերի համար Եվ դժնի տենդ դառնալ, իբրեւ մշուշ իջնել, եւ աչքերդ զրկել փարոսից... Եթե տխրությամբ ես տկար եւ ոգու անեզրությամբ, Եթե հիվանդ ես դու երգի կարոտով - Ես քեզ ապաքինում եւ օգնություն կտամ, Եվ դու ոտքի՛ կելնես, եւ կողջունես այս երգս քո վիշտը փարատող:- Ապա կընկնես ինձ հետ ուղի աղետավոր, Եվ քեզ հետ միասին, ո՜վ կարոտի եղբա՛յր, Մենք կընթանանք անխոնջ դեպի կարոտ մի նոր, Եվ դժնությունը մեր մեզ կթվա չեղյալ... Բեղմնավո՜ր է այսօր մեր մարգագետինը, Մեր հրկիզված արոտը որքա՜ն արգասավոր,- Ո՞ւմ համար է այսօր, որ հորիզոնը մթին է, Ո՞ւմ համար է արեգակը դժնի, ո՞ւմ աստղն է այսօր գիսավոր... Նրանք շրջում են այսօր հիվանդ ու անբուժելի, Եվ մաքառումը նրանց ընդդեմ մահվան - Մաքառում է արդե՛ն մահացող, ի վերուստ նիշված ուժերի. Օ՜, մահու պարտված հիվանդնե՛ր, մեր օրերի գրքում ձեզ համար միայն մա՛հ է գրված... Դուք դժվար եք մեռնում. եւ ձեզ համար այն ո՜վ է, Ո՞ր գուսանը թշվառ ու մահատիպ, Որ ունայն նվագների ավյունով Պիտի կյանք սրսկե ձեր ցամաք երակները, եւ ձեր մեռյալ սրտերը - հուսո հատիկ... Դուք դժվար եք մեռնում. մաքառումով, ահով, Եվ օրերի այս բուռն օվկիանում, Եթե հնար լինի - սուզվողների նման չէի՞ք արդյոք Մեր ոտքերից կախվի, որ մեզ էլ՝ ձեզ հետ միասին՝ քաշեիք անդունդը... Բայց ձեզ համար ունենք մենք ձեռքերում մեր պիրկ Օ՜, դանակ պողպատյա, եւ ո՛չ երգի հարված,- Օ՜, անսացե՛ք ուրեմն այս կարոտի երգիս, Ոգինե՛ր ըմբոստ ու կարող, վաղվա հրով վառված... Ձե՜զ եմ ձոնում այս երգս, ո՜վ դուք, որ այսօրվա Մեր խնդության, մեր երգի, մեր փառքի արշալույսին, Գալիք այգաբացի կարոտի տակ կորված՝ Ընթանում եք երգիս հետ միասին,- Եվ թեկուզ լինում եք դուք երբեմն ծանրաբեռնված Կարոտով, որ նման է հիվանդության,- Այս տողերով, վսեմ այս դեղով կազդուրված՝ Դիմեցե՛ք դեպի անհայտ հեռուները - եւ հեռուները ձեզ անմահությո՜ւն կտան... 1933